Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Ապրիլից Կիևում ծաղկում են շագանակենիները

Ապրիլից Կիևում ծաղկում են շագանակենիները
25.02.2014 | 01:11

Խոստովանեմ, որ ՈՒկրաինայի մասին ուզում էի գրել նախորդ հրապարակումը, բայց «վեցերորդ» զգայարանով զգում էի, որ դեռ վաղ է, լինելու են իրադարձություններ, որոնք հնարավոր չէ կանխատեսել, ուրեմն պետք է սպասել: Նույնիսկ հիմա՝ փետրվարի 23-ին, այս տողերը գրելիս վստահ չեմ, որ փետրվարի 25-ին, երբ դուք կարդաք, ոչինչ փոխված չի լինի: Եվ դա այն հրաշալի վիճակն է, որ ժողովուրդների կյանքում երբեմն պատահում ու փոխում է նրանց ճակատագիրը: Ի՞նչ կատարվեց ՈՒկրաինայում: Դեռ նոյեմբերից ես անընդհատ ունեցել եմ այն զգացողությունը, որ 2013-2014-ի Կիևը և 1988-ի Երևանը ապրում են նույն ժամանակում: Որ մեր Ազատության հրապարակը և նրանց Մայդանը նույն տարածքն են, որտեղ գրվում են ապագայի գրերը: Գուցե դա խաբուսիկ զգացողություն էր, բայց կար և մնաց նույնիսկ այն ժամանակ, երբ Գրուշևսկու փողոցում հնչեցին առաջին կրակոցները, երբ սկսվեցին զինված բախումները: ՈՒկրաինան Հայաստանի համեմատությամբ շատ մեծ երկիր է և, տարածքից բացի, տասնյակ տարբերություններ ունի Հայաստանից, բայց ակնհայտ է ընդհանրությունը՝ ոչ ՈՒկրաինայում, ոչ Հայաստանում անկախության հաստատման քաղաքական գործընթացը չի ավարտվել: Անկախության հռչակումը ամենահամարձակ և, ինչպես պատմությունը ցույց տվեց, ամենահեշտ գործն է: Ամենադժվարը տնտեսական անկախության հաստատումն է, որ նշանակում է իրական անկախություն, որ ապահովում է սուբյեկտի քո գոյությունը համաշխարհային ասպարեզում: Տնտեսական անկախությունը երբեք բացարձակ չի լինում, որևէ պետություն աշխարհում այսօր չի կարող ինքնաբավ, փակ նատուրալ տնտեսություն ունենալ: Իսկ տնտեսական կապերի հաջողությունը զարմանալիորեն կապված է քաղաքական անկախության հետ: ՈՒկրաինան չուներ Ղարաբաղի հիմնահարց, չուներ պատերազմական իրավիճակ, շրջափակված չէր, բայց ՈՒկրաինան էլ անցած տասնամյակներում չկարողացավ ստեղծել կառավարման այն համակարգը, որը կապահովեր երկրի անկախ քաղաքական ու տնտեսական գոյությունը: Հավելեք՝ նախանձելի աշխարհագրական դիրքը, բնական ռեսուրսները և բնակչության թիվը: Չկարողացավ, բայց չհանձնվեց ու իր ակտիվ պայքարող քաղաքական ներուժը չկորցրեց օտար երկրներում: Հեղափոխություններ արեց ու հերթով կորցրեց հեղափոխությամբ ձեռք բերած հնարավորությունները: ՈՒ նորից չհանձնվեց: Հայաստանը չունի հյուսիս-հարավի հակամարտություն և չունի պատմականորեն ձևավորված հակադրություն, որ աշխարհագրական տարբեր հատվածներում ապրող ուկրաինացիներն ունեն: Ռուսաստանի ու Լեհաստանի ազդեցությունը ուկրաինացիներին բաժանել է երկու մասի: Արհեստակա՞ն է բաժանումը: Հարկավ, բայց աշխարհաքաղաքական տարբեր (ու՝ ներհակ) կենտրոնների ներգործությամբ արհեստական բաժանումը բաժանարար գիծ է դառնում: Մտածողության մեջ: Կողմնորոշումների: Աշխարհընկալման: Գործողությունների: 2010-ին նախագահ ընտրված Վիկտոր Յանուկովիչը խորհրդանշում էր նարնջագույն հեղափոխության նահանջը, երբ Վիկտոր Յուշչենկոն, որ իշխանության եկավ համաժողովրդական աջակցության բարձրակետին, չկարողացավ իրականացնել Մայդանի առաջադրած համակարգային փոփոխությունները: Եթե համեմատենք, նարնջագույն հեղափոխության շտաբում գրեթե նույն վիճակն էր, որ կար «Ղարաբաղ» կոմիտեում՝ թե իշխանության գալուց առաջ, թե հատկապես հետո: Փաստորեն անգամ իրավիճակների տարբերությունները չեն բեկանում օրինաչափությունները: ՈՒկրաինան համակերպվեց, երբ իր գլխավոր քաղաքական հակառակորդ Յուլյա Տիմոշենկոյին Վիկտոր Յանուկովիչը ուղարկեց բանտ ճիշտ այնքան ժամանակով, որ իրեն չխանգարի վերընտրվել: Բայց ՈՒկրաինան չհամակերպվեց, երբ Վիկտոր Յանուկովիչը փորձեց շրջել երկրի զարգացման ճանապարհը դեպի ռուսական ուղեծիր: Այսօր արդեն նրա ղեկավարած ռեգիոնների կուսակցությունը փաստորեն գոյություն չունի ոչ միայն որպես իշխանական կուսակցություն, այլև ընդհանրապես կուսակցություն: Այսօր արդեն ընդդիմությունը, որ երբեք չէր դադարեցրել պայքարը, խորհրդարանում մեծամասնություն է, երկրի նախագահի լիազորությունները ժամանակավորապես հանձնել է Գերագույն ռադայի նորընտիր նախագահ Ալեքսանդր Տուրչինովին ու պաշտոնանկել ընտրված նախագահ Վիկտոր Յանուկովիչին: Ճիշտ է՝ Յանուկովիչը, չբացահայտելով, թե որտեղ է ինքը, շարունակում է հայտարարել, որ ինքը նախագահ է ու ամեն ինչ անելու է երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար, բայց թե՛ նրա հայտարարությունները, թե՛ նա ինքը արդեն ոչ մի ազդեցություն չունեն ոչ իրավիճակի, ոչ որևէ իրադարձության վրա: Ոչ Արևելքում, ոչ էլ առավել ևս՝ Արևմուտքում:

Ինչո՞ւ Յանուկովիչը տանուլ տվեց: Ե՞րբ սկսվեց նրա պարտությունը: Նոյեմբերի՞ն, երբ հրաժարվեց եվրաասոցացումից՝ չկարողանալով հակադարձել ռուսական ճնշումը: Հունվարի՞ն, երբ սկսվեցին բախումները, իսկ ինքը չկարողացավ կանխել: Ռեգիոնների կուսակցության խմբակցությունը Գերագույն ռադայում արդեն չքմեղացել է։ «Հիմա ՈՒկրաինան ապրում է իր պատմության ամենաբարդ և ողբերգական շրջաններից մեկը: Երկիրը խաբված և կողոպտված է, բայց նույնիսկ դա ոչինչ է այն վշտի առաջ, որ ապրում են իրենց մերձավորներին կորցրած տասնյակ ընտանիքներ: ՈՒկրաինային դավաճանեցին: Ամբողջ պատասխանատվությունը կրում են Վիկտոր Յանուկովիչը և նրա մերձավոր շրջապատը»,- հայտարարել են նրանք: Ահա այսպես: Յանուկովիչը փորձեց ժամանակ շահել՝ հույս ունենալով, որ Մայդանը կնահանջի՝ բաժան-բաժան լինելով իր առաջնորդների միջև, խելամտորեն օրվա հացին գերապատվություն կտա: Բայց ոչ Ռուսաստանի 15 միլիարդ դոլարը, ոչ ռուսական օրեցօր ագրեսիվացող քարոզչությունը նպատակին չհասան: Մայդանը կանգնեց ու մնաց աներեր: Հիմա, երբ արդեն ազատության մեջ է Յուլյա Տիմոշենկոն ու սկսել է ակտիվ քաղաքական կյանք՝ երկրի ներսում ու երկրից դուրս, հակառակ առողջական խնդիրներին ու անվասայլակին, ակնհայտ է դառնում, որ ռուսական քարոզչամեքենան գործում էր վիրտուալ տարածքում և իրականության հետ ընդամենը աշխարհագրական շփման կետեր ուներ: Իսկ դա հաջողության համար քիչ, շատ քիչ է: Ռուսները շարունակաբար մեղադրում են Արևմուտքին ուկրաինական քաոսի համար՝ նախապես ու ընդմիշտ իրենց վերապահելով հետխորհրդային որևէ երկրի ներքին գործերին միջամտելու և նրանց քաղաքականությունը իրենց հարմար չափերով վերաձևելու իրավունքը: Բայց ո՞վ սկսեց առաջինը, և ո՞վ առաջինը հեռացավ: Գործնականում Արևմուտքը ընդամենը շարունակեց այն, ինչ ռուսները չկարողացան անել: Իսկ չկարողացան ոչ այն պատճառով, որ Յանուկովիչը փալաս էր, ինչպես նրան անվանեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, և «Բերկուտը» մի գիշերում չմաքրեց Մայդանը ¥ինչպես Երևանում մի գիշերում մաքրվեց Ազատության հրապարակը՝ առանց համակարգային հետևանքների¤, այլ այն պատճառով, որ Մայդանը գետնին հավասարեցնելով խնդիր չէր լուծվելու: Երկրում անվերջ բազմանալու էին մայդանները՝ ամեն բնակատեղում: Եվրամիությունն ու ԱՄՆ-ը հրահրո՞ւմ էին ընդդիմադիրներին: Ընդամենը: Զենք վերցնողը ուկրաինացիներն էին, ու իրենց քաղաքական ընտրության պաշտպանության համար միմյանց վրա կրակողը ուկրաինացիներն էին: Որտե՞ղ էր Յանուկովիչը և ինչո՞ւ չէր կանխում, երբ բանակի ու ոստիկանության առկայությամբ երկրում զինված ջոկատներ էին ձևավորվում: Դմիտրի Յարոշը մեկ օրում չհայտնվեց: Գործընթացները շատ ավելի վաղ էին սկսվել, Յանուկովիչը ոչինչ չէր արել կամ չէր կարողացել անել: Եթե համարենք, որ ՈՒկրաինայում միմյանց հետ մրցակցում էին Արևմուտքը և Ռուսաստանը, իրադարձությունների զարգացումը վկայում է, որ Ռուսաստանը պարտվեց: Ինչպես պարտվել էր Բալկաններում: Կնահանջի՞ Ռուսաստանը: Բնականաբար՝ ոչ: Խնդիրը միայն Ղրիմի թերակղզին չէ, Սևաստոպոլում տեղակայված ռուսական նավատորմը չէ, նույնիսկ դարավոր սլավոնական բարեկամությունը չէ: Ինչպես էլ զարգանան իրադարձությունները ՈՒկրաինայում, Ռուսաստանը վերջապես պիտի հաշտվի ԽՍՀՄ-ի փլուզման փաստի հետ ու համարժեք քաղաքականություն վարի ԽՍՀՄ-ի փլուզման արդյունքում անկախացած հանրապետությունների հետ: ՈՒկրաինան դա ապացուցեց: ՈՒկրաինական ձմռան պատկերն անավարտ է դեռ, բայց Կիևն առաջին անգամ չի ապացուցում, որ ռուսական շահին գերակայություն չտալու ներքին ազատությունն ունի: Մեծ ռիսկ է նորից հույս դնել, որ ուկրաինական ընդդիմության, հիմա արդեն՝ իշխանության ներկայացուցիչները կգործեն իրենց նախորդների սխալները և երկիրը նորից սահուն կանցնի ռուսական ուղեծիր՝ գազի և ռազմավարական նշանակության այլ ճնշումների ներքո: Որ ուկրաինացիները դուրս են եկել ռուսական ուղեծրից, վկայում են Գերագույն ռադայի արդեն ընդունած որոշումները, և հատկապես ռուսերենի պետական լեզվի կարգավիճակի բեկանումը: Պատահական չէ, որ ռուսական լրատվամիջոցները այս մեկ որոշմանն ավելի բուռն են անդրադառնում, քան երկու օրվա բոլոր իրադարձություններին միասին: Ռուսաստանը, միևնույն է, անգամ երկրի բաժանման գնով՝ փորձելու է իր ազդեցությունը չկորցնել ՈՒկրաինայում և գուցե որոշ հաջողություններ ունենալու է՝ վերստին տնտեսական դագանակը գործի դնելով: Առայժմ Պուտինին մնում է մխիթարվել օլիմպիական թիմային հաշվարկում հաղթանակով, մեդալներով, որոնց կեսը նվաճեց կորեացի Վիկտոր Անը: Այսօր-վաղը Գերագույն ռադան պատրաստ է ստորագրել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը, որից սկսվեց ուկրաինական հերթական հեղափոխությունը, որը Կրեմլն անվանում է ռազմական հեղաշրջում: Եվրամիությունն ու Արժույթի միջազգային հիմնադրամն արդեն պատրաստակամություն են հայտնել օգնել ՈՒկրաինայի տնտեսության վերականգնմանը: ՈՒկրաինական ձմռան պատկերը, իհարկե, ավարտված չէ և ավարտված չի լինի նույնիսկ մայիսին, երբ նախագահական ընտրությունները կայանան: Ընդամենը կսկսվի, որովհետև, որպես կանոն, հետխորհրդային երկրները համեմատական հեշտությամբ լուծում են քաղաքական անկախության ու տանուլ են տալիս տնտեսական անկախության հաստատման հարցերը: Ընդամենը երկու-երեք օրը շատ կարճ ժամանակ է, որպեսզի Եվրոպայի ամենամեծ պետությունը վերադառնա խաղաղ կյանքի: Շատ կարճ ժամանակ է՝ նույնիսկ իմաստավորելու գլխապտույտ արագությամբ իրար հաջորդած իրադարձությունները: Բայց բավարար ժամանակ է՝ համոզվելու, որ Վիկտոր Յանուկովիչն արդեն պատմական անցյալ է, և նրա ռեգիոնների կուսակցությունը, որ մի օրում դավաճանեց իր նախագահին, այլևս քաղաքական ատավիզմի է վերածվում, որ հազիվ թե կարողանա նաև ընդդիմություն դառնալ: Եվ սա ցուցադրական դաս է հետխորհրդային տարածքի պետությունների բոլոր իշխող կուսակցությունների համար: Ցավոք, նրանք, համենայն դեպս Հայաստանում, անկախության անցած տասնամյակներում ու իրենց գոյության ժամանակում միավորման միայն մեկ հիմք ձևավորեցին՝ իշխանություն լինելը, իսկ երբ այդ հիմքը խարխլվում ու անհետանում է, անհետանում է միավորման իմաստը, ուրեմն և կուսակցությունը որպես քաղաքական ուժ: ՈՒկրաինան դա ապացուցեց: Այս համապատկերում համարյա երկրորդական հարցեր են՝ ո՞վ կգլխավորի իշխանությունը, ինչպե՞ս կդասավորվեն սրընթաց քաղաքականություն վերադարձած Յուլյա Տիմոշենկոյի ու նրա ազատազրկման ընթացքում խորհրդարանական ընդդիմության առաջնորդներ Վիտալի Կլիչկոյի, Արսենի Յացենյուկի, Օլեգ Տյագնիբոկի փոխհարաբերությունները, կենթարկվե՞ն նրանց զինված խմբավորումները (հիշեք ՀԱԲ-ի ձևավորման ու կազմալուծման ողջ պատմությունը): ՈՒկրաինացիները նվաճել են իրենց հարցերը ինքնուրույն լուծելու իրավունքը և պարտադրված են լուծել իրադարձությունների ընթացքով: Ապրիլից Կիևում ծաղկում են շագանակենիները, և ամբողջ Կրեշչատիկը կորչում է ծաղկած ծառերի բույրի ու հմայքի մեջ: Քաղաքը կմաքրվի ու կվերականգնվի։ Մայդանը այն երաշխիքն է, որ ՈՒկրաինան այլևս չի վերադառնա իր իսկ քաոսին, նույնիսկ եթե այդ Մայդանում, ինչպես ռուսներն են ասում, զինված ահաբեկիչներն են: Ով-ով, մենք լավ ենք հիշում, թե մեր մասին ինչ էր ասում «Время»-ն և ինչ էր գրում «Правда»-ն: Իսկ մենք ընդամենն ուզում էինք անկախ ապրել, և մեկ էլ՝ Ղարաբաղը:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Ի՞նչ ազդեցություն կունենան ուկրաինական իրադարձությունները Հայաստանի վրա: Ցավոք, ճիշտ այնքան, որքան այդ իրադարձությունները ազդեցություն կունենան Ռուսաստանի վրա, որովհետև մենք դադարել ենք մտածել մեր գլխով, իշխել մեր մարմնին, և միայն մեր հոգին է մնում ազատ, անկախ ու ինքնիշխան: Թեպետ արժեր սովորել մի անգամ սկսածը տարիների միջով մինչև վերջ տանելու ուկրաինական հետևողականությունը: Ի վերջո՝ բանականությունն էլ վաղ թե ուշ ենթարկվում է հոգու պոռթկումին:

Դիտվել է՝ 1653

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