Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Չինացիների համար կարևորը «դեմքը չկորցնելն» է

Չինացիների համար կարևորը «դեմքը չկորցնելն» է
03.02.2014 | 23:42

Երբ այստեղ՝ Շանհայում, ես առիթ եմ ունենում զրուցելու դստերս ընկերների՝ ռուսաստանցի ուսանողների հետ, որոնք անկեղծորեն մտահոգվում են իրենց երկրի համար և անկանխակալորեն են գնահատում չին-ռուսական հարաբերությունների մակարդակը, խնդիրների ու միտումների մասին երկար բանավեճերից հետո, ի վերջո, հանգում ենք այն հետևության, որ բացասականն ամենից հաճախ ստացվում է նրանից, որ ռուսները գործում են «սովետական ձևով», վերևից նայելով, որ նրանք չեն հասկանում ու չեն էլ ուզում հասկանալ ո՛չ չինացիների ներկա ինքնագիտակցությունը, ո՛չ շահավետ առևտուր անելու նրանց կարողությունը, իսկ մեղմ նրբանկատությունը թուլություն են համարում, ինչը բնավ էլ այդպես չէ։ Սովորաբար չինացիներն ընտրում են «միջին ճանապարհը», այսինքն, խուսափում են ծայրահեղություններից, սակայն նրանց համար ավելի կարևոր է «դեմքը չկորցնելու» ձգտումը, ուստի հատկապես ցավագին է այն բանի գիտակցումը, որ «քեզ ուզում են օգտագործել»։ Եվ այստեղ «ազգային խառնվածքի գլխավոր գիծը»՝ իրատեսությունն ու բոլոր ժամանակներում չինացիների առանցքային խոսքը՝ «օգուտը», կարող են մոռացվել։ Բերեմ մեկ օրինակ, ճիշտ է, մասնավոր, սակայն խիստ հատկանշական։ Աղջիկս բանակցություններում թարգմանություններով օգնում էր ռուսական մի ընկերության։ Ասես պայմանավորվել էին թե՛ գնի շուրջ, թե՛ մնացյալ ամեն ինչի։ Բեռնարկղերը լցվեցին, բեռներն առաքվեցին, բայց «խոփը քարին դեմ առավ»։ Խոսակցությունը չէր ստացվում, ռուսներն էլ փողի հարցում սկսեցին «հարամություն» անել։ ՈՒզում էին «քցե՞լ»։ Հազիվ թե։ ՈՒղղակի գործում էին իրենց համար սովորական ոճով՝ «а куда... денутся?»։ Հետևանքը եղավ այն, որ չինացիներն արդեն ծովից «հետ կանչեցին» բեռնարկղերը։ Դրանից հետո ռուսներն սկսեցին երկա՜ր ներողություն խնդրել՝ իրադարձությունների նման զարգացումից ապշահար ու շվարած, հետևեցին բազմահազարանոց ֆինանսական տուգանքները, ընդ որում՝ երկու կողմից էլ։ Բայց այս ամբողջ պատմության մեջ չին սեփականատիրոջ համար գլխավորն այս է. «Ես այդ լաովայներին թույլ չեմ տա նվաստացնել ինձ, և դրա համար չեմ խնայի ո՛չ փող, ո՛չ շահի կորուստ» (Laowai այստեղ անվանում են օտարերկրացիներին, օգտագործվում է խոսակցական չինարենում և նույնիսկ փոքր-ինչ կոպիտ երանգ ունի)։ Ահա այսպիսի ուսանելի և, հավատացեք, չինական բիզնեսի համար հատկանշական պատմություն։ Գուցե Վ. Պուտինն էլ պատահաբար չի նկատել. «Քաղաքական և հասարակական ոլորտում մենք առհասարակ ոչ մի խնդիր չունենք», բայց խոստովանել է, որ տնտեսության ոլորտում կողմերը երբեմն բարդ հարցերի են բախվում։
Այս երկար ներածականից հետո անցնենք երկու երկրների հարաբերություններում առկա կարևոր իրադարձություններին։ Հայտնի է դարձել, որ արդեն երկար տարիներ ձգվող բանակցությունները «Գազպրոմի» և չինական պետական նավթագազային CNPC ընկերության միջև կարող են ավարտվել միայն մայիսին։ Ռուսական գազի մենաշնորհատերը մինչ այդ հույս ուներ գազի մատակարարման պայմանագիրն ստորագրելու 2013-ի վերջին, և ռուսական պատվիրակությունը, Միլլերի գլխավորությամբ, հերթական անգամ Պեկին եկավ։ Բայց սովորականի նման նոր ժամանակներ նշվեցին, և գազպրոմցիները նորից տուն դարձան միայն հույսերով կերակրված, որոնք, ինչպես հայտնի է, հնարավոր չէ դնել պետական բյուջեի գրպանը։ Հիշեցնենք՝ Սանկտ Պետերբուրգում կայացած G20 գագաթնաժողովում, նախագահներ Սիի և Պուտինի հանդիպումից հետո, «Գազպրոմն» ու Չինաստանի նավթի ազգային ընկերությունը (CNPC) համաձայնեցրել էին Արևելյան երթուղով Յակուտիայի Չանդայի հանքավայրից Չինաստանին գազի մատակարարման հիմնական պայմանները, համաձայն որի կառուցվելու է «Սիբիրի ուժը» գազամուղի ճյուղավորում՝ Յակուտիա-Խաբարովսկ-Վլադիվոստոկ խողովակաշարը։ Ճիշտ է, առաջ խոսվում էր դեպի Չինաստան կառուցվելիք ևս մեկ՝ «Ալթայ» ճյուղավորման մասին, սակայն դեռ անցյալ տարի 500 մլրդ ռուբլի արժողությամբ այդ նախագիծն անորոշ ժամանակով սառեցվեց, և ոչ միայն այն պատճառով, որ «անհիմն թանկ» էր ու էկոլոգիապես վտանգավոր, այլև, ինչպես փորձագետներն են վկայում, չինացիները հրաժարվեցին դրանից և փող չեն տալիս։ Այնպես որ, մի երթուղի է մնացել, որով ռուսները հույս ունեն 2018-ից սկսած երեսուն տարով ՉԺՀ-ին տարեկան 38 մլրդ խմ գազ վաճառել։ Այդ ծավալը հավասար կլինի Եվրոպային վաճառվող գազի քառորդ մասին, որը ընկերության արտահանական հիմնական շուկան է և բերում է հասույթի կեսից ավելին, բայց, միաժամանակ, վերջին ժամանակներս «Գազպրոմի» համար խիստ խնդրահարույց է դարձել, ու հենց այդ եվրոպական խութերի պատճառով էլ այդքան կարևորվում է «չինական ուղղությունը»։
Այժմ Մոսկվան փորձում է իր բոլոր եվրոպական գործընկերներին ցույց տալ, որ «արևը Բրյուսելից չի ծագում», և կարող է այլ տեղում իրականացնել իր գազամատակարարումները։ Իր հերթին Չինաստանը հիանալի է հասկանում այդ շահագրգռությունը և տեղը տեղին սակարկում է։ Չէ՞ որ, թեև Չինաստանում գազի սպառումը կավելանա, սակայն այստեղ «երկնագույն վառելիքի» հետ կապված իրավիճակը կրիտիկական չէ։ Չինական լրատվամիջոցները գրում են. «40 տարում նավթի սպառումը Չինաստանում ավելացել է ավելի քան 25 անգամ, և շուտով գազի պահանջարկը զգալիորեն կմեծանա։ Երկար ժամանակ արդյունաբերությունն աշխատել է առավելապես ածխով՝ ընդհանուր ծավալի մինչև 70 %-ը։ Հիմա երկիրը, հատկապես մայրաքաղաքը, լուրջ ընտրության առջև է կանգնած՝ օդի աղտոտման մակարդակը տագնապահարույց չափերի է հասել»։ Սակայն, միաժամանակ, Չինաստանը սրընթաց ավելացնում է հեղուկ գազի գնումները, ինչպես նաև ավելացնում է խողովակային գազի ներմուծումը Կենտրոնական Ասիայից։ Փորձագետները կարծում են, որ Պեկինը շարունակում է սակարկել Մոսկվայի հետ ու ժամանակ է ձգում, ուսումնասիրելով, թե ինչպես են զարգանում գազի արդյունահանումն ու արտահանումն ԱՄՆ-ից և Կանադայից, ինչպես նաև հույսեր է կապում սեփական թերթաքարային նախագծերի հետ։ Արժե նշել, որ «թերթաքարային գազը» վերջերս արժանացավ ՉԺՀ-ի Պետխորհրդի հավանությանը, իսկ Չինաստանը դրա հսկայական պաշարներ ունի։ Ըստ հաշվարկների, «թերթաքարային գազի» ծավալը ավելի քան 31 տրիլիոն խմ է, ու ենթադրվում է, որ մինչև 2020 թ. Չինաստանում դրա արտադրության ծավալը կանցնի 100 մլրդ խմ-ից։ Այնպես որ, նրանք ամենևին չեն ուզում գնել ռուսական թանկ գազը, առավել ևս, հենց այնպես օգնել «Գազպրոմին» Եվրոպայի դեմ պայքարում։ Այս առումով շատ հետաքրքիր դիտարկում է ներկայացնում «Ժենմին Ժիբաո» թերթը. «Ռուսաստանի և ռուսների բարոյահոգեբանական լուրջ խնդիրն այն է, որ փոխգործակցության որոշ հարցերում նրանք, ստիպված են համաձայնել չինական գերակայությանը, ինչպես ԽՍՀՄ-ՉԺՀ հարաբերություններում, միայն՝ խորհրդային հակումով։ Բայց ժամանակները փոխվում են։ ՈՒստի երկու երկրներն այժմ պետք է հասնեն գերակայությունների անհրաժեշտ հավասարակշռության, այդ թվում՝ հարևան ու բարեկամ Չինաստանին ռուսական հումքի մատակարարումների գծով իրական համաձայնության, հնարավոր է, հենց Ռուսաստանի որոշ ֆինանսական կորուստների գնով»։ Այսինքն, «Գազպրոմի» համար մանևրելու հնարավորությունը խիստ կրճատվել է, և Պեկինը սա հիանալի հասկանում է։
