Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

1988-ի արժեզրկման փորձերը

1988-ի արժեզրկման փորձերը
14.03.2013 | 14:27

Հայաստանի անկախության պատմությունը սերտորեն կապված է, կարելի է ասել` միահյուսված է Արցախի ինքնորոշման խնդրի հետ: 1988-ի շարժումը սկսվեց որպես Արցախը Մայր հայրենիքի հետ վերամիավորելու շարժում, որի պտուղներից էր նաև Հայաստանի անկախությունը: Մարտական գործողությունների արդյունքում ազատագրված Արցախի հիմնախնդիրը մշտապես եղել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական հարցերի օրակարգի առաջնահերթություններից մեկը։ Ի դեպ, ՀՀ և ԼՂՀ քաղաքական ուժերը, սկսած 1988-ից, մեծ մասամբ կարողացել են նույնական դիրքորոշում ցուցաբերել հակամարտության կարգավորման և Արցախի ապագային առնչվող հարցերում:

Թերևս դա էր ռազմական հաղթանակի գլխավոր նախապայմանը, ինչը տեղի չունեցավ Ադրբեջանի դեպքում, երբ ռազմական գործողությունների ամենասուր պահերին Բաքվում իշխանության համար պայքարն այն աստիճանի էր շիկանում, որ ռազմաճակատից ջոկատներ էին տեղափոխվում Բաքու` իշխանության հարցը լուծելու համար, ինչն էլ հեշտացնում էր հայկական կողմի գործը: Ինչևէ, 2013 թ. նախագահական ընտրությունը ցույց տվեց, որ Արցախյան շարժման 25 տարիներին բավականին լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել թե՛ ՀՀ, թե՛ ԼՂՀ քաղաքական վերնախավի ներկայացուցիչների ուղեղներում: Եթե նախկինում Արցախի խնդիրը, որոշակիորեն օգտագործվելով ներքաղաքական զարգացումներում, չէր շահարկվում ժողովրդավարության և մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների համատեքստում, ապա այժմ Հայաստանում և Արցախում հայտնվել են մարդիկ, որոնք վարկաբեկում են ընտրական գործընթացը` ՀՀ և ԼՂՀ իշխանությունները փորձելով ներկայացնել որպես կեղծված ընտրությունների ճանապարհով իշխանությունը զավթած մարդկանց խմբեր:
Այսպես. 1996, 1998, 2003 և 2008 թվականների ընդիմադիր շարժումները չեն հանդուրժել, որ Ազատության հրապարակի հարթակից Արցախը «ադրբեջանական հեռավոր գավառ» հռչակվի, երբեք Ազատության հրապարակում ԼՂՀ ԱԺ պատգամավորը չի հայտարարել, թե ազատագրված Արցախի նախագահը լեգիտիմ չէ: Միևնույն ժամանակ, երբեք ընդդիմության առաջնորդները նման մոտեցումները չեն արդարացրել այնպես, ինչպես դա արեց Րաֆֆի Հովհաննիսյանը` լրագրողի հարցին պատասխանելով, թե` «Հախվերդյանի հնչեցրած միտքը կարծիք է, որը պաշտպանված լինելու իրավունք ունի»: Այս երևույթը գալիս է ապացուցելու, որ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում քաղաքական վերնախավի որոշ ներկայացուցիչներ բառի բուն իմաստով չափն անցնում են: Երբ նժարի հակադիր հատվածներում դրվում ենիշխանությունը և ազգային թիվ մեկ խնդիրը` Արցախի հարցը, ապա պատերազմական իրավիճակում գտնվող երկրներում նժարը հակվում է դեպի ազգային հարց:
Ըստ էության, Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքում տեղի ունեցավ ազգային ողբերգություն, քանզի երգահան Հախվերդյանի և ԼՂՀ ԱԺ պատգամավոր Բադասյանի ելույթներն ընդունվեցին մեծ ցնծությամբ և ծափահարություններով: Սա նշանակում է, որ հասարակական գիտակցության մեջ ևս փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք դեռևս թաքնված կերպով մեծագույն վտանգ են պարունակում Արցախի ապագայի համար: Խնդիրն այն է, որ, 1988-ից սկսած ազգային գերնպատակը միջազգային հանրությանն ապացուցելն էր, որ Արցախը հայկական տարածք է, իսկ ԼՂՀ-ն շատ ավելի ժողովրդավարական պետություն է, քան Ադրբեջանը, ուստի ժողովրդավարական Արցախը չի կարող լինել սուլթանական Ադրբեջանի կազմում: Այս հարցում մշտական կոնսենսուս է եղել թե՛ քաղաքական, թե՛ հասարակական հարաբերություններում` դուրս լինելով մրցակցության և պայքարի հիմնական թեմատիկայից:
Պետք է նշել, որ ներկայիս ընդդիմության առաջնորդները զգալիորեն տարբերվում են իրենց նախորդներից թե՛ ձևի, թե՛ բովանդակության համատեքստում: 1996-ի ընդդիմության առաջնորդ Վազգենը Մանուկյանը շատ ավելի ազգայնական էր, շատ ավելի մեծ ուշադրություն էր դարձնում ազգային և ազգային-պահպանողականությանը վերաբերող հարցերին, քան այդ ժամանակվա գործող իշխանությունը` ՀՀՇ-ն: 1998-ի և 2003-ի ընդդիմադիր շարժումների առաջնորդներ հայ և որդի Դեմիրճյաններն ազգային հարցերը չեն վերածել սակարկման և քաղաքական պայքարի հիմնական առարկայի` քաղաքական պայքարի հիմնական շեշտը դնելով սոցիալ-տնտեսական և արդարության հարցերի վրա: 2008-ի ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ, որոշակի եզրահանգումներ անելով նախկինում գործած սխալներից, ազգային հարցերում առանձնապես հակասական մոտեցում չէր ցուցաբերում` իր նախընտրական գործունեությունը սկսելով ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ Ստեփանակերտում կայացած հանդիպումից: Տեր-Պետրոսյանի հանդիպումը Բակո Սահակյանի հետ մեկ նպատակ ուներ` հրապարակայնորեն շեշտադրել, որ ԼՂՀ իշխանության հետ Հայաստանի ծայրահեղ ընդդիմության առաջնորդը խնդիրներ չունի և Արցախի ապագայի մասով նույնական տեսլական ունի:
Այս համատեքստում է, որ պետք է փաստել ներկայիս ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի գործունեության անտրամաբանականությունն ու խճճվածությունը: Րաֆֆին մի կողմից խոսում է ԼՂՀ-ն ճանաչելու մասին, մյուս կողմից թույլ է տալիս, որ իր հանրահավաքում ԼՂՀ իշխանությունը ոչ լեգիտիմ հայտարարվի, իսկ Արցախը` «հեռավոր ադրբեջանական գավառ»: Միևնույն ժամանակ, Րաֆֆին թույլ է տալիս, որ իր պայքարի լոկոմոտիվում հայտնվեն հայ ֆեմենիստները, սատանիստներն ու բարոյականության հայկական չափանիշներից դուրս գործող այլ մարգինալ խմբեր, որոնք ոչ միայն արժեզրկում են Րաֆֆու շարժումը, այլև թաքնված վտանգ են ստեղծում հետագա հասարակական առճակատման հասունացման համար: Արդեն փաստ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իր նպատակին հասնելու համար ոչ մի միջոցից չի հրաժարվում: Միևնույն ժամանակ, ակնհայտ է նաև փաստը, որ ներկայիս ընդդիմությունը փորձում է անհանդուրժողականության մեթոդներով առաջ շարժվել` թուրք, ստրուկ և այլ վիրավորական արտահայտություններով պիտակավորելով ընդդիմախոսներին:
Տարակուսելի են արցախցիների մոտեցումները: Արդյո՞ք նույն Վահան Բադասյանը, Վիտալի Բալասանյանը, որոնք մասնակցել են մարտական գործողությունների, հանուն իրենց քաղաքական հաշվարկների իրավունք ունեն կասկածի տակ դնելու, սակարկման հարցի վերածելու արցախյան ժողովրդավարությունը: Ի՞նչ է, Բադասյանն ու նրա նմանները կարծում են, որ ապրում են Սլովակիայում կամ Նորվեգիայում, չեն պատկերացնո՞ւմ, որ մի երկրում են ապրում, որտեղ ամեն րոպե կարող է պատերազմը վերսկսվել, որտեղ մարդկանց ֆիզիկական անվտանգությունն ու սահմանների անառիկությունը վեր են ամեն ինչից: Չէ՞ որ իրենք էլ մեծ ավանդ են ունեցել Արցախի ազատագրման հարցում: Ինչևէ, քաղաքական անպատասխանատվությունը Հայաստանում մտել է վերջնական փուլ. կա՛մ ուղեղների մթագնումը շարունակվելու է և հասնելու է բացահայտ վտանգավորության աստիճանի, կա՛մ էլ հասարակության առողջ հատվածը բացահայտ ճնշում է գործադրելու, հանրային պախարակման է ենթարկելու ամեն գնով իրենց նպատակին հասնելու ձգտող տարաբնույթ արկածախնդիրներին:
Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2244

Մեկնաբանություններ