Մինչ աշխարհում «սառը պատերազմի» բավական լուրջ միտումներ են ծավալվում և նոր տարածքային հակամարտություններ, ՉԺՀ-ն, առանց ավելորդ աղմուկի, շարունակում է տնտեսական շուկաներ նվաճել, ընդ որում, ոչ միայն գլոբալ (լայնածավալ), այլև լոկալ (տեղային)։ Այսպես, վերջերս չինական պետական «Սինխուա» լրատվական գործակալության թղթակիցները ռուսական Վլադիվոստոկ քաղաքի խոշոր խանութների սեփական, շատ պերճախոս հետազոտություն են անցկացրել։ Մանրամասնորեն ծանոթանալով ապրանքների տեսականուն և շփվելով խանութների ներկայացուցիչների ու գնորդների հետ, լրագրողները պարզել են, որ ապրանքների կեսից ավելին բերված է ՉԺՀ-ից, իսկ որոշ խանութներում՝ 80-90 տոկոսը և ավելին։ Իսկ բարձր վարկանիշ ունեցող մոդայիկ հագուստի շատ խանութների վաճառողներ չեն թաքցնում, որ ցուցափեղկերում ներկայացված, փաստորեն, ամբողջ արտադրանքը կարվում է հարևան Չինաստանի գործարաններում։ Ամսական 15 միլիոն ռուբլի վաճառքի ծավալ ունեցող DNS առևտրի ցանցի Վլադիվոստոկի կենտրոնական մասնաճյուղի վարիչը թղթակիցների հետ զրուցելիս բացատրել է, որ ցանցում վաճառվող ամբողջ համակարգչային, թվային և կենցաղային տեխնիկան հավաքված է ՉԺՀ-ի տարածքում գործող արտադրական ձեռնարկություններում, այդ թվում` ոչ չինական աշխարհահռչակ ֆիրմաների արտադրանքը։ «Սինխուայի» թղթակիցներն առանձնակի ուշադրություն են նվիրել այն բանին, որ Վլադիվոստոկի խանութներում չեն թաքցնում, որ իրենց վաճառած ապրանքը արտադրված է Չինաստանում, իսկ գնորդները միայն ուրախ են ապրանքի մեծ ընտրության համար և ամենևին չեն կասկածում դրա որակին։
Ըստ էության, իհարկե, սա այն նորությունը չէ, որի վրա արժե առանձնակի սրել ուշադրությունը, սակայն ռուսական Հեռավոր Արևելքում, Պրիմորիեում և ավելի հյուսիսային տարածաշրջաններում չինական ներթափանցման հարաճուն խճանկարում նման կենցաղային մանրուքը ոչ միայն հատկանշական է, այլև պերճախոս կերպով ներկայացնում է միտումները, ընդ որում՝ ոչ միայն տնտեսական։ Եվ էլի մի քանի նորություն՝ նույն թեմայով։ Պրիմորիեի վարչակազմը, օրինակ, հաղորդել է, որ երկրամասի զբոսաշրջային ընկերություններն արդեն իրավունք են ստացել աշխատելու Ռուսաստանի և Չինաստանի միջև անվիզա զբոսաշրջության համաձայնագրի շրջանակներում, իսկ տարածաշրջանի բնակիչները սահմանամերձ չինական Սույֆենհե քաղաք կարող են առհասարակ այցելել ազատորեն։ ՌԴ Մագադանի մարզի գործադիր իշխանությունը, իր հերթին, հաստատել է Չինաստանի հյուսիս-արևելքի հետ մինչև 2018 թ. համագործակցության ծրագրի իրացման պլանը, և ապագայում Մագադանի «Սոկոլ» օդանավակայանից կսկսվեն չարտերային չվերթերը դեպի Չինաստան։ Բացի այդ, Չինաստանի Հելյունցզյանի նահանգը, որը սահմանակից է Ռուսաստանին Ամուր գետով (Անդրբայկալյան երկրամաս, Ամուրի մարզ, Հրեական Ինքնավար Մարզ) և ՈՒսսուրի գետով (Պրիմորյեի և Խաբարովսկի երկրամասեր), օրերս ընդունել է Ռուսաստանի հետ առևտրի և սպասարկումների զարգացման ծրագիր, համաձայն որի, համագործակցությունը խորանալու է զբոսաշրջության, տնտեսության, էլեկտրոնային առևտրի, չինական դեղորայքի և մշակույթի ասպարեզներում։ Պլանավորվում է կառուցել չինական բժշկության կենտրոն, չինական բժշկության ու կլինիկայի զբոսաշրջային կենտրոն՝ կողմնորոշված ռուսաստանցիների սպասարկմանը։ Բացի այդ, ծրագրում նախատեսված է ստեղծել ֆինանսական հաշվարկային կենտրոն՝ կողմնորոշված դեպի ՉԺՀ, ՌԴ և Հարավարևելյան Ասիա, ինչպես նաև չին-ռուսական էլեկտրոնային առևտրի ու չին-ռուսական առևտրի վերաբերյալ տեղեկությունների հավաքման ու մշակման՝ ՉԺՀ-ում խոշորագույն կենտրոնի պլատֆորմ։ Ծրագրով խնդիր է առաջադրվում 2018-ին Ռուսաստանի հետ ծառայությունների առևտրի արտահանական-ներմուծական գործառությունների ծավալը հասցնել 1,5 մլրդ, իսկ 2023-ին՝ 3 մլրդ դոլարի։ Մի շատ հետաքրքիր հանգամանք. առաջ ծառայությունների առևտուրը ՉԺՀ-ում չէր դիտվում որպես Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների առանձին տեսակ, իսկ չէ՞ որ հենց այդ ոլորտն է առավել նպաստում ժողովուրդների հոգեկերտվածքային մերձեցմանը։
Չեն մոռացվել նաև ավելի գլոբալ տնտեսական խնդիրները։ Այսպես, հաղորդվում է, որ Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը նախատեսել է առաջիկայում չինական ընկերություններ ներգրավել Ամուրի մարզում (Երկովեցկ և Օգոջա) երկու ածխահանքի և Անդրբայկալյան երկրամասում (Չիկոյի իջվածք)՝ մեկ ածխահանքի շահագործմանը։ Դրանց յուրացումը Չինաստանին էլեկտրաէներգիայի մատակարարում է ենթադրում։ Հեռանկարային նախագծերից են Էնգելսի հանքավայրի յուրացումը Յակուտիայում, Մեժեգեյսկի, Էլեգեստի հանքավայրերինը և Կենտրոնական ՈՒլուգ-խեմի տեղամասինը՝ Տուվայում՝ Անդրբայկալում, Մենչերեպսկինը՝ Կեմերովոյի մարզում, ՈՒսինսկինը՝ Կոմիի Հանրապետությունում, որոնց կմասնակցի նաև չինական կապիտալը։ Ընդ որում, չափազանց հետաքրքիր է, թե ում բանվորները գործի կդրվեն այդ նախագծերում։ Չէ՞ որ եթե տասը տարի առաջ Ռուսաստանի հեռավորարևելյան տարածաշրջանի բնակչությունը 9 միլիոնից անցնում էր, ապա հիմա այդտեղ բնակվում է ընդամենը 7 միլիոն մարդ։ Պետք է ուշադրության առնել, որ Հեռավոր Արևելքին սահմանակից է Չինաստանի երեք նահանգ։ Տասը տարի առաջ այդտեղ ապրում էր 80 միլիոն չինացի, այսօր արդեն՝ 140 միլիոն, այսինքն՝ աճը կազմում է 60 միլիոն մարդ։ Հիշեցնենք. 2009 թ. Մեդվեդևի ստորագրած «Հեռավոր Արևելքում ՉԺՀ-ի ու ՌԴ-ի համագործակցության համաձայնագրում», որը պետք է գործի մինչև 2020 թ., առանձնակիորեն նշվել է տարածաշրջանում չինական աշխատուժի ներգրավման մասին։ Եվ այսօրվա դրությամբ չկա որևէ նախադրյալ, թե իրադրությունը կփոխվի։ Ինչպես նշում են ռուսական լրատվամիջոցները, Ռուսաստանում չինական ներգաղթյալների վիճակագրական ճշգրիտ հաշվարկ չկա և տարբեր գերատեսչություններ տարբեր տվյալներ են ներկայացնում։ Դաշնային միգրացիոն ծառայության տվյալներով, տարեկան Ռուսաստան է մտնում առնվազն 300 հազար չինացի, ԱԴԾ-ի տվյալներով՝ երկու անգամ ավելի։ ՈՒ միայն կեսն է վերադառնում Չինաստան։
Ինչևէ, Արևմուտքի հետ Կրեմլի դիմակայության ներկա իրավիճակում «դեպի Արևելք Ռուսաստանի շրջադարձի» թեման կարևորագույն քաղաքական բաղկացուցիչ է դառնում այդ երկրի ապագայի համար։ Սակայն, եթե Արևմուտքը տնտեսական պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի նկատմամբ, ապա չինացիների համար դա կարող է դառնալ սոսկ դեպի հյուսիս շարժվելու ևս մեկ խթան։ Չէ՞ որ, ինչ էլ խոսեն Կրեմլում, պետական կորպորացիաների և անգամ երկրի մայրաքաղաքի կառավարման փոփոխման մասին ինչ պլաններ էլ հռչակեն, Հեռավոր Արևելքի գործերի ինչ նախարարություն էլ ստեղծեն, միևնույն է, առկա բոլոր փաստերը, առավել ևս, զարգացման հեռանկարները վկայում են, որ Ռուսաստանի այդ տարածաշրջաններն ավելի ու ավելի քիչ պատճառներ ունեն կողմնորոշվելու դեպի Մոսկվա։ Որովհետև, խոստումներից բացի, առայժմ ոչինչ չկա, իսկ Վլադիվոստոկի ու Խաբարովսկի այն բնակիչները, որոնք մինչև հիմա չեն լքել իրենց «փոքր հայրենիքը» լավ կյանքի փնտրտուքում, գործում են իրատեսորեն և կողմնորոշվում դեպի իրենց հզոր հարևանը՝ Չինաստան։ Առավել ևս, որ Պեկինում քիչ բան չի արվում այդ ուղղությամբ։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից