38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ինձ սպասում է երկար ու երանելի վերելք դեպի իմ Արարիչը, իմ Հայրը, Փրկիչը և Մխիթարիչը (նամակ երկրորդ)

Ինձ սպասում է երկար ու երանելի վերելք դեպի իմ Արարիչը, իմ Հայրը, Փրկիչը և Մխիթարիչը (նամակ երկրորդ)
17.04.2009 | 00:00

ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Թանկագինս։
Դու նաև ուզում էիր իմանալ, թե ընդունո՞ւմ եմ ես, արդյոք, անձնական հոգու անմահությունը։ Ես կուզեի պատասխանել այդ հարցին ամբողջ շիտակությամբ ու անկեղծությամբ` առանց որևէ աստվածաբանական գիտականության։
Անկեղծ ասած, հենց միայն իմ հոգևոր անձի վերջնականորեն անհետ չքանալու մասին միտքն ինձ թվում է անիմաստ, ի ծնե կույր ու մեռած։ Այդ «հնարավորությունը» ես ընկալում եմ որպես անհեթեթ ու անուղղելի անհնարինություն, որը նույնիսկ չարժե քննարկել, մոտավորապես այնպես, ինչպես եթե որևէ մեկը սկսեր դատել մութ լույսի, անզոր ուժի կամ գոյության անգոյության մասին։ Մարդիկ կան, ովքեր հակված են սին ու հիմնարար մտածողության. նրանք չեն ուզում ելնել իրական բաներից, նրանց գրավում են միայն մտքի կանոնավորությունն ու հետևողականությունը, անհիմն բաները նրանց չեն սարսափեցնում, իսկ ճշմարտությանը նրանք չեն հավատում։ Բայց ինձ ներհատուկ իրականության զգացումը խորշում է դրանից։ Ամեն մարդ և հատկապես յուրաքանչյուր գիտնական, հետազոտող պետք է ունենա ինչ-որ անսխալ հոտառություն, հայեցության փորձառու աչք, առարկայի ու նրա օբյեկտիվ բնության նուրբ զգացողություն` այդպիսի գայթակղությունների չտրվելու և դատարկ ու վերացական հնարավորությունների քննարկման վրա ժամանակ չվատնելու համար, որպեսզի խուսափի տրամաբանական ուրվականներին հետապնդելուց ու «հետևողական», բայց անկենդան տառակերության մեջ ընկնելուց։ Անիրական հնարավորություններն անհնարին, անբովանդակ պատրանքներ են։ Իսկ նա, ով ցանկանում է խոսել իրական հնարավորությունների մասին, պարտավոր է գտնել համապատասխան իրականություններ ու կառչել դրանցից։
Ահա թե ինչու ես կուզեի սահմանել, որ մեր հոգևոր անձի մահվան մասին կարող է խոսել միայն նա, ով կամ բոլորովին զուրկ է հոգևոր փորձից, կամ չի ուզում մնալ նրա մեջ ու հենվել նրա վրա։ Հնարավոր է, որ նա ամբողջովին ելնում է բնագիտության զգայական փորձից` յուրացնելով այն գիտակցորեն, չիմաստավորելով հոգեպես, և որը նա ընդունում է որպես միակ թույլատրելի ու ճշմարիտ փորձ։ Բայց հնարավոր է, որ նա միաժամանակ ելնում է տառացիորեն ըմբռնած որևէ փիլիսոփայական կամ կրոնական գրքից, որի մեջ դրա մասին «ոչինչ չի ասված», կամ ասված է հենց հակառակը։ Բայց բոլոր այդ դեպքերում մարդիկ անցնում են իսկական սկզբնաղբյուրի կողքով` իրական հոգևոր փորձի ու իսկական հոգևոր ճշմարտությունների մոտով և դատում այն բանի մասին, ինչը թաքնված է իրենցից։
