ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Սա Սաակաշվիլին է, այստեղ նա տանն է

Սա Սաակաշվիլին է, այստեղ նա տանն է
26.06.2009 | 00:00

«ԳՆԱՑԵՔ ԿԻԵՎ ԵՎ ՀԱՐՑՐԵՔ...»
Ոնց երևում էր` հայկական կողմն առանձնապես էր հոգացել Սաակաշվիլու այցի մասին:
Ասուլիսի սրահի նախաբեմը պատված էր երեք-չորս մետրանոց նարնջագույն «ցողոտ» վարդերի շղթայով (կարմիր վարդեր էլ կային, իսկ Ասադի այցի ժամանակ ծաղիկներ չկային ընդհանրապես): Քամի էր, ու վարդերի հեղափոխության երկրի սպիտակ դրոշը մի գլուխ ընկնում էր: Սաակաշվիլին էլ ողջ ասուլիսի ընթացքում մի գլուխ ջուր էր խմում: Նա համակրելի էր ու նյարդային:
ԱՅՑԵՔԱՐՏ։ Պապը եղել է Խթը-ի գնդապետ: Հենց միայն ուսանած հաստատությունների ցանկը բավարար է հասկանալու, թե ինչ «դպրոց» է անցել վրաց ապագա նախագահը. Կիև` Միջազգային հարաբերությունների ինստիտուտ, Ստրասբուրգ` Մարդու իրավունքների ինստիտուտ, Կոլումբիայի համալսարանի մագիստրատուրա, Վաշինգտոնի անվան համալսարանի դոկտորանտուրա, Ֆլորենցիայի, Հաագայի միջազգային իրավունքների ակադեմիաներ:
Աշխատել է Օսլոյում, Նյու Յորքում (Հայկական համագումարի, ոչ անհայտ Ռեն Վարդանյանի գրասենյակում` նույնպես. սա մտքներումդ պահեք, մեզ դեռ պետք է գալու), բավականին լավ հարաբերություններ է ունեցել նույնքան ոչ անհայտ Դոնալդ Ռամսֆելդի հետ (ոչ, մենք ոչինչ չասացինք Սորոս պապիկի մասին` ոչի՜նչ): Եղել է Թբիլիսիի սակրեբուլոյի (քաղաքապետական խորհրդի) ղեկավար, արդարադատության նախարար:
ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ։ Սիրում է կանանց (ժամանակ չունենք հիշելու, որ նրանից միաժամանակ որդի էին սպասում և՛ հարազատ կին Սանդրա Ռուլոֆսը, և՛ սեփական քարտուղարուհին, բայց պիտի անպայմանորեն հիշենք, որ Ադրբեջան կատարած պաշտոնական այցի ժամանակ նա ձեռքը «պաշտոնապես» դրել էր գեղեցկուհի Մեհտիբար Ալիևայի մեջքին և «մեջքից փափուկ մասը» կմճտել): Բաց նյարդ է, անկեղծ, անմիջական, վայելում էր և դեռ մի քիչ վայելում է վրացիների համակրանքը, որովհետև կարողացել է Վրաստանում կարգ ու կանոն հաստատել, հնարավորինս վերացնել կոռուպցիան: Հմայիչ է (երեկ նա կարմիր փողկապով էր)։ Սիրում է յուրօրինակ ուտելիքներ: Մի քիչ վախենում է ինքնաթիռներից, մասնավորապես` ռուսական: «Մեղադրվում է» ֆինանսական խախտումներ կատարելու մեջ. 12 մլն դոլար ԱՄՀ-ն տվել էր արդարադատության նախարարությանը` դատական ռեֆորմների համար, ըստ «չար-թունավորների»` մոտ 4 միլիոնը Սաակաշվիլին օգտագործել էր իր «Ազգային շարժում» կուսակցության վրա: Հաջորդ «մեղադրանքներն» առնչվում են Ժվանիայի և Պատարկացիշվիլու մահվան «հանգամանքներին»:
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆԻ «ՊԱՏՄԱԿԱՆՆ Է ԼԱՎ» ՇԱՐՔԻՑ։ Վարդերի հեղափոխությունից հետո տևական ժամանակ Սաակաշվիլին համարվում էր Հարավային Կովկասում ամերիկյան` անգլո-սաքսոնական «կուրատորը»: Այդ նրա և հայտնի լոնդոնաբնակ, նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի (ով վերը նշված Ռեն Վարդանյանի ջերմ բարեկամն է) միջոցով էր, որ Սերժ Սարգսյանը կարողացավ 2006-ին ՀՀ ՊՆ նախարարի համար եզակի այց կատարել դեպ Վաշինգտոն, լինել Տամպայում, Պետդեպում, Պենտագոնում արժանանալ անչափ բարձր ընդունելության։ Հիշենք` Ռամսֆելդը նրան դիմավորել էր դրսում, գգվել, ներս ուղեկցել, ասելով` «Glad to see you» («ՈՒրախ եմ Ձեզ տեսնելու համար»), վերջում էլ ուղեկցել մինչև ավտոմեքենա:
Սերժ Սարգսյանն էլ իր հերթին Սաակաշվիլու լավության «տակ» չէր մնացել և չի մնում: ՈՒ դեռ հարց է, թե ով ում ավելի մեծ ծառայություն մատուցեց այս տարիների ընթացքում: ՀՀ նախագահը կարողացավ 2008-ի ամռանը, հենց այն օրերին, երբ իր տեղը շատ նեղ էր, չճանաչել Օսիայի և Աբխազիայի անկախությունը, չնայած «Նինան շատ էր խնդրել», բայց Ս. Սարգսյանը դիմակայեց Ռուսաստանին: Հաջորդաբար, Սարգսյանը Ջավախքը հետ պահեց արկածախնդրությունից և թույլ չտվեց, որ հայկական «գործոնն» այնտեղ անջատողական շարժում սկսի։
Հանուն արդարության պետք է գոնե մեկ անգամ արձանագրել, որ Վրաստանի ուղղությամբ Սերժ Սարգսյանը միլիմետրիկ ու ճշգրիտ քաղաքականություն է իրականացրել, անվրեպ է գործել:
Հասանք Սաակաշվիլու վերջին այցի «տեղին և դերին»:
ԱՅՑԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ: Միխոն իր լավ օրերը չի ապրում. դա մատնում էր ոչ միայն նրա ասուլիսային ցայտնոտը, այլև Վրաստանում առկա վիճակը, որը ոչ մի կերպ հանգուցալուծում չի ստանում արդեն տևական ժամանակ: Ճիշտ է, Սաակաշվիլին վայելում է արևմտյան տերությունների հզոր աջակցությունը, բայց, միևնույն ժամանակ, նրա ոչ օրդինար պահվածքն ու կերպարը հոգնեցրել են նույնիսկ իր «բոսերին», և չի բացառվում, որ վերջիններս հարկավոր պահին «բարտեր» իրականացնեն` ի դեմս Բուրջանաձեի:
ՈՒստի Սաակաշվիլին խնդիր ունի` ա) ինքնահաստատվելու, և դա իրականացրեց հայոց բազմաչարչար հողի վրա, փորձելով արտաքին և ներքին մի շարք խնդիրներ լուծել` մի քիչ էլ մեր հաշվին: Նա «դրեց» ու միտինգ արեց մեր նախագահականում թե՛ Ռուսաստանի, թե՛ յուր ընդդիմության հաշվով:
Սերժ Ազատիչը Բաշար Ասադի «ժամանակվա» պես շատ «վեր չթռավ», ու բոլորով` թեթև ժպիտով, այս անգամ ևս ունկնդրեցինք-ակնդրեցինք մեր Միխոյին (մի բուռ ազգեր ենք, չէ՞): Ազատիչը «թույլ էր տալիս տեսնել», որ նույնիսկ արևմտյան հզոր աջակցություն վայելող առաջնորդի երկրում բանը բանի նման չէ, ու էնտեղ էլ ընդդիմությունը նույնպես... հասկացաք։ Մի տնից չեն, մի հալից են ինքն ու Միխոն:
Բայց Միխոն մի պահ «լրիվ խորացել» էր ընդդեմ Ռուսաստանի. «Վրաստանի մի մասն օկուպացված է ագրեսորի կողմից, նրանց նպատակն է փոխել Վրաստանում իշխանությունը` հաշվի չառնելով վրաց ժողովրդի կամքը, ռուսներն իրենց նպատակին հասնելու համար օգտագործում են մշտապես նույն սկզբունքը` բաժանիր ու տիրիր, դրա համար օգտագործելով նաև հատուկ ծառայություններին»։ Այս մտքերն արտահայտելիս բատոնո Միխայիլի դեմքը փոխվել էր, աչքերն ահավոր սառել էին, բայց, միևնույն ժամանակ, դրանցից կրակ էր թափվում:
բ) Եթե կարճ ձևակերպենք, այցի հաջորդ նպատակն ուներ հետևյալ «կոնֆիգուրացիան». «Մենք ձեր ծիրանին ու «մնացածին» «պրոխոդ» կտանք Փոթիում և Լարսում, սահմանի անցումը կդյուրինացնենք, դուք էլ եկեք մեր Քոբուլեթի-Բաթումի, մի քիչ դինջացեք էդ ագրեսոր Ռուսաստանից»:
Իսկ այժմ այցի ամենակարևոր «դրվագի» մասին:
գ) Սաակաշվիլին ասաց. «Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի դիրքորոշումը զանազան հարցերի վերաբերյալ, այդ թվում նաև` տարածքային անձեռնմխելիության հետ կապված»:
Այսպիսով, հուլիսի սկզբներին սպասվող Օբամա-Մեդվեդև հանդիպման առնչությամբ նախնական «զորավարժություններ» են ընթանում բոլոր ուղղություններով` Մերձավոր Արևելք, Իրան, Սիրիա, Իսրայել, «պոստսովետական» տարածք` Ղրղզստանը պահում է «Մանասը», Բատկան, ՀԱՊԿ-ը փսորելու դիմաց, «օլիմպիկ» հանգստությամբ Վանդեր-Լինդենի քնքույշ ձեռքից վերցնում է Բելառուսին տրվող 10 մլն եվրոն, և այսպես շարունակ:
Մեդվեդև-Օբամա սպասվող հանդիպման ֆոնին արտահոսք կամ գուցե ստույգ տեղեկատվություն կա, որ Ռուսաստանը Վրաստանում, այդ թվում և` Ջավախքում, բավականին լուրջ գործընթացների է նախապատրաստվում (Ջավախքում «դա» արվելու է Հայաստանի իշխանությունների ձեռքով):
Իսկ հիմա դիտենք քրոնոլոգիան, որը հետևեց Սաակաշվիլու` ՀՀ նախագահականում կազմակերպած «միտինգին»` 24 ժամվա կտրվածքով:
Նախ Սերժ Սարգսյանը Սաակաշվիլուն «միտինգից» հետո պատվեց շքանշանով, որն արտասահմանյան գործիչներին տրվող հայաստանյան ամենաբարձր պարգևն է:
Սրանով Սերժ Սարգսյանն ասում էր. 1) Հայաստանը Ջավախքում որևէ քայլ չի ձեռնարկելու, ինչպես ցանկանում են «այլք»: 2) Զգուշացնում էր այնտեղի հայերին, նաև քաղաքական որոշակի ուղղվածության ուժերին` Հայաստանում և Ջավախքում, անկանոն շարժումներ չանել այդ «գետնին վրա»:
Պատվո շքանշանի և միխոյական «միտինգի» արձագանքներն իրենց նույնպես ուշացնել չտվեցին։ Նախ ասպարեզ իջավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը` «կուժ քեզ ասեմ, կուլա, դու լսիր» տրամաբանությամբ։ Այն է` ղարաբաղյան կոնֆլիկտի լուծմանը ոչ մի արտաքին ուժ չպիտի «խառնվի», դա Հայաստանի ու Ադրբեջանի գործն է (չէ, պատերազմի մասին խոսք չկա), ինչն էլ ասել է` ռուսներն անհանգստացած են ամերիկացիների, իմա` Սաակաշվիլու այդ և մնացած կարգի ակտիվություններից, բատոնո նախագահին տված հայկական բարձր պարգևից և մեսիջ են հղում «հարկավորներին», որպեսզի վերջիններս հիշեն (եթե մոռացել են), թե ով է տարածաշրջանում և հատկապես Հայաստանում տեր ու տիրակալը:
Բայց այդքանով բանը չավարտվեց. «Մարիոթ-Արմենիայի» դիմաց, ուր հանգրվանել էր Սաակաշվիլին, տեղի ունեցավ ցույց, որը վերածվեց «ուժային» գործընթացի, և որին, ոչ ավել-ոչ պակաս, ներկա էր, նաև տուժել էր ոչ անհայտ, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Կիրո Մանոյանը, որն էլ ասել է` ոչ թե ոստիկաններն են մեղավոր, որ ուժ է կիրառվում, այլ հրաման տվողներն են մեղավոր:
Առավել քան պարզ է ասված:
Ինչ վերաբերում է կիրառված ուժին, ապա «կիրառողները» դրանով «կողմերին», թերևս, հասկացնում էին. եթե Ջավախքի հարցում իշխանությունը «պայմանավորվում» է (տեղեկատվություն կա, որ նախագահների «տետ ա տետ» հանդիպման ժամանակ լուրջ խոսակցություն է գնացել այդ մասին ևս), «սոլո» խաղերն անընդունելի են:
Ինչպես տեսնում եք, պարտիան դեռ բաց է, և այսքանով այս մեծ խաղը չի ավարտվելու: ՈՒ թե սրան էլ հավելում ենք չար-թունավոր լեզուների ասածը, մեկ էլ տեսար` Սարկոզին եկավ Հայաստան, ապա մնում է սպասել, թե նույնքան ջահե՜լ, սիրո՜ւն, «էներգիչնի» Սարկոզին իր հերթին ինչ կասի մեր նախագահականում, ինչ գույնի վարդեր այնտեղ դրված կլինեն, Իսրայելի՞, Ռուսաստանի՞, թե՞... Թուրքիայի դեմ իր «միտինգն» ու դեմարշը կանի Նիկոլյան:
Ըստ «աղբյուրների»` Սարկոզին Հայաստան կգա այս ամսվա վերջին` հունիսի 30-ին:
Ի դեպ, հունիսի 30-ը Սերժ Սարգսյանի (և ոչ միայն նրա) ծննդյան օրն է։ Նա կդառնա 55 տարեկան:
Պատկերացնո՞ւմ եք:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2379

Մեկնաբանություններ