ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Էրդողանը՝ Բաքվում

Էրդողանը՝ Բաքվում
12.12.2020 | 11:34

Հինգշաբթի օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ընդունեց հաղթանակի շքերթը Հայաստանի դեմ պատերազմում: Բաքվում Էրդողանը նորից հայտարարեց, որ Հայաստանին անհրաժեշտ է փոխել իշխանությունը, առաջարկեց ստեղծել տարածաշրջանային համագործակցության միջազգային խումբ, որին կարող է մասնակցել նաև Հայաստանը: Թուրքական ու ադրբեջանական դրոշներով զարդարված Բաքվի փողոցներով անցան 3000 թուրք զինվորներ, ներառյալ թուրքական ու իսրայելական դրոնները և հայկական ռազմավար մարտական տեխնիկան: Ալիևն Էրդողանին անվանեց եղբայր, խոստացավ նրա հետ մեկնել Ղարաբաղ և հաստատեց թուրքական դրոնների առանցքային դերը Ղարաբաղի պատերազմում: «Այսօր ադրբեջանական-թուրքական միությունը մեծ նշանակություն ունի ոչ միայն մեր երկու ժողովուրդների համար, այլև տարածաշրջանի ու ամբողջ աշխարհի»՝ հայտարարեց Իլհամ Ալիևը: Բաքվի երկնքով թռչում էր մարտական ավիացիան երկու երկրների դրոշներով: Թուրքիայի ակտիվ ռազմական աջակցությունը Ադրբեջանին անակնկալի բերեց փորձագետներին ու քաղաքական գործիչներին տարածաշրջանում: Վերլուծաբանները նշում են, որ թուրքական տեխնոլոգիաներն ապահովեցին գերակայությունը Ղարաբաղի երկնքում ու վճռեցին պատերազմի ելքը: Բաքվի շքերթում զորասյուներով անցան և Թուրքիայի բանակի զինծառայողները, նաև ադրբեջանական նավատորմի, հատուկ ջոկատայինների, սահմանապահ զորախմբի ու հետախուզության:


Թեպետ սովետական ու ռուսական զենքը նախկինի պես երկու կողմերի սպառազինության հիմքն է, շքերթում ներկայացված էին Ադրբեջանի զինված ուժերի վերջին տարիների գնումները այլ երկրներից, որ նրանց ռազմավարական գերազանցություն ապահովեց: Առաջին հերթին թուրքական հարվածային անօդաչուները՝ Bayraktar TB2-ները, իսրայելական Harop-ները և SkyStriker-ները, հետախուզական Hermes, Aerostar и Orbiter դրոնները, նաև թուրքական, չեխական, բելառուսական և իսրայելական հրանոթային կրակի և հրթիռային համակարգերը: Շքերթում Էրդողանը դիմել է և Օսմանյան կայսրության պատմությանը և Հայաստանում իշխանափոխության հույս է հայտնել՝ առաջին հերթին հնարավոր համարելով դիվանագիտական հարաբերությունների նորմալացումը: Նա արդեն սեպտեմբերի 27-ին դրա կոչն արել էր՝ մարտական գործողությունների սկզբին. «Եթե Երևանը դրական քայլեր ձեռնարկի Անկարայի առնչությամբ, մենք կբացենք սահմանները: Մենք ցանկություն չունենք մշտապես փակ պահել սահմանները հարևան երկրի հետ»: Էրդողանը շքերթում հիշեց Էնվեր փաշային, Նուրի փաշային և Կովկասյան իսլամական բանակը: Օսմանյան նախարար Էնվեր փաշան անհաջող հարձակում էր ձեռնարկել ռուսական Կովկասում առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Որոշ պատմաբաններ նրան անվանում են 1915-ին հայերի զանգվածային սպանությունների նախաձեռնողներից մեկը, որ Ռուսաստանը, Ֆրանսիան, Կանադան և այլ երկրներ ճանաչել են ցեղասպանություն, բայց Թուրքիայի կառավարությունը պնդում է, որ դա կազմակերպված տեղահանություն էր: Նուրի փաշան գրավեց բրիտանացիների օկուպացրած Բաքուն 1918-ին, հետո էլ կռվում էր հայերի ու սովետական ջոկատների դեմ Ղարաբաղում:
Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների նորմալացման անհրաժեշտության մասին այս շաբաթ խոսել է և Հայաստանի իշխող կուսակցության խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը, սակայն նրա հայտարարությունը հակասական արձագանք գտավ հասարակության մեջ:
Էնվեր փաշային Էրդողանի հիշատակելը շքերթի ժանանակ զայրացրեց հայ հասարակությանը: Թուրքիայի նախագահը մեղադրեց հայերին ռազմական հանցագործությունների մեջ՝ մզկիթների, գյուղերի ու քաղաքների ավերման: Հայաստանում ժխտում են այդ մեղադրանքները և Ղարաբաղի հայերին անվանում են Թուրքիայի, Ադրբեջանի, արտասահմանցի վարձկանների ագրեսիայի զոհ: Էրդողանը պնդում է, որ հայերի նկատմամբ ատելություն չունի՝ նրա խոսքով՝ բոլոր պրոբլեմները Հայաստանի ղեկավարության հետ են: Ալիևը հավակնություններ ներկայացրեց Հայաստանի տարածքի նշանակալից մասի նկատմամբ, այդ թվում՝ Երևանի: Նա պատմական ադրբեջանական տարածք անվանեց Զանգեզուրը. (Հայաստանի Սյունիքի մարզը), մայրաքաղաք Երևանը և Սևանա լիճը: Ալիևը կոչ արեց վերջ դնել թշնամությանը, բայց Հայաստանի տարածքներն անվանեց պատմական ադրբեջանական: Նա կոչ արեց վերջ դնել թշնամությանը տարածաշրջանում և առաջարկեց ստեղծել ընդհանուր տարածաշրջանային պլատֆորմ, որտեղ կհամագործակցեն Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան. «Եթե Հայաստանի ղեկավարությունը պատերազմից ճիշտ դասեր քաղի և հրաժարվի իր անհիմն հավակնոթյուններից ու նայի դեպի ապագա, այդ դեպքում կարող են իրենց տեղն ունենալ այդ պլատֆորմում»:


Պատերազմի ամբողջ ընթացքում Թուրքիան իր համար առանձնահատուկ դերի էր ձգտում Ղարաբաղի հարցով բանակցություններում՝ շրջանցեով ԵԱՀԿ Մինսկի խումբը, սակայն միջազգային խաղացողները մերժեցին այդ առաջարկը՝ մասնավորապես՝ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը:
Պատերազմն ավարտվեց նոյեմբերի 9-ին՝ Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների հայտարարության ստորագրությամբ: Ադրբեջանում այդ ելքը անվանում են հաղթանակ՝ երկիրը վերահսկողություն է ստացել պատերազմում գրաված տարածքների և ղարաբաղյան առաջին պատերազմում հայկական ուժերի օկուպացրած տարածքների վրա: Հայաստանում այդ ելքը շատերը համարում են կապիտուլյացիա և պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ նրան համարելով դավաճան: Լեռնային Ղարաբաղի մի մասը մնացել է հայկական ուժերի վերահսկողության տակ և նրա սահմանին տեղակայվել են 2000 ռուս խաղաղապահներ: Խաղաղապահները ու ռուսական ԱԻՆ-ի ներկայացուցիչները օգնում են հայ փախստականներին վերադառնալ Ղարաբաղ, ՌԴ ՊՆ տվյալներով արդեն 36000 մարդ վերադարձել է: Ռուս բժիշկները բուժում են տեղացիներին՝ դաշտային հոսպիտալներում, սակրավորները ականազերծում են տարածքը:
BBC


Հ.Գ. Վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Բաքվում արած հայտարարություններին. «Խստորեն դատապարտում ենք այսօր Բաքվում Ադրբեջանի ղեկավարի հնչեցրած սադրիչ հայտարարությունները: Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումների վերաբերյալ բարձրաձայնումը լրջագույն կասկածի տակ է դնում Ադրբեջանի պատրաստակամությունը խաղաղության հաստատման հարցում և նպատակաուղղված վտանգում է տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը»: Վարչապետի խոսնակը հավելել է, որ Ադրբեջանի նախագահի պնդումները, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով լուծել է ղարաբաղյան խնդիրը, «ևս մեկ անգամ ի ցույց են դնում, թե ով է պատերազմի և ուժի կիրառման նախաձեռնողը և ով է տարածաշրջանը փորձում տանել հետագա ապակայունացման և փորձության ճանապարհով»:


«Այս հայտարարությունները առավել քան այժմեական են դարձնում արցախահայության ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը՝ որպես արցախահայության նկատմամբ ադրբեջանական ցեղասպան նոր նկրտումները կանխելու միջոց: Այս հայտարարությունները հակասում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոգուն և դրույթներին: Սպառնալիքի դիրքերից հայ ժողովրդի հետ խոսելը դատապարտելի է և չի կարող բերել Հարավային Կովկասում տեւական կայունության», - ընդգծել է Մանե Գևորգյանը: Նա նշել է նաև, որ խիստ դատապարտելի է Հայոց ցեղասպանության «ճարտարապետների՝ երիտթուրքական գաղափարախոսների փառաբանումը Թուրքիայի նախագահի կողմից»։ «Նման դրսևորումները կասկածի տակ են դնում Թուրքիայի հայտարարությունները՝ այդ թվում տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատմանը նպաստելու պատրաստակամության վերաբերյալ», - հայտարարել է վարչապետի խոսնակը:
Իրանում Թուրքիայի դեսպանին հրավիրել են ԱԳՆ և հայտնել են, որ «Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ մեկին թույլ չի տա խախտել տարածքային ամբողջականությունը»՝ հաղորդել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաեդ Խաթիբզադեհը:


Նրա փոխանցմամբ, Թուրքիայի դեսպանին փոխանցվել է, որ «տարածքային ոտնձգությունների և կայսերական ռազմատենչ ծավալապաշտության դարաշրջանը վաղուց անցյալում է մնացել»: Երեկ ելույթ ունենալով Բաքվում՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտին նվիրված զորահանդեսում, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեջբերել է «Արազ» գետի (Արաքսի) մասին բանաստեղծությունից մի տող, ըստ որի «գետը երկրների միջև ուժով են կիսել»: Արազ գետը (Արաքսը) համարվում է Ադրբեջանի և Իրանի երկու ադրբեջանալեզու գավառների (Արևելյան և Արևմտյան Ադրբեջանի) միջև անցնող բնական սահմանագիծ: Էրդողանի ուղերձը Թեհրանում շատերն ընկալել են որպես Իրանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված պանթուրքիստական գաղափարների դրսևորում:


Իրականում Էրդողանն ու Ալիևը պաս էին խաղարկում Մոսկվային, պատահական չէ, որ Կրեմլը կամ Սմոլենսկի հրապարակը ոչ մի մեկնաբանություն չեն տվել: Ընդամենը Կոնստանտին Զատուլինն է հիշեցրել, որ Էնվեր փաշային սպանել է արցախցի Հակոբ Մելքոնյանը: Իրանի պատասխանը Էրդողանին իսկզբանե փլուզում է նրա կովկասյան հարթակը, որ ընդամենը թուրքական էքսպանսիայի նոր ձևաչափ ստեղծելու փորձ է: Պատահական չէ, որ երեկ էլ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Հարավային Կովկասում վեցյակի հարթակ ստեղծելու նախաձեռնության շրջանակներում համագործակցությունը շահավետ կլինի Երևանի համար: «Եթե Հայաստանը միանա այս գործընթացին և դրական քայլեր ձեռնարկի այս ուղղությամբ, կարող է նոր էջ բացվել Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններում», - Էրդողանի խոսքը մեջբերում է «Daily Sabah»-ը: Նա ասել է, որ ռուսական կողմը դրական է արձագանքել վեցյակի պլատֆորմի նախաձեռնությանը, թեպետ ռուսական կողմից որևէ հրապարակային արձագանք չի եղել: Վրաստանը ևս չի արձագանքել: Հայաստանի ու Թուրքիայի պատերազմները ոչ առաջինն էին, ոչ վերջինը, մենք ու թուրքերը կռվել ենք իրար դեմ այն պահից, երբ 1000 տարի առաջ թյուրքական ցեղերը ներխուժեցին Հայկական լեռնաշխարհ, և դեռ կռվելու ենք, որովհետև նրանց ագրեսիվ տարածքային նկրտումները չեն դադարելու, իսկ մենք արդեն կորցնելու տարածք չունենք: 21-րդ դարի պատերազմները մեկ նպատակ ունեն՝ տարածք նվաճել ու էթնիկ զտումներ անել, որ տեղաբնիկները կամ հեռանան, կամ սպանվեն: 100 տարի առաջ այդ կռիվներին խառնվեցին ռուսները, և 1920-ին հանձնեցինք Կարսը, 2020-ին՝ Շուշին…


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 12560

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