ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Լեռնային Ղարաբաղ՝ այսպես կարող է սկսվել Կովկասում հաջորդ պատերազմը

Լեռնային Ղարաբաղ՝ այսպես կարող է սկսվել Կովկասում հաջորդ պատերազմը
05.12.2020 | 10:49

Հրանոթները լռեցին, ռուս խաղաղապահները բաժանեցին հայերին ու ադրբեջանցիներին և պահպանոմ են հայկական հնադարյան վանքերը, որ ադրբեջանցի զինվորներն ու սիրիացի վարձկանները չքանդեն: Հրադադարի վերահսկման թուրք-ռուսական համատեղ կենտրոնը շուտով կսկսի աշխատել Լեռնային Ղարաբաղի Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածում: Միսնսկի խմբի ամերիկացի ու ֆրանսիացի դիվանագետները փորձում են նորից գործարկել դիվանագիտական գործընթացը, որ ընդհատվել էր, երբ ադրբեջանական ուժերը Թուրքիայի աջակցությամբ հանկարծ հարձակվեցին Արցախի վրա: Կարող է թվալ՝ պատերազմն ավարտված է, բայց արևմտյան դիվանագետները պետք է զգոնությունը պահպանեն՝ Լաչինի միջանցքի՝ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հայկական մասին կապող ցամաքային ճանապարհի աշխատանքի պայմանները լիովին որոշարկված չեն: Երթուղին առաջվա պես վտանգավոր է, և խաղաղ բնակիչների վրա կրակում են դիպուկահարները, առևանգում են նրանց՝ չնայած ռուս խաղաղապահների ներկայությանը: Լաչինը, գուցե նյարդայնացնում է, բայց բնավ էլ գլխավոր պրոբլեմը չէ: Նոյեմբերի 10-ի հրադադարի հայտարարությունը հապճեպ կազմված փաստաթուղթ է:

Նոր պատերազմի սերմեր կարող է ցանել վերջին կետը. «Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել փոխադրումն ապահովելու նպատակով երկու ուղղություններով»: Երկու պրոբլեմ կա, առաջինը՝ Հայաստանով բաժանված՝ Ադրբեջանի երկու մասերի միջև հաղորդակցության վերաբերյալ ձևակերպումը: Ենթադրվում է, որ ավտոմոբիլային ճանապարհով կամ երկաթուղիով գործը չի ավարտվի և Հայաստանի տարածքը կշարունակի մասնատվել հետագայում էլ: Դա կործանում է հույսերը, որ հրադադարին կհաջորդի խաղաղություն, բայց դա ինքնին հազիվ թե դառնա պատերազմի պատրվակ: Երկրորդ պրոբլեմը Թուրքիայի բեռնատարների շարժումն է, որ կգնան նոր երթուղով ինչպես թուրքական ազդեցությունը Ադրբեջանում մեծացնելու, այնպես էլ ընդլայնելու Թուրքիայի տնտեսական ու մշակութային կապերը Միջին Ասիայի հետ: Եթե ամեն ինչ հարթ անցնի, ոչինչ: Բայց եթե թուրք վարորդին դիպուկահար խփի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կմեղադրի Հայաստանին ու կպահանջի ստեղծել բուֆերային գոտի՝ անվտանգ երթևեկի ապահովման համար: Այս սցենարն ամենևին մտացածին չէ, բավական է հիշել Ռեյխստագի հրկիզումը կամ ահաբեկչական գործողությունները կեղծ դրոշի տակ: Չափազանց հաճախ են Թուրքիայի ներսում որոշ տարրեր ճգնաժամեր սադրում, որ հետո Անկարան փորձում է օգտագործել իր շահերