Ադրբեջանական ուժերը անմարդկային վերաբերմունք են ցուցաբերում ղարաբաղյան հակամարտության ընթացքում գերեվարված էթնիկ հայերի նկատմամբ, ահազանգում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հատուկ զեկույցում: Հոկտեմբերի կեսերից սկսած հայ ռազմագերիները ենթարկվում են ֆիզիկական բռնության և նվաստացման, այդ գործողությունները նկարահանվում և լայնորեն տարածվում են սոցիալական ցանցերում։
«Տեսանյութերում ադրբեջանցիները ապտակում, հարվածում, սուր առարկայով ծակում, գետնով քարշ տալիս, ծնկի են բերում հայ ռազմագերիներին, ակնհայտորեն նպատակ ունենալով նվաստացնել նրանց, ստիպում համբուրել Ադրբեջանի դրոշը, գովաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, վիրավորական բառեր հնչեցնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին, հայտարարել, որ Ղարաբաղը ադրբեջանական տարածք է, - զեկույցում նկարագրում են իրավապաշտպանները: - Տեսանյութերի մեծ մասում տեսանելի են այն անձանց դեմքերը, որոնց վերահսկողության ներքո են գերիները, ինչից կարելի է եզրահանգել, որ նրանք չեն վախենում նման արարքների համար պատասխանատվության ենթարկվելուց»։
«Ռազմագերիների նկատմամբ բռնությունն ու նվաստացնող վերաբերմունքը չի կարող արդարացվել», - հայտարարում է Human Rights Watch-ի Եվրոպայիև Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Հյու Ուիլյամսոնը՝ հիշեցնելով, որ մարդասիրական իրավունքի հարգումը ենթադրում է ռազմագերիներին պաշտպանելու պարտավորություն։ « Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ վերջ տան այդ ամենին», - ասել է իրավապաշտպան կառույցի ներկայացուցիչը: Զեկույցի հեղինակները շեշտում են, որ թե միջազգային մարդասիրական իրավունքը, թե զինված հակամարտության օրենքը պահանջում է ցանկացած պարագայում ռազմագերիներին վերաբերվել մարդասիրաբար։ «Մասնավորապես Ժնևի երրորդ կոնվենցիան պաշտպանում է ռազմագերիներին բռնության կամ ահաբեկման ցանկացած գործողությունից, վիրավորանքից և հասարակության հետաքրքրասիրությունից», - ասվում է միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցում։
Human Rights Watch-ը տեղեկացնում է, որ ուսումնասիրել է համացանցում հրապարակված տասնյակ տեսանյութեր, տարբեր վիզուալ նյութեր, իրավաբանական փաստաթղթեր, ստուգել, զրուցել գերիների հարազատների, խնդրով զբաղվող հայաստանցի փաստաբանների հետ։ «Աչք է ծակում, որ որոշ զինծառայողներ գերիների հետ անթույլատրելի վերաբերմունքի պահին ակնհայտորեն խաղում են տեսախցիկի առաջ, - փաստում է իրավապաշտպան կառույցի ներկայացուցիչ Հյու Ուիլյամսոնը: - Չի բացառվում, որ նրանք համոզված են, որ այդ ամենը կներվի, կամ առաջնորդվել են այլ դրդապատճառներով։ Սակայն, ամեն դեպքում, ադրբեջանական իշխանությունները պարտավոր են պատասխանատվություն ապահովել գերիների հետ անթույլատրելի վերաբերմունքի փաստերի առնչությամբ՝ ինչպես անհատական քրեական հետապնդման, այնպես էլ խմբային պատասխանատվության շրջանակներում»։