Այդ փորձնական աղբյուրը, այդ իսկական իրականությունը մեզնից յուրաքանչյուրը պետք է անձամբ վերապրի, նա պիտի դրանք իր մեջ կրի, որպեսզի կարողանա դրանց մասին դատել դրանցից ելնելով։ Եթե նա զրկված է այդ փորձից, եթե դա նրան կատարելապես անհասանելի է, հազիվ թե նա կարողանա քիչ թե շատ համոզիչ պատկերացում տալ հոգևոր կյանքի մասին, իսկ «ապացուցելը» կդառնա ընդհանրապես անհնարին։ Բայց եթե նա ունի հոգու մասին գոնե թույլ զգացողություն` այդ հոգևոր փորձի գոնե «մանանեխի հատիկը» կամ մարմրող կայծը, որը թաքնված է առօրյայի մոխրի տակ, բայց կարող է վերածվել բոցի, ապա նրան հնարավոր է կարելի լինի ցույց տալ ամբողջ էականը և հասնել փոխադարձ ըմբռնողության։
Ընդ որում ես նկատի ունեմ կենդանի փորձը, ոչ թե մեր նյութական, մարմնավոր, այլ հենց հոգևոր գոյության։ Մեզ` հողածիններիս համար սարսափելի է մտածել մահվան մասին։ Սարսափելի է պատկերացնել, որ մեր մարմնավոր բնությունը կարող է քայքայվել ու ենթարկվել նեխման։ Սարսափելի է մեզ համար, որ մեր երկրային գիտակցությունն ու ինքնագիտակցությունը կհանգչեն։ Կընդհատվի ամբողջ իմ «այստեղի» գոյությունը։ Կխանգարվի ամբողջ իմ երկրային հոգևոր-մարմնավոր կառուցվածքը։ Ի՞նչ կմնա ինձնից այդ ժամանակ։ Կամ` կմնա՞, արդյոք, որևէ բան։ Ի՞նչ կլինի ինձ հետ։ Ո՞Ւր կանհետանամ ես։ Այդ ի՞նչ խորհրդավոր չքացում է հավերժ լռության մեջ` առանց որևէ հետք թողնելու։ Հարցը հարցի հետևից է ծագում և մնում անպատասխան։ Խավար։ Վիհ։ Վախճան։ Այլևս երբեք։ Բայց և այնպես այդ տանջող առեղծվածի բանալին կա՛, կա ինչ-որ մոտեցում այդ սարսափեցնող գաղտնիքին։ Այսինքն` ոչ ոք չի կարող տալ այդ հարցի պատասխանը, միայն ինքս կարող եմ դա անել, ու միայն իմ սեփական, ներքին փորձի միջոցով։ Այդ փորձի ընթացքում ես պետք է վերապրեմ ու տեսնեմ իմ սեփական հոգևոր բնությունը և ակնհայտորեն տեսնեմ իմ հոգևոր անմահությունը։ Մինչև ես չհասնեմ դրան, ամեն մի օտար պատասխան, ինչքան էլ այն խելացի ու նուրբ ձևակերպված լինի, ինձ համար կմնա ոչ պարզ, անհամոզիչ, ոչ վերջնական, հենց միայն նրա համար, որ երկրային լեզուն այդ կացությունների և հատուկ պատկերացումների համար չունի ճշգրիտ բառեր, իսկ արտերկրային լեզուն ես դեռ պետք է ինքնուրույն սովորեմ, այսինքն` վաստակեմ այն կամ, ավելի ստույգ, ստեղծագործաբար արարեմ այն իմ մեջ, որպեսզի հասկանամ ու տիրապետեմ նրան։
Արտերկրայինը տեսնելու համար հարկավոր է իր ներսում իրականացնել ու ձևակերպել կյանքի արտերկրային կերպը, ինչից հետո էլ կառաջանա արտերկրային լեզուն... Եվ այդ ամենը` երկրային կյանքի սահմաններում։ Մեզ` երկրածիններիս համար սարսափելի է խորհել մահվան մասին, որովհետև մենք չենք կարողանում պոկվել երկրայինից, լինելու ու մտածելու զգայական-մարմնավոր կերպից, և, չկարողանալով, կառչում ենք մեր մարմնից` փրկությունից։ Մենք ընդունում ենք այն իբրև մեր «ամենագլխավորը», մեր իսկական էությունը, չնայած այն միայն Աստծո շնորհած «դուռն» է, որը մեզ մտցնում է արտաքին, նյութական աշխարհ իր ամբողջ ճնշող ծանրությամբ ու թեթևագույն գեղեցկությամբ։ Եվ երբ մենք տեսնում ենք, որ այդ «դուռը» հրաժարվում է մեզ ծառայելուց ու փոշիանում է, երբ մտածում ենք, որ մեր մարմինը կդառնա «անխոս, անշունչ» աճյունափոշի, ապա մենք շփոթված պատրաստ ենք ենթադրելու, որ դա հենց իսկական ու անհետ վախճանն է։
Մենք չենք կարող ու չպետք է արհամարհենք կամ, առավել ևս, «մերժենք» մեր մարմինը. չէ՞ որ նա է մեզ մտցնում առարկայական աշխարհ, որը լի է բանականությամբ ու գեղեցկությամբ։ Նա է բացում մեր առաջ Աստծո արարած բոլոր հրաշքները, նյութական բնության ամբողջ կարևորությունը, մաքրությունն ու վեհությունը։
Մարմինն անհրաժեշտ ու բնական գործիքն է Աստծո աշխարհին հաղորդակից լինելու համար, և քանի մենք կենդանի ենք, այն պիտի մնա մեր ազատ ու առողջ տնօրինության ներքո։ Մարմինը շնորհվում է մեզ բնավ ոչ իզուր, քանզի բնության աշխարհը, ուր նա մեզ առաջնորդում է, Աստծո մտքի խորհրդավոր ու նվիրական մարմնավորումն է։ Այնպես որ, մենք էլ ենք դառնում այդ մարմնավորման մասնակիցները, նրա կենդանի մասը, նրա օրգանական դրսևորումը։ Փառահեղ ու հրաշալի է, որ մեզ համար բացվել է այդ մուտքը... Բայց ավելի լավ է, որ նա մեր առաջ բացվում է միայն որոշ ժամանակով, իսկ հետո կխլվի ու կփակվի, քանզի մեզ սպասում է ինչ-որ ավելի բարձր, կատարյալ ու նուրբ մի բան։
ՈՒրեմն, անկասկած է, որ մեր մարմինը մեր անձի երկրային ամբողջության մասն է։ Բայց աներկբայելի է և այն, որ նա մեր հոգևոր կեցության մասը չէ։ Եվ դրանում մենք պիտի համոզվենք դեռ մեր կյանքի ընթացքում։ Մենք պիտի սովորենք չգերագնահատել մեր մարմինը և հատկացնենք նրան իր պատշաճ տեղն ու արժանավայել աստիճանը մեր գոյության մեջ։
Մարդն ընդունակ է ոչ միայն զգացական մարմնավոր փորձի։ Նրան մատչելի է և այլ, ոչ զգացական առարկայական փորձը։ Եվ մենք պետք է հասունացնենք այն, մաքրենք ու տրվենք նրան։ Մեզ ունակություն է տրված դուրս հանելու ինքներս մեզ մարմնավոր զգացողություններից ու զգացական տպավորություններից, մեր ուշադրությամբ ու հայեցողությամբ «հեռանալու» մեր հոգևոր-ոգևոր ծավալների խորքը և ազատելու մեր անձի էական միջուկը նյութականի լծից ու գայթակղություններից։ Տրվելով այդ ունակությանը և զարգացնելով այն մեր մեջ, մենք հետզհետե բացահայտում ենք մեր ոչ մարմնավոր գոյությունը և հաստատում այն, որպես ամենագլխավորն ու ամենաէականը։ Մենք ձեռք ենք բերում ոչ զգայական փորձ, որը լի է ոչ զգացական բովանդակություններով, և որը մեզ համար հավաստի է դարձնում հոգևոր օրենքների ու առարկաների գոյությունը։ Եվ առաջինը, որ մեզ բացահայտվում է այդ պահին, մեր սեփական հոգևոր անձն է։
Իմ հոգևոր «ես»-ը բացահայտվում է այն ժամանակ, երբ համոզվում եմ, որ ես ստեղծագործող էներգիա եմ, այնպիսի էներգիա, որը նյութական չէ, բայց կոչված է տիրապետելու իր մարմնին, ինչպես խորհրդանիշի, գործիքի կամ հանդերձի։ Այդ հոգևոր էներգիան ընդունակ է ոչ միայն չծառայելու իր երկրային մարմնին, այլև իշխելու նրա վրա։ Այն զորու է շեղվելու մարմնից և հաղթահարելու նրան, այն չի ընդունում մարմինը որպես «բոլոր իրերի չափանիշ»։ Այդ ստեղծագործող էներգիան ապրում է հանուն այլ արժեքների ու ծառայում այլ նպատակների։ Նրա չափանիշներն ուրիշ են։ Նրան բնորոշ են միանգամայն այլ կերպեր, կյանքի