Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Սեպտեմբերի երեքից ապրիլի երեք

Սեպտեմբերի երեքից  ապրիլի երեք
08.04.2014 | 01:02

Վարչապետի հրաժարական, այն էլ կամավոր, ընդունեք, որ քիչ է լինում: Ինչո՞ւ իրականում հեռացավ Տիգրան Սարգսյանը: Տնտեսական աճ չապահովելն ու Հայաստանի տնտեսության աղետալի վիճակը, ցավոք, մեր երկրում վարչապետի հրաժարականի պատճառ չեն: Այդպես լիներ, նա հրաժարական պիտի տար ֆինանսատնտեսական ճգնաժամի պիկում: Բայց պաշտոնավարեց: Պատճառը, միանշանակ, տնտեսական չէ, այլ քաղաքական: Կա երկու տարբերակ` ներքաղաքական կամ արտաքին քաղաքական: Ներքաղաքական պատճառն առնվազն անլուրջ է ՀՀԿ-ի մեծամասնության պարագայում (եթե կուսակցության նախաձեռնությունը չէ): Նույնքան անլուրջ է նրա հրաժարականը կապել Սահմանադրական դատարանի վիճահարույց վճռի հետ կամ հասարակական պահանջարկի: Հայաստանում որևէ վարչապետի հրաժարականի հասարակական պահանջարկ երբեք չի եղել, որովհետև Հայաստանը նախագահական երկիր է, և միշտ էլ կա բավարար ընկալում, որ վարչապետի փոփոխությամբ քաղաքականություն չի փոխվելու, եթե նախագահը փոփոխության մտադրություն չունի: Արտաքին քաղաքական պարտադրանքը մնում է հիմնական պատճառ: Բայց այս պարագայում էլ Տիգրան Սարգսյանը, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության աննպատակահարմարության մասին իր հայտնի հարցազրույցից հետո, բավարար հերքել էր ինքն իրեն և ջանադիր ձեռնամուխ եղել ՄՄ-ին Հայաստանի օր առաջ անդամակցության գործին: Բրյուսելյան հայտարարությունն էլ, թե Հայաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը ստորագրել, առանձնապես վտանգավոր չէր Ռուսաստանի համար, որովհետև հետևել էր «Դուք ուրիշ լիգայից եք» բովանդակալից պատասխանը: Եվ ընդհանրապես, Հայաստանը ռուսական ուղեգծից դուրս աջ ու ահյակ որևէ քայլ չի արել կառավարության կամ այլ մակարդակով: Ինչո՞ւ, ուրեմն, Տիգրան Սարգսյանը հեռացավ և հեռացավ հիմա: Առավել ևս, երբ մեկ շաբաթ առաջ ՀՀԿ մամլո խոսնակն ասում էր, որ նման հարց ՀՀԿ-ի օրակարգում չկա: Իսկ հիշարժան հինգշաբթիի առավոտյան կառավարության նիստում վարչապետը ծրագրում էր առնվազն մինչև սեպտեմբեր կատարելիք աշխատանքները, որ հարիր չէ երեկոյան հրաժարական տվող մարդու մտադրություններին: Գաղտնապահության այդ որակը վկայում է, որ հրաժարականի դիմում, իրոք, եղել է, բայց միայն մեկ մարդ գիտեր, թե երբ կընդունվի: ՈՒստի իր հրաժարականն իր համար էլ անակնկալ էր: Առավոտյան ու երեկոյան կարգավիճակների կտրուկ տարբերությունը նաև ֆորս մաժորի հետևանք չէ: Չկա Հայաստանում ֆորսմաժորային իրավիճակ: Կան կուլիսային խարդավանքներ, որոնց բովում թրծված գործիչ է նաև ինքը` Տիգրան Սարգսյանը: Չի բացառվում, որ նրա հրաժարականի բուն պատճառը ո՛չ Հայաստանում է, ո՛չ Ռուսաստանում, այլ Ղարաբաղում: Որքան արագանում է ՄՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացը, այնքան ընդգծվում է ԼՂՀ-ի և ՄՄ-ի փոխհարաբերությունների անորոշությունը: Հիշեք Նուրսուլթան Նազարբաևի առարկությունները և, ընդհանրապես, Հայաստանին ու Ադրբեջանին վերաբերող նրա բարձրաձայնած տեսակետները` սկսած Ադրբեջանի տարածքային ամբողջականության ընդունումից, վերջացրած Հայաստանի ու Ղարաբաղի միջև մաքսակետի տեղակայմամբ: Չհերոսացնելով Տիգրան Սարգսյանին` ընդունենք, որ նա ի պաշտոնե պիտի առարկեր այդ հեռանկարին: Իսկ գուցե հենց այդ պատճառով էլ, հիանալի կանխատեսելով Ռուսաստանի արձագանքը, նա Բրյուսելում փորձում էր որևէ այլընտրանք ստեղծել Հայաստանի համար: Քայլը, որ հիմա թվում է չմտածված, իրականում լավ հաշվարկված է թե՛ Հայաստանի, թե՛ անձամբ Տիգրան Սարգսյանի համար: Նա հիանալի քաղաքական կապիտալ է ստանում հետագա քաղաքական գործունեության համար` արևմտամետ վարչապետ, որ մինչև վերջ իրեն հասու բոլոր միջոցներով պայքարում էր իր տեսակետների համար: Նույնիսկ անխուսափելի պաշտոնանկության գնով: Բայց եթե այդպես է, վարչապետի փոփոխությունը հարցը օրակարգից չի հանում, և Քարվաճառի մաքսակետը կարող է իրականություն դառնալ, եթե Ռուսաստանը, ինչպես խոստացել էր, Նազարբաևի հետ հարցը չլուծի: Լուծման պայման կարող էր դառնալ Տիգրան Սարգսյանի հրաժարականը, որ այդպես հանդուգն պահանջում էին ոչիշխանական ուժերը` հանձնարարական ունենալով Ռուսաստանից և ունենալով Ռուսաստանի հանձնառությունը, որ փողոց դուրս գալով մարտի 1 չեն ստանա ու, ընդհանրապես, իրենց սկսած խաղը անվրեպ է` վարչապետի հրաժարականին կհասնեն, նաև պաշտպանված են ֆինանսական ու քաղաքական ճնշումներից:

Հասարակական աջակցության ամենամեծ ալիքի տակ անգամ Հայաստանի իշխանությունն այսքան հանդուրժող չի եղել ընդդիմության նկատմամբ, քանի դեռ նրանք չէին դարձել ոչիշխանական ուժեր: 2008-ին հաջորդած իրադարձությունները վկայում են, որ իշխանությունը ամենատարբեր ռեսուրսներ ունի փոշիացնելու ընդդիմության ներուժը, եթե նրանք չունեն դրսի աջակցությունը: Հիշեք իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը` ինչպես սկսվեց ու ինչպես ավարտվեց: Ի՞նչն է խանգարում նոր երկխոսություն սկսել ու ավարտել նույն կետում, եթե հանգամանքները չեն փոխվել: Ավելին, անցած տարիներին ՀԱԿ-ը տրոհվեց ու ոչ միայն կորցրեց հասարակությանը մոբիլիզացնելու հնարավորությունը, այլև ցանկությունը: Խորհրդարանի պատերը դղրդացնելու ու համարյա թե առաջին նստաշրջանում իշխանափոխություն անելու Լևոն Զուրաբյանի եռանդը հերիքեց միայն ոչ լեգիտիմ իշխանության ներկայացուցիչների հետ նույն դահլիճում նստաշրջանի բացմանը չմասնակցելուն, հետո խմբակցությունն էլ մասնատվեց, ու հիմա հարց է` ինչո՞ւ խմբակցությունից դուրս չեն գալիս ու անկախ պատգամավոր չեն դառնում Հրանտ Բագրատյանն ու Նիլոլ Փաշինյանը, եթե իրենց խորհրդարան բերած ուժի հետ կապ չունեն, եթե` ոչ ավելին: Բավականաչափ երկար արևմտյան աջակցությանը սպասած ու չստացած առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մոռացավ, որ իր հրաժարականի պատճառն էլ Ռուսաստանն էր, ու մեկընդմիշտ նետվեց Ռուսաստանի գիրկը, հենարան ունենալով ԲՀԿ-ն, որ նաև հարմար կամուրջ էր` և՛ կապում էր, և՛ ֆինանսավորում, և՛ մնում ստվերում: Եվ անվտանգ էր, որովհետև ԲՀԿ-ն երբեք իշխանափոխության պահանջ չի դրել ու չի դնելու, առավելագույնը կառավարության հրաժարականն է, որ ոչնչով չի վնասում նախագահին և չի հանգեցնելու համակարգային փոփոխության:
Ապրիլի 3-ին ոչ միայն վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց, այլև նրա հրաժարականի ընդունումով Սերժ Սարգսյանը վերջակետեց ոչիշխանական ուժերի ձևաչափի պատմությունը: Նրանք դեռ կաղմկեն, որ ապրիլի 3-ը իրենց ու միայն իրենց հաջողությունն է, որ ապրիլի վերջին շուրջօրյա հանրահավաքների ու կառավարության հրաժարականի հարցը ԱԺ օրակարգ մտցնելու պահանջից սարսափահար իշխանությունը վարչապետին պաշտոնանկեց` ինքնապահպանման համար, և այլն, և այլն, և այլն: Ինչո՞ւ ոչիշխանական ուժերը վայր չեն դնում մանդատները և արտահերթ ընտրության չեն գնում, որովհետև քաղաքական իրավիճակի ապակայունացման հրահանգ չե՞ն ստացել: Եթե համակարգային փոփոխություններ են ուզում, համակարգի դեմ պետք է պայքարեն, ոչ թե անձերի: Կհաջողվի՞ նոր օրակարգ ձևավորել ոչիշխանական ուժերին, և ո՞րն է լինելու այդ օրակարգը` նոր վարչապետի թեկնածությո՞ւնը: Թե՞ հետագա պայքարի հարցը: Ի դեմս Տիգրան Սարգսյանի կորցնելով իր քննադատական հռետորաբանության թիրախն ու իմաստը` ԲՀԿ-ն հայտարարել է, որ վարչապետ չի առաջադրելու: Գագիկ Ծառուկյանն էլ նախագահին հանդիպելուց հետո հարցազրույցում ասել է, որ վարչապետի նշանակումը սահմանադրորեն վերապահված է մեծամասնությանը, իմա` խաղն ավարտված է, մնում է սպասել, թե ՀՀԿ-ն ի՞նչ կառաջարկի: ՀՅԴ-ն իր ռեսուրսներով առավելագույնը կոալիցիոն կառավարության հույս կարող է ունենալ և մեկ-երկու պորտֆելի, ինչպես հիմա` ՕԵԿ-ը: ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն կվերադառնան ելման դրություն: Քաղաքական դաշտում այլևս անիմաստ կլինի «այլընտրանք»-ությունը, և ԲՀԿ-ն կհիշի, որ ինքը խորհրդարանական երկրորդ ուժն է` ոչ միայն վարչապետ քննադատելու, այլև իշխանություն կիսելու համար: Ի վերջո, կա նախագահի իրավահաջորդի հարցը, և ԲՀԿ-ն պարզապես իրավունք չունի կորցնելու տնտեսական ներուժը ¥Ռոբերտ Քոչարյանն այդքան հեշտ չի հրաժարվում իր քաղաքական նախագծերից¤: Այնպես որ, միայն Լևոն Զուրաբյանին է թվում, թե կառավարության հրաժարականը դիտարկվում էր որպես իշխանափոխության առաջին փուլ: «Առաջին փուլի խնդիրը կարելի է լուծված համարել: Հետևաբար, այս պահից սկսած, մենք գտնվում ենք իշխանափոխության հաջորդ` Սերժ Սարգսյանի հրաժարականի պարտադրման փուլում»: Եթե ՀԱԿ-ը կարող է, թող պարտադրի, բայց ումո՞վ և ո՞ւմ: Նրանք դեռ քննարկում են իրավիճակն ու հնարավոր զարգացումները: Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքագիտական ևս մեկ տեսական վերլուծության փայլուն առիթ ունի: «Ժառանգությունը» խոսում է ամբողջական իշխանափոխության անհրաժեշտությունից: «Գնալով տնտեսությունը պիտի նվազի, թանկացումները շարունակվեն, Հայաստանի ենթարկվածությունը օտար ուժերին պիտի շարունակվի: Ես չեմ կարծում, որ անձերի փոփոխությամբ, կիսամիջոցներով մեր հարցը կլուծվի: Դրա համար մենք պնդում ենք, պնդել ենք, և ժողովրդի պահանջն է, որ լինի ամբողջական, խաղաղ, սահմանադրական հեղափոխություն»,- ասում է իրավատեր Րաֆֆի Հովհաննիսյանը: Իսկ Ռուբիկ Հակոբյանը վկայում է, որ տարբեր քաղաքական ուժերը քառյակում տարբեր մոտեցումներ ունեն, և օրակարգում նախագահի հրաժարականի հարց չի եղել: Այսպես կբաժանվեն «հրաշալի քառյակի հրաշալի» ճանապարհները` ամեն մեկը դեպի իր փակուղին: Տեսական, բայց ոչ գործնական տարբերակ է, որ քառյակը վարչապետի միասնական թեկնածու կառաջադրի. նրանք արդեն մեկ առ մեկ հրաժարվել են պատասխանատվությունից: Իմաստ էլ չունի: Կրեմլը քաղաքագիտության դասընթաց իրականացրեց Հայաստանում` սոցիալական բողոքը կա, քաղաքական ուժերը կան, պայքարը կա, ժողովրդավարությունը ենթադրում է արդարության հաղթանակ` պայքարեցին, հասան արդյունքի, հարցը լուծված է, գնացեք տուն: Մնացածը` հաջորդ դասին:
Ազգային համաձայնության կառավարությունը, եթե նույնիսկ ձևավորվի քաղաքական այս ուժերից, միանշանակ լինելու է ազգային խայտառակության հրապարակային ճանաչում: Երբ դու սպասարկում ես դրսի շահը և այդ գնով ես ապահովում քո տեղը քո երկրում, դու դավաճանում ես քո երկրի շահը` վտանգելով պետության անկախությունը: Իհարկե, սա ոչ միայն իշխանության դավաճանությունն է, առաջին հերթին իշխանության դավաճանությունն է պետական շահին, որ սեփականաշնորհեց քաղաքական ուժ լինելու իրավունքը և այլասերեց քաղաքական դաշտը, նախ փորձելով զրոյացնել ընդդիմության հասարակական ռեսուրսը, փակելով ֆինանսական աղբյուրները, դատական համակարգը վերածելով ընդդիմության դեմ պայքարի գործիքի, իսկ հետո մարգինալացման գործընթացի ինչ-որ փուլից ընդդիմությանը նետեց Ռուսաստանի գիրկը, որովհետև միայն դրսից «տղա» բերելով` ներսում կարող էին տեղ ունենալ: Իշխանության ներսի հակասությունները, հասարակության հետ խզված կապը, իմա` չկայացածությունը, թույլ չտվեցին ընկալել ու ընդունել ընդդիմության տեղն ու դերը պետական կառավարման համակարգում: Ընդդիմությունը իշխանության ընկալման մակարդակում եղել ու մնում է ոչ թե մրցակից, այլ թշնամի, որին հաղթելու համար բոլոր զենքերը կիրառելի են, նաև` հրազենը: Դա էլ ազգային շահի դավաճանության մղեց ընդդիմությանը, որ վերածվեց ոչիշխանական ուժի` հրաժարվելով «ընդդիմություն» անունից, որովհետև իրենք էլ լավ հասկանում են, որ այլևս ոչնչի ո՛չ կողմ են, ո՛չ դեմ են, իրենք կցորդ են: Նայած հանգամանքներին` հօգուտ իշխանության կամ իշխանության դեմ գործելու առաքելությամբ: Եվ արդեն երբեք` հանուն Հայաստանի: ՈՒ դա բոլորիս դժբախտությունն է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Ո՞վ կլինի հաջորդ վարչապետը: Միանշանակ` նա, ում կընտրի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Թիվ 13-րդը կամիկաձե՞ կլինի, տեխնիկակա՞ն վարչապետ, թե՞ կառավարության ղեկավար, որ վարելու է նոր տնտեսական քաղաքականություն: Բոլոր դեպքերում, նա է իրականացնելու Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը, ուրեմն և խնդիր է ունենալու Կրեմլի հավանությունը ստանալու: Իսկ եթե Կրեմլի, ուրեմն ո՛չ ՀՀ նախագահի: Սահմանադրության խախտո՞ւմ է, բայց ո՞վ է խոստովանելու կամ հրապարակելու: Ամեն ինչ Սահմանադրության 55-րդ հոդվածի շրջանակներում, և ինչպես հարկն է: Մնացածը կարդացեք մյուս թերթերում ու սայթերում:

Դիտվել է՝ 1608

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