Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի համար ավելի հետաքրքիր է խոսել երես առ երես, քան ինչ-որ «քսանյակների» կազմում

ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի համար ավելի  հետաքրքիր է խոսել երես առ երես,  քան ինչ-որ «քսանյակների» կազմում
08.04.2014 | 00:10

Մինչ Եվրոպան ու նաև ամբողջ աշխարհը շտապ կարգով ձգտում են դիմակայել վաղուց ձևավորված այն փաստին, թե էներգառեսուրսների առևտուրը տնտեսականից վերաճել է աշխարհաքաղաքական և անգամ ռազմական գործոնի, Չինաստանը կոնկրետ ու գործուն քայլեր է ձեռնարկում իր էներգետիկ անվտանգության ապահովման համար։ ՈՒստի և Պեկինը չէր կարող անտարբեր մնալ ԱՄՆ-ի «թերթաքարային հեղափոխության» հաջողությունների հանդեպ։ Առավել ևս, որ, երկրաբանների գնահատականների համաձայն, Չինաստանն ունի թերթաքարային գազի հսկայական պաշարներ։ Նախնական հաշվարկների համաձայն, հումքահանույթի հնարավոր ծավալը կարող է կազմել 31 տրիլիոն խորանարդ մետր, ինչը նշանակում է, որ դա լինելու է աշխարհի խոշորագույն հանքավայրը։ Համապատասխանաբար, դեռ մի երկու տարի առաջ թերթաքարային գազն այստեղ հայտարարվել էր «օգտակար հանածոների նոր անկախ տեսակ» և հավանություն էր ստացել ՉԺՀ-ի պետական խորհրդի կողմից, և այն, ինչպես Չինաստանում հույս ունեն, փոխելու է ամբողջ երկրի էներգետիկ կառուցվածքը։ Մինչև 2015-ի վերջը ՉԺՀ-ն պետք է իրականացնի թերթաքարային գազի արդյունահանման առաջին ծրագիրը, որի արդյունքը պետք է դառնա տարեկան 6,5 մլրդ խմ հանույթի ապահովումը։ Ենթադրվում է, որ մինչև 2020 թ. ՉԺՀ-ում թերթաքարային գազի արտադրության ծավալը կանցնի տարեկան 100 մլրդ խմ-ից, ու միաժամանակ ծրագրվում է, որ 2030-ին Չինաստանը կմոտենա ԱՄՆ-ի արդյունահանման մակարդակին։
Այդ հավակնոտ ծրագրերի իրացման համար մեծ ջանքեր ու միջոցներ են հատկացվել, և արդյունքը սպասել չտվեց։ Այսպես, Չինաստանը 2013 թ. թերթաքարային գազի արդյունահանումը հասցրեց տարեկան 200 մլն խմ-ի, հաղորդել է երկրի հողային և բնական պաշարների նախարարությունը, մինչդեռ 2012-ին կորզվել էր 30-50 մլն խմ թերթաքարային գազ։ Bloomberg գործակալության տեղեկությունների համաձայն, Sinopec և Petro China ընկերություններն արդեն գործարկել են արդյունահանման այնպիսի կարողություններ, որոնք նախատեսված են տարեկան 600 մլն խմ թերթաքարային «երկնագույն վառելիքի» կորզման համար։ Պեկինի լուրջ մտադրությունների նոր վկայություն դարձավ նաև չինական նավթի-գազի նոր հսկա Sinopec-ի վերջին հայտնագործությունը։ Այդ ընկերության երկրաբանները երկրի հարավ-արևմուտքում հայտնաբերել են թերթաքարային գազի ևս մեկ շատ խոշոր հանքավայր, որն ստացել է «Դինիե-2HF» անվանումը։ ՉԺՀ-ի հողային ու բնական պաշարների նախարարությունը հպարտությամբ հայտարարել է, որ այդ հանքավայրն էլ «անգործ չի մնա»։ Դրա յուրացումը հռչակվել է որպես Չինաստանի հերթական տեխնոլոգիական հաղթարշավ. այն ընկած է ավելի քան 4400 մետր խորության վրա, և այդքան խոր հորատում չինացիները դեռևս չեն արել։
Եվ այստեղ հարկ է նկատել, որ որոշ աղբյուրներ, մասնավորապես ռուսական, պնդում են, որ հաջողությունը շուտ չի գա, քանի որ չինացիներն ստիպված կլինեն լուծել խնդիրներ, որոնք ԱՄՆ-ում չեն առաջացել. «ՉԺՀ-ում գազ արդյունահանել, իհարկե, կարելի է, բայց գլխավորն այն է, որ դա չհասցնի սնանկացման»։ Նրանց գնահատմամբ, չինական թերթաքարային հումքի ինքնարժեքը շատ ավելի բարձր կլինի, քան ԱՄՆ-ում։ Այստեղ հեռանկարային հանքերն ընկած են ոչ թե հարթավայրերում, ինչպես Ամերիկայում է, այլ «վատ յուրացված լեռնային վայրերում, ինչպիսին է Սիչուանը, որը միաժամանակ նաև անընդհատ ցնցվում է»։ Ռուս մասնագետների գնահատմամբ, անպայման կազդի նաև հանքաշերտերի պատկառելի խորությունը, որի վրա «չինացիներն աշխատել չեն կարողանում»։ Չինացիները ևս չեն հերքում, որ չի կարելի ԱՄՆ-ի ու ՉԺՀ-ի արդյունահանման տեխնոլոգիաները համեմատել, քանի որ ամերիկյան հանքավայրերում արդյունահանումը կատարվում է մինչև երեք կիլոմետր խորություններում և հարթավայրերում, իսկ չինական տեղամասերում՝ մինչև վեց կիլոմետր բարձրություն ունեցող սարերում։ Մեկ հորանցքի հորատման ծախսերը ՉԺՀ-ում կազմում են 11,25 մլն դոլար։ Բացի այդ, Չինաստանում առայժմ խողովակաշարային ենթակառուցվածք չկա, ինչը զարգացած է ԱՄՆ-ում։
Սակայն աշխարհն արդեն մեկ անգամ չէ, որ համոզվել է, որ եթե Պեկինը մտքին դրել է մի բան առաջ տանել, առավել ևս, եթե դա նշված է հնգամյա պլանում, ապա նա անպայման կանի դա։ Մանավանդ որ ֆինանսական հնարավորությունները թույլ տալիս են, բացի այդ, նրա պետական կապիտալիստական համակարգի առանձնահատկությունները լիովին նպաստում են նման գլոբալ խնդիրների լուծմանը։ Այսպես, Չինաստանի Գույչժոուի նահանգում վերջերս հորատվեց երկրի ամենախոր հորիզոնական տիպի հորանցքը՝ թերթաքարային գազի արդյունահանման համար։ Հորանցքի ընդհանուր երկարությունը 5,45 կմ է, խորությունը՝ 4,41 կմ, հորիզոնական տարածումը՝ 1,04 կմ։ Հորատման ընթացքում Sinopec ընկերությունը սահմանեց տասը նոր տեխնիկական ռեկորդ, այդ թվում՝ հանքաշերտերի ջրաճեղքման և հորանցքի ամրակապման մեթոդների արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ Հորանցքի նախագծային կարողությունը թույլ կտա օրական կորզել 105 հազար խմ գազ։
Հարկ է նաև նկատել, որ ամերիկացիները հերթական անգամ և արդեն լիովին առարկայնորեն պատրաստակամություն են հայտնել Չինաստանին էական օգնություն ցուցաբերելու թերթաքարային գազի պաշարների արդյունահանման գործում։ Ըստ էության, այս կարգի խոսակցություններ վաղուց կային, մենք, օրինակ, քանիցս գրել ենք, որ դեռ նախագահ Օբամայի Չինաստան կատարած առաջին այցի ժամանակ տեղի ունեցած փակ բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը եղել է հենց թերթաքարային գազը։ Սակայն հիմա այս առումով առաջին անգամ պաշտոնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Վաշինգտոնում տեղի ունեցող «ԱՄՆ-Չինաստան ռազմավարական երկխոսության» շրջանակներում։ Չինաստանի ներկայացուցիչներն առանձնահատուկ ընդգծել են, որ ԱՄՆ-ը խոստացել է ընդլայնել տեխնոլոգիական օգնությունը ՉԺՀ-ում թերթաքարային գազի արդյունահանման գործում, քանի որ Պեկինն առայժմ նման բարդ աշխատանքների տեխնոլոգիական պատշաճ մակարդակ չունի։ Այս կապակցությամբ չինացիներն ամերիկյան բիզնեսմեններին համառորեն հրավիրում են համարձակորեն կապիտալներ ներդնելու Չինաստանում թերթաքարային գազի արդյունահանման գործում, և իրենք էլ ներդրումներ են անում ամերիկյան էներգետիկ ոլորտում։ Sinopec կորպորացիան, օրինակ, ԱՄՆ-ում մեկ միլիարդ դոլարով մասնաբաժին է գնել թերթաքարային գազի արդյունահանման ընկերություններից մեկում։ Բացի այդ, ավարտվել է գործարքն ամերիկյան Nexen և չինական China National Offshore oil Corporation նավթային կորպորացիաների միջև։ Գործարքի գումարը կազմել է 15,1 մլրդ դոլար։ Իսկ ընդհանուր առմամբ չինացիներն ԱՄՆ-ում գազի արդյունահանման գործում ներդրել են արդեն մոտավորապես 5,5 մլրդ դոլար։ Եվ նրանք չեն թաքցնում, որ գլխավոր նպատակը տեխնոլոգիաներ ստանալն է, մասնագետներ պատրաստելը, թեև ապագայում չեն բացառվում նաև արտահանական մատակարարումները Չինաստան։ Եվ էլի մի հետաքրքիր մանրամասն. ամերիկացիներին շատ է դուր եկել Վաշինգտոնում չինացիների հետ տեղի ունեցած վերջին ռազմավարական երկխոսության մթնոլորտը։ Ժպտացող փոխնախագահ Ջո Բայդենն արդեն օգտագործել է «երկուսի խումբ» տերմինը, հասկանալ տալով, որ ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի համար, հնարավոր է, ավելի հետաքրքիր է խոսել երես առ երես, քան ինչ-որ «քսանյակների» կազմում։
Հղացման հաջողության համար Չինաստանում նախատեսված են թերթաքարային գազի հանքավայրերի շահագործմանն աջակցելու լուրջ միջոցառումներ և ճյուղի կարգավորման ընդհանուր կանոններ. սուբսիդավորվում են թերթաքարային գազի արդյունահանմամբ զբաղվող ձեռնարկությունները, մտցվել են ընդերքի օգտագործման համար վճարումների արտոնություններ, արտասահմանից ներմուծվող այն սարքավորումները, որոնք նմանը չունեն ՉԺՀ-ում, ազատված են մաքսատուրքերից։ Անցած տարի երկրի կառավարությունում հայտարարեցին, որ կսուբսիդավորվի թերթաքարային գազի արդյունահանումը և մինչև 2015 թ. ներառյալ արդյունահանվող յուրաքանչյուր խորանարդ մետր թերթաքարային գազի համար կտրվի 0,4 յուան (վեց ցենտ) սուբսիդիա։ Այսպիսով, յուրաքանչյուր հազար խմ գազի հաշվով բյուջեն լրացուցիչ կվճարի 64 դոլար։ Կարևոր է նաև այն, որ հիմա Չինաստանն ակտիվորեն կառուցում է հեղուկ գազի վերամշակման գործարաններ ու կուտակարաններ։ Այս տարի շահագործման կհանձնվեն 15,7 մլրդ խմ ընդհանուր թողունակությամբ հեղուկ բնական գազի (ՀԲԳ) ընդունման ռեկորդային քանակությամբ կուտակումներ, ինչը կկրկնապատկի առկա կարողությունները։
Հարկ է նկատել, որ թերթաքարային մրցավազքում ԱՄՆ-ից հետո երկրորդ տեղի համար պայքարում են երկու լուրջ խաղացող՝ Չինաստանն ու Ավստրալիան։ Հատկանշական է, որ Ավստրալիան, որն առաջին տարին չէ, որ գազ է արտահանում, չինական թերթաքարերը շատ լուրջ է ընդունում։ Աշխարհի առաջատար խորհրդատվական ընկերություններից մեկը՝ «AT Kearney»-ը, վերջերս կանխագուշակեց, որ ավստրալացիներին լուրջ մրցակցություն է սպասում չինացիների հետ։ Նրա գնահատմամբ, արդեն 5-10 տարի հետո Չինաստանը թերթաքարային գազով կբավարարի սեփական արտադրողներին և նույնիսկ կփորձի պայքարել օտարերկրյա շուկաների համար։ Այնպես որ, էներգառեսուրսների հարաճուն բազմազանեցումը Պեկինին արդեն հնարավորություն է տալիս իրեն դրության տեր զգալու ավանդական գազի մատակարարների հետ բանակցելիս, այդ թվում նաև՝ «Գազպրոմի», որն առայժմ չի կարողանում ՉԺՀ-ի հետ բանակցություններում հասնել գազի իր համար ընդունելի գնի։


Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 2175

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