(սկիզբը` այստեղ)
Այո, մենք արդեն նշել ենք, որ հենց Ղրիմի մարտի 16-ի հանրաքվեից հետո Թուրքիան հանկարծ վերսկսեց խոսակցությունները Սիրիայի դեմ պատերազմի հնարավորության մասին։ Եվ նույնիսկ սիրիական մեկ ռազմական ինքնաթիռ խփեց։ Բայց նաև ոչ ոքի աչքից չի վրիպել, որ մարտի 28-ին թուրքական կառավարությունը կոշտ արձագանքեց համացանցում երկրի անվտանգության ուժերի և արտաքին գործերի նախարարության ղեկավարների հանդիպման ձայնագրության հրապարակմանը։ «Դավաճանների այդ խումբը մեր պետության ու ժողովրդի թշնամին է։ Մեր պետության ու ժողովրդի անվտանգության դեմ ուղղված այդ հարձակման մեղավորները ամենակարճ ժամկետներում կհայտնաբերվեն և արդարադատության ձեռքը կհանձնվեն` առավելագույնս խիստ պատժի համար։ Թուրքիայի Հանրապետության դեմ այդ ուխտադրուժ հարձակումը կխափանվի»,- ասվում էր Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։ Իր հայտարարությամբ նախարարությունը հաստատել է բարձր մակարդակի հանդիպման փաստը, որտեղ քննարկվել են այն միջոցները, որոնք կարող են ձեռնարկվել Սիրիայում «Սուլեյման շահի դամբարանի վրա հարձակման դեպքում»։ Հիշեցնեմ, դա Անկարայի համար «պատրվակ» ծառայեց Սիրիա ներխուժելու համար, քանի որ, իբր, «այնտեղ, ուր Սուլեյման շահի դամբարանն է, նույնպես Թուրքիա է»։ Միևնույն ժամանակ նախարարությունն ընդգծել է, որ համացանցում զրույցի հրապարակված ձայնագրությունները, դրա բովանդակությունը «աղավաղված են»։ Արտգործնախարարության տվյալներով, հանդիպումը տեղի է ունեցել նախարար Ահմեթ Դավութօղլուի նստավայրում։ Թուրքիայի վարչապետ Էրդողանը ևս խիստ քննադատել է տեղեկության արտահոսքը` ընտրարշավի շրջանակներում ելույթ ունենալով Դիարբեքիրում ¥Տիգրանակերտ¤։ Նա կատարվածը բնութագրել է որպես «անբարո, անպարկեշտ ու ստոր արարք» և մեղադրել Գյուլենի «Հըզմեթ» շարժման ղեկավարներին` ձայնագրության հրապարակման մեջ։ Սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործությունների դատաքննության համար պատասխանատու Անկարայի դատախազը անմիջապես սկսել է միջադեպի հետաքննությունը։ Հաղորդվել է նաև, որ Թուրքիայի արտգործնախարարությունը արտահոսքից հետո ներքին ¥ծառայողական¤ հետաքննություն է սկսել։ Միևնույն ժամանակ Թուրքիայի ռադիոյի ու հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը արգելք է սահմանել բոլոր լրատվամիջոցներում ձայնագրության հրապարակման վրա։ Բացատրեմ։ Թուրքիայում ներքաղաքական իրադրությունը վերստին սրվել է համացանցում երկրի բարձրաստիճան ղեկավարության խոսակցությունների գաղտնալսման հերթական փաստի հայտնվելուց հետո։ YouTube-ի անանուն սոցէջում մարտի 27-ին զետեղվել էր մի ձայնագրություն, որտեղ թուրքական բանակի, հետախուզության և արտաքին քաղաքականության ղեկավարները, ենթադրաբար, քննարկում են Սիրիայում հնարավոր ռազմական գործողության նպատակահարմարության հարցը։ Դարձյալ ենթադրաբար, խոսակցությանը մասնակցում են Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը, արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն, գլխավոր շտաբի պետի տեղակալ Յաշար Գյուլերը և այլ պաշտոնատար անձինք։ Հանդիպման մասնակիցները քննարկում են Օսմանյան կայսրության հիմնադրի պապ Սուլեյման շահի «դամբարանի պաշտպանության» հնարավոր գործողության հարցը։ Համացանցում ձայնագրության հայտնվելուց մի քանի ժամ հետո Թուրքիայի իշխանությունները արգելափակեցին YouTube-ի տեսասպասարկման հասանելիությունը երկրի տարածքում։ Ավելին, երկրում արգելվեցին Twitter և Facebook սոցցանցերը։
Կարծես ամեն ինչ հիմնավորված է։ Բայց միայն առաջին հայացքից։ Իսկ ինչո՞վ բացատրել Ֆ. Գյուլենի կողմնակիցների ձերբակալությունները հունվար-փետրվար-մարտին։ Ինչո՞վ բացատրել Գյուլենի կողմնակիցների նույնպիսի ձերբակալությունները Ադրբեջանում։ Ինչո՞վ բացատրել, որ մարտի 27-28-ին Թուրքիայում, վերջապես, «հայտնվեցին» նաև արմատական իսլամիստները, որոնք մի քանի անգամ փոխհրաձգության մեջ մտան անվտանգության ուժերի ու ոստիկանության հետ, այդ թվում` Ստամբուլում։ Իսկ Թուրքիայի «ձախ արմատականների» ակտիվացո՞ւմը, որոնց դեմ ևս իրավակարգի ու անվտանգության ուժերը մի շարք գործողություններ իրականացրին։ Մի՞թե միայն Սիրիայի և կոնկրետ Քեսաբի հայերի դեմ պատրաստվող ռազմական գործողության ձախողմամբ։ Հազիվ թե։ Եվ ահա թե ինչու։ Անգամ եթե համարենք, որ Ֆ. Գյուլենն անձամբ ինքն է ղեկավարել և հրահանգներ արձակել «Սուլեյման շահի դամբարանի պաշտպանության» մասին տեղեկության արտահոսքի վերաբերյալ, միևնույն է, չի վերանում այն տպավորությունը, որ այս պատմության մեջ բոլոր թուրքերի, այդ թվում և Ֆ. Գյուլենի վրա ինչ-որ մեկի ստվերն է ընկած։ Ահա մեկ օրինակ։ Թուրքիայում, արդեն Քեսաբի վրա հարձակման ժամանակ, հրապարակվեցին փաստաթղթեր ու ձայնագրություններ, որոնցում ենթադրաբար ՔԱԿ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը Իմրալի կղզու բանտում քննարկում է Անկարայի հետ բանակցությունների հարցը և թուրք-քրդական հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները։ «Today’s Zaman» թերթը գրել է, որ գաղտնալսումների նոր ձայնագրությունը Twitter-ում տեղադրել է օգտատեր Ihanet Sureci-ին։ Հրապարակված տվյալների համաձայն, Օջալանը հերքում է այն պնդումները, թե ինքը, իբր, հրաժարվել է անկախության, ինքնավարության կամ համադաշնության իդեալներից։ Քուրդ առաջնորդն ընդգծել է, որ հատկապես հիմա այդ առաջնայնությունները կարող են ավելի հեշտ իրականացվել։ Այսինքն, Օջալանը հաստատել է Կարայըլանի 2013-ի ամռանը արած հայտարարություններն այն մասին, որ քրդերը միշտ պատրաստ են վերադառնալու զինված պայքարի։ Եվ դրանով իսկ հավաստել է, որ թուրք-քրդական համադաշնության ամերիկա-իսրայելական սկզբնական պլանը, որը բորբոքել էր Գյուլ-Էրդողան տանդեմի պատվախնդրությունը, ձախողման վտանգի տակ է, եթե արդեն չի ձախողվել։
Հիմա, իմ կարծիքով, իրոք ժամանակը չէ խորանալու այն հարցում, թե ինչ և ինչպես չեն կարողացել իրար մեջ կիսել ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների հովանավորությունը վայելող Ֆ. Գյուլենն ու Գյուլ-Էրդողան զույգը։ Արդյոք Սիրիա՞ն է պատճառը։ Բայց հաստատ` ո՛չ Կիլիկիայի հայերը. թուրքը միշտ մնում է թուրք, վերջին հաշվով։ Բայց ահա ևս երկու փաստ ¥կամ կիսափաստ, ամեն ընթերցող թող ինքը որոշի¤. 1. մարտի 19-ին Ստամբուլի ոստիկանության դեպարտամենտի հետախուզական բյուրոյի նախկին ղեկավար Ալի Ֆուաթ Յըլմազերը հայտարարեց, որ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, պահեստի գեներալ Իլքեր Բաշբուղը ձերբակալվել է վարչապետ Էրդողանի անձնական հրամանով։ Ընդ որում, «Zaman»-ը հիշեցրել է, որ ժամանակին Էրդողանը քննադատում էր գեներալի ձերբակալությունը։ Մասնավորապես, վարչապետը հայտարարել է, որ չի կարող ընդունել գլխավոր շտաբի նախկին պետին ներկայացված` ահաբեկչական կազմակերպությանը պատկանելու մեղադրանքը,
2. Թուրքիայում շարունակվող խառնաշփոթի, Անկարայում ու Բաքվում Գյուլենի կողմնակիցների ձերբակալությունների մթնոլորտում պաշտոնից ցուցադրաբար հեռացնում են Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության և տեղեկատվական ապահովման բաժնի վարիչ Էլնուր Ասլանովին, ով համարվում է այն նույն խռովարար թուրք աստվածաբան Ֆ. Գյուլենի հայտնի աղանդի` «Նուրջուլարի» ¥ի դեպ, ահաբեկչությանը մասնակցելու համար Ռուսաստանում վաղուց արգելված¤ ադրբեջանական մասնաճյուղի ղեկավար իմամ։ Բաքվի աղբյուրները հիշեցրել են, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ Գյուլենի ընդհարումից առաջ այդ աղանդին Ասլանովի պատկանելությունը միայն ողջունում էին։ Բայց հենց Էրդողանը Գյուլենին մեղադրեց կոռուպցիոն սկանդալ նախաձեռնելու և Թուրքիայում պետական հեղաշրջում կատարելու ձգտման մեջ, աղանդի անդամների նկատմամբ հալածանքներ սկսվեցին։ Իմանալով, որ դրանց թիվը քիչ չէ նաև Ադրբեջանում, Էրդողանը, ինչպես գրել է «Munbal.az» կայքը, «անձամբ բարեկամաբար ու թախանձագին խնդրել է, որ Ադրբեջանի նախագահն ազատվի «Գյուլենի համայնքներից» և փակի աղանդավորական դպրոցները։ Ընդ որում, հարցը դրվել է կոշտ. «Կա՛մ ես, կա՛մ Գյուլենը»։
Եվ ահա, հերթական մունիցիպալ (տեղական ինքնակառավարման մարմինների) ընտրությունները Թուրքիայում։ Պետք չէ ո՛չ չափազանցել, ո՛չ նսեմացնել աշխարհի ուշադրությունը Թուրքիայի նկատմամբ այս օրերին։ Անգամ Արևմուտքում զգուշությամբ ակնարկել են, թե, իբր, սա Գյուլի և Էրդողանի համար «կլինի վերջին ու վճռորոշ ճակատամարտը»։ Վարչապետը նույնիսկ հայտարարել էր, որ եթե իր կուսակցությունը` ԱԶԿ-ն, պարտվի, ինքը կհեռանա քաղաքականությունից։ Մարտի 31-ին Անկարայից հաղորդեցին` ուռա։ Էրդողանը չի հեռանա` կառավարող իսլամիստները հաղթում են մունիցիպալ ընտրություններում։ Բայց տարօրինակ բան. իսլամիստների հավաքած քվեները գրեթե հավասար են մյուս երեք` ընդդիմադիր կուսակցությունների հավաքած քվեների գումարին։ Եվ դա խիստ տագնապալի ահազանգ է Էրդողանի համար, թեև նա հոխորտում ու նորից բռնություններով է սպառնում իր ընդդիմախոսներին։ Բացի այդ, քրդական աղբյուրները ահազանգել են, որ տեղական ընտրությունների ժամանակ հաղորդվել է երկրի հարավարևելյան քրդաբնակ շրջաններում տեղ գտած բազմաթիվ խախտումների ու ընտրատեղամասերի վրա կատարված հարձակումների մասին։ Անգամ մարդկային զոհեր են եղել ընդդիմադիրների շրջանում, մասնավորապես` Սիրիային սահմանակից Հաթայի վիլայեթում։ Իսկ դա կարող է նշանակել, որ Արևմտյան Հայաստանը, Կիլիկիայի` Թուրքիային բաժին հասած մասը և Սիրիայի ու Իրաքի հետ սահմանակից գոտին պայթյունի եզրին են։ ՈՒստի միանգամայն տեղին է այն ենթադրությունը, թե Էրդողանը մարտին թույլ տվեց իրեն ներքաշել սիրիահայերի դեմ ուղղված ռազմական արկածախնդրության մեջ ոչ միայն այն պատճառով, որ չէր կարող կամ չցանկացավ դիմակայել ԱՄՆ-ի և Իսրայելի ճնշմանը, այլև այն պատճառով, որ որոշեց դրսևորել իրեն «ամերիկավարի»` «կարճ ու փոքր հաղթական պատերազմ» նացիստական, այսինքն` «հակահայ» թափթփուկի դեմ։ Բացառված չէ, որ որոշեց խաղալ քեմալականների ու զինվորականների, ինչպես նաև թուրք ազգայնականների նյարդերի հետ։
Սակայն «հաղթական պատերազմը» հայկական Քեսաբի դեմ ձախողվեց` մոտ երեք հազար սպանված թուրք, ավելի քան վեց հազար վիրավոր, հազարավոր գերվածներ։ Այո, մունիցիպալ ընտրություններում, կարծես, Էրդողանը հաղթեց։ Բայց դա «Պյուռոսյան հաղթանակ է» ու չի երաշխավորում «չափավոր իսլամիստների» հաղթանակը հետագա ընտրություններում` խորհրդարանական, նախագահական և այլն։ Գյուլենի և նրա զինակիցների հալածանքները, Քեսաբի ձախողումը նաև հավելյալ բացասական արդյունք տվեցին։ Նախ, աշխարհն է՛լ ավելի բարձրաձայն սկսեց խոսել այն մասին, որ «թուրքն անուղղելի է, և Քեսաբի ողբերգությունը «ցեղասպանության տարր է պարունակում»։ Երկրորդ, և սա նույնպես կարևոր է, մարտի 28-ին թուրքական լրատվամիջոցները հաղորդեցին, որ Իսրայելի վարչապետի հատուկ հանձնակատար Դևիդ Մեյդանը (դարձյա՞լ «մեյդան») Թուրքիայի իշխանություններին նախազգուշացրել է, որ Սիրիայում ռազմական գործողության անցկացումը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ։ Այդ տեղեկության համաձայն, նա թուրքական հետախուզության պետ Հաքան Ֆիդանին զգուշացրել է, որ սիրիական ռեժիմն անպայման կոշտ պատասխան կտա նման գործողությանը։ Օրինակ, Սիրիան կարող է հրթիռակոծել Թուրքիայի տարածքը, ներառյալ մայրաքաղաքը և այլն։ Նկատենք` Իսրայելը հանգիստ սպասում էր, թե ինչի կհանգեցնի թուրքերի ագրեսիան ընդդեմ Քեսաբի, և միայն երբ թուրքերն ու օտարերկրյա վարձկանները սկսեցին փախուստի դիմել և հեռանալ Թուրքիա, Թել Ավիվն իր հատուկ հանձնակատարին ուղարկեց Անկարա` «նախազգուշացնելու»` ինքներդ պատասխան տվեք ձեր պարտության համար, թուրքեր, այդ հաղթանակն է, որ շատ հայրեր ու հերոսներ ունի, իսկ պարտությունը միայն մեկ մեղավոր ունի։
Վերլուծելով այս փաստերը, որոնք փոխկապակցում են թե՛ Սիրիայի իրավիճակը, թե՛ ատոմի շուրջ «վեցյակի» բանակցություններն Իրանի հետ, թե՛ հայկական հարցը` քրդերի խնդրի հետ մեկտեղ, թե՛ Թուրքիայի ապագայի հարցը` որպես պետություն, ես չմտածեցի նույնիսկ այն մասին, թե արդյոք երկրորդ ՈՒկրաինա կլինի՞ Թուրքիայի քաղաքների հրապարակներում։ Ո՛չ։ Ես տեսա, որ 2015-ին Թուրքիայում շատ անհանգիստ կլինի։ Այդ երկրի ներսում, դատելով ըստ ամենայնի, սկսել է լուրջ ճաք տալ տխրահռչակ «խորքային պետությունը»։ Եվ որքան էլ տարօրինակ թվա, Թուրքիայի վերջի սկիզբը, հնարավոր է, դրվեց 2014-ի մարտյան օրերին` ժամանակակից Սիրիայի հյուսիսում ծվարած մի ոչ մեծ հայկական քաղաքավանում` Քեսաբում։ Սա չափազանցություն չէ, այլ փաստի արձանագրում։ Պարզապես փաստերը մի ընդհանուր խճանկարում կմեկտեղվեն, բնականաբար, ո՛չ Քեսաբում։ Եվ ոչ էլ Սիրիայում։