այլ օրենքներ, այլ ուղիներ և վիճակներ, քան մարմիններին կամ ընդհանրապես նյութին։ Դրանք հոգևոր ինքնուրույնության ու ազատության կերպերն են, դրանք հոգևոր արժանապատվության և պատասխանատվության օրենքներն են, դրանք հոգևոր մաքրման ու ինքնակատարելագործման ուղիներն են, դա անմահության և Աստվածորդի լինելու վիճակն է։ Այդ էներգիան ի սկզբանե և իրապես Աստծո կայծն է, ու մարդը կոչված է ընդունելու և իր մեջ ամրացնելու Աստծո այդ կայծը, որպես իր իսկական ու սեփական էություն։ Մարդը պետք է տրվի այդ հոգևոր կայծին, նրա մեջ կորցնի ինքն իրեն և դրանով իսկ վերագտնի իրեն։ Այդ ժամանակ նա ինքը կդառնա Աստծո կայծ և կկարողանա դարձնել այն մի ամբողջ բոց, իսկ ինքը կդառնա ոգու անկեզ մորենի, որի բոցն ամբողջովին պիտի համակի մարդուն և նրան դարձնի Աստծո երկրային փարոս։ Այսպիսով, այս կյանքի զարգացման մեջ Աստծո կայծը մարդեղանում և անհատականանում է, իսկ մարդն արդարացնում է իր գոյությունն ու օծվում իր արվեստում։ Մարդը դառնում է Աստծո գեղարվեստական ստեղծագործության, Նրա Լույսի անձնական կանթեղ, Աստծո Ոգու անհատական մեհենագիր (հիերոգլիֆ)... Եվ նա, ով գոնե փոքր-ինչ հպվել է միաձուլման այդ գաղտնիքին, մարդկային հոգու մեջ Աստծո կատարածին, անմիջապես կհասկանա ու կընդունի սուրբ Սերաֆիմ Սարովսկու խոսքը. «Աստված հոգ է տանում մեզնից յուրաքանչյուրի մասին, ասես նա Իր միակն է»։ Եվ հանկարծ ես լսում եմ, որ Աստծո այդ անձնավորված կայծը, Նրա Ոգու գեղարվեստական ստեղծագործությունը, որում զուգակցվել ու միավորվել են Աստծո շնորհը և մարդու անձնական ազատությունը, կարող է կործանվել, քայքայվել ոչնչության, դատարկության ու մահվան մեջ... Եվ ես պետք է լո՞ւրջ վերաբերվեմ ու հավատա՞մ կուրացած մարդկանց այդ սնամտությանը։ Այդպես հոգեպես կուրացած մարդիկ սրբությամբ հավատում են երկրային մատերիայի ու ֆիզիկական էներգիայի պահպանման օրենքին. դա իրենց համար հավաստի է, դրան նրանք չեն կասկածում։ Եվ հենց այն պատճառով, որ ոգին ոչ նյութ է, ոչ ֆիզիկական զորություն, այն, նրանց կարծիքով, կամ բոլորովին գոյություն չունի, կամ անհետ ոչնչանում է... Ոգին այն ամենաազատ ու ամենաինտենսիվ էներգիան է, որը կոչված է անտեսանելին տեսնելու, արտազգայականի ընկալման, անմահ բովանդակությունների հետ վարվեցողության, հենց այդ վարվեցողության մեջ հասնելով իր սեփական կոչմանն ու անմահությանը... Ինչպիսի խղճուկ փորձ է մահվան մասին երկրային աշխարհի ամենասին մտքերը հավիտենական ու անանց կացությունների ոլորտ տեղափոխելը։
Կա մեծ Արվեստագետը, որը ստեղծել է արտաքին աշխարհը իր բոլոր հոյակապ օրենքներով և խիստ անհրաժեշտություններով, որը մինչև հիմա շարունակում է ստեղծել մարդկային հոգիների աշխարհը` նրա հիասքանչ ազատությամբ և անմահությամբ։ Մենք Նրա կայծերն ենք, Նրա արվեստի գործերը, Նրա երեխաները։ Եվ հենց այդ պատճառով անմահ ենք։ Եվ մեր երկրային մահը ոչ այլ ինչ է, եթե ոչ մեր արտերկրային ծնունդը։ Ճիշտ է, մարդուն հազվադեպ է հաջողվում իր ազատությունն ամբողջովին հանaձնել Աստծո