ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ԵԹԵ ՆԵՐԻՇԽԱՆԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ, ԼՈՒԾՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԳՏՆՎԻ 2012-ԻՑ ՇԱՏ ԱՎԵԼԻ ԱՌԱՋ

ԵԹԵ ՆԵՐԻՇԽԱՆԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ, ԼՈՒԾՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԳՏՆՎԻ 2012-ԻՑ ՇԱՏ ԱՎԵԼԻ ԱՌԱՋ
30.10.2009 | 00:00

Ոչ ոք թերևս չի մոռացել 2008-ի մայիսը, երբ համաշխարհային ԶԼՄ-ներով տիրաժավորված կադրերում Վլադիմիր Պուտինը պաշտոնապես Ռուսաստանի կառավարումը հանձնեց իր «ժառանգորդ» Դմիտրի Մեդվեդևին։ Այն ժամանակ գործող վարչապետն ու ներկա նախագահն այնքան նման էին միմյանց՝ սև անձրևանոցներով, այնքան հանդիսավոր անցան Կարմիր հրապարակով, որ թվում էին եթե ոչ երկվորյակներ, ապա գրեթե հարազատ եղբայրներ։
Այդ ժամանակ գործնականում բոլորին թվում էր, թե Ռուսաստանի նոր նախագահը դատապարտված է որպես իր նախորդի նկատմամբ հավատարիմ ու լոյալ ժառանգորդ լինելու։ ՈՒսուցիչ-աշակերտ հարաբերությունների նմանվող այս տանդեմը բավականին հանգստացնող ազդեցություն ուներ ընտրազանգվածի վրա ու նավթադոլարների մեջ լողացող երկրին ներշնչում էր կայունության և հպարտության զգացողություն։ Թեպետ արդեն այն ժամանակ կային սակավաթիվ փորձագետներ, ովքեր, պատմական փորձից ելնելով, պնդում էին, որ «Կրեմլը երկիշխանություն չի սիրում»։ Այն ժամանակ, սակայն, այդ կանխատեսումներին քչերն էին հավատում և նույնիսկ ուշադրություն դարձնում։
Եվ ահա, մոտ մեկուկես տարի հետո, վարչապետ Պուտինի և նրա իսկ ընտրած ժառանգորդի՝ նախագահ Մեդվեդևի միջև տարաձայնությունների մասին խոսակցություններն ավելի ու ավելի բարձրաձայն են հնչում` նույնիսկ իրենց հաստատուն տեղը նվաճելով ռուսական ու համաշխարհային ԶԼՄ-ներում։ Անշուշտ, Ռուսաստանում ծավալված ֆինանսատնտեսական ճգնաժամը նույնպես արդեն վաղուց իր ազդեցությունն էր թողել և բյուրեղացրել երկու իշխանական թիմերի ու նրանց առաջնորդների շահերի միջև առկա տարբերությունը։ Ավելին, եթե անգամ սոցիալ-տնտեսական ճգնաժամը ստիպում է վարչապետ-նախագահ տանդեմին՝ հանրությանը ցույց տալ, թե իրավիճակն իրենց համատեղ վերահսկողության տակ է, բնավ չի նշանակում, որ տարաձայնությունները չեն շարունակում սրվել։ Ակնհայտ է, որ Մեդվեդևը չի ցանկանում սեփական վարկանիշի անկումը համատեղել Պուտինի վարկանիշի անկման հետ, համարելով, որ դա վարչապետի անարդյունավետ հակաճգնաժամային գործունեության, ոչ թե իր կառավարման սխալների հետևանք է։ Սա նշանակում է, որ իրականում խորացող տարաձայնությունները կարող են հանգեցնել ոչ միայն Ռուսաստանի ներսում ազդեցություն ունեցող խմբերի ապակազմակերպմանը, այլև խառնել արտաքին քաղաքական դաշտում շատերի խաղաքարտերը։
