ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«Մշակույթը ձվի կճեպի պես պաշտպանում է միջուկը»

«Մշակույթը ձվի կճեպի պես պաշտպանում է միջուկը»
07.04.2009 | 00:00

«ԱՍՈՐԵՍՏԱՆԸ ԿՈՐԾԱՆՎԵՑ, ԵՐԲ ՎԵՐՋԱՑԱՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
«Իրավունքը de facto»-ի հյուրն է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
-Ո՞վ եք Դուք` ըստ Ձեզ:
-Բազմաչարչար հայ գրող, որ արդեն 55 տարուց ավելի զգում է` ինչ ծանր է հայ գրող լինելը: Ուրիշ ճակատագիր կուզենայի, բայց ես չեմ ընտրել իմ ճակատագիրը: Ինձ ո՛չ դասագիրք, ո՛չ պատմության գիրք է պետք` հասկանալու համար, թե ինչ է կատարվել մեր բոլոր գրողների հետ բոլոր ժամանակներում, թե ինչու ունենք այսքան շատ վաղամեռիկ բանաստեղծներ, ինչու 50-ը անցնելը մեծ հերոսություն է եղել... Պատճառները շատ են, կարելի է բացատրել, հասկանալ, բայց համակերպվել դժվար է:
-Ի՞նչ է Ձեզ համար գրականությունը:
-Գրականությունն այն տարածքն է, որտեղ աշխատում-աշխատում ես` վերջը չի երևում, անսահման մի տիրույթ, որի համար զարմանալիորեն կռվում են, որովհետև եթե կոչված մարդ ես, քո տեղն ունես ի վերուստ: Գործում է անտառի օրենքը, որտեղ ամեն ծառ իր տեղն ունի, և դժվար է ասել` անտառում սո՞ւնկն է ավելի կարևոր, թե՞ կաղնին, բոլորն էլ անհրաժեշտ են անտառի գոյության համար: Անտառը գրականությունն է:
-Բանաստեղծությունն ի՞նչ է:
-Ամեն մի նոր բանաստեղծություն գրելիս այդ առեղծվածի առաջ եմ կանգնում:
-Օսիպ Մանդելշտամն ասում էր` ես գիտեմ բոլոր բառերը, ես գիտեմ բոլոր բառերի տեղն ու ինձ համար դժվար է բոլոր բառերը ճիշտ տեղում գրելը:
-Եթե ես բոլոր բառերի տեղն իմանայի, գրելն ինձ համար հետաքրքրությունը կկորցներ, ամենամեծ հայտնությունը, որ նոր բառ ես գտնում անսպասելի մի տեղից: Հենց դա բանաստեղծությունն է:
-Գրականությունն ի՞նչ է տալիս ու ի՞նչ է տանում գրողից:
-Գրականության տվածը ոչ մի այլ ասպարեզ չի տալիս: Իմ խորին համոզմամբ` Ասորեստանը կործանվել է ոչ այն պատճառով, որ տնտեսագետներ, ինժեներներ, բիզնեսմեններ չեն եղել...
-...պատերազմներ են եղել:
-Ուրիշ երկրներում էլ պատերազմներ շատ են եղել, Ասորեստանում ուղղակի վերջացել է արվեստը, գրականությունն է վերջացել, Ասորեստանից ինչ հիշատակներ ասես մնացել են, բացի գրականությունից: Տես` երկրում ինչ գրականություն կա, կիմանաս` ինչ վիճակում է այդ երկիրը:
-1914-ին Վահան Տերյանն ասում էր, որ եթե չլինի բազմաչարչար հայրենասիրության թեման, թվում է` հայ գրողներն ասելիք չեն ունենա: Վահան Տերյանը փայլուն բանաձևեց հայրենասիրությունն պոեզիայում, համարյա 100 տարի անցել է, հասկանանք` ի՞նչ է այդ հայրենասիրությունը այսօր` ո՞ղբ կորած արժեքների համար, անցյալի ավանդույթների գնահատո՞ւմ, չափանիշի որոնո՞ւմ, իդեալի պատրա՞նք...
-Ավելի հայրենասեր բանաստեղծ, քան Շեքսպիրը, Անգլիայի համար կա՞: Ոչ մի տող չի գրել հայրենասիրության մասին, եթե գրել էլ է, սարսափելի բաներ: Բայց նա ամենամեծ հայրենասերն է: Այսինքն` հայրենասիրություն նշանակում է քո մայրենի լեզվով քո հայրենիքում ստեղծել գրական-գեղարվեստական բարձր արժեքներ. դա հայրենիքի դեմ կլինի, կողմ կլինի, երրորդական խնդիր է: Իմ խորին համոզմամբ` նաև մեր մեղքով ենք երկիր կորցրել. երբ նայում ես պատմությունը, տեսնում ես` միասնական չենք եղել, ու հիմա բողոքում ենք` ի՞նչ են եկել, մեզ կոտորել: Դիմադրեինք, չկոտորեին. որտեղ դիմադրել ենք, հաղթել ենք, որտեղ ոտքի ենք կանգնել, նույնիսկ բահով, քլունգով, հաղթել ենք կանոնավոր բանակին: ՈՒրեմն` չենք դիմադրել, պարտվել ենք...
-ՈՒրեմն` սկզբում մեր ներսում ենք պարտվել, հետո` դրսին:
-Մեր ամենաուժեղ թշնամին, որին պարտվել ենք, մեր ներսում է եղել, որ ճակատագրական պահին հեռացող թշնամուն բերդի բանալիներն է հանձնել: Եվ հիմա մեղադրել թշնամո՞ւն, թե ինչու ես դու հաղթել: Բարեբախտաբար, այդ տաբուն հաղթահարվեց, ու մենք վերջապես հաղթանակներ տարանք` մեր ներսում հաղթելուց հետո նաև դրսում: Դա սարսափելի խարան էր` պարտված ժողովուրդ:
-Չէ, ինչո՞ւ, իսկ մեր բարոյական հաղթանակնե՞րը...
-ՈՒ հենց այդ պատճառով, որ գիշերը` մթին, քաղաք դուրս գաս, ամեն փողոցից ձիով-թրով մեկը դեմդ դուրս կգա արձանի տեսքով:
-Է, հա, մեր բարդույթները չհաղթահարե՞նք:
-Շատ կուզենայի, որ հայրենիքի մասին ոչ մի տող էլ չգրվեր, մեր սերն արտահայտեինք գործով, բարձր արժեքներ ստեղծելով, ազնիվ ապրելով: Թալանից հրաժարվելով: Տեսա՞ք` ի՜նչ «բիզնեսմեններ» ունենք, կայծակի արագությամբ տասնապատիկ թանկացրին ամեն ինչ` օգտվելով առիթից: Ինչպե՞ս կարելի է այդ մարդկանց «բիզնեսմեն» կոչել, վաշխառուներ են... Պռոշյանին առանձնապես մեծ գրող չենք համարում և սխալվում ենք, այդ մարդը տեսակ է տվել, նկարագիր` ցեցեր:
-Հա, տիպեր է ստեղծել, Միկիտան Սաքոն` ազգային ջոջ:
-Նա կարողացել է ստեղծել կերպարներ, որ արձակի ամենակարևոր խնդիրն է, փայլուն կերպարներ է ստեղծել, որ մինչև այսօր մեզնից չեն հեռանում:
-Ինչո՞վ եք բացատրում, որ լավագույն գրողները լավագույն քննադատներ ու գրականագետներ են: Այդ ջիղը Ձեր մեջ լո՞ւռ է, չե՞ք ուզում նաև քննադատ լինել:
-Ռուսները մի լավ բառ ունեն, որ մենք չենք կարողանում համարժեք թարգմանել` սՌՑպՐՈՑՏՐ, մարդ, որ զբաղվում է գրականությամբ, գրի գիտակ, ժանրային տարբերություններ չկան` ուզում ես բանաստեղծ եղիր, արձակագիր, գրականագետ, գրականությանն առնչվող ամեն ինչը քեզ է վերաբերում: Եթե երաժիշտը լսողություն ունի, նա գուցե տեսություն չի սովորել, բայց ականջով զգում է` երաժշտություն է, թե ոչ: Այլ խնդիր է, երբ սովորում ես, արհեստ է դառնում: Մեր գրականագետների մեծ մասը արհեստավոր է, նրանք որոնում են ու հասկանում են իրենց սովորածը, այդ պատճառով էլ ավանդապաշտ են: Սովորել են` ինչպես են գրել Տերյանը կամ Թումանյանը կամ Չարենցը, ու պահանջում են ճիշտ նույնը, մոռանալով, որ զարգացում գոյություն ունի, գրողն այդ ամեն ինչը տեսնում է զարգացման մեջ, այդ պատճառով էլ ավելի լավ գրականագետ է` թեպետ գուցե տերմիններ չի օգտագործում: Թումանյանը, Տերյանը, Չարենցը բարձր գրագիտության մարդիկ են եղել, և այսօր մեզ նրա՛նց հոդվածներն են մնացել, ոչ թե իրենց ժամանակի գրականագետների:
-Այսօր Դուք Ձեր ընթերցողն ունե՞ք:
-Փառք Աստծո, ես երևի վերջին սերունդն եմ, որ գիտի` ինչ է ընթերցող: Հիմա գալիս է սերունդ, որն ընթերցող չունի: Իմ ընթերցողները, ճիշտ է, ցաքուցրիվ եղան, ժամանակին նրանք շատ-շատ էին, ու հանդիպումներն էլ նրանց հետ շատ էին, որն այնքան էլ լավ չէ գրողի համար: Վիլյամ Սարոյանը մի ամսով եկել էր Հայաստան, 10 օրից թողեց-գնաց, որովհետև ասում էր` վտանգավոր է ընթերցողի հետ շատ մնալ երես երեսի... Նա իր պահանջներով քեզ կամաց-կամաց կստիպի մոտենալ իրեն, իսկ դա հետընթաց է նշանակում: Ես հիմա առնվազն 500 ընթերցող ունեմ, որովհետև 500 օրինակով տպվող գրքերս արագ վաճառվում են:
-Հրանտ Մաթևոսյանն ասում էր` միշտ էլ ազգի 5-10 տոկոսն է ընթերցող` լավագույն ժամանակներում էլ, վատագույն ժամանակներում էլ:
-Ես լրիվ համաձայն եմ: Ցավոք, միլիոն ու կես մարդ լքեց Հայաստանը, ինտելիգենցիայի մի լավ շերտ գնաց, նաև` ընթերցող կորցրինք...
-Մենք ժամանակ կորցրինք, հոգեբանություն, զգացողություն, հավատ, իդեա...
-Ես համաձայն չեմ, եթե այդ ամեն ինչի կորուստը գիտակցեմ, կդադարեմ գրել:
-Չես դադարի, պարտադրանքով չես գրում:
-Ես պիտի զգամ ընթերցողի ներկայությունը` երես երեսի չհանդիպելով էլ: Բերգենը մի լավ խոսք ունի` ընթերցողը պետք է նստած լինի քո ականջին: Երբ նրա ներկայությունը չես զգում, ճիշտ Ասորեստանի վիճակն է առաջանում:
-Համարյա 20 տարի ասում ենք` կապը խզվել է, հասարակությունը գիրք չի կարդում։ Բայց այդպե՞ս է. կարդացողը միշտ էլ կարդում էր ու կարդում է: Դա արդեն նրա «մասնագիտությունն» է:
-Լավ ընթերցողը լավ գրողի պես է: Դա էլ է տաղանդ:
-Գրականությունն աշխարհը պիտի բացատրի՞, թե՞ պիտի իդեալ տա:
-Գրականությունն իր հեղինակի աշխարհն է բացատրում, ամեն գրող իր աշխարհն ունի, որը կարող է բոլորովին նման չլինել այն աշխարհին, որտեղ բոլորս ապրում ենք: Ճիշտ այնպես, ինչպես գրականության ժամանակն ու իրական ժամանակն են իրարից շատ տարբեր: Գրողը ներկայացնում է` ինչ ցանկանում է, ինչ տեսնում է` երբեմն ծայրահեղացնելով։ Նրան ասում են` ի՞նչ սարսափելի գույներով ես ներկայացրել։ Ախր, նա չի ներկայացրել ձեր աշխարհը, նա իր աշխարհն է ներկայացրել: ՈՒզում ես ապրել այդտեղ, ապրիր, չես ուզում, դու ունես քո աշխարհը... Կամ էլ ուրիշ գրող, ուրիշ աշխարհ գտիր: Գրողը ներկայացնում է աշխարհի տարբերակներ, իրադրությունների տարբերակներ, որոնք կարող են զուգադիպել, կարող են չզուգադիպել:
-Եվ դու պիտի ընտրե՞ս... Այսինքն` գրականությունն ազատությո՞ւն է:
-Մե՜ծ ազատություն:
-1910-ականներին խոսում էին ճգնաժամի մասին, 1909 թ. Ավետիք Իսահակյանն ասում էր` «Կգա ոգու սով ու դուք կքաղցեք ճոխ սեղանի շուրջ»... Եկավ Առաջին համաշխարհային պատերազմը, պատերազմից հետո տևական ժամանակ թեման օրախնդիր էր` քաղաքական, հասարակական, գիտակցության, ընդհանրապես հասարակության ներսում բարոյական արժեքների, հոգևոր ճգնաժամի, ու եկավ 30-ականների մեծ դեպրեսիան: Արդյո՞ք մեր ժամանակների այս ֆինանսատնտեսական ճգնաժամը հետևանքը չէ հասարակական նույն ճգնաժամերի, որոնք պարբերաբար կրկնվում են, և որոնց պատճառն ընդամենը մեկն է` հասարակությունը կորցնում է իր չափանիշի չափանիշը և խախտում է արժեհամակարգը:
-Լրիվ համաձայն եմ, դարձյալ ճիշտ է Իսահակյանը, նույն այդ միտքը արտահայտել են տարբեր փիլիսոփաներ: Վերջերս այդ մասին մի մեծ հոդված կար «Ֆայնենշլ թայմս» թերթում` չորուցամաք ֆինանսիստների թերթում: Հոդվածը ճգնաժամի արմատների մասին էր, պարզվում է` այն արագությամբ, որ մենք հեռանում ենք հոգևոր արժեքներից, նույն արագությամբ մտնում ենք ճգնաժամերի մեջ: Հոգու սովը նախորդում է ֆինանսական սովին: Այսօր ամեն ինչ սկսվեց ԱՄՆ-ից: Բայց փոքրիկ ամերիկաներ բոլոր երկրներում կան: Մենք նրանց նախանձում ենք, այդ մարդիկ ապրում ու շահագործում են ավելի, քան ստեղծում են, նրանք դառնում են ատելության կենտրոն: Շատ ես հեռանում հոգևորից, շատ ես խրվում ճգնաժամի մեջ: Տարատեսակ պատերազմները, ընչաքաղցության բոլոր դրսևորումները հոգևորից հեռանալու պատճառով են: «Ֆայնենշլ թայմսն» ասում էր` վերադարձեք Աստվածածնչին, եթե ուզում եք դուրս գալ ճգնաժամից:
-Եթե դա ճիշտ է, արդյոք ճգնաժամը անհրաժեշտություն չէ՞, որովհետև բերում է կատարսիս, որովհետև բերում է 0-յական վիճակ, Նոյի վիճակը ջրհեղեղից հետո, ու մենք կարող ենք նորից սկսել մեր մաքուր կյանքը, եթե պահպանվենք:
-Դաժան է, իհարկե, բայց անհրաժեշտություն է, ինչպես պատերազմները։ Փիլիսոփաները, օրինակ, շատ լավ բացատրում են պատերազմների գոյությունն անհրաժեշտությամբ, կան իրադրություններ, որոնք այլ կերպ չեն փոխվի: 20-21-րդ դարը գտավ մեծ պատերազմներից ազատվելու ձևը` լոկալ, փոքրիկ պատերազմներով...
-...նաև տեղեկատվական պատերազմներով, որոնց զոհերը նվազ չեն:
-Նաև, բայց իսկական պատերազմներն էլ զինանոցից չհանեցին, որովհետև փոխարինող ոչինչ չկա: Աֆղանստան, Իրաք... ու այդպես գոլորշին բաց կթողնենք:
-Շանթարգելի՞ էֆեկտ:
-Պատերազմը հասունացնում է ամբողջ մարդկությունը, թողնում ենք, որ հասունանա բուշտի պես ու պայթի... Նույնն էլ ճգնաժամը, սա էլ է պատերազմ, որ գուցե պատերազմից ավելի մեծ վնասներ է տալիս: Պատերազմները վերջանում են, ու մարդիկ սկսում են հաշվել կորուստները, այս ճգնաժամը զարհուրելի ավերներ է գործում: ԱՄՆ-ն արդեն 100 միլիարդի ու ավելի կորուստներ է տվել, որ որևէ պատերազմում չի ունեցել:
-Մենք եկանք այն ելակետին, որ ճգնաժամի կենտրոնում հոգևորի փլուզումն է, այդ առումով գրողն ի՞նչ պետք է անի ճգնաժամի ժամանակ:
-Փրկվելու հույս ունեն փոքրիկ կղզյակները, որոնք ունեն իրենց ազգային դրամը, սահմանները, հոգևոր մշակույթը և լեզուն, այսինքն` նրանք սահմանապահներ են և շատ հուսալի պաշտպանում են երկիրը զանազան փորձանքներից. սա էլ էր «Ֆայնենշլ թայմսի» հոդվածում: Մշակույթը ձվի կճեպի պես պաշտպանում է միջուկը, թվում է` ամենաթանկարժեքը ներսում է, բայց եթե չլիներ այդ կճեպը, միջուկը իր ձևն էլ չէր ստանա: Մենք էլ այդ հոգևորի շնորհիվ ձև ենք ստանում, ու, գիտեք` ինչ ամուր է, փորձեք ձեռքով ձուն ջարդել, չեք կարողանա: Մեզ նման փոքրիկ պետությունները ֆինանսապես ու տնտեսապես փրկվելու հույս ունեն, եթե շուռ գան ու նայեն իրենց ներսը:
-Մտավորականն ի՞նչ դիրքում պետք է լինի` հասարակությունից առա՞ջ, կողքի՞ն, թիկնապա՞հ:
-Աստված շատ լավ տեղավորել է նրան. «մտավորական» բառը «միտք» բառից է, որը գլխում է, այսինքն` պետք է լինի վերևում, որտեղից ամեն ինչ տեսնում է: Շեքսպիրը կարդում ես այսօր, ի՞նչ է տալիս քեզ: Սխեմաներ, որ ընտրես` ինչ ես ուզում քո ու քո երկրի ապագայի համար: ԱՄՆ-ը կառուցել է Ջեկ Լոնդոնը, որովհետև տվեց ամերիկացու կերպարը` հզոր յանկի, որ հասնում է, ինչի ուզում է:
-Ես էլ Դրայզերին էի կասկածում` «Ֆինանսիստը», «Տիտանը», «Ստոիկը»...
-Բայց դրանից առաջ ոսկի որոնողներն էին, պատահական չէ, որ այսօր ԱՄՆ-ում «Ջեկ Լոնդոն» ամսագիր է տպագրվում:
-Ի՞նչ է ուզում այսօր հասարակությունն իր գրողից` ինչո՞ւ է ամենատարբեր պահանջները հենց նրան ներկայացնում` զինվորի, մարտիկի, գաղափարախոսի, ընդդիմադիրի, դիվանագետի, համատիրության պետի... Անցյալի՞ իներցիան է... Թողեք գրողին հանգիստ իր սպիտակ թղթի առաջ, որ գրելիս ինքն իրեն հասկանա, ամփոփի, որ գրածի մեջ էլ կարդալիք լինի...
-Սովետական տարիներին կուսակցություններ չկային, միայն մեկ կոմունիստական կուսակցություն էր, և ընդդիմության քիչ թե շատ տպավորություն էին ստեղծում արվեստագետները, գրողները, մարդկանց մատները փուշ էր մտնում, վազում էին գրողների միություն, երկրորդ կուսակցության պես ինչ-որ մի բան էինք մենք, փողոցում աղբ էր թափված` ո՞ւր են նայում գրողները: Ուր նայում են գրողները, այնտեղ պետք է գնա ժողովուրդը:
-Այդ կտրվածքով այսօր ժողովուրդը պիտի գնա ոչ մի տե՞ղ:
-Ինչո՞ւ, Հրանտ Մաթևոսյանի, Աղասի Այվազյանի, Պերճ Զեյթունցյանի, Լևոն Խեչոյանի, Գուրգեն Խանջյանի, Վահագն Գրիգորյանի, էլի մի քանի գրողների հայացքի ուղղությամբ պիտի շարժվի ժողովուրդը: Ժամանակին ասում էին` ինչո՞ւ են գեղեցկությունը բռնաբարում, որովհետև մերկ է ու անպաշտպան, նույնը գրողների դեպքում է, եթե լինեինք բարեկեցիկ, ուժեղ, ժողովրդավար երկիր, գրողներից այդքան բան չէին ուզի, երբ քո մեջ զայրույթ կա ու չգիտես ինչպես պարպել, գտնում ես մի անպաշտպան, ու` ... Այսօր գրականությունն այդ վիճակում է, և ոչ միայն գրականությունը, արվեստի բոլոր ճյուղերը:
Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 2987

Մեկնաբանություններ