ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

«Տուն մտած սրբապատկերը տնից չեն հանում»

«Տուն մտած սրբապատկերը տնից չեն հանում»
30.03.2024 | 15:16

Ավարտվում էր 2009 թվականը։ ՀՀ ՊՆ հաստիքների վերանայման ու կառուցվածքային հերթական փոփոխությունների հետևանքով ժամանակավորապես հայտնվել էի Նուբարաշենում տեղակայված` Մայրաքաղաքային «Հատուկ գնդում»։

Բայց հերթական անգամ ՊՆ համակարգում արդեն սովորական երևույթ դարձած ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Օրեր անց հրաման արձակվեց, որ գնդերի` կադրերի գծով ավագ սպաների հաստիքները լուծարվում են։ ՈՒ ձեռքի մի շարժումով` շուրջ չորս տասնյակ ավագ սպաներ հայտնվեցին անորոշ վիճակում։ Նրանց թվում` ես։

Սա ՀՀ ՊՆ համակարգում ավելի քան 11 տարի 6 ամիս ծառայության ընթացքում հերթական կառուցվածքային փոփոխությունն էր։

Դրան ժամանակ առաջ նախորդել, ապա հաջորդել էր ամենազավեշտալին. երբ 2006 թվականի մայիսյան մի առավոտ գնացինք ծառայության ու իմացանք, որ գիշերը փոխնախարար, գեներալ֊լեյտենանտ Միխայիլ Գրիգորյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, իր վարչական ապարատը լուծարվել է և հսկիչ-անցագրային կետից մեզ` ապարատի զինծառայողներին, ներս չթողեցին։

Սրանից հետո պիտի կառուցվածքային ա՜յլ, ուրի՜շ, հերթակա՜ն, արդեն սովորական դարձած կառուցվածքային փոփոխություններ լինեին։

Իսկ մինչ այդ` որոշեցի դիմել ՀՀ պաշտպանության նախարարին, ընդունելություն խնդրել, որ ծառայությանս շարունակելու հարցը կարգավորվի, քանի որ ընդամենը 6 ամիս չէր բավարարում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ձևակերպելու համար։

Փա՜ռք Աստծո, ամեն ինչ արագ ու բարեհաջող ընթացք ունեցավ։

Այսօր` տարիների հեռվից, այդ օրվա տպավորությունը չի անցել։

Այն ժամանակ պաշտպանական գերատեսչությունը ղեկավարում էր գեներալ-լեյտենանտ Սեյրան Օհանյանը։

Ընդունելության եմ ներկայանում ու ինձ` «մայոր»-ին, հոտընկայս դիմավորում ու ընդառաջ է գալիս նախարար գեներալ-լեյտենանտը։

Ըստ սահմանված կարգի, նախարարի ընդունելությանը մասնակցում էին ՀՀ ՊՆ և ԶՈՒ վարչությունների պետերը։ Զրուցում ենք` ասես վաղեմի մտերիմներ։ Դեռ նախարարը խոսքը չավարտած` տեղից ձայն է խնդրում ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, բ/ծ գնդապետ Արտաշես Փարսադանյանը։

Ի դեպ ասեմ, որ բժիշկ Արտաշես Փարսադանյանին վաղուց գիտեի, երբ Երևանի բժշկական ինստիտուտի շրջանավարտ-բժիշկը Ախթալայի ամբուլատորիայում էր աշխատում, ես` համալսարանավարտ լրագրողս, Թումանյանի շրջանային «Լոռի» թերթի խմբագրությունում։

Ա՜յ, քեզ զուգադիպություն։

Շրջվում եմ, ծանոթ, հարազատ Արտաշեսն է։

Առաջարկում է ինձ ծառայության ուղարկել Կանազի կայազորային հոսպիտալ` կադրերի գծով ավագ սպայի պաշտոնին։ Մեկեն զարմանում եմ` ես` ու՞ր, Կանազի հոսպիտալն ու՞ր։ Ախր, ես մասնագիտությամբ բանասեր եմ, լրագրող։ Բայց ձայն չեմ հանում. կարևորը` ծառայությանս հարցն արագ լուծվեց։

Շնորհակալություն հայտնելով նախարարին, դուրս եմ գալիս ընդունելության սենյակից ու ակամա հիշում, որ պահեստազորի բուժքույր եմ, դիպլոմ ունեմ, մի քանի ամիս է մնացել, մի կերպ կդիմանամ, թող որ կադրերի գծով ավագ սպայի պաշտոնում։

Հետո` երեկոյան, երբ ալավերդցի ծանոթներիս միջոցով ճշտեցի Արտաշեսի հեռախոսահամարը, զանգահարեցի` շնորհակալությունս հայտնելու, զարմանքս կրկնապատկվեց։

...Երբ ես արդեն դուրս եմ եկել ընդունելության սենյակից, պաշտպանության նախարարը նախատել է ՊՆ լրատվության և քարոզչության վարչության պետին, թե ինչու՛ նման կադրը մինչև հիմա իր` լրագրողի մասնագիտությամբ չի աշխատում։

