ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ժոզեպ Բորել. Ռուսաստանը երկխոսություն չի ցանկանում, պետք է եզրակացություններ անել

Ժոզեպ Բորել. Ռուսաստանը երկխոսություն չի ցանկանում, պետք է եզրակացություններ անել
10.02.2021 | 11:47

Ժոզեպ Բորելին քննադատում են, որ նա իբր չափազանց հնազանդ է եղել համառ Սերգեյ Լավրովի հետ: Բորելը իր բլոգում պատասխանել է, որ իրականում զրույցը շատ լարված էր: ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը, պատասխանելով Մոսկվա իր այցի արդյունքների կտրուկ քննադատությանը, ինքն է կոշտ հայտարարություն արել, որ Ռուսաստանի իշխանությունները երկխոսություն չեն ցանկանում և ԵՄ-ն պետք է մտածի պատասխանի մասին՝ ներառյալ պատժամիջոցները: «Մամլո ասուլիսի ագրեսիվ դրամատուրգիան և իմ այցի ժամանակ երեք դիվանագետների արտաքսումը վկայում են, որ ռուսական իշխանությունները չեն ցանկանում օգտագործել այդ հնարավորությունը ԵՄ-ի հետ ավելի կառուցողական երկխոսության համար»՝ գրել է Ժոզեպ Բորելը իր պաշտոնական բլոգում: «Մենք ԵՄ-ում պետք է եզրակացություններ անենք՝ հանգամանալից մտածելով Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների մասին, և առաջ շարժվենք՝ համաձայնեցված ու վճռական»՝ գրել է Բորելը:


Ժոզեպ Բորելը փետրվարի 4-6-ին Մոսկվայում էր, որ քննարկի Նավալնու գործը և Ռուսաստան-Եվրամիություն հարաբերությունները: Բլոգում գրառումը հայտնվել է փետրվարի 7-ին, երբ եվրոպացի բազմաթիվ քաղաքական գործիչներ, դիվանագետներ, վերլուծաբաններ այցի արդյունքները որակեցին աղետ, ձախողում ու եվրոպական դիվանագիտության ստորացում: «Իմ հանդիպումը նախարար Լավրովի հետ և ՌԴ իշխանության ազդանշանները այցի ժամանակ, հաստատեցին, որ Եվրոպան ու Ռուսաստանը տարբեր կողմեր են գնում: Թերևս Ռուսաստանն իրեն ավելի է առանձնացնում Եվրոպայից և ժողովրդավարական արժեքները գնահատում է իբրև էքզիստենցիալ սպառնալիք»՝ գրում է Ժոզեպ Բորելը: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց, որ «զարմացած է» Բորելի շարադրանքից, որովհետև Մոսկվայում մամլո ասուլիսում նա այդօրինակ տեսակետներ չի ներկայացրել: Հենց դրա համար էլ նրան հիմնականում քննադատում են Եվրոպայում:


«Գուցե Բրյուսելում եվրադիվանագիտության ղեկավարին բացատրել են՝ ինչ շեշտադրումներ պիտի աներ, բայց դա միայն հաստատում է՝ թե իրականում ինչ և ով է ձևավորում ԵՄ քաղաքականությունը»՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն՝ չբացատրելով՝ ու՞մ և ի՞նչ նկատի ունի: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վարքագիծը վկայում է, որ Մոսկվան ԵՄ-ի հետ երկխոսություն չի ցանկանում՝ վճռել է Ժոզեպ Բորելը: ԵՄ քաղաքականությունը ձևավորվում է Եվրոպական խորհրդում, այսինքն՝ նախարարների և պետությունների ու կառավարությունների ղեկավարների խարհրդակցություններում՝ հենց դա էլ իր բլոգում հիշեցրել է Ժոզեպ Բորելը: «Մենք կքննարկենք այդ հարցերը ԵՄ ԱԳ նախարարների հետ: Եվ ինչպես միշտ՝ հետագա քայլերի որոշումը կընդունեն միության անդամները, և, այո, այդ քայլերը կարող են ներառել պատժամիջոցներ»՝ գրել է եվրադիվանագիտության ղեկավարը: ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումը փետրվարի 22-ին է, մարտի 25-26-ին Ռուսաստանի հետ հետագա հարաբերությունների հարցը կքննարկվի վարչապետերի ու նախագահների սամիթում:
Բորելի քննադատները նրան մեղադրում են, որ չի փորձել հանդիպել Ալեքսեյ Նավալնիի հետ և բավարար կոշտությամբ չի պաշտպանել նրան: Բորելը պատասխանում ՝է, որ իր թիմի անդամները հանդիպել են Նավալնիի աջակիցների հետ, ինքը չէր կարող Նավալնիին հանդիպել, որովհետև ուրբաթ օրը, երբ այցի շրջանակներում նախատեսված հանդիպումներն էին, Նավալնին դատարանում էր:
«ՌԴ ԱԳ նախարարի հետ քննարկումները ժամանակ առ ժամանակ լարման բարձրակետում էին, որովհետև ես կոչ արեցի անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակել պարոն Նավալնիին, և անցկացնել նրա դեմ մահափորձի ամբողջական ու անաչառ հետաքննություն» պատմել է Բորելը բլոգում:
BBC


