Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 

Հոգևոր դիվանագիտության որոշ սկզբունքներ

Հոգևոր դիվանագիտության որոշ սկզբունքներ
29.09.2023 | 19:18

Սկիզբը՝ այստեղ

Քանի որ այս ոլորտը շատ ընդգրկուն է, ես կփորձեմ համառոտ ներկայացնել, թե ինչ խնդիրներով է այն զբաղվում, և ինչ սկզբունքների ու օրինաչափությունների մասին է խոսքը։ Բացի արդեն իսկ ներկայացված արժեքներից, հոգևոր դիվանագիտությունն ունի ևս մեկ կարևոր առանձնահատկություն՝ հիմնված է բազմավեկտորության վրա, սակայն էապես տարբերվում է այդ երևույթի քաղաքական հայտնի իմաստից։ Այն ունի մեկ հիմնական առանցք, այսինքն՝ բոլոր վեկտորները այդ առանցքն են սպասարկում, այն է՝ հայոց ինքնության պահպանումը, զարգացումը և տարածումը ողջ աշխարհում։ Նշեմ մեկ կարևոր հանգամանք ևս․ չկա չհաջողվելու ուրիշ ոչ մի պատճառ՝ բացի անկազմակերպ, անիմաստ ու աննպատակ գործողություններից։ Օրինակ՝ երբ անուշադիր լինելու պատճառով գլուխդ խփում ես գերանին կամ պատին, միայն քո գլուխն է մեղավոր, թե չէ գերանն ու պատը միշտ էլ կան։ Կամ, ենթադրենք, չես նկատել ճանապարհային նշանը կամ գրությունը, գնացել ընկել ես փոսը և մեղավորներին քո շուրջն ես փնտրում․ այստեղ ծնվում է դավադրության տեսությունը։ Քո ամբողջ ռեսուրսներն ու էներգիան վատնում ես այդ անիմաստության վրա, սակայն իրականում միայն մի հոգի է մեղավոր՝ դու ինքդ։ Նշանն ու գիրը կային իհարկե, բայց դու նշանից բան չես հասկանում, իսկ գիրը քեզ համար չէ․ ե՞րբ ես դու գիրք կարդում։ Մինչդեռ ելք պիտի փնտրես հենց դու, և այդժամ օգնող ձեռքը կհայտնվի։

Այսքան երկարեց խոսքս, քանի որ այդպես էլ ոչ մի խելամիտ բան չենք ընդունում և շարունակում ենք կաղալ քաղաքական դաշտում։ Հիշե՛ք, երբ չընդունելով քեզ պատվիրված իմաստությունը և գիտության ձեռքբերումները՝ պատ ես շարում, այն կփլվի։

Այժմ հարցեր, որոնք պիտի լուծվեն՝ մենք ու աշխարհը, մենք ու մենք, ես ու մենք, և սրանց հակադարձ հարցերը՝ աշխարհն ու մենք, մենք ու մենք, մենք ու ես։ Ասեմ, որ մենք աշխարհի քաղաքական դիվանագիտության մեջ միշտ ներկա ենք ուրիշի դեմքով, մինչդեռ որպես հավաքականություն և որպես ազգ բացակայում ենք և ամենակարևորը՝ որևէ արժեքավոր լրացում մինչ օրս չենք կատարել ազգերի ու պետությունների զարգացման ու խաղաղ գոյակցության նպատակով։ Ունե՞նք գոնե մի դիվանագետ, որն այս հարցին կարող է պատասխանել, թե՞ մեզ լրիվ ձեռնտու է ուրիշների ծրագրերով ընթանալը։ Ասեմ, որ հոգևոր դիվանագիտությունն ընդունում է ցանկացած բարձրորակ արժեք, բայց այն ծափահարելու համար գլուխ ու ձեռքեր պետք է ունենալ, հակառակ դեպքում կլինես միայն կոճակ սեղմող։

Շարունակելի

Վանո Դադոյան

Դիտվել է՝ 2982

Մեկնաբանություններ