բոցին, հազվադեպ է մարդն իր ամբողջ ազատությամբ դառնում Ոգու կատարյալ գեղարվեստական ստեղծագործություն։ Բայց ամեն մարդ ունի իրեն հասանելի կատարելության որոշակի աստիճան։ Ամբողջ կյանքի ընթացքում նա հասունանում է` բարձրանալով դեպի այդ աստիճանը, ամբողջ կյանքի ընթացքում նա հասունանում է մահանալու համար։ ՈՒ նրա երկրային մահը վրա է հասնում այն պահին, երբ նա արդեն բարձրանալու տեղ չունի, ոչինչ չկա, որին պետք է հասնի, երբ նա հասունացել է երկրային կյանքին հրաժեշտ տալու համար։
Բարեկա՛մս։ Մեծ երջանկություն էր, որ ինձ տրվեց Աստծո աշխարհը տեսնելու, նրա ձայնը լսելու, նրա կենդանի շունչն ըմբռնելու շնորհը, թեկուզ թռուցիկ, աղքատիկ ու խեղճ... Չէ՞ որ ես միշտ գիտեի ու հիշում էի, որ դրա հետևում դեռ գեղեցկության, վեհության ու խորհրդավոր նշանակալիության անսահման հարստություն կա, որը ես չեմ կարող ըմբռնել, որն ինձ համար կորչում է։ Բայց և այնպես ինչ երջանկություն է, որ ինձ վիճակվեց այցելել Աստծո այդ պարտեզը։ Մեծ երջանկություն էր, որ ես ոչ միայն կարողացա տեսնել այդ աշխարհը, այլև իմ կյանքով մասնակցել այդ կյանքին, որ ես կարողացա շնչել, սիրել ու տառապել, գործել ու սխալվել, գնալ մաքրման ուղիով, հավատալ և աղոթել, որ ես կարողացա ապրել և հասունանալ մահանալու համար...
Իսկ հետո ես պետք է կանչվեմ, ասես արդեն հասունացած այդ կանչման համար և ասես արդեն արժանի դարձած հաղորդվելու նոր, աննկարագրելի արտերկրային հարստությանը, որպեսզի ըմբռնեմ դա ինչ-որ նոր, ներքին, անմիջական կերպով։ Այն ամենը, ինչը ես բաց եմ թողել և կորցրել, ինչը ես, զգացական-սահմանափակ երկրային էակ լինելու պատճառով, չեմ կարողացել ըմբռնել, և որում ես աղոտ կերպով զգում էի կամ երանելիորեն նախազգում էի իմ Արարչի շունչը, այդ ամենը և ավելի հիասքանչն այնտեղ ինձ են սպասում ու կանչում։ Այդ ամենը կբացահայտվի ինձ համար նորովի` արտերկրային տեսքերով ու տեսիլքներով։ Այդ ժամանակ ես գոյը կըմբռնեմ ոչ թե որպես ինձ համար արտաքին առարկա, այլ որպես ազատ ու երանելի հաղորդակցություն նրա էությանը, և դա կլինի մի ստեղծագործ նմանացում, որից իմ ոգին կհարստանա` չկորցնելով անձնական կերպը, այլ կատարելագործելով այն։ Ես դեռ պետք է ամեն ինչ տեսնեմ ու ըմբռնեմ` չկորցնելով իմ ինքնությունը, յուրացնեմ այն ամենը, ինչից ինձ զրկել էր երկրային սահմանափակությունը, ցնծությամբ ճանաչեմ Աստծո հարստության բոլոր հրաշքները, որոնք արդեն հայտնվել են ինձ կամ դեռ չեն բացահայտվել իմ երկրային կյանքի նախազգացումների, երազանքների ու հայեցությունների մեջ։
Ինձ սպասում է երկար ու երանելի վերելք դեպի իմ Արարիչը, իմ Հայրը, Փրկիչը և Մխիթարիչը` հիացմունքի, աղոթքի, մաքրման, գոհանալու, աճելու և հաստատվելու ճանապարհին։ Եվ դրանում է իմ անմահության իսկական իմաստը, քանզի ամենայն անկատարելություն հաճելի չէ Աստծուն և տեղին չէ Նրա արարման մեջ... Այսպես եմ հասկանում մարդկային ոգու անմահությունը։
Տպագրության պատրաստեց
Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 2842

Մեկնաբանություններ