Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

«Մրցավարությունը սոսկ դասագիրք չէ, որ վերցնես, կարդաս և կիրառես»

«Մրցավարությունը սոսկ դասագիրք չէ, որ վերցնես, կարդաս և կիրառես»
02.09.2008 | 00:00

ՊԵԿԻՆԻ ՄԵՐ 26-ՐԴ ՄԱՍՆԱԿԻՑԸ
Աշխարհի ամենահին մասնագիտություններից մեկը մրցավարությունն է։ Այն ծնվել է սպորտի հետ, և առանց մրցավարի տեղի չի ունենում ոչ մի միջոցառում։
Մրցավարության հարցը բոլոր ժամանակներում էլ եղել է քննարկման նյութ։ Մարզասերներից ո՞ւմ մտքով չի անցել, որ Պեկինի օլիմպիական խաղերում տանտերերը մրցակիցների համեմատ առավելություն կունենան, և դա նկատվեց ծանրամարտի, ջրացատկի, սպորտային մարմնամարզության ու այլ մարզաձևերի ժամանակ։ Մեր խոսքը, իհարկե, անարդար մրցավարության մասին չէ։ 29-րդ խաղերի ըմբշամարտի մրցումներում առաջին անգամ օլիմպիական մրցավարի պարտականությունները կատարեց միջազգային բարձրագույն կարգի մրցավար, Հայաստանի վաստակավոր մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ։ Նա մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցումների, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների։ Ինչպես ասում են՝ կատարյալ երջանկության համար նրան չէին բավականացնում միայն օլիմպիական խաղերը, և ահա Պեկինում իրականացավ նաև այդ երազանքը։
-Մենք հաճախ ենք անդրադառնում անարդար մրցավարությանը։ Անցյալ տարի դարձյալ Չինաստանում անցկացված աշխարհի ըմբշամարտի առաջնությունում այս առումով մրցավարները բացարձակ ռեկորդ սահմանեցին։ Թվում էր՝ գորգ էին դուրս եկել գործից անտեղյակ մարդիկ, և ժյուրին անընդհատ միջամտում էր, փոխում նրանց որոշումները։
-Այսօր մեր մրցավարական ջոկատը ղեկավարում են մարդիկ, ովքեր ընդհանրապես մրցավարության հետ ոչ մի կապ չունեն։ Եվ եթե չլինեին Ստեփան Ղազարյանի պատրաստած աշակերտները, դժվարանում եմ ասել, թե ինչպիսին կլիներ օլիմպիական մրցաշարը։
-Ճի՞շտ է, որ անցյալ տարի աշխարհի առաջնության ավարտից հետո մարզիչներն անգամ որոշել էին իրենց պաշտպանության կոմիտեն ստեղծել։
-Դա արդեն սուբյեկտիվ կարծիք է։ Իմ կյանքում դեռ ոչ մի անգամ անպաշտպան մարզիչ չեմ տեսել։ Մանավանդ որ միջազգային ֆեդերացիայում էլ ծրագրերը հիմնականում մշակում է մարզական չափազանց հարուստ փորձ ունեցող, Հայաստանի վաստակավոր մարզիչ Ստեփան Ղազարյանը։ Ի դեպ, շուտով լույս կտեսնի ըմբշամարտի տերմինաբանությանը նվիրված նրա գիրքը, մի ծավալուն աշխատանք, որտեղ ընդգրկվել են նաև առաջատար մարզիչների, մրցավարների և այլ մասնագետների դիտարկումները։
Մրցավարությունը սոսկ դասագիրք չէ, որ վերցնես, կարդաս և կիրառես։ Մրցավարը պետք է ըմբիշից մի քանի ակնթարթ շուտ զգա, թե նա ինչ է պատրաստվում անել, զգա, թե ինչ է մտածում։ Պատահում է՝ դու մտովի արդեն հնարքը կատարում ես, իսկ նա չի կարողանում հասցնել ավարտին։ Այն մրցավարները, ովքեր ժամանակին ըմբիշներ են եղել, գորգի վրա խնդիրներ չեն ունենում։
-Իսկ ահա Շվեդիան ներկայացնող նախկին գյումրեցի Արա Աբրահամյանը խնդիրներ ունեցավ։ Նա Պեկին էր եկել Աթենքի արծաթը փոխարինելու ոսկով, սակայն ստացվեց հակառակը։ Մրցավարների թեթև ձեռքով «բավարարվեց» ընդամենը բրոնզե պարգևով, ինչից պարգևատրության արարողության ժամանակ պարզապես հրաժարվեց։ Այդ ժամանակ ՄՕԿ-ը այս «ոչ մարզական արարքի և մրցավարների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար» նրան զրկեց բրոնզե մեդալից, սակայն Շվեդիայի օլիմպիական կոմիտեն կանգնեց ըմբիշի թիկունքին, և Արան բողոքարկեց որակազրկման որոշումը։ Արան զայրացել էր այն բանի համար, որ մրցավարները նրան պարտություն էին գրանցել իտալացի Անդրեա Մինգուցիի հետ կիսաեզրափակիչ գոտեմարտում։ Լոզանի մարզական վճռաբեկ դատարանն ընդունեց, որ Շվեդիան ներկայացնող ըմբիշն իրավացիորեն է արտահայտել իր անհամաձայնությունը մրցավարների որոշման վերաբերյալ։ Ի դեպ, Աբրահամյանից բացի, Պեկինում երրորդ տեղը գրավեց նաև ՈՒկրաինան ներկայացնող մեկ այլ գյումրեցի ըմբիշ՝ այս տարվա Եվրոպայի չեմպիոն Արմեն Վարդանյանը: Մի՞թե մենք մարզիչների խնդիր ունենք։
-Մենք բոլոր ժամանակներում էլ ունեցել ենք միջազգային չափանիշներով մարզիչներ։ Հիշենք Ալբերտ Մնացականյանին, Էդուարդ Հարությունյանին, Արամ Սարգսյանին, Հարություն Խաչատրյանին, Գևորգ Հարությունյանին, Միշա Եղոյանին, Ալեքսանդր Գևորգյանին, Համլետ Հովհաննիսյանին, Ռոբերտ Ասրյանին։ Ի դեպ, Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչն այժմ Ռոբերտ Ասրյանն է, և նրա երեք սաներից մեկը՝ վերը նշված 84 կգ քաշային Անդրեա Մինգուցին, Իտալիային բերեց ըմբշամարտի միակ ոսկե դափնին։ Սա արդեն Ասրյանի պատրաստած երկրորդ օլիմպիական չեմպիոնն է։ Առաջինը, գիտեք, հանրահայտ Արմեն Նազարյանն է՝ Ատլանտայի, Սիդնեյի հերոսը և Աթենքի բրոնզե մեդալակիրը, որին Պեկինում չհաջողվեց բարձրանալ պատվո պատվանդան։ Նազարյանն էլ, ինչպես գիտեք, 1998 թվականից ներկայացնում է Բուլղարիան։ Ոչ միայն նա, այլև բազմաթիվ շնորհալի մարզիկներ 90-ականներին հեռացան Հայաստանից, և դրանում մեղքի իրենց բաժինն ունեն նաև Հայաստանի ֆեդերացիաների ղեկավարները, որոնց աշխատանքները դուրս էին մնացել տեսադաշտից։
-Ձեր կարծիքով՝ լեգեոնականները, հատկապես ազատ ոճում, որքանո՞վ էին մեզ պետք։
-Ես հենց սկզբից ասել եմ և հիմա էլ կրկնում եմ, որ նրանց հայաստանյան գործունեությունը շատ վատ անդրադարձավ մեր թիմի վրա, և դրա դառը պտուղները դեռ առաջիկայում ենք քաղելու։ Նրանց պատճառով մեր տղաները մի քանի տարով հետ ընկան։
-Մեր զրույցը մրցավարությունից սկսեցինք, երևի թե մրցավարությունով էլ ավարտենք։
-Եթե խոսքը վերաբերում է մեր ըմբիշներին, ապա կարող եմ միանշանակ ասել, որ քանի դեռ մրցավարական ժյուրին գլխավորում է Ստեփան Ղազարյանը, մեր տղաների հանդեպ մրցավարներն օբյեկտիվ կլինեն։
Ի դեպ, օգոստոսի 21-ին Պեկինի «Շերատոն» հյուրանոցում մրցումների արդյունքներն ամփոփելուց հետո տեղի ունեցավ մի արարողություն, որը մեկ անգամ ևս հաստատեց պարոն Ղազարյանի մեծ հեղինակությունը։ Այդ օրն ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան, հաշվի առնելով նրա 40 տարվա բեղմնավոր աշխատանքը և համաշխարհային ըմբշամարտին մատուցած մեծագույն ծառայությունները, նրան պարգևատրեց միջազգային ֆեդերացիայի ամենաբարձր պարգևով՝ ոսկե շքանշանով, որն ամեն գործչի չէ, որ շնորհվում է։ Ասեմ, որ հենց պարոն Ղազարյանի ջանքերով, վերջապես, վերանայվեց մրցումների անցկացման կանոնադրությունը։ Նա 2004 թվականից գնում էր դրան, սակայն եղան մարդիկ, որոնք խանգարեցին։ Նոր կանոնադրությունը, որը կկիրառվի առաջիկայում, 90 տոկոսով ընդգրկում է նրա առաջարկությունները, ինչն ըմբշամարտը կդարձնի ավելի դիտարժան և հետաքրքիր։
Զրուցեց Հովհ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 3511

Մեկնաբանություններ