«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Փակ հանդիպման բացումը

Փակ հանդիպման բացումը
21.11.2008 | 00:00

ԵՌԱՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ
Երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամալիրի անչափ գեղատես «կոնֆերենս» դահլիճում վերջապես կայացան Սերժ Սարգսյանի կազմակերպած ղարաբաղյան «լսումները»: Չէր մասնակցում ՀԱԿ-ը, հասկանալի պատճառով: Եվ ճիշտ էլ անում էր, որովհետև այլ կերպ, քան իրենց չմասնակցությամբ բարձրացնել քաղբանտարկյալների իսկապես ցավոտ հարցը, հնարավոր չէ:
ՀԱԿ-ի չմասնակցության ֆոնին քննարկումները բավականին տուժեցին, որքան էլ հանդիպման վերջում Սերժ Սարգսյանն ասաց. «Ամեն կարգի տեսակետ և կարծիք այստեղ հնչեց»:
Ճիշտ է, իշխանությունները հույս էին փայփայում, թե քննարկման վայրը հնարավոր է և «թևաթափ» անի ՀԺԿ առաջնորդին, ու նա մասնակցի, բայց ՀԱԿ-ն անսասան էր իր որոշման մեջ՝ հանած հայոց մարքսիստին:
Այսպիսով, այսօր չենք «հաշվելու», թե ինչու այս լսումները կայացան նույնքան կայծակնային, ինչպես կայծակնային են Սերժ Սարգսյանի վերջին բոլոր քայլերն ու «տեղաշարժերը»՝ Մոսկվա, ԵՄ, Ղարաբաղ, այլ ներկայացնելու ենք լոկ հանդիպման կարճ «սղագրությունը», որպեսզի չմասնակցածները նույնպես տեղյակ լինեն՝ «ինչպեսն» ու «ումովը» ոնց արվեց երեկ:
Այսպիսով, Հայաստանում գրանցված յոթանասունչորս կուսակցություններից հրավեր էին ստացել վաթսունութը (մնացածները լուծարման գործընթացի մեջ են՝ ասին), մասնակցում էին հիսունը: Եկավ Սերժ Սարգսյանը, ասաց, որ ուրախ է Հայաստանի շախմատային թիմի հաջողությունների համար, հորդորեց միասին սատարել մեծ հաջողություններ արձանագրող մեր տղաներին: Հետո ասաց, որ համաձայն իր ուղերձի՝ հանդիպում է քաղաքական ուժերի հետ, այն կունենա պարբերականություն, կլինեն նաև արտագնա հանդիպումներ (թերևս նկատի ուներ Ղարաբաղում) և վերջապես՝ հանդիպումն անցնելու է փակ ռեժիմով, խնդրեց լրագրողները դուրս գան. վերջիններս դուրս եկան անչափ դժկամ, լրագրողներից ոմանք առաջարկեցին միտինգ անել այդ առնչությամբ, բայց չարին: Սերժ Սարգսյանը ներկաներին էլ հորդորեց՝ պարտիզանական լռություն պահպանել, ինֆորմացիա դուրս չտալ, ոչինչ չասել, ոչինչ չխոսել հանդիպման մասին:
Հիշենք, որ Սերժ Սարգսյանից աջ՝ քաղկուսակցություններից նստել էր Արտաշես Գեղամյանը (Ս. Սարգսյանի անմիջական կողքին Կարեն Կարապետյանն էր), ձախ կողմում՝ Արթուր Բաղդասարյանը:
Լրագրողներին ճամփելուց հետո Սերժ Սարգսյանը խոսել, ներկայացրել է Մոսկվայում ստորագրված Մայնդորֆյան հռչակագիրը, առանձնացնելով երեք սկզբունք, որոնք վերջինիս կողմից համարվել են ձեռքբերում. ա) հռչակագրում արձանագրվել է՝ հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական ճանապարհով. բ) հռչակագրում կատարվել է ինքնորոշման իրավունքի կոնկրետ ամրագրում, գ) նրանում տեղ է գտնել Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման խնդիրը:
Ի տարբերություն մոսկովյան հռչակագրի, Ս. Սարգսյանն առանձնապես չի մանրամասնել «մադրիդյան սկզբունքները», չի բացել որևէ փակագիծ՝ վկայակոչելով հանգամանքը, որ բանակցությունների այս փուլում, երբ կոնկրետ պայմանավորվածություններ չկան, իմաստ չունի որևէ դրույթի մասին խոսելը:
Բայց նաև հարկ է համարել ներկաներին տեղեկացնել, որ անկախ նրանից՝ ինչ ընթացք կստանա բանակցային գործընթացը, իր համար կա երկու առաջնահերթություն.
1) պետք է անպայմանորեն հաշվի առնվի Ղարաբաղի ժողովրդի կարծիքը, և առանց Ղարաբաղի ոչինչ չի արվելու:
2) Հայաստանի հասարակությունը, քաղաքական ուժերը պետք է համոզված լինեն, որ հնարավորություն են ունենալու հարցը կարգավորել հանրաքվեի միջոցով, խնդրի լուծմանը մասնակցելու է յուրաքանչյուր քաղաքացի:
Սերժ Ազատիչը «չի մոռացել» նաև ընդդիմությանը և ներկաների ուշադրությունն է հրավիրել հանգամանքի վրա, որ անկախ նրանից, ով ինչ է մտածում Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ ընթացող գործընթացների մասին, այն ներքին խնդիրներ լուծելու նպատակներին չի կարող ծառայել, և անթույլատրելի է որոշ լրատվամիջոցների միջոցով այսպիսի քաոս ստեղծելը:
Այս պահից արդեն սկսվել են «հիսուն» ելույթները. «դելեգատները՝ մորթները սև ու սպիտակ», որ եզակի հնարավորություն ունեին «Այլին» դիտելու, նույնքան եզակի հնարավորություն ստացան՝ «իրենց ցույց տալու»:
Ելույթները, ըստ «փակ քննարկման», կարելի էր բաժանել երեք մասի. ա) շնորհակալություններ և անձնական ներկայության ապացույցներ, բ) ելույթներ, որոնք շատ ավելի հարցեր են պարունակել, քան հարցադրումներ, ասենք՝ որ զիջումը որից հետո է. գ) գործնական ելույթներ:
Ելույթների բացման շանսը տրվել էր, բնականաբար, Սերժ Ազատիչի աջ կողմում նստած Արտաշես Գեղամյանին, փակումը նույնպես նրան էր վերապահված:
Այժմ ելույթների սեղմ քրոնոլոգիան: ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ ներկաների ուշադրությունը հրավիրել է... բնականաբար, լրատվամիջոցների վրա (իսկ այդ նույն ժամին՝ «բոլշևիկ տատիկի սենյակում» խեղճ լրագրողները սառցահարված, ցրտահարված մտորում էին՝ ինչ են գրելու հինգ ժամ այսպես անպտուղ, անիմաստ սպասելուց հետո)։ Այսպիսով, լրատվամիջոցները, ըստ պարոն Գեղամյանի, քննադատում են ինչ պատահի, ում պատահի, ինչպես պատահի՝ չխնայելով ոչ մեկին ու ոչինչ. նույնիսկ՝ հայ մարտական գեներալներին (Սերժ Սարգսյանը հատ-հատ պատասխանել է բոլոր հարցադրումներին. այդ մասին՝ «Սերժ Սարգսյան» գլխում):
ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ, որ կլոր սեղանից դուրս եկավ և ուղիղ ՈՒկրաինա գնաց. դե՝ չէ, ոչ «գունավոր հեղափոխություն» անելու, այլ «Գոլոդոմորին» նվիրված միջոցառումներին մասնակցելու (իբր մեր դարդերը քիչ են, հիմա էլ՝ սա), իր ելույթում ասել էր, որ պետք է բացապարզել կոնֆլիկտի պատմական հիմքերը, քանի դրանք միջազգային հանրությանը պարզ չեն. նա նշել է, թե ինչպես որ կորցրել ենք մեր հողերը, այդպես էլ պետք է քայլ առ քայլ հետ գանք, որովհետև աբսուրդ է՝ ռուս-թուրքական պայմանագրի վրա գոյություն ունեցող հայ-թուրքական սահմանը, և այդպես շարունակ:
Ազգային քրիստոնեական առաքելություն կուսակցության ներկայացուցիչ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿՈՒՐՂԻՆՅԱՆՆ ասել է, որ իրենց կուսակցությունն առարկայական իմաստով պասիվ է իրեն պահում, որովհետև այն կարծիքին է, որ հաշվի առնելով համաշխարհային ուժային վեկտորները, ղարաբաղյան խնդիրն առանձին լուծում չի կարող ստանալ, քանզի այն լուծվելու է տարածաշրջանային խնդիրների ընդհանուր փաթեթում, և տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման խնդիրների համադրումը հնարավոր կարող է լինել լոկ նոր քաղաքական տարածքի, այն է՝ Կովկասյան տան մոդելի միջոցով:
Միակ ընդդիմադիրը (մարքսիստ՝ «շնորհակալը» հանած) եղել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԸ. նա առաջ է քաշել հինգ հարցադրում:
Եվ, իհարկե, առաջին հերթին հարց է տվել ու պատասխան ակնկալել քաղբանտարկյալների մասին, հիշեցնելով, որ Սերժ Սարգսյանն ասել է, որ նրանք իր ընկերներն են:
Սերժ Ազատիչը, որ այլոց վերջում է արձագանքել-պատասխանել, կնամեծարություն է դրսևորել տիկնոջ նկատմամբ և անմիջապես է պատասխանել. «Ես չէի էլ կասկածում, տիկին Բախշյան, որ դուք («Ժառանգությունը» նկատի ունի- հեղ.) անպայմանորեն առանձնանալու էիք այս քննարկումներում, բայց եթե թեմային վերաբերող այլ հարցեր կան, խնդրեմ»: Դե, մոտավորապես այսպես, սակայն հանդիպման վերջում նա իսկապես անդրադարձել է «Սերժ Սարգսյան և ընկերներ» թեմային: Բոլոր դեպքերում, Անահիտ Բախշյանը գոհ էր երեկվա քննարկումներից, և, անկախ նրանից, ինքը ընդդիմադիր է, թե իշխանամետ, վստահություն էր «առել» այդ քննարկումներից:
Հասա՜նք ՀՅԴ-ին. ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ չորս խնդիր էր առաջ քաշել. ա) իննսունմեկի հանրաքվեով սահմանվել է ԼՂ Հանրապետություն և սահմանվել է այդ հանրապետության տարածքը՝ Շահումյանն ու Գետաշենը ներառյալ, բ) պետք է պարզ լինի փաթեթային (մեղա-մեղա, ինչ փաթեթի մասին է խոսքը, երբ «մադրիդյանը» ոտից գլուխ փուլային է- հեղ.) լուծման դեպքում բոլոր հարցերն ինչպես են լուծվելու, գ) տարածքների և փախստականների վերադարձի խնդիր. նա ասել է, որ բանակցային սեղանին պետք է լինի Շահումյանի և Գետաշենի հարցը՝ որպես մեր կողմից պահանջվող տարածքներ, դ) բանակցություններին ԼՂ մասնակցության խնդիրը:
ԱՐՄԵՆ ԴԱՐԲԻՆՅԱՆՆ առաջարկել է ճշգրտել Հայաստանի և Ղարաբաղի ինտեգրացիոն վեկտորը, Հայաստանում ունենալ այդ խնդրով զբաղվող նախարարություն և նախարար:
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ առավել խոսել է ներքին կոնսոլիդացիոն անհրաժեշտության, կարևորագույն հարցերում հասարակական կարծիքի միաբանության մասին, որովհետև, ըստ նրա, հակառակ դեպքում տեղի է ունենում Հայաստանի և Ղարաբաղի դիրքերի թուլացում:
Այնուհանդերձ, որքան էլ տարօրինակ է, հանդիպման ընթացքում առանձնապես չի խոսվել խաղաղապահների մասին: Իսկ հարցի առնչությամբ, թե միջազգային երաշխիքներն ինչպես են գործելու, Սերժ Սարգսյանն ի պատասխան բերել է Սերբիայի և Կոսովոյի օրինակը. ըստ որի՝ Սերբիան չանսաց հարցը ռազմական ուղիով չլուծելու միջազգային հանրության հորդորին, նրա նկատմամբ ուժ կիրառվեց:
Ոնց տեսնում եք՝ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ արդեն ամփոփում է հանդիպումը:
Ի դեպ, հանդիպման ընթացքում փոխզիջումներին դեմ է արտահայտվել մոտ հինգ-վեց քաղաքական լիդեր:
Ազատամարտիկների, ընկերների մասով. «Ինքս Ղարաբաղի պատերազմի ժամանակ ձեռք եմ բերել-ունեցել ընկերներ, բայց եթե մարդը հանցագործություն է գործել, ի՞նչ է՝ չպե՞տք է պատասխան տա: Ինչ վերաբերում է մարտի մեկին, ապա քանի դատապարտյալներ չկան, ավելորդ է այդ մասին խոսելը»:
Այսպիսով, ըստ Սերժ Սարգսյանի՝ հնչել է հարցերի ողջ սպեկտորը, ու հատուկ «չմասնակցողների», իսկ մասնակցողների համար էլ ավելի առանձնահատուկ շեշտել է՝ քանի դեռ չկա կոնկրետ փաստաթուղթ, ինչ «փաթեթային» հաջորդականությամբ են արվելու «փոխզիջումները», դեռ վաղ է խոսել. «Նոր են այդ ուղղությամբ բանակցությունները սկսվում». տեղեկացրել է Սերժ Սարգսյանը՝ ներկաների համար կարևորելով երեք միտք՝ հետևողական եմ լինելու հետևյալ երեք հարցերում. ա) հանրաքվեն պետք է անցկացվի միայն ԼՂ տարածքում՝ առանց ավելորդ «ներգործությունների» (ըստ ամենայնի նկատի ունի փախստականների վերադարձը-հեղ.), բ) ինքնորոշումը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, գ) ընդհանուր սահման Հայաստանի և Ղարաբաղի միջև, այլ ոչ թե ութ մետր լայնությամբ միջանցք:
«Փակ» հանդիպման փակումը, ինչպես ասացինք, իրեն էր վերապահել Արտաշես Մամիկոնիչը (և թե ինչու այս մարդուն մի կարգին պաշտոն չեն տալիս, մարդ չի հասկանում), ասելով՝ «Հասարակության մեջ և այս հանդիպմանը մասնակցող բոլոր քաղաքական ուժերը (սա իսկապես այդպես էլ եղել է- հեղ.) այս երեք հարցում միանշանակորեն համամիտ են Ձեզ հետ... Սերժ Ազատիչ»:
Մենք էլ, որպես հանդիպմանը չմասնակցած կողմ, հավելենք. մնում է դրանք իրականացնել, Սերժ Ազատիչ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2518

Մեկնաբանություններ