ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ «ԿԵՐՏՈՒՄ» Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԱՌԱՋՆՈ՞ՐԴ

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ «ԿԵՐՏՈՒՄ» Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԱՌԱՋՆՈ՞ՐԴ
22.01.2010 | 00:00

Նոր տարին սկսվելու հետ ներքաղաքական զարգացումները, ինչպես և սպասելի էր, պետք է ընթանային երկու հիմնական ուղղությամբ։ Առաջինը` հայ-թուրքական արձանագրությունների հետագա ճակատագիրը, և երկրորդը` Նիկոլ Փաշինյանի դատավարության ավարտը։ Երկու ուղղությամբ էլ իշխանությունն արձանագրեց իրարամերժ արդյունքներ։
Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը արձանագրություններին դեմ հանդես եկող քաղաքական ուժերը բնորոշեցին իբրև իրենց մասնակի հաղթանակ։ Գոնե այն մասով, որ ՍԴ-ի որոշման մեջ ձևակերպվեց, թե արձանագրությունները, Հայաստանից ու Թուրքիայից բացի, չեն առնչվում որևէ երրորդ երկրի հետ երկու պետությունների (պետք է հասկանալ հայ-ադրբեջանական) հարաբերություններին, արձանագրություններով Հայաստանը չի ստանձնում հայ-թուրքական փաստացի սահմանը ճանաչելու իրավական պարտավորություն, և վերջապես, արձանագրությունները չեն կարող Հայոց ցեղասպանության հարցի քննարկման (ասել է թե` վիճարկման) հիմք դառնալ հայ-թուրքական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում։
Այսպիսով, 12-ի կամ, ինչպես այսօր ընդունված է բնորոշել, 14-ի ձևաչափի շրջանակներում համախմբված ընդդիմությունը մասնակի հաղթանակ տարավ։ Այն իմաստով, որ ամիսներ շարունակ իշխանությունների վրա կիրառվող նրա ճնշումը ՍԴ-ի որոշման մեջ ամրագրված ձևակերպումներում տվեց որոշակի արդյունք։ Դա է, թերևս, վկայում նաև Թուրքիայի հստակ, պաշտոնական մի քանի մակարդակներով արտահայտված դժգոհությունը` Հայաստանի Սահմանադրական դատարանի եզրակացության վերաբերյալ։ Թեպետ միաժամանակ չի կարելի պնդել, թե իշխանությունը չէր ցանկանում հարցի այսպիսի հանգուցալուծում։ Անցած ժամանակահատվածում Թուրքիան իր պահվածքով բազմիցս «քաշեց» Հայաստանի իշխանություններին։ Երբ Հայաստանի պատասխանատու պետական պաշտոնյաները շատ անգամ բացարձակապես անհասկանալի շարժառիթներով ուղղակի հրաժարվում էին հայ-թուրքական հաշտեցման գործընթացի վերաբերյալ ինչ-որ կարծիք արտահայտելուց, նաև ինչ-որ տեղ կուլ էին տալիս պաշտոնական Անկարայի շարունակաբար կրկնվող հայտարարությունները և արձանագրությունների շուրջ բացահայտ հակահայկական մեկնաբանությունները, Թուրքիան գնալով ավելի լկտիացավ։ Բանն այնտեղ հասավ, որ մեկ ամսվա ընթացքում Էրդողանը երկու պաշտոնական այց կատարեց Վաշինգտոն ու Մոսկվա, և երկու մայրաքաղաքներում էլ փորձեց ԱՄՆ-ի և Ռուսաստանի ղեկավարությանը համոզել, որ անհրաժեշտ է ճնշում գործադրել Հայաստանի վրա` ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում էլ հայկական կողմին զիջումներ պարտադրելու նպատակով։ Եվ եթե Թուրքիայի վարչապետը երկու մայրաքաղաքներում էլ մերժման արժանացավ, դա օբյեկտիվորեն ոչ թե Հայաստանի իշխանությունների կամ ընդդիմության հակազդեցության, այլ ԱՄՆ-ի և Ռուսաստանի` տարբեր շարժառիթներ ունեցող դիրքորոշման արդյունք էր։
Սակայն, այնուհանդերձ, Հայաստանն էլ այս իրավիճակում անվերջ լռել չէր կարող։ Սահմանադրական դատարանը գործնականում արեց այն, ինչը բանակցությունների ընթացքում պիտի աներ, բայց չէր արել Հայաստանի արտգործնախարարը։ Այն է` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում բացառել Հայոց ցեղասպանության փաստի վիճարկումը, հայ-թուրքական փաստացի սահմանի պաշտոնական ճանաչումը և ղարաբաղյան հակամարտության փոխկապակցումը հայ-թուրքական «հաշտեցման» գործընթացին։ ՍԴ-ի որոշումից հետո իշխանությունը զգալիորեն թուլացրեց ընդդիմության մի հատվածի ճնշումը և նույնիսկ համագործակցության կամուրջներ ստեղծելու հնարավորություն ստացավ։
Ընդդիմության այդ հատվածը չի թաքցնում, որ ՍԴ-ի որոշումից ոգևորված է և, ըստ այդմ, նրա քաղաքական օրակարգում հազիվ թե ի հայտ գան իշխանությանն ուղղված կտրուկ պահանջներ` տնտեսական իրավիճակի և այլ խնդիրների վերաբերյալ ավանդական, բայց իրականում ոչ կոշտ քննադատությունից բացի։ Այսպիսով, իշխանությունն ընդդիմության մի թևի հետ լոյալ հարաբերություններ ձևավորելու հիմքեր ստեղծեց։
Մինչդեռ նույնը չի կարելի ասել Հայ ազգային կոնգրես-իշխանություններ փոխհարաբերությունների վերաբերյալ։ Ըստ ամենայնի, իշխանության վերևներում կրկին կենսունակ է ընդդիմությանը «կուզկայի մորը» ցույց տալու մոտեցումը։ Հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում մեծամասնական խորհրդարանական ընտրությունների ընթացքում պատգամավորական մանդատի արժանացավ իշխանամետ կուսակցության ներկայացուցիչը, որը, սակայն, օբյեկտիվորեն այդպիսի հեղինակություն չուներ տվյալ ընտրատարածքում ընդդիմության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանին հաղթելու համար։ Այսքանը պարզ էր ի սկզբանե, քանի որ Փաշինյանի օգտին, անկասկած, աշխատում էր նաև տվյալ ընտրատարածքից նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի թիմը։ Սկսելով նոր տարին «Ազգային միաբանության» ներկայացուցչին պատգամավոր դարձնելուց, իշխանությունը կրկին լարեց հարաբերությունները Հայ ազգային կոնգրեսի հետ։ Եթե մինչ այդ փոխհարաբերությունները կարելի էր համարել լճացած, ապա ընտրություններից հետո լարվածության ու հակադրության միտումը կրկին մեծացավ։
Կրակի վրա յուղ լցրեց Նիկոլ Փաշինյանի դատապարտումը 7 տարվա ազատազրկման։ Եվ խնդիրը հասարակական ընկալումներում բոլորովին էլ այն չէ, թե որքանով է մեղավոր Նիկոլ Փաշինյանը։ 2008-ի մարտի 1-2-ի դեպքերին նույնիսկ պետական հեռուստատեսության եթերով հետևած Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու պարզ է, որ Փաշինյանն այդ իրադարձություններում ամենաառաջնային դերակատարությունը չի ունեցել։ Մարտի 1-ի վաղ առավոտյան, երբ ուժային կառույցների նախաձեռնությամբ ցուցարարները «վտարվեցին» Ազատության հրապարակից ու սկսեցին կուտակվել Գրիգոր Լուսավորչի փողոցում` Ֆրանսիայի դեսպանատան առջև, Նիկոլ Փաշինյանը միակ դերակատարը չէր այդ գործընթացում։ Ավելի ճիշտ, բոլորովին էլ միակ դերակատարը չէր, որովհետև այնտեղ են եղել ընդդիմության վերնախավի շատ գործիչներ, հանդես են եկել տարբեր հայտարարություններով ու կոչերով, բայց նրանցից ոչ մեկը, ներառյալ գլխավոր դերակատար առաջին նախագահը, պատասխանատվության չի կանչվել։ Արդարադատությունն արժանանում է համարժեք հասարակական ընկալման, եթե գործում է ամբողջ ծավալով։ Պետությունը հասարակական անկարգություններ կազմակերպելու համար մեղադրում էր տասնյակ մարդկանց, բայց այսօր պատասխան են տալիս միայն երկուսը, երեքը, լավագույն դեպքում` տասը։ Այն էլ դեռ հարց է, թե որքանով են նրանց նկատմամբ հարուցված մեղադրանքներն իրավաչափ։
Մյուս կողմից, մարտի 1-2-ի իրադարձությունների հետաքննությունն այդպես էլ պատասխան չտվեց, թե ինչպես են սպանվել Հայաստանի տասը քաղաքացիները, ութ ցուցարար կամ, ընդդիմության պնդմամբ, առհասարակ ցույցի հետ կապ չունեցող անձինք ու երկու ոստիկան։ Որևէ մեկի նկատմամբ սպանության մեղադրանքով գործ չի հարուցվել, չի մտել դատարան, որ հասարակությունը գոնե համոզվեր, որ ծանրագույն հանցագործության համար պատասխանատվություն է սահմանված, և այն կիրառվում է իրականում։ Այսպիսի իրավիճակում ինքնըստինքյան հասկանալի է, որ Փաշինյանի նկատմամբ դատավճիռը, որքան էլ իրավաբանորեն հիմնավորված լինի, հանրային ընկալման մեջ համարվելու է իբրև ընդդիմության ներկայացուցչի նկատմամբ քաղաքական շարժառիթներով կայացած դատավճիռ։ ՈՒ եթե հասարակության մի հատված դեռևս կասկածում էր, որ Փաշինյանը քաղկալանավոր է, ապա իշխանությունն արեց ամեն ինչ, որ այդ կասկածն էլ վերանա։
Անշուշտ, չի բացառվում, որ իշխանությունը սրանով ընդդիմությանը դարձյալ ուժ է ցույց տալիս։ Դատախազն առաջարկում է վեց տարվա պատժաժամկետ, դատավորը սահմանում է յոթ։ Միանգամայն հավանական է, որ Վերաքննիչ ու Վճռաբեկ դատարաններում վճռի բողոքարկումը հանգեցնի պատժաժամկետի նվազեցման, ինչի արդյունքում Նիկոլ Փաշինյանը, համաներման արժանանալով, հայտնվի ազատության մեջ։ Բայց արդյոք իշխանության հեղինակությունը բարձրանալո՞ւ է այդ խեղկատակության բեմադրությունից։ Միանշանակ` ոչ։ Եվ այստեղ էական չէ` Հայ ազգային կոնգրեսը կշարունակի՞ ընդդիմադիր գործունեությունը, թե՞ հանուն իր համախոհների ազատության կգնա իշխանությունների մոտ «նա պակլոն», ինչը քիչ հավանական է։ Անգամ այդ դեպքում իշխանությունը կտանի սոսկ մարտավարական հաղթանակ, բայց որևէ ռազմավարական ձեռքբերում չի ունենա։ Քանզի երկրում արմատական ընդդիմության առկայությունն արդյունք է ոչ թե առանձին, նույնիսկ շատ մեծ հեղինակություն ունեցող քաղաքական գործիչների ցանկության, այլ կուտակված ու չլուծված քաղաքական, տնտեսական, հասարակական հիմնախնդիրների։ Այդ թվում` պետության կողմից օբյեկտիվ արդարադատության չիրագործման։
Վ. ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 1569

Մեկնաբանություններ