Հ.Գ. Փաստացի՝ փետրվարի 22-ին ու մարտի 25-26-ին ԵՄ սամիթներում միմյանց հետ հանդիպելու են եվրապոպուլիզմն ու եվրապրագմատիզմը: Նավալնին հանգամանքների բերումով դարձել է սիմվոլ, որ մարմանավորում է Արևմուտքի հակակրանքը Ռուսաստանի իշխանությունների նկատմամբ, իրականում Բրյուսելն էլ, Վաշինգտոնն էլ մեծ հաշվով կոնկրետ Նավալնու անձով չեն հետաքրքրված, այլ՝ Ռուսաստանի քաղաքականության իրենց համար անընդունելի դրսևորումներով: Եվ հիմա եկել է ժամանակը, որ Արևմուտքը իր համար կայացնի շրջադարձային որոշում՝ շարունակու՞մ է պատժամիջոցների անիմաստ քաղաքականությունը, թե Ռուսաստանի հետ գնում է բովանդակային երկխոսության: Առաջինը ամենահեշտն է, բայց՝ ամենաանիմաստը և արդյունքների տեսակետից զրոյականը, երկրորդը ամենադժվարն է, բայց՝ ամենաարդյունավետը և իրավիճակի փոփոխություններ բերողը: Բրեկզիտից ու ԱՄՆ-ում Ջո Բայդենի իշխանության գալուց հետո երկրորդ ճանապարհն ընտրելու նոր հնարավորություններ են բացվել: Միայն առաջին հայացքից են ՌԴ-ԵՄ հարաբերությունները մեզ համար օտար խաղեր: Համաշխարհային քաղաքականության բոլոր փոփոխություններն են ազդելու մեր տարածաշրջանի ու մեր երկրի վրա: Սեպտեմբերին սկսված պատերազմը հետևանք էր ԱՄՆ-ի համաշխարհային ասպարեզից հեռանալու Դոնալդ Թրամփի քաղաքականության, որի ածանցյալն էր Եվրոպայի պասիվացումը: ՌԴ-Արևմուտք հարաբերությունների հնարավորինս վերականգնումը բխում է ՀՀ-ի շահերից: Նոր հնարավորություններ են ստեղծվելու թե քաղաքական, թե առևտրատնտեսական զարգացման համար, երբ Ռուսաստանը դադարի արգելակել Հայաստանի կապերին Արևմուտքի հետ՝ այլևս Արևմուտքն իրեն թշնամի չհամարելով: Դա կնպաստի նաև ՀՀ ազգային անվտանգության դիվերսիֆիկացմանը՝ խորացնելով կապերը ՆԱՏՕ-ի հետ, մասնակցելով ՆԱՏՕ-ի զորավարժություններին մեր տարածաշրջանում և զենքեր գնելով նաև Արևմուտքից: Հենց այն զենքերը, որոնց պակասը մեր պարտությանը հանգեցրեց ՆԱՏՕ-ի բանակի ռազմավարությամբ ու ՆԱՏՕ-ի անդամ պետության՝ մեր դեմ մղված պատերազմում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 14303

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