Պատասխանել են, որ անձնակազմի գծով փոխնախարարը` գեներալը, չի համաձայնել, որ տեղափոխեն լրատվական։ Օգտվելով պատեհ առիթից` ՊՆ իրավաբանական վարչության պետ, գնդապետ Սեդրակ Սեդրակյանն էլ հավելել է, որ գրագետ ու բանիմաց կադր է, ափսոս, որ մասնագիտությամբ չի աշխատում, իր իսկական տեղում չի, թեև, ուր էլ նշանակեն, կարդարացնի, գրագետ, բանիմաց կադր է։ Այս ամենը, ի դեպ, Արտաշեսն ասաց, իսկ ես «ինքնագովությամբ» հավելում եմ` համակարգի «խոհանոցին» ծանոթացնելու նպատակով։

Պիտի խոստովանեմ, որ բավականին երկար էլ դիմացա` շուրջ 23 տարի, հասցրեցի պարգևատրվել «Անբասիր ծառայության համար» առաջին և երկրորդ աստիճանների, «Ծովակալ Հ.Ս. Իսակով», «Անդրանիկ Օզանյան», գերատեսչական մեդալներով և «ՀՀ զինված ուժեր-20 տարի» հոբելյանական մեդալով, նախարարից` AWI (international) անվանական թանկարժեք ժամացույցով։

Հետագայում` շուրջ տասը տարի, զբաղեցրել եմ ՊՆԱ գլխավոր խմբագրի պաշտոնը։

Ասելիքիցս ակամա շեղվեցի։

..Այդպես` 2009 թվականի դեկտեմբերին տեղափոխվեցի Կանազի կայազորային հոսպիտալ` կադրերի գծով ավագ սպայի պաշտոնին։ Հրաշալի կոլեկտիվ էր։ Այժմ այդ ոլորտից հրաշալի ընկերներ ու գաղափարակից բարեկամներ ունեմ։ Նրանցից շատերի հետ մտերմությունս մինչ օրս շարունակվում է։

...Անցել էր որոշ ժամանակ, մտածում եմ` ո՞նց, ինչպե՞ս երախտապարտ լինեմ Արտաշես Փարսադանյանին։ Ամոթ է, մարդու պատրաստակամությունն ու լավությունն անպատասխան մնացին։

Ի վերջո, չէ՞ որ իր առաջարկությամբ հարցը կարգավորվեց։

Զարմուհուս հետ որոշեցինք մնայուն նվեր ընտրել։

Չերկարացնեմ, գնեցինք այս շքեղ, ոսկեզօծ սրբապատկերը (չափսը` 35×30 սմ) ։ Պիտի խոստովանեմ` բավականին թանկ հաճույք էր։ Անհանգիստ եմ, առիթ եմ փնտրում` ո՞նց պիտի հանձնեմ։ Ամեն անգամ զանգահարում, պայմանավորվում եմ` իր մոտ գնալու ընդունելություն խնդրում, մի բան անպայման խանգարում է։

Չեղած տեղից` մի խոչընդոտ է ծագում։ Որ սուտ չասեմ, երևի մի տասն անգամ արդեն իր մոտ գնալու փորձ էի արել։

Չէր ստացվում։

Ինչ-որ բան անպայման խանգարում էր։ Սրբապատկերն ամեն օր տանում-բերում էի։ Վախենում էի անգամ աշխատասենյակում թողնել։

Ամիսներ հետո անցա զինվորական կենսաթոշակի։

Կարճ ժամանակ անց մրցույթով անցա քաղաքացիական հատուկ ծառայության ու նշանակվեցի ՊՆԱ գլխավոր խմբագրի պաշտոնին։

Ամեն դեպքում վատ եմ զգում` չկարողացա մարդուն երախտապարտ լինել, շնորհակալություն հայտնել, շատ անհանգիստ եմ։

ՈՒրախացել էի. ծառայությանս նոր վայրը ՀՀ ՊՆ կենտրոնական համալիրում է, երկու քայլ է Ռազմաբժշկական վարչությունը, մի հարկ ներքևում, կիջնեմ, շնորհակալությունս կհայտնեմ, նվերը կտամ, հոգիս վերջապես կհանգստանա։

...ՈՒ հերթական անսպասելի լուրը. ՀՀ ԶՈՒ ՌԲ վարչության պետ, բ/ծ գնդապետ Ա. Փարսադանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նստել ու «դարդ» եմ անում, ամոթ էր, չհասցրի շնորհակալություն հայտնել։

...Սա էլ այս սրբապատկերի ճակատագիրը։

Հիմա այն փառավոր կախված է մեր հյուրասենյակի դիմապատից։

Հաջորդ տարի ուխտագնացության մեկնեցի Ավետյաց երկիր` Երուսաղեմ։ Իրողությունն ամենայն մանրամասնությամբ պատմեցի Երուսաղեմի հայոց պատրարքության աստվածաբանական ճեմարանի վարդապետ Թեոդորոս Զաքարյանին։

Ժպտաց ու ընդամենը մի քանի բառ ասաց.

«Տուն մտած սրբապատկերը տնից չեն հանում։ՈՒրախացի՛ր, այն հենց սկզբից է գտել իր իսկական տիրոջը»։

Հիմա ամեն անգամ նայում եմ դիմապատից կախված այս սրբապատկերին, իր «ոդիսականը» հիշում ու ինքս ինձ շշնջում.

«Ի՜նչ լավ էր` չտվեցի»։

Կարինե ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 1919

Մեկնաբանություններ