Այս կապակցությամբ ուշադրություն պետք է դարձնել մի շարք հետաքրքիր և բնութագրական հանգամանքների վրա։ Միանգամայն հավանական է, որ 2008-ին, «ժառանգորդ» օպերացիայի իրականացման ժամանակ, Պուտինի և Մեդվեդևի միջև գոյություն են ունեցել ինչպես ձևական, այնպես էլ ոչ ձևական պայմանավորվածություններ, որոնք այժմ փորձ է արվում սրբագրել երկու կողմից էլ։ Հավանաբար, այդ «ջենթլմենական համաձայնությունները» չէին ենթադրում, որ նոր նախագահի կողմից նախորդ իշխանության նկատմամբ կլինեն բացասական գնահատականներ, ինչպես նաև զանգվածային կադրային փոփոխություններ, ազդեցության վերաբաշխումներ տնտեսական սեկտորում՝ ԶԼՄ-ներում։ Ժամանակը ցույց տվեց, որ այդպես չէ։ Կողմերի միջև գնալով ավելի ու ավելի են սրվում հակասությունները հակաճգնաժամային միջոցառումների և դրանց արդյունավետության վերաբերյալ գնահատականների շուրջ։ Վարչապետի լավատեսության պարագայում առնվազն տարօրինակ են հնչում նախագահի շրջապատի որոշ ներկայացուցիչների հայտարարությունները։ Ինչպես, օրինակ, Իգոր Շուվալովի դեպքում, որը, փոխվարչապետ լինելով հանդերձ, կարծիք էր հայտնել, թե հեռանկարում տնտեսական աճը կլինի զրոյական, եթե ոչ բացասական, իսկ ոչ անհայտ Գերման Գրեֆը, որն այսօր գլխավորում է ռուսական «Խնայբանկը», ավելի հոռետեսական կանխատեսում արեց. «Պետք է պատրաստ լինել այն բանին, որ ճգնաժամը կձգվի ևս երեք տարի»։
Բնական է, որ Պուտինը և Մեդվեդևը չեն ներգրավվելու բացահայտ բանավեճի մեջ, քանզի այդպիսի մարտավարությունը կհարվածի երկուսի դիրքերին էլ։ Սակայն շատ բնութագրական է, որ իր` «Առաջ, Ռուսաստան» նշանավոր հոդվածում երկրի նախագահն անուղղակիորեն խախտում է այդ չգրված օրենքը և, փաստորեն, հայտարարում, որ վերջին ութ տարիներին Ռուսաստանը գնացել է սխալ ու կործանարար ճանապարհով։ Բայց սա ամբողջը չէ, որովհետև վերոհիշյալ հոդվածը, փաստորեն, միայն նախաբանն էր ՌԴ Դաշնային ժողովին ուղղված նախագահի ամենամյա ուղերձի, ուր արդեն կարելի է գտնել այսպիսի բնորոշումներ. «հետամնաց հումքային տնտեսություն, համակարգային կոռուպցիա, ալկոհոլիզմից մահացող բնակչություն»։ Այսպիսի բնորոշումները զուտ մարդկայնորեն պետք է որ հաճելի չլինեն գործող վարչապետի համար, որը բոլորովին վերջերս խոսում էր երկրի ձեռքբերումների ու մեծության մասին։ Մանավանդ որ, փորձագետների մեծամասնության կարծիքով, Մեդվեդևի հանրահայտ հոդվածը հռչակագրային բնույթի չէ, այլ յուրօրինակ հաշվետվություն, պահանջ իր լոբբինգն իրականացնող խմբերից, որ կարելի է ձևակերպել հետևյալ կերպ. «Ես ասում եմ այն, ինչ ինձ համար թույլատրելի է կամ նախատեսված, և նույնիսկ ինքս այդպես էլ մտածում եմ։ Բայց ո՞ւր է այդ ամենի համար այնքան անհրաժեշտ իշխանություն իմ ձեռքում»։
Ռուսաստանում այսօր ամենացավոտ հարցը պետական կորպորացիաների խնդիրն է, պուտինյան իշխանության կորիզը համարվող ֆինանսական-ուժային համակարգի հարցը։ Այդ կառույցները մեծամասնությամբ կառավարում են նախկին ուժայինները, ովքեր, ինչպես հայտնի է, երբեք նախկին չեն դառնում։ Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ հակասությունները կուտակվելով՝ կարող են առնչվել ոչ միայն ֆինանսական համակարգին։ Մոսկվայում ապրող ամերիկացի լրագրող և հատկապես տնտեսական թեմաներով մասնագիտացած Ջոն Հելմերը մասնավորապես նշում է, որ այժմ հիմնական պայքարն ընթանում է Մեդվեդևի տեխնոկրատ կողմնակիցների և հատուկ ծառայությունների վետերանների միջև, որոնք համախմբվել են Պուտինի մարդը համարվող փոխվարչապետ Իգոր Սեչինի շուրջը, և պայքարի առանցքում երկու հիմնական հարց է. ինչպե՞ս կառուցել հարաբերությունները բիզնեսի հետ, ու ի՞նչ արտաքին քաղաքականություն վարել։ Այլ խնդիր է, որ այդ տարաձայնությունները դեռևս չեն վերածվել բացահայտ պատերազմի, և ֆինանսատնտեսական ճգնաժամը դեռևս ստիպում է կողմերին բացահայտ երևան չհանել հակասությունները։ Բայց արդեն փաստ է, որ դրանք կան։
Դրան զուգահեռ բարվոք չեն հարաբերությունները նախագահի ու վարչապետի, այսպես ասած, «մերձավոր շրջապատներում»։ Կան պնդումներ, որ Պուտինի և Մեդվեդևի կողմնակիցները երբեմն նույնիսկ չեն թաքցնում զգացմունքները, և Մեդվեդևի մարդիկ սկսել են անթաքույց քննադատել նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վլադիսլավ Սուրկովին, ով Պուտինի հավատարիմ մարդն է «ժառանգորդի» ապարատում։ Ավելին, պայքարն իր դրսևորումն է ստանում նաև ԶԼՄ-ներով՝ տարաբնույթ կարծիքների ու հոդվածների հրապարակման միջոցով։ Եվ թեկուզ երկու բուրգերի գագաթներին կանգնած անձինք շարունակաբար հերքում են պառակտման մասին լուրերը, դրանք իրենց ակնհայտ դրսևորումն ունեցան նույնիսկ ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության հարցի քննարկման ժամանակ։ Այն բանից հետո, երբ Պուտինը հայտարարեց, թե Ռուսաստանը մտադիր է ԱՀԿ-ին անդամակցել միայն Բելառուսի և Ղազախստանի հետ մաքսային միություն կազմելուց հետո, նախագահ Մեդվեդևը հայտարարեց, թե ինքն այս կապակցությամբ բոլորովին այլ կարծիք ունի, և այդպիսի կոլեկտիվ դիմումը բոլորովին ավելորդ է։
Փորձագետների պնդմամբ, իրավիճակն ավելի է բարդանում, քանի որ Պուտինի և Մեդվեդևի միջև լիազորությունների իրական բաժանում գոյություն չունի։ Պուտինը շարունակում է զբաղվել արտաքին քաղաքական խնդիրներով այն դեպքում, երբ երկրի սահմանադրությամբ դա նախագահի իրավասությունների շրջանակում է։ Մեդվեդևն իր հերթին գործնական միջամտություն է իրականացնում օպերատիվ կառավարման հարցերին՝ ուղղակի հրահանգներ իջեցնելով նախարարների կաբինետներին։ Հատկապես անհասկանալի է Մոսկվայի մասնակցությունն Իրանի նկատմամբ հնարավոր տնտեսական պատժամիջոցներին։ Թեկուզ և նախագահը պաշտոնապես դատապարտեց Իրանի միջուկային ծրագիրը և հաստատեց տնտեսական պատժամիջոցները պաշտպանելու Ռուսաստանի պատրաստակամությունը՝ «իբրև ներգործության ծայրահեղ ձև», ռուսական ղեկավարության իրական դիրքորոշումն այդ կապակցությամբ այդպես էլ պարզ չէ, թեպետ Իրանին աջակցող Չինաստանը և հակառակ դիրքորոշմամբ հանդես եկող ԱՄՆ-ն իրենց հերթին համոզված են, թե Մոսկվան իրականում իրենց հետ է։
Այս ամենը հանգեցրել է նրան, որ Արևմուտքում ոչ միայն հրատապորեն փորձում են կանխատեսել Ռուսաստանում հնարավոր զարգացումները, այլև նախապատվություններում ընտրություն կատարել։ ԱՄՆ-ն ակնհայտորեն հակված է Մեդվեդևի կողմը, և այդ հանգամանքն ընդգծվեց արդեն հուլիսին՝ Բարաք Օբամայի Մոսկվա կատարած այցի ժամանակ։ Այն ժամանակ ԱՄՆ-ի նախագահն ամեն ինչ արեց Մեդվեդևի կարգավիճակի գերակայությունն ընդգծելու համար, և այդ բանի ապացույցը դրսևորվեց թեկուզ նրանում, որ Պուտինի հետ հանդիպումից հետո Օբաման հանդիպեց նաև Գորբաչովին՝ դրանով իսկ փորձելով շեշտել Ռուսաստանի վարչապետին նախկինների շարքում դիտարկելու իր մտադրությունը։ Իսկ օրերս Սքոթ Անդերսոնի հեղինակությամբ հրապարակվեց հոդված՝ «Վլադիմիր Պուտին. մութ ճանապարհ դեպի իշխանություն» վերնագրով, ուր հղումներ են արվում Ռուսաստանում 1999-ին տեղի ունեցած ահաբեկչական պայթյուններին։ Եվ, այնուամենայնիվ, չի բացառվում, որ այս ամենն ընդամենը փոթորիկ է մի բաժակ ջրում, և Պուտինը միանգամայն անկեղծ է, երբ ասում է, որ գալիք նախագահական ընտրությունների շեմին ինքը և Մեդվեդևը կնստեն ու հանգիստ կպայմանավորվեն, որովհետև իրենք «նույն արյունից» են։ Եվ այն հանգամանքը, որ Մեդվեդևը տեղական ինքնակառավարման վերջին սկանդալային ընտրություններից հետո, փաստորեն, պաշտպանեց Պուտինի հենարանը համարվող «Եդինայա Ռոսիային», այն դեպքում, երբ ընդդիմությունը պահանջում էր ընտրությունների արդյունքների ամբողջական վերանայում, խոսում է հենց այս վարկածի օգտին։
Այսպիսով, Մեդվեդևի և Պուտինի միջև անհաղթահարելի անդունդ առայժմ չի ստեղծվել, բայց ապագայում տարաձայնությունների խորացումը կարող է բերել այդպիսի տարաբաժանման։ Միակ բանը, որ կարելի է պնդել որոշակիորեն, այն է, որ «Վլադիմիր Պուտինի երկրորդ գալուստը» տեղի կունենա առաջիկա ամիսներին կամ այլևս տեղի չի ունենա։ Որովհետև պաշտոնական քարոզչամեքենան, ուր արդեն գերակայություն ունեն Մեդվեդևի կողմնակիցները, սկսել է աշխատել վարչապետի դեմ։ ՈՒստի, եթե ներիշխանական ճգնաժամ գոյություն ունի, ապա դրա լուծումը պետք է գտնվի 2012-ից շատ ավելի առաջ, և, ինչպես միշտ, բարձրագույն նոմենկլատուրայի նեղ շրջանակում։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1618

Մեկնաբանություններ