ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Չուղարկված նամակ մամոնայի հայ զավակներին

Չուղարկված նամակ մամոնայի հայ զավակներին
04.06.2013 | 11:05

(սկիզբը` այստեղ)

ՄԱՄՈՆԱՅԻ ԶԱՎԱԿՆԵՐԻ ԾՆՈՒՆԴԸ
70 տարի կոմունիստական մտածելակերպով, հոգեբանությամբ, բարոյականությամբ, կապիտալի բարեբեր և ավերիչ գործառույթներին անտեղյակներս 1991-ին ձեռք բերեցինք անկախություն և ինքնուրույն ապրելու ազատություն: Հովհաննես Դրասխանակերտցին 914 թ. գյուղացիական ապստամբության մասին գրում էր. «Հերյուրում էին, որ տերերը տրեխ հագնեն և գետնի վրա ման գան, իսկ իրենք բարձրանան երկարավիզ ու ոտնատակ տվող ձիերի վրա»: Անկախություն բերած Ղարաբաղյան շարժումը նախկին տերերին տրեխ հագցրեց, նետեց փողոց, իսկ մտոք ու գենետիկական ծագմամբ գեղացիները բարձրացան երկարավիզ ու ոտնատակ տվող ձիերի վրա: Գեղացիները ռոմանտիկ-հեղափոխականներ էին և, չգիտենալով կապիտալիզմի ազգային ավանդույթներն ու ներդնելով կապկած տնտեսական կանոններ, հաշվի չառան մեկ հանգամանք՝ աթեիզմի երկարատև ձմեռ ապրածներն անհաղորդ էին Աստծուն ու նրա կանոններին: Այս հանգամանքից օգտվեց մամոնան: Նա դուրս պրծավ փակի տակից և սկսեց սփռել իր կործանարար ավերը: Մինչ մեր ծանրումեծ, դանդաղաշարժ եկեղեցին մարդկանց կմոտեցներ Տիրոջը, կավետեր հոգու անմահության աստվածատուր պատգամը, մամոնան անմիջապես սերմանեց կյանքի անցողիկության գաղափարը («Ինձնից հետո՝ ջրհեղեղ», «Կյանքը մեկ անգամ է տրվում, վայելի՛ր», «Ապրիր հիմա՛»), փողը հռչակեց աստված, արատները՝ անբարոյականությունը, տգիտությունը, թալանչիությունը, անհագուրդ ագահությունը, անարդարությունը, մերձավորի հանդեպ ատելությունը, դաժանությունը, ցինիզմը և էլի տասնյակ ու տասնյակ հոռեգույն երևույթներ, դարձրեց նորմ:
Երբ անկախացած Հայաստանը 1993-ին ռուբլին փոխարինեց դրամով, և 14 դրամը հավասար էր 1 դոլարի, մամոնան դրսից փող բերեց ու հանրային, ընդհանուրի սեփականությունը պարզապես գնեց՝ ընդհանուրին դատապարտելով աղքատության: Անարդարության ծննդատանը լույս աշխարհ բերեց իր զավակներին՝ բիզնեսմեններին: Կատարվեց «Ինտերնացիոնալի» բանդագուշանքը՝ ով սովետի օրոք ոչինչ էր, դարձավ ամեն ինչ: Ստեղծվեց ոչնչությունների հասարակախավը: Մինչ պատերազմող երկիրը երկունքի ցավերի մեջ կկառուցեր իր պետականության տունը, մամոնայի զավակները շինեցին վայելքի և արատի իրենց պալատը՝ գիշերային ակումբներով, պոռնիկներով, շոուներով, երգիչ-երգչուհիների «աստղաբույլով», խաղատներով, աղքատներին Կիևյան կամուրջ հասցնող բուքմեյքերական գրասենյակներով, իրենց փառաբանող ու ծառայող եթերով և մամուլով։
Արցախյան ազատագրական պատերազմում հաղթանակած ժողովուրդը պարտվեց սեփական երկրում: Դա հաղթանակի պարտություն էր:
Լաստիվերցին արձանագրում էր. «Ով խաբում էր ընկերոջը, պարծենում էր, որ իմաստուն է, և ով հափշտակում էր, ասում էր՝ ես հզոր եմ»:
«Երբ մեր եկեղեցիները մուտք գործեցին սեքստացիք և պիհռոնացիք և արդարության օրենքները վերածեցին անիրավության և հարգվեց ավելի արծաթսիրությունը, քան աստվածսիրությունը, և մամոնան, քան Քրիստոսը, այն ժամանակ բոլոր համեստ կարգերը փոխվեցին և վերածվեցին անկարգության: Իշխանները դարձան գողերի ընկերակիցներ, չարագործներ և արծաթի ծառաներ: Դատավորները դարձան կաշառակերներ և կաշառքի համար խարդախում էին իրավունքը»:
Մամոնան ու նրա զավակները մեզ հասցրին միջնադար:
ՄԱՄՈՆԱՅԻ ԶԱՎԱԿՆԵՐԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ
ա) Հասարակությունը և մամոնայի զավակները: Եթե խորհրդային իշխանության օրոք կար երեք դասակարգ՝ բանվորություն, գյուղացիություն ու սովետական ինտելիգենցիա, ապա նորանկախացած Հայաստանում ձևավորվեց երկու խավ՝ հարուստներ և աղքատներ: Երկրի բնակչությունը երկփեղկվեց: Ժամանակի իշխանությունը շրջանառության մեջ դրեց իրեն արդարացնող «անցումային շրջան» քաղաքագիտական արտահայտությունը, բայց ոչ միայն ոչինչ չարեց անցումն անցնելու համար, այլև խորացրեց վիհը:
Այսօր, ըստ պաշտոնական վիճակագրության, բնակչության 35 %-ն աղքատ է: Ովքե՞ր են նրանք: Ապրում են օրահացով, ի վիճակի չեն կոմունալ ծախսերը վճարելու, պարտապան են իրենց բակի նպարավաճառ խանութպանին, բանկերի պատանդներ են և փող հայթայթելու անտանելի մտաբորբոքումից զանազան հիվանդություններ ձեռք բերելով ու խայտառակ, վճարովի առողջապահության պատճառով բուժելի հիվանդությունները չբուժելով՝ ընդարձակում են գերեզմանատները: Նրանք բանվորներ են, գյուղացիներ, նախկին ինտելիգենտներ, թոշակառուներ, հաշմանդամներ, ազատամարտիկներ։ Նրանք իրենց երկրում ապրող հայ մարդիկ են:
Սակայն 35 %-ին հարկ է ավելացնել կիսաաղքատների մի ստվար հատված, որոնց վերաբերյալ պաշտոնական տվյալ չկա, հետևաբար ամեն ոք կարող է ըստ իր հայեցողության սահմանել տոկոսաքանակը: Նրանք ցածր վարձատրությամբ աշխատանք ունեցողներն են, աշխատանքից հանիրավի զրկվելու վտանգը մտքներում սսկվածները, միջին ու ցածրաստիճան պետական ծառայողները, ովքեր կիսաքաղցած են, վճարում են կոմունալ ծախսերը, ապրում ռոճիկից ռոճիկ, իրենց բակի նպարավաճառ խանութպանին պարտապան չեն, բանկերի պատանդներ են և բուժելի հիվանդություններն ի վիճակի չլինելով բուժել՝ ընդարձակում են գերեզմանատները:
Եվ աղքատների ու կիսաաղքատների այս մեծամասնությանը ղեկավարում, կառավարում, նրա ճակատագիրը, կյանքի ու մահվան հարցերը լիովին տնօրինում է մեծահարուստների՝ մամոնայի զավակների փոքրամասնությունը:
Ի տարբերություն հանրապետության, անցյալում հայ իրականության մեջ մշտական պայքար է մղվել այդ փոքրամասնության դեմ:
1889 թ. Թիֆլիսի «Արձագանք» շաբաթաթերթում Շիրվանզադեն կեղծանվամբ հոդվածաշար տպագրեց, բայց երկրորդ հրապարակումից հետո հրաժարվեց: Որովհետև այն, ինչ գրել էր հարուստ հասարակախավի հասցեին, հնչում էր ընդհանրական, գրողը «գլխի չէր ընկել» շեշտել, որ խոսում է մամոնայի զավակների մասին: Թիֆլիսի տերերը՝ հայ մեծահարուստները, ցասման ալիք բարձրացրին: Ինչպե՞ս թե, արդեն ութ տարի գործում էր «Կովկասի հայոց բարեգործական ընկերությունը» (ԿՀԲԸ) իր մասնաճյուղերով՝ Ալ. Մանթաշյանցի, Ալ. Անանյանի, Ալ. Մելիք-Ազարյանի գլխավորությամբ: Գործում էր «Թիֆլիսի հայուհյաց բարեգործական ընկերությունը»՝ մեծահարուստների տիկնանց առաջնորդությամբ: Բարերարությունը դարձել էր ապրելու կերպ, և դրամատերերը պահում էին Կովկասի «մայրաքաղաքի» հայոց 26 եկեղեցիները, թատրոնը, դպրոցները, հիվանդանոցները, մամուլը, գրողներին, նկարիչներին և աղքատներին:
Սակայն հասարակական արդարացի պարսավանքը հանգեցրեց այլ արդյունքի: Պայմանավորվելով Շիրվանզադեի հետ, «Արձագանքի» արտոնատեր ու գլխավոր խմբագիր Աբգար Հովհաննիսյանն ինքը՝ իր ստորագրությամբ, շարունակեց հոդվածաշարը, ապա հրատարակեց «Հայ ազգի կատաղի թշնամին: Նուէր հայ վաճառականներին» գրքույկը: Մի քանի նախադասություն մեջբերեմ դրանից. «Հայ մարմնի թարախալից պալար, որ անվանվում է վաճառականություն», «Պետք է ամենայն կերպ հարվածել այդ կեղտոտ, ապականված մարմինը, որ չարաչար վնասներ է գործել մինչև այժմ և դեռ շարունակում է գործել», «Ով որ պարզամիտ է, նա հիմար է, իսկ ով որ հիմար է, նա պիտի հարստահարվի, -ահա այն մութ առանցքը, որի շուրջը պտտում է հայ վաճառականի մտավոր ընդունակությունը», «Հայ վաճառականի համար խանութը դառնում է նրա եկեղեցին, դազգահը՝ նրա սեղանը, դավթարը՝ նրա ավետարանը, սնդուկը՝ սուրբ սրբոցը, ոսկին՝ նրա Աստվածը և վարկը՝ նրա դավանությունը», «Մեր վաճառականը հայրենիք չունի», «Սրտի դատաստանը և խղճի օրենքը վաղուց հետէ նրա համար գոյություն չունին»:
Ո՞վ էր Աբգար Հովհաննիսյանը: Ավարտել էր Թիֆլիսի գիմնազիան, ապա՝ Լայպցիգի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի տնտեսագիտության բաժինը՝ ստանալով փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան: Թիֆլիսում հիմնել, հրատարակել ու խմբագրել էր նաև «Փորձ» շաբաթաթերթը: Եղել էր Թիֆլիսի հայ թատրոնի տնօրենը, «Հայկական հրատարակչական ընկերության» նախագահը, Թիֆլիսի քաղաքային դումայի պատգամավոր էր: Սակայն հասարակական գործունեությանը զուգահեռ, նա ինքը զբաղվում էր բիզնեսով և խոշոր դրամատեր էր: 1879-ից մինչ կյանքի վերջը (1904 թ.) Թիֆլիսի փոխադարձ վարկի ընկերության տնօրենն էր, իշխան Կ. Բեհբությանի հետ համասեփականատեր էր գլխավոր լրագրային գործակալության, գրախանութի և տպագիր արտադրանքի վաճառքի ենթագործակալության Անդրկովկասյան երկաթուղու ամբողջ երկայնքով՝ Բաքվից մինչև Բաթում: Ի վերջո, հենց ինքը ԿՀԲԸ խորհրդի անդամ էր, ինչո՞ւ էր նման բաներ գրել: Ըստ իս, մամոնայի թիֆլիսյան հայ զավակներից զզվել էր (այն աստիճանի, որ իր ազգանունը ռուսերեն գրում էր Иоаннисиани): Մեր ժողովուրդը մի այսպիսի ասացվածք ունի. «Հարստություն կա իշխանավարի, հարստություն կա իշավարի»: Աբգար Հովհաննիսյանն ատում էր իշավարի հարուստներին: Նման ենթադրություն անելու հենք է հանդիսանում տողերիս հեղինակի՝ թիֆլիսահայոց առևտրատնտեսական գործունեության ուսումնասիրությունը, որը ժամանակին տպագրել եմ մի գիտական հանդեսում: Այո, Թիֆլիսում կային հարյուրավոր իշավարի հարուստներ, որոնք որևէ մասնակցություն չունեին ազգի հոգսը թեթևացնելու գործում, և Աբգար Հովհաննիսյանի խոսքը նրանց դեմ էր:
Սակայն ինձ հետաքրքրում է նրա մտքերի արդիականությունը:
Մեր երկրի բոլոր դժբախտությունների, անհաջողությունների, թերզարգացածության, արհեստականորեն չկայացածության և այդ ամենի աղբյուր աղքատության չարյաց արմատը էսօրվա մամոնայի զավակ-բիզնեսմեններն են:
Աղքատության և արտագաղթի պատճառը աշխատանքի բացակայությունն է: Իշխանությունը երկար ժամանակ բիզնեսմեններին հորդորում-համոզում է աշխատատեղեր բացել: Դավթարը՝ մութ հաշիվների մատյանը, ավետարան դարձրածը, սնդուկը՝ փողի սեփական զանգվածը սեփական բանկում պահողն ու սրբություն սրբոց համարողը, սրտի դատաստան ու խղճի օրենք չունեցող մամոնայի զավակները կենթարկվե՞ն, կկատարե՞ն: Իհարկե՝ ոչ: Հրաչյա Աճառյանն այսպես էր բնութագրում հային. «Տեր՝ օտարության մեջ, ստրուկ՝ սեփական հայրենիքում»: Անշուշտ, նա այլ բան նկատի ուներ, բայց դրանից արդիականությունը փոխվե՞լ է: Հայաստանը հազարամյակների իր պատմության ընթացքում ստրկատիրություն ու ճորտատիրություն չի ունեցել: Այսօր ժողովրդավար, եվրոպական հանրակցություն մտնելու ձգտում ունեցող Հայաստանում մամոնայի զավակներն ստեղծել են ստրկատիրական-ճորտատիրական հասարակարգ: Ոչ թե պետության իշխանությունը, այլ իրենք են իսկական տերերը: Աշխատանքը, դրա արդար վարձատրումը մարդուն կդարձնի անկախ, իսկ դա նրանց ամենևին ձեռնտու չէ: Իրենք ստրկատերեր, ճորտատերեր են, ինչո՞ւ կորցնեն իրենց «իշխանությունը»:
Ղ. Ինճիճյանը 1815 թ. գրում էր. «Պարապ տեղը ազգին անդամն ես եղեր, եկար պարապ, կմեռնիս պարապ, ետևէդ մէկը չիկա, որ քենէ աղէկութիւն մը տեսած ըլլալով քեզ հիշէ, ազգդ ալ բնավ մէկ աղէկութիւն չըլլալով՝ չունի մէկ առիթ քեզ հիշելու»:
Այո, մամոնայի զավակը «կմեռնի պարապ», և նրան չի հիշի ոչ միայն ազգը, այլև նրա գերեզմանին չի այցելի անգամ շքեղ ավտոմեքենայով ֆռֆռացող, թմրանյութից կախում ունեցող, արատների կնիքը դեմքին դրոշմած հենց իր կենսաբանական զավակը, որովհետև «կրթվել», «դաստիարակվել» է հոր ձեռի տակ:
(շարունակելի)


Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 3204

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