38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Արդյոք ճիշտ է լա՞վ ապրելը, թե՞ ճիշտ ապրելը»

«Արդյոք ճիշտ է լա՞վ ապրելը, թե՞ ճիշտ ապրելը»
06.12.2012 | 18:57

Գրողների տանն այսօր արձակագիր ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆԻ «Երկվություն» գրքի շնորհանդեսն էր: Գիրքը գրվել է մոտ հինգ տարում, հեղինակի հավաստմամբ՝ այն տարիների կուտակումների արդյունք է:

«Վեպի հերոս Խաչոն մտավորական է, որ գալիս է անցյալ հազարամյակից ու շարունակում է ապրել նոր հազարամյակում, այսինքն, հատել է մի սահմանագիծ, որի ընթացքում մեծ փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանում»,- ասաց նա՝ նշելով, որ փոփոխությունները միայն հասարակարգային չեն, լուրջ փոփոխությունների է ենթարկվել արժեհամակարգը: Իրականում ոչ թե վերարժևորումներ են տեղի ունենում, ինչպես ընդունված է ասել, այլ պարզապես արժեզրկում: Հոգևոր, բարոյական հատկանիշներն իրենց տեղը զիջում են նյութականին:
«Սյուժեն հետևյալն է. Խաչոն տնից գալիս է Ցեղասպանության հուշահամալիր, այդ ընթացքում է տեղի ունենում ամեն ինչ: Երկվությունը մարդու հենց այդ երկպառակությունն է` արդյոք ճիշտ է լա՞վ ապրելը, թե՞ ճիշտ ապրելը»,- հավելում է հեղինակը:
Անդրադառնալով «Իրատես de facto»-ի հարցին՝ լավ գրականությունը կարո՞ղ է ինչ-որ բան փոխել մեր իրականության մեջ, Դավիթ Սարգսյանը պատասխանեց, որ գրքում կա վերլուծություն, թե ինչո՞ւ է ամեն ինչ այս երկրում (ոչ միայն Հայաստան աշխարհում) դարձել առքուվաճառքի առարկա, ինչո՞ւ խոսքն արժեք չունի, ինչո՞ւ են մարդիկ անտարբեր միմյանց նկատմամբ, ինչո՞ւ է անծանոթն անծանոթի նկատմամբ չարությամբ լցված:
«Հասարակական-քաղաքական կյանքում ինչ կփոխվի, ես չգիտեմ,- ասաց նա,- բայց լավ գրականությունը կարող է մարդուն բարձրացնել: Համենայն դեպս, մարդը պետք է փորձի պահպանել իր մարդկային նկարագիրը»:
Գիրքը լույս է տեսել 500 օրինակով, գրախանութներում կդրվի խորհրդանշական ձևով, իսկ ընդհանրապես հեղինակն այն նվիրելու է իր շրջապատի մարդկանց:
Գրքի շնորհանդեսներն աստիճանաբար վերածվում են շնորհանդես-վաճառքի: Դավիթ Սարգսյանը դեմ է դրան և ասաց, որ գրքի տպագրությունը հովանավորել են իր ընկերները, որոնք խնդրել են չհրապարակել իրենց անունը:
«Որովհետև բարեգործությունը չպետք է գովազդվի»,- ասաց արձակագիրը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2621

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

դարձ կապ