ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ինչո՞ւ է բարգավաճում աղանդավորությունը

Ինչո՞ւ է բարգավաճում աղանդավորությունը
20.02.2009 | 00:00

ԲԱՑ ՆԱՄԱԿ Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴԻՆ
Սույն բողոք-նամակը, որ ներկայացվում է ստորև, ուղիղ 6 ամիս առաջ Նորք-Մարաշ համայնքի հավատացյալների և մի խումբ բարեպաշտ մարդկանց կողմից ուղարկվել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին` հուսով, որ նա կստուգի Նորքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու քահանա տեր ԶԱՔԱՐԻԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ (լուսանկարում) ներկայացված բազմաթիվ մեղադրանքները (որոնք չնչին մասն են կազմում նրա «սխրագործությունների») և խստագույնս կպատժի նրան` ընդհուպ եկեղեցուց վտարումը, եկեղեցու հոգևոր կյանքը կաթվածահար անելու, եկեղեցին բիզնեսի վերածելու և Սուրբ տաճարը վարկաբեկելու համար: Կարծում էինք` սրբազանը, վատագույն դեպքում, կընտրի գոնե չարյաց փոքրագույնը` նշանակելով եկեղեցում մեկ ուրիշ հոգևոր հովիվ` նրա նախորդի լկտիությունները և բացահայտ ալան-թալանը կանխելու, վերահսկելու և զսպաշապիկ հագցնելու համար: Կճոյանը, փաստորեն, ոչ միայն չպատժեց նրան, այլև միջոցներ չձեռնարկեց` նշանակելու եկեղեցում մեկ ուրիշ հոգևոր հովվի: Իսկ որ ամենամտահոգիչն է, Կճոյանը նույնիսկ արհամարհեց մեր «սպառնալիքը»` խնդրին արդարացի լուծում չտալու դեպքում նույն բողոք-նամակը ներկայացնել... կաթողիկոսին: Ահա թե ինչու, Վեհափառ տեր, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին ուղարկած նամակն առանց որևէ փոփոխության ներկայացնում ենք Ձեզ` «Իրավունքը de facto»-ի օգնությամբ:
Սրբազան Հայր
Նորքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին գոյության 12 տարիների ընթացքում շատ քահանաներ է ունեցել, բայց այն, ինչ այսօր ունենք (տեր Հովհաննես քահանայի թոշակի անցնելուց հետո), աներևակայելի տխուր է ու մտահոգիչ:
Եկեղեցու քահանա տեր Զաքարիայի մոտ իսպառ բացակայում է հավատքը, Սուրբ Հոգու զորությունը, եկեղեցում նա իրեն պահում է ինչպես աշխարհիկ, անհավատ, շարքային մի անձ և հոգևոր հովվին ոչ վայել իր վարքագծով ոչ միայն գայթակղում, այլև եկեղեցուց վանում է Աստծուն փնտրող, մոլորյալ շատ շատերին:
Տեր Զաքարիայի համար քահանա լինելը սովորական եկամտաբեր մի աշխատանք է, յուրատեսակ մի բիզնես` մարդկանց հետ առանց պայմանականությունների կամ ամոթի` գնի շուրջ սակարկելու: Հաճախ արարողություն կատարելուց առաջ (հատկապես, երբ մենակ է լինում), նա նախապես կլորիկ մի գումար է պահանջում (վկա` մեր ողջ շրջապատը, հարազատներն ու ընկերները), հետո միայն` ինչ հավաքվի, հավաքվի... Բոլոր արարողությունների համար, դա անհրաժեշտ է, թե ոչ, անխտիր պահանջում է գինի և բուսական յուղ (մի բան, որ բացակայում է մյուս եկեղեցիներում), երբեմն էլ խորհուրդ է տալիս բերել միայն ռուսական բուսական յուղ (ձեթ), պատճառաբանելով, թե իբր հայկականն անորակ է, և կանթեղները վատ են վառվում: Իսկ թե ուր են անհայտանում արարողությունների համար եկեղեցի բերված այդ բազմաթիվ զարդարուն գինիները, բուսական յուղերն ու մոմերը, ոչ ոք չգիտե: Մեր տեղեկություններով` այդ ամենը սահուն հոսում է նրա բարեկամի վաճառատուն... Արդյունքում վարկաբեկվում է եկեղեցու` որպես սրբություն սրբոցի և քահանայի` որպես Աստծո ընտրյալի գաղափարը: Մարդիկ սկսում են վերապահումով մոտենալ նրա օրհնությանն ու տված հաղորդությանը: Բոլորը գիտեն` տնօրհնեքի նա գնում է հաշվարկված` միայն մեծահարուստների տները:
Տեր Զաքարիայի օրոք եկեղեցում երբևէ ժամերգություն չի կատարվում: Պատարագներն ընթանում են արագացված, առանց քարոզխոսության: Փոխարենը քարոզ է խոսում դպիրը:
Սարկավագների երգեցողության ժամանակ հաճախ ենք նկատում քահանայի միջամտությունը, որն ուղեկցվում է Սուրբ սեղանին ձեռքի հարվածներով` իբրև թե երգեցողության արագ ռիթմն ապահովելու համար: Քահանայի կողմից անվերջ լսում ենք ռեպլիկներ, որոնք ծիծաղ են առաջացնում դպիրների մոտ, որի պատճառով չի պահպանվում աղոթական վիճակը: Պատարագի ժամանակ դպիրներն անընդհատ վերուվար են անում` ժողովրդի բերած մատաղի աղը բեմ բարձրացնելու, որպեսզի քահանան օրհնի. մի բան, որ մեզ մոտ, որևէ քահանայի օրոք, երբևէ չի եղել:
Շատ հաճախ տեր Զաքարիային չես կարող տեսնել եկեղեցում. որ պահին եկեղեցու աշխատակիցներին հարցնում ենք, ասում են. «Այսօր տեր Զաքարիայի հանգստյան օրն է»: Կամ` «գնացել է հիվանդատեսի», «թաղման»: Ընդ որում, այս պատասխանները նախապես հրահանգվում են անձամբ քահանայի կողմից, այսինքն` հովվապետն ինքն իր հոտին մղում է մեղքի գիրկը` հարկադրելով նրան ստել: Կամ` այդ երբվանի՞ց է նման կարգուկանոն մտել եկեղեցում, որ մատաղի աղը քահանայի կողմից օրհնվելու փոխարեն մոմավաճառի մոտ եղած աղից պետք է օգտվեն, հավատալով, որ դրանք նույնպես օրհնված են:
Տեր Զաքարիայի քահանայության օրոք հետզհետե նոսրացան եկեղեցի հաճախող հավատացյալների շարքերը. այսօր նրանց մատների վրա կարելի է հաշվել: Փոխարենը համայնքում ծաղկում, բարգավաճում է աղանդավորությունը: Եկեղեցին, մի քանի տասնյակ անդամից բաղկացած Երիտասարդաց միություն ուներ, որը տեր Զաքարիայի օրոք վերացել է, չկա՛, գոյություն չունի՛: Նրա քահանայության օրոք առայսօր չի կատարվել և ոչ մի ուխտագնացություն, այդ պատճառով է նաև, որ մեր եկեղեցում հավատացյալների ծուխ գոյություն չունի:
Մեր տպավորությամբ և համոզմամբ` տեր Զաքարիայի մեջ հավատքի, հոգևոր կյանքի նշույլ իսկ չկա: Նա ընդամենն ընչաքաղց, իր դերը փայլուն կատարող ճարպիկ մի աճպարար է և դերասան: Տեր Հովհաննես քահանայի թոշակի անցնելուց հետո եկեղեցում քահանայի շունչ չենք զգում, չի պահպանվում եկեղեցու կարգ ու կանոնը` հավատքի զորությամբ:
Սրբազան Հայր, վտանգված է Նորքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին: Ալեկոծության մեջ են և վրդովված համայնքի հավատացյալները և բարեպաշտ ժողովուրդը, քանի որ տեր Զաքարիայի նման քահանայի պատճառով շատ սիրելի մեր եկեղեցին վերածվել է ձևական, իր առաքելությունը չկատարող, հոգևոր սնունդ և օրհնություն չպարգևող ամորֆ մի մարմնի: Համայնքի համար անընդունելի է տեսնել քահանա Սուրբ տաճարում, ով թերանում է իր քահանայական բոլոր պարտականությունների մեջ, ով իրեն քահանայավայել չի պահում և հարգանք չի վայելում համայնքի հավատացյալ և բարեպաշտ մարդկանց շրջանում, քահանա, ում համար հոգևորն ամենավերջին պլանում է, ով մտածում է, իր իսկ խոսքով, միայն եկեղեցում հավաքված «ալաֆի» մասին, ով փողային գրազներ է գալիս, էրոտիկ անեկդոտներ է պատմում կամ մեծ հաճույքով դրանք լսում (հաճախ արարողությունների ժամանակ), քահանա, ով երբեմն հարբած է գալիս արարողություն կատարելու և, բնականաբար, չի կարողանում այն պատշաճ կատարել, ում առօրյա խոսակցականը գռեհիկ է և խիստ աշխարհիկ, քահանա, ում ձեռքից Սուրբ Ծննդյան ջրօրհնեքի ժամանակ նույնիսկ մեռոնաթափ աղավնին է ընկնում ցած` ժողովրդի ոտքերի առաջ:
Սրբազան Հայր, խնդրում ենք Ձեր գործուն միջամտությունը` եկեղեցու Սուրբ տաճարն անհավատ, աշխարհիկ կյանքով ապրող և դրանով շրջապատին գայթակղող նման օծյալ քահանայից ազատելու և փոխարենն արժանի, Սուրբ Հոգու զորությամբ լեցուն, հավատքով օծուն, իրո՛ք հոգևոր, բարեպաշտ հովիվ եկեղեցում կարգելու, ընդ որում, անպատճառ երկու քահանա, որ վերահսկողության բացակայությամբ դարձյալ նման բարձիթողի, տխուր իրավիճակ չառաջանա: Մինչ այսօր մեզ համար հանելուկային է, թե ինչո՞ւ չունենք երկրորդ քահանա, մանավանդ որ որևէ արարողություն պատշաճ մակարդակով չի կատարվում եկեղեցում:
Որպես սրբազան Հայր, հուսով ենք, կհասկանաք մեր մտահոգությունը, տագնապն ու սրտի ցավը և հանուն Հայ առաքելական եկեղեցու 1700-ամյա սուրբ անվան ու հեղինակության, հանուն մեր Տիրոջ ու Փրկչի, ճշմարիտ լուծում կտաք այս լրջագույն, տագնապահարույց խնդրին: Հակառակ դեպքում համայնքի հավատացյալները, ժողովրդական ավանդույթները հարգող և պահող բարեպաշտ ժողովուրդը, ստիպված կլինեն նույն խնդրով հրապարակայնորեն, մամուլի միջոցով բաց նամակով դիմել Ամենայն հայոց կաթողիկոսին:
Նախապես մեր շնորհակալությունն ենք հայտնում:
Սիրով` Նորք-Մարաշ համայնքի հավատացյալներ, բարեպաշտ ժողովուրդ
Հ. Գ. -Ներկայացնելով այսքան փաստեր` հուսով ենք, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն իր սրբազան պարտքը կհամարի հարցին արդար և ճշմարիտ լուծում տալը:

Դիտվել է՝ 3603

Մեկնաբանություններ