Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Լուրեր

Լուրեր
16.09.2008 | 00:00

Դեզինֆորմացիոն խողովակներով
Կենտրոն համայնքի ղեկավարի առաջիկա ընտրություններում ՀՀՇ վարչության նախագահ, այս համայնքի նախկին թաղապետ ԱՐԱՐԱՏ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ առաջադրումը լուրջ շփոթ է առաջ բերել մյուս թեկնածուի՝ գործող թաղապետ, հանրապետական ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ թիմում։ ՀՀԿ վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներով Բեգլարյանի կողմնակիցներն արդեն իսկ անցել են նախընտրական սև տեխնոլոգիաների փորձված մեթոդներին՝ հանրության ականջը կաթեցնելով «ստույգ» տեղեկատվություն, համաձայն որի Լևոն Տեր-Պետրոսյանն ու Հայ ազգային կոնգրեսը ոգևորված չեն Զուրաբյանի առաջադրմամբ, ուստի վերջինս չի կարող հույսը դնել միասնական ընդդիմության զորեղ աջակցության վրա, այդ պատճառով էլ լուրջ մրցակից չէ գործող թաղապետին։ Վերջին օրերին դեզինֆորմացիոն գրոհը նոր ուղղվածություն է ձեռք բերել. լուրեր են շրջանառվում, թե Գագիկ Բեգլարյանին է զանգահարել Համաժողովրդական շարժման ակտիվիստ Խաչատուր Սուքիասյանի (նա, ի դեպ, իր 47-ամյակը երեկ նշել է ընդհատակում) ավագ եղբայր Սարիբեկ Սուքիասյանը և վստահեցրել, որ անձամբ ինքը նախընտրական փուլում աջակցելու է գործող թաղապետին։ Ի՞նչ արդյունք կտա այս տեխնոլոգիան, պարզ կդառնա սեպտեմբերի 28-ին կայանալիք ընտրություններում։
Լ. ՄԱՐՏՈՅԱՆ

«Մեխը» Իրանն է
Երեկ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով մեկնեց Իրանի Իսլամական Հանրապետություն՝ հարևան երկրի բարձր ղեկավարության հետ միջպետական և աշխարհաքաղաքական հրատապ խնդիրներ քննարկելու նպատակով։ Սա Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի երկրորդ այցն է Վրաստանից հետո, ինչը լիովին տեղավորվում է նախագահի ձևակերպած ակտիվ և նախաձեռնող արտաքին քաղաքական կուրսի շրջանակներում։ Բնականաբար, դժվար չէ ենթադրել, թե ինչ խնդիրներ են շոշափվելու Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ (կոմունիկացիոն և էներգետիկ հարցեր, ճգնաժամային իրավիճակներում այլընտրանքային ճանապարհների կառուցման անհրաժեշտություն և այլն), սակայն դիվանագիտական մեր աղբյուրները տեղեկացնում են, որ քննարկումների «մեխը» լինելու է Թուրքիայի նախաձեռնած Կովկասի խաղաղության պլատֆորմին Իրանի հավանական ներգրավվածության հարցը։ Ավելորդ չէ նշել, որ թուրքական ծրագիրը կովկասյան պլատֆորմին Իրանի մասնակցության խնդիր չի հետապնդում, իսկ մասնակից երկրների շարքում, հարավկովկասյան երեք հանրապետություններից բացի, նպատակ ունի ընդգրկելու միայն Ռուսաստանին ու Թուրքիային։
Լ. Մ.

Յովանովիչը գալիս է
Երեկ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչը Երևան կժամանի սեպտեմբերի 17-ին: Նշենք, որ դեսպանի նշանակմանը Սենատը հավանություն էր տվել օգոստոսի 1-ին: Մինչ այս նոր նշանակումը Յովանովիչը եղել է Ղրղզստանում ԱՄՆ-ի դեսպանը: Հիշեցնենք, որ դեսպան Ջոն Էվանսին հետ կանչելուց հետո 2006-ից ի վեր Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի լիազորություններն իրականացնում էին ժամանակավոր հավատարմատարները, վերջինը Ջոզեֆ Փենինգտոնն էր:
Ռ. Խ.

Հին խաղեր, նոր հաշվարկ
Մի քանի օր է, ինչ հայաստանյան ԶԼՄ-ներն ու քաղաքական դաշտը քննարկում են վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում Դիանա Մնացականյանի նշանակման հարցը։ Ասում են, թե նա Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի այրին է, ուստի հարց է առաջանում, թե ինչո՞ւ Տիգրան Սարգսյանի ընտրությունը կանգ առավ հենց այս թեկնածության վրա։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Օքրուաշվիլին կրկին հայտնվում է
Երեկ Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին, ով քաղաքական ապաստան ստանալու շնորհիվ գտնվում է Ֆրանսիայում, հայտարարել է, թե հաջորդ տարի պատրաստվում է վերադառնալ Վրաստան։ Նա պնդել է, թե Սաակաշվիլուն իշխանությունից հեռացնելու իր մտադրությունները չեն փոխվել, և որոշ բացահայտումներ է արել ռուս-վրացական պատերազմի վերաբերյալ։ «Սաակաշվիլին վաղուց էր ծրագրում Հարավային Օսիան Վրաստանի վերահսկողության տակ վերադարձնելու գործողությունը, սակայն չկարողացավ դա իրականացնել ինչպես մտածված էր, և ինչը հեշտացրեց Ռուսաստանի համար հարվածի ուղղության ընտրությունը։ Մինչդեռ մեր ռազմավարական առաջնահերթությունը պետք է լիներ Աբխազիան։ 2005 թվականին մենք մշակել էինք ծրագիր նախ Աբխազիայի, ապա Հարավային Օսիայի գրավման վերաբերյալ։ Գործողությունների նախնական ծրագիրը ենթադրում էր հարված երկու ուղղությամբ, միաժամանակյա վերահսկողության հաստատում Ցխինվալի, Ջավայի և Ռոկի լեռնանցքի թունելի վրա։ Մինչդեռ Սաակաշվիլու հարձակումը նպատակ էր հետապնդում վերցնել միայն Ցխինվալը, որովհետև նա հույս ուներ, թե ԱՄՆ-ը դիվանագիտական խողովակներով կշրջափակի Ռուսաստանի գործողությունները։ Սակայն ԱՄՆ-ի կողմից արձագանք չեղավ, և միայն այդ ժամանակ նա զորքերն ուղարկեց Ռոկի լեռնանցքի թունելը փակելու, բայց այստեղ նրանք տակտիկապես պարտվեցին ռուսական բանակին։ Այս պայմաններում Սաակաշվիլու համար լավագույն ելքը կամավոր հրաժարականն է»,- հայտարարել է պաշտպանության նախկին նախարարը։ Օքրուաշվիլին պնդել է, որ եթե Սաակաշվիլին կամավոր հեռանա, քրեական հետապնդման չպիտի ենթարկվի։ «Իսկ եթե նա որոշի ամեն գնով մնալ, դա, ի վերջո, կհանգեցնի քրեական մեղադրանքների հարուցման»։
Վ. Մ.

Վրաստանը ՆԱՏՕ-ի հետ ստորագրեց շրջանակային համաձայնագիր
Երեկ պաշտոնական այցով Թբիլիսի ժամանած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը Վրաստանի վարչապետ Լադո Գուրգենիձեի հետ ստորագրել է շրջանակային փաստաթուղթ ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողով ստեղծելու մասին։ Սխեֆերը մասնավորապես հայտարարել է. «Սա շատ կարևոր պահ է ՆԱՏՕ-ի և Վրաստանի փոխհարաբերություններում։ Շրջանակային փաստաթղթի ձևակերպմամբ հարաբերությունների խորացման նոր հեռանկարներ են բացվում։ Ելնելով այն հաջողություններից, որոնց մենք հասել ենք անհատական գործողությունների ծրագրի և արագացված երկխոսության իրականացման ուղղությամբ, հիմա մեր հարաբերությունները պետք է տեղափոխվեն նոր ձևաչափ։ Դա միևնույն ժամանակ ենթադրում է Վրաստանում բարեփոխումների գործընթացի շարունակություն։ Հյուսիսատլանտյան դաշինքն արդեն հայտարարել է, որ պատրաստ է օգնել Վրաստանին՝ կատարելու իր պարտավորությունները ՆԱՏՕ-ին ինտեգրացվելու ճանապարհին։ Համապատասխանաբար դեկտեմբերին դաշնակից երկրների կողմից այս ամենին կտրվի կարևոր գնահատական։ Դրանից է կախված լինելու Վրաստանին՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավերի տրամադրումը։ Մենք հուսով ենք, որ ձեզանից տեղեկատվություն կստանանք այն մասին, որ այս բարեփոխումների գործընթացն այլևս անշրջելի է»։
Վրաստանի վարչապետն իր հերթին հայտարարել է. «Սա իսկապես պատմական պահ է, շատ կարևոր նշան այն իրողության, որ ՆԱՏՕ-ն միասնական է Վրաստանի հետ, և մենք շնորհակալ ենք դաշինքին աջակցելու համար»։
Վ. Մ.

Սխեֆերը կարծում է, որ Ռուսաստանին ավելորդ զիջումներ են արվել
Երեկ Թբիլիսիում տեղի ունեցած ՆԱՏՕ-Վրաստան խորհրդի նիստում Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի հետ բանակցություններում Ֆրանսիայի նախագահն ավելորդ զիջումներ է արել Մոսկվային։ Ըստ Սխեֆերի, ՆԱՏՕ-ն կտրականապես դեմ է, որ ռուսական զորքերը հիմնավորվեն Աբխազիայում և Հարավային Օսիայում, թեպետ նրանց ղեկավարներն իրենք են դիմել Ռուսաստանին՝ համապատասխան խնդրանքով։
«Մենք հրաշալի հասկանում ենք, որ Թբիլիսի ենք եկել շատ լուրջ փուլում, երբ նոր է ավարտվել օգոստոսյան հակամարտությունը։ ՆԱՏՕ-ի դիրքորոշումն ի սկզբանե պարզ էր՝ Ռուսաստանն անհամաչափ ուժ կիրառեց այդ հակամարտության ժամանակ։ Բացի այդ, Ռուսաստանը պարտավոր է կատարել վեց կետերից բաղկացած ծրագիրը, որին աջակցում են Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն։ Չնայած այս դժվարին ժամանակաշրջանին, մենք սպասում ենք և հուսով ենք, որ Վրաստանը կշարունակի ժողովրդավարական զարգացման ուղին, որն այնքան կարևոր է նրա Եվրատլանտյան ինտեգրացիայի համար»,- նշել է Սխեֆերը։ Իր հերթին Վրաստանի նախագահը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ելույթը գնահատել է իբրև նշան, որ երկիրը մենակ չէ։ «Ձեր այցելությունը Վրաստան կարևոր է մի քանի առումներով։ Առաջին հերթին այն պատճառով, որ առկա են հստակ և լավ հարաբերություններ ՆԱՏՕ-ի և Վրաստանի միջև, ու մենք համոզված ենք, որ այդ ամենն ամրապնդվելու է։ Մենք արդեն կարող ենք հպարտանալ մեր հարաբերություններով։ Միաժամանակ սա շատ կարևոր այցելություն է, որովհետև ՆԱՏՕ-ն մի դաշինք է՝ հիմնված միասնական սկզբունքների վրա։ Մենք այսօր խոսում ենք ավելի սերտ դաշինքի մասին և պետք է գործենք այնպես, որ մեր համագործակցությունը, ուղղված չլինելով որևէ մեկի դեմ, ապահովի խաղաղություն և բարգավաճում։ Միասին պետք է աշխատենք, որ Վրաստանն ամուր կանգնի եվրաինտեգրացիայի ուղու վրա, որը մեր ապագայի միակ ճանապարհն է»,- հայտարարել է Վրաստանի նախագահը։
Վ. Մ.

Դիտվել է՝ 1992

Մեկնաբանություններ