38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Մարտի 1-ը մեր հաջորդ զարթոնքի շրջանն էր»

«Մարտի 1-ը մեր հաջորդ  զարթոնքի շրջանն էր»
11.12.2012 | 11:40

Վերջերս Երևանում կայացավ Պրահայում բնակվող մեր հայրենակից, լրագրող, հրապարակախոս Շուշան Ղազարյանի «Խաչվածին մահ չկա» գրքի շնորհանդեսը: Շուշան Ղազարյանը 1988-91 թթ. հետևել է ղարաբաղյան հարցի քննարկումներին Արցախում, Հայաստանում և Մոսկվայում: Նրա գրքի հիմքում օրագրային գրառումներն են ԽՍՀՄ ԳԽ նիստերում, ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների համագումարներում Արցախյան հարցի քննարկումների մասին` Հայաստանում և Արցախում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում: Ստորև ներկայացնում ենք մեր հարցազրույցը ՇՈՒՇԱՆ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ:

-Շուշան, արդեն մեկ տարի է, ինչ Ձեր «Խաչվածին մահ չկա» գիրքը վաճառվում է Երևանի գրախանութներում, հասանելի է ընթերցողներին: Այս ընթացքում քաղաքական տարբեր կուսակցությունների կողմից ի՞նչ արձագանքների է արժանացել:
-Քաղաքական տարբեր ուժերի կողմից եղել է լռություն: Լռել է անգամ դաշնակցությունը, որն ակտիվորեն մասնակցել է ղարաբաղյան շարժմանը, և իմ գրքում բազմաթիվ անդրադարձեր կան այդ մասին: Ես, առանց կողմնակալ գտնվելու, արել եմ այն գործը, ինչը պետք է անեի որպես լրագրող: Իմ հերոսների մեծ մասն այսօր ողջ է, և նրանք կարող են կանգնել ու նայել իմ աչքերին:
-Հետահայաց իրադարձությունները գնահատելիս` ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ 88-ի ազգային զարթոնքին հաջորդեց իշխանության բռնազավթման, նահանջի ու լճացման տևական շրջանը:
-Այն պարզ պատճառով, որ իշխանության եկան այն մարդիկ, ովքեր ոչ մի լումա չունեին այդ շարժման մեջ: Ես նրանց անվանում եմ թալանի «գեներալներ», քանի որ նրանք տնօրինում են ամբողջ երկրի տնտեսությունը: Հերոսները կա՛մ զոհվել են, կա՛մ քաշվել մի կողմ, որովհետև ոչ մի կերպ չեն կարող ազդել այս ընթացքի վրա: Նրանք «միայնակ գայլի» կարգավիճակում են հայտնվել: Այն մարդիկ, ովքեր պայքարում էին հանուն մեր երկրի, Արցախի, իշխանության չեկան: Նրանց պետք է փնտրել կա՛մ Եռաբլուրում, կա՛մ Արցախի գյուղերի գերեզմանատներում: Իմ գիրքը նրանց մասին է, ովքեր ըստ արժանվույն չգնահատվեցին, մինչև հիմա էլ չեն հիշվում, մոռացված հերոսներ են:
-Ձեր գրքի հերոսներից շատերը, ովքեր մեծ ներդրում են ունեցել Արցախի ազատագրական պայքարում, հետագայում` խաղաղության պայմաններում, այլ կերպ դրսևորեցին իրենց, կերպարանափոխվեցին: Ըստ Ձեզ` ինչո՞ւ այդ մարդիկ փոխվեցին:
-Ես չեմ համարում, որ նրանք կերպարանափոխվել են: ՈՒղղակի այդ մարդիկ հոգնել են: Նրանք իրենց ժամանակի մեջ ճիշտ են ապրել, իրենց գործն արել են: Պետք է ուսումնասիրել այդ մարդկանց ապրած կյանքը, փորձը, նրանց գործերը: Նրանք չէին կարող և՛ 80-ականներին, և՛ մեր ժամանակներում նույն կերպ պայքարել: Նրանք իրենց գործն արել են, հիմա նոր սերնդի ժամանակն է:
-Դուք նշել եք, որ հոկտեմբերի 27-ը Ձեզ համար շատ ծանր հարված էր: Իսկ մարտի 1-ը՞։
-Ահավոր էր: Մարտի 1-ը ես համարում եմ մեր հաջորդ զարթոնքի շրջանը, որը կարող էր փոփոխություններ բերել մեր երկրին: Ցավոք, այդ պայքարի հեղինակները, այդ պայքարի ակունքում կանգնած լիդերները դավաճանեցին ժողովրդին, տեր չկանգնեցին այդ հզոր զարթոնքին, որը կարող էր փոխել մեր երկրի ճակատագիրը: Ժողովուրդն ինքն էլ է հոգնում: Դուք փորձեք 2008-ի այդ զարթոնքը հիմա կրկնել: Դա հնարավոր չէ: Մարդիկ տեսնում են, որ իրենք ամեն ինչ արեցին, սակայն փոփոխություն չտեսնելու դեպքում հիասթափվում են: Եվ ամեն այդպիսի ալիքից հետո տեսնել է պետք, թե որքան մարդիկ են արտագաղթում, ինչ հոսք է սկսվում դեպի արտերկիր:
-Երկար տարիներ է, ինչ ապրում եք սփյուռքում: Ըստ Ձեզ` ո՞վ է այսօրվա սփյուռքահայը, ի՞նչ խնդիրների է բախվում:
-Ես և իմ ընտանիքի անդամները չնայած երկար տարիներ ապրում ենք արտերկրում, սակայն շարունակում ենք մնալ ՀՀ քաղաքացիներ: Ես կարծում եմ, որ այսօրվա սփյուռքը, որը հիմնականում ՀՀ քաղաքացիներից է կազմված, պետք է կարևոր դեր խաղա իր երկրի ճակատագրի հարցում: Սփյուռքահայի սահմանադրական իրավունքները պետք է պաշտպանված լինեն, և նա պետք է մասնակցի Հայաստանի ընտրություններին: Դա շատ կարևոր է, և կարծում եմ, որ մեր երկրում կփոխի քաղաքական իրադարձությունների ընթացքը: Սփյուռքահայն իր կամքով չի թողել իր երկիրը, նա թողել, հեռացել է քաղաքական անտանելի վիճակի պատճառով: Այսօր Հայաստանը ոչ մի նշանակություն, դեր չունի աշխարհում և ոչինչ չի կարող փոխել, քանի դեռ չի օգտագործել սփյուռքի ներուժը: Մենք քաղաքական պայքարի բոլոր ձևերը փորձել ենք: Չէի ցանկանա, որ այդ պայքարը կրկնվի մարտի 1-ի տեսքով: Սփյուռքն այսօր կախում չունի Հայաստանի իշխանություններից, և թե՛ ՀՀ նախագահի, թե՛ ԱԺ ընտրություններին մասնակցելու դեպքում կարող է ազդել գործընթացների վրա: ՌԴ-ում սկսել են կիրառել էլեկտրոնային քվեարկության տարբերակը: Եթե ՀՀ-ն էլ սկսի կիրառել, շատ բան կարող է փոխվել:


Զրուցեց
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆԸ

Դիտվել է՝ 2058

Մեկնաբանություններ