ՈՒշադրության առնենք ևս մեկ հանգամանք. վարչապետ Մեդվեդևը կառավարությունում գազի մենաշնորհի ներդրումային ծրագրի քննարկման ժամանակ ասաց, որ 2014 թ. «Գազպրոմի» ներդրումային ծրագիրը կկազմի 800 մլրդ ռուբլի, մինչդեռ 2013-ին կազմել էր 1,026 տրիլիոն ռուբլի։ Այստեղ չեն մտնի «Սիբիրի ուժը» գազամուղի շինարարության և դրա ռեսուրսային բազայի հարցի կարգավորման ծախսերը, այնքան ժամանակ, քանի դեռ ընկերությունը գազի պայմանագիր չի կնքել Չինաստանի հետ։ Բացի այդ, փորձագետները նշում են, որ եթե Չինաստանի հետ պայմանավորվածություններ ձեռք բերվեն, ապա այստեղ վերստին կառաջանա մատակարարումների ռեսուրսային բազայի հարցը։ Գազը տարածաշրջանում շատ է, բայց ծավալների օպերատիվ մեծացումը կարող է դժվար լինել։ Տեսականորեն գազի ակունքները կարող են լինել երեքը՝ Չայանդան (Յակուտիա), Կովիկտան (Իրկուտսկի մարզ), ինչպես նաև Սախալինի գազի արդյունահանման կենտրոնը։ Բայց, ինչպես հայտնի է, Կովիկտայի շահագործումը հետաձգել են 2024-ին, այսինքն, մոտակա հեռանկարի համար մնում են Չայանդան ու Սախալինը։ Չայանդայում արդյունահանումը նախատեսվում է սկսել 2017 թվականին, սակայն սկզբում գործի կդրվի նավթի շերտը, իսկ գազն ավելի ուշ կսկսեն արդյունահանել։ Մնաց Սախալինը։ Հիմա այնտեղ գործարկվում է «Կիրինսկոյե» հանքավայրը, բայց դա համեմատաբար սակավազոր է՝ մինչև 160 մլրդ խմ և տարեկան կտա մոտավորապես 6 մլրդ խմ գազ, ինչն էլ ուզում են տրամադրել հեղուկ գազի ապագա գործարանին։ Այսինքն, հարց է` կհերիքի՞, արդյոք, տարածաշրջանի գազը, որպեսզի «Գազպրոմը» մոտակա տարիներին թե՛ Չինաստանի մատակարարումներն սկսի, թե՛ հեղուկ գազի գործարանը գործարկի։
Այս իրավիճակում ռուսական մենաշնորհատիրոջը, ավելի շուտ Կրեմլին, ոչինչ չի մնում, քան հնարավոր ամեն ինչ անել Պեկինի հետ համաձայնության հանգելու համար։ Անցած տարվա վերջին «The financial Times»-ը հաղորդեց, որ «Գազպրոմը» համարյա համաձայնության է հասել գնի շուրջ՝ հազար խմ-ն 360-400 դոլար (ռուս-չինական սահմանագլխին գազի փոխհամաձայնական գինը)։ Միաժամանակ ընդգծվում է, որ Չինաստանի համար թուրքմենական գազի արժեքը կազմում է հազար խմ-ն մոտ 250 դոլար, ինչն էապես ցածր է «Գազպրոմի» արտահանական գներից։ Հիմա չինական շուկային է միտված նաև հեղուկ գազի ամբողջ ծավալը, արդեն նոր մատակարարներ են ի հայտ եկել, ուստի չի կարելի ասել, թե ռուսների համար իրավիճակը հուսադրող է։ Ճիշտ է, հայտարարվել էր, թե «Գազպրոմը» կարող է մի քանի միլիարդ դոլար կանխավճարի դիմաց էժանացնել գազը, սակայն բանակցությունները, երևում է, «Գազպրոմի» չինովնիկների ակնկալած արդյունքը չեն տվել, և այն, որ սպասվում է, թե համաձայնագիրը կստորագրվի միայն ՉԺՀ Պուտինի կատարելիք մայիսյան այցի ժամանակ, հանգեցրել է այն բանին, որ, մոսկովյան բորսայի տվյալների վկայությամբ, «Գազպրոմի» բաժնետոմսերն սկսել են էժանանալ։ Եվ էլի մեկ հանգամանք։ Ներկայումս ՉԺՀ-ում սկսվել է հակակոռուպցիոն մի հետաքննություն, և CNPC-ի մասնակցությամբ գործարքների հետ կապված բոլոր բանակցությունները դադարեցվել են։ Այս պայմաններում բավական դժվար է համաձայնության գալ և Չինաստանի համար ամենամյա խողովակային գազի մատակարարման պայմանագիր կնքել։

Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 2134

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