38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ՍԱՀՄԱՆԱԳԾԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ

ՍԱՀՄԱՆԱԳԾԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ
04.06.2010 | 00:00

Ծնվելու համար գիրքն ու գրականությունն անպայմանորեն չեն սպասում բեկումնային, սահմանագծային ժամանակների, բայց երբ դրանք գալիս են, ասելիքի կուտակված բեռն առավել ծանր ու անտանելի է դառնում գրչին ու թղթին հակվելու սովոր մարդու համար:
Որ Երևանն ու երևանցին (իմա` ողջ հայությունն ու Հայաստանը, որ վերջին տասնամյակներում դարձել են մի բուռ մայրաքաղաք) բոլորիս աչքի առաջ օրավուր փոխում են իրենց դեմքն ու գույնը, այլևս զարմանալի ու խորթ չէ մեզ համար, և այդ ամենի մասին հորինվող իրական-անիրական պատումները դարձել են այդ ոչ զարմանալիի ու ոչ խորթի անքակտելի բաղկացուցիչը: Դրանց շարքը համալրելու հավակնությամբ գրող, հրապարակախոս ՄԱՐՏԻՆ ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ հայ ընթերցողին է ներկայացրել «Տղամարդը սահմանագծին» վիպակը, նվիրելով այն ընկերոջ` վաղամեռիկ Այդին Մորիկյանի հիշատակին:
«Աշնան ծաղկած գույների մեջ քաղաքը բացվել էր մերկ ու տաք` ցանկահարույց տարփուհու նման: Ամեն թուփ ու քար, քիվ ու կամար, փողոց ու հրապարակ վատ սերտած դաս էին հիշեցնում...»,- սկսում է հեղինակը: Վատ սերտած դասի հետևանքներն ի հայտ են գալիս, երբ էջ առ էջ խորանում ես վիպակի հերոսի` Ռուբեն Սանոսյանի` քամու բերանն ընկած տաշեղի պես տարուբերվող գոյության մանրամասներում: «Փոփոխվող քաղաքական, հասարակական-տնտեսական հարաբերությունների մեջ տղամարդը մոլորվեց ու մինչ կփորձեր հասկանալ ինչն ինչոց է, ժամանակն աննկատ սուրաց-անցավ կողքից` թողնելով ճամփեզրին շիվար կանգնած»:
Այս «շիվար կանգնածին» (ու նաև մնացած բոլոր «շիվարներին») իբրև մխիթարություն` արձակագիրը կյանքի է կոչում ոմն Գրիգորի Սամվելիչի, ում մասին նախապես ասում է, թե բոլոր մտացածին հերոսների շարքում միակ իրական-չհորինվածն է:
Իրական-չհորինված Գրիգորի Սամվելիչը սոսկ ձայն է, նախազգացում, նախազգուշացում, խրատատու, մարգարե, ըստ հեղինակային մետաֆորի` «Մահճակալի տակինը», ում «չի տեսնում» վիպակի ընթերցողը, բայց հասկանում է, որ նա է միակ սթափ, բանական, փուչ ու պարզունակ թեմաներով չճամարտակող ու առտնին հոգսերի առաջ չընկրկող արարածը` սահմանագծին հայտնված բազմաթիվ ու միատեսակ կերպարների կողքին: Գրիգորի Սամվելիչը յուրօրինակ հավատաքննիչ է, որը փորձում է կյանք վերադարձնել իրեն կորցրած Ռուբեն Սանոսյան- տղամարդուն. «Ձայնը նրան կյանքի լուսանցք էր հանել, և ոչ մեկը, ո՛չ մեկը չկար, որ տղամարդուն այս ապուշ, անհեթեթ վիճակից դուրս հաներ, պաշտպանության տակ առներ»:
Անպաշտպան տղամարդը, որ անվերջ փորձում է գտնել սեփական կարգավիճակի բանաձևը, «ախպար» ու «գաղթական» եզրույթներից իրեն առավել հարիր է համարում երկրորդը, քանզի անկախական փոթորիկներից նախ` քշվել է արտասահման (արտառոց ոչինչ չկա սրանում` այդ իրականության ու ժամանակի ներկայացուցիչների համար), ապա վերադարձել Երևան, որովհետև հասկացել է պարզագույն ճշմարտությունը. «Մարդն ամեն ինչ կարող է լինել, բայց անտոհմ ու անհայրենիք` երբե՛ք»:
Սակայն տոհմի ու հայրենիքի «նվիրյալը» ոչ մի կերպ չի կարողանում «որսալ» այդ տոհմի ու հայրենիքի` օր օրի ավելի թուլացող զարկերակը: Թե՛ իր համար օտար ու անընդունելի Հյուսիսային պողոտայի, թե՛ հարազատորեն երևանյան մնացած Ալավերդյան փողոցի, թե՛ աղավաղված Խանջյան փողոցի («…փողոցը նմանվել էր անփորձ վարսավիրի մոտից ելած տղեկի») պատկերները, թե՛ հին ու նորահայտ ընկերների հետ շփումները, թե՛ կնոջ` Մարինեի նպատակասլաց, հավասարակշիռ կեցվածքը, թե՛ հոգեկան ախտի ճիրաններում տվայտող նկարչուհի սիրուհու` Աննայի հուզումնառատ դրսևորումները Ռուբեն Սանոսյանին այդպես էլ չեն կարողանում դուրս հանել «կյանքի լուսանցքից» ու օգնել հաշտության եզրեր գտնելու իր և իրականության միջև: Ինչպես կարելի է ենթադրել վիպակում ծավալված ոչ այնքան հարուստ դեպքերի ընթացքից, մեր մոլորյալ հերոսին ոչինչ չի մնում անելու, քան կնքելու մահկանացուն` կյանքն իմաստավորելու թույլ նշաններ դրսևորելուց` մահացած սիրուհու նկարների ցուցահանդեսը կազմակերպելուց հետո: Տղամարդու «այսկողմնային» վերջին շփումը դարձյալ Գրիգորի Սամվելիչի հետ է, ինչը կարելի էր ենթադրել նրանց հանդիպման առաջին իսկ պահից:
Մխիթարելու համար կյանքի սահմանագծին հայտնված բոլոր տղամարդկանց (և ոչ միայն տղամարդկանց) հավաստիացնենք անխուսափելիի գոյությունը. «Մահը մերն է, մենք` մահինը»: Սահմանագծին ես, թե կյանքի ամենագայթակղիչ հանգրվանում, գոյությունդ աննպատակ է, թե տիեզերամասշտաբ մեկնարկներով լի, վերջին կայանն անդառնալի է և անփոփոխ բոլորի համար:
Իսկ «Տղամարդը սահմանագծին» վիպակի նյութը մեր կողքին ու մեր մեջ ապրում է արդեն քսան և ավելի տարիներ, ու հասկանալի է, որ հայ արվեստագետների համար ներշնչանքի աղբյուր պիտի լինի դեռ երկար ժամանակ:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Հ. Գ. -Գիրքը ձեռք բերելու համար զանգահարել 055-411-577 հեռախոսահամարով։

Դիտվել է՝ 2538

Մեկնաբանություններ