ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ռազմավարական երկընտրանքի ճանապարհին

Ռազմավարական երկընտրանքի ճանապարհին
26.08.2008 | 00:00

ՏԵՍԱԿԵՏ
Հայաստանի շուրջ վերջին շրջանի արտաքին քաղաքական զարգացումներում ամենաանսպասելի և, թերևս, այդ պատճառով էլ հետաքրքրություն առաջացրած դրսևորումներից մեկը հայ-թուրքական հարաբերությունների ջերմացման վերջին միտումներն են։ Սկզբնական տպավորությունն այս գործընթացից այն էր, որ հերթական անգամ ԱՄՆ-ի ջանքերով փորձ է արվում «կարգավորել» հայ-թուրքական հարաբերությունները, քանի որ անցած 15 տարիներին հատկապես Վաշինգտոնն է հանդիսացել հայ-թուրքական հաշտեցման տարբեր ֆորմատների նախաձեռնողը կամ հրահրողը։ Սակայն հետագա իրադարձությունները եկան ապացուցելու ճիշտ հակառակը. Հայաստան-Թուրքիա հարաբերություններում միջնորդի դերակատարություն ստանձնելու նպատակ ունի արդեն ոչ թե ԱՄՆ-ը, այլ` Ռուսաստանը։
Թուրք-ամերիկյան հարաբերությունների սառեցման փուլը, սովորաբար, բնորոշվում է իրաքյան պատերազմի սկզբնավորմամբ։ Ինչպես հայտնի է, այն ժամանակ թուրքական կառավարությունը մեծ դժվարությամբ և վերապահություններով իր տարածքը տրամադրեց Վաշինգտոնին, այն էլ՝ միայն ռազմական գործողությունների առաջին փուլի ավարտից հետո։ Պատճառը հայտնի է՝ ԱՄՆ-ի ավելի քան լոյալ և նույնիսկ խիստ բարյացակամ վերաբերմունքը քրդերի նկատմամբ, ինչն Անկարայում ոչ առանց հիմքի դիտարկում էին և շարունակում են համարել Հյուսիսային Իրաքում քրդական ինքնավարությունն ինքնուրույն պետության վերածելու ծրագիր։ Իսկ թե ինչ արժեք ունի Թուրքիայի համար քրդական հարցը, հայտնի է բոլորին։
Մյուս կողմից, Հարավսլավիայի մասնատմանը զուգահեռ՝ ԱՄՆ-ը կարողացավ նախկին սերբական տարածքում՝ Կոսովոյում, հիմնել Եվրոպայում իր ամենախոշոր ռազմական բազան։ Նախկին Վարշավյան պայմանագրի անդամ պետություններ Բուլղարիայի և Ռումինիայի՝ ՆԱՏՕ-ի կազմ ընդգրկվելուն զուգահեռ, Վաշինգտոնը կարողացավ հասնել այս երկրներում ևս իր ռազմական բազաների ամրակայմանը։ ՈՒկրաինայի և Վրաստանի հետ տարվող ողջ ամերիկյան քաղաքականությունը սկզբունքորեն նույն նպատակն է հետապնդում, և այսպիսով ակնհայտ է դառնում, որ սևծովյան ավազանի գրեթե բոլոր երկրներին իր դաշնակիցները դարձնելով՝ ԱՄՆ-ն ակնհայտորեն ձգտում է նվազեցնել Թուրքիայի դերը որպես տարածաշրջանում իր հենակետի և միաժամանակ զսպել Անկարայի հավակնությունները նաև Հարավային Կովկասում ու հեռանկարում Կենտրոնական Ասիայում ակտիվ դերակատարություն ունենալու առումով։
ԱՄՆ-ի քաղաքականության մեջ Թուրքիայի դերի նվազեցման շատ յուրօրինակ ցուցանիշ կամ կատալիզատոր է նաև Միացյալ Նահանգներում Հայոց ցեղասպանության հարցի նկատմամբ վերաբերմունքի աստիճանական փոփոխությունը։ Այն փաստը, որ հարցն անցյալ տարի այդպիսի բուռն քննարկման արժանացավ ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների կոմիտեում և, ի վերջո, քվեարկության արդյունքում, փաստորեն, ներառվեց Կոնգրեսի օրակարգում ու կարող է պալատի նախագահի որոշմամբ ցանկացած պահի դրվել քննարկման, Թուրքիայի նկատմամբ Վաշինգտոնի վերաբերմունքի փոփոխության բավական ստույգ ցուցանիշ է։ Բոլոր այս հանգամանքները, ամենայն հավանականությամբ, դրդեցին Անկարային` աստիճանական քայլեր ձեռնարկել Մոսկվայի հետ հարաբերությունների բարելավման առումով, քանզի տարածաշրջանում իր դերակատարությունը կարևորելու համար Անկարային գործնականում անհնարին է գտնել այլ դաշնակցի։
Չնայած ռուս-թուրքական հարաբերությունները ԽՍՀՄ փլուզումից հետո հազիվ թե կարելի է բնորոշել իբրև ջերմ և բարեկամական, եթե նկատի ունենանք հատկապես Անկարայի բացահայտ աջակցությունը Չեչնիայում սկիզբ առած անջատական շարժմանը, այնուհանդերձ, Մոսկվայում դա կարծես համարում են անցած փուլ։ Մասնավորապես, դրա դրսևորում կարելի է համարել վերջին տարվա ընթացքում ռուս-թուրքական երկխոսության ակտիվացումը արտգործնախարարությունների մակարդակով։ Այսպիսով, փորձագետների մեծամասնության գնահատմամբ, հայ-թուրքական հարաբերություններում արձանագրվող վերջին «ջերմացումը» ևս Հայաստանի հիմնական ռազմաքաղաքական դաշնակից Կրեմլի կողմից հրահրված գործընթաց է։ Այդ իրողության լավագույն ապացույցը կարելի է համարել այն, որ հիշյալ գործընթացում ակտիվ միջնորդական դերակատարություն է ստանձնել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։ Վերլուծական հանրության բազմաթիվ ներկայացուցիչների պնդմամբ, Թուրքիայի նախագահին Հայաստան ֆուտբոլային խաղի հրավիրելու` Սերժ Սարգսյանի նախաձեռնությունն էլ պետք է դիտարկել ռուս-թուրքական նոր «քիրվայության» գործընթացի շրջանակներում։
Բայց որքանո՞վ է այս գործընթացը բխում Հայաստանի շահերից։ Միանգամայն հասկանալի է և տրամաբանական, որ Հայաստանն ու Թուրքիան, որպես հարևան պետություններ, պետք է ձգտեն կառուցել նորմալ հարաբերություններ։ Հայաստանը միշտ պատրաստակամ է եղել առանց նախապայմանների այդ հարաբերությունների հաստատմանը, իսկ անկախության առաջին տարիներին՝ Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք, պետական քաղաքականությունը նույնիսկ ուղղված էր ցեղասպանության հարցը որոշ չափով երկրորդ պլան մղելուն հայ-թուրքական հարաբերությունների օրակարգում, սակայն դա էապես չմեղմեց Անկարայի դիրքորոշումները Ղարաբաղի և հայ-թուրքական սահմանի ապաշրջափակման հարցերում։ Եվ ճիշտ հակառակը, երբ արդեն Ռոբերտ Քոչարյանի օրոք Հայաստանը ցեղասպանության խնդիրն արտաքին քաղաքականության մեջ դարձրեց օրակարգային, ինչն իր հերթին ընդլայնեց այն ճանաչող պետությունների ցանկը, Անկարայում աստիճանաբար մեծացավ անհանգստությունը և, ըստ որոշ վերլուծաբանների, բարձրակետին հասավ, երբ հարցը մտավ ԱՄՆ-ի Կոնգրեսի օրակարգ։
Հիմա, եթե Մոսկվան նախաձեռնում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում, ի՞նչ օրակարգով է այն ընթանալու։ Պարզ է, որ 10 տարի շարունակ ցեղասպանության հարցն արտաքին քաղաքականության օրակարգային խնդիր դարձրած Հայաստանը չի կարող դրանից հրաժարվել, շուռ գալ մեջքով դեպի սփյուռքը, ցեղասպանության ճանաչման հարցում իրենց շահագրգռություններն ունեցող պետությունները և հայտարարել, թե այդ խնդիրը մղվում է հետին պլան։ Եթե Կրեմլում նման հույսեր կան, ապա Մոսկվայում առնվազն մի քիչ սխալվում են։ Որովհետև եթե Հայաստանի իշխանությունները ցեղասպանության հարցը չդարձնեն Թուրքիայի հետ երկխոսության օրակարգային խնդիր, կտրուկ կթուլացնեն իրենց դիրքերն ինչպես արտաքին աշխարհում՝ հայկական սփյուռքի վերաբերմունքի առումով, այնպես էլ երկրի ներսում։ Չմոռանանք, որ նախագահական ընտրարշավի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի միջև գաղափարախոսական հակադրության հարցերից մեկը հենց ցեղասպանության խնդիրն էր։ Առաջին նախագահը մեղադրում էր ինչպես Ռոբերտ Քոչարյանին, այնպես էլ իր մրցակից Սերժ Սարգսյանին՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ վարվող սխալ արտաքին քաղաքականության պատճառով Հայաստանը տարածաշրջանային մեկուսացման դատապարտելու համար։ Եվ հիմա, եթե Հայաստանի գործող նախագահը փորձի վարել այն քաղաքականությունը, ինչը սկզբունքորեն առաջարկում էր Լևոն Տեր-Պետրոսյանը, միայն կբարձրացնի իր ընդդիմախոսի հեղինակությունն ու ժողովրդականությունը՝ միաժամանակ իրենից վանելով ազգայնական տրամադրություններ ունեցող կամ առնվազն ցեղասպանության հարցը կարևոր օրակարգային խնդիր համարող քաղաքական ուժերին։
Բայց սա դեռ ամբողջը չէ։ Եթե հայ-թուրքական հարաբերություններում ռուսական «միջնորդությունն» ուղղված է լինելու միմիայն Հայաստանի շահերի հաշվին Թուրքիայի հետ Մոսկվայի «ախպերանալուն», ապա դա չի կարող հիասթափության հերթական ալիքը չառաջացնել Հայաստանի բնակչության մեջ Ռուսաստանի և ռուսական քաղաքականության նկատմամբ։ Մանավանդ որ տարեցտարի Հայաստանում Մոսկվայի նախաձեռնությունների նկատմամբ բացասական դիրքորոշում ունեցող զանգվածն աճում է, քանզի, հանրության մի զգալի հատվածի կարծիքով, Հայաստանը, շարունակաբար ռուսական ազդեցության դաշտում գտնվելով, տնտեսապես ոչինչ չի շահում, այն դեպքում, երբ նույն Ադրբեջանը, տարիներ ի վեր ոչ ռուսամետ քաղաքականություն վարելով, ներդրումներ է ստանում Արևմուտքից ու Ռուսաստանի հետ էլ իր առևտրաշրջանառությունը հասցրել է 2 մլրդ դոլարի։
Եվ, վերջապես, եթե գործող իշխանությունը հայ-թուրքական հարաբերություններում որդեգրի Ռուսաստանի այսրոպեական շահերին անհրաժեշտ կուրս, դրանով իսկ լավագույն պայմանները կստեղծի Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ռեաբիլիտացիայի համար։ Ինչ-ինչ, վերջինս միշտ էլ շատ հետևողական է եղել այս հարցում և, հնարավորության դեպքում, չի խուսափի հանրությանը մատնացույց անել Թուրքիայի հետ հարաբերություններում ոչ հայանպաստ փոփոխությունները՝ հիշեցնելով, թե ինքն ինչ դիրքորոշում ուներ։ Ժամանակին Ռ. Քոչարյանը պատահաբար չշեշտեց, որ եթե ինքը տնօրիներ Հայաստանի քաղաքականությունը, Աբդուլլահ Գյուլը ֆուտբոլ նայելու հրավեր չէր ստանա։
Այսպիսով, Հայաստանի իշխանությունները կանգնած են լուրջ երկընտրանքի առջև։ Կամ` Մոսկվայի նախաձեռնած հայ-թուրքական երկխոսության ընթացքում օրակարգ մտցնել հարաբերությունների կարգավորման բոլոր խնդիրները՝ ներառյալ ցեղասպանության հարցը և բանակցություններ սկսել միջպետական հարաբերությունների համալիր կարգավորման վերաբերյալ, կամ ռազմավարական դաշնակցի ցանկությանը տեղի տալով՝ ստեղծել Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման իմիտացիա և դրանով իսկ քայլ առ քայլ թուլացնել սեփական դիրքերը երկրի ներսում և սփյուռքում։
Վ. ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 5620

Մեկնաբանություններ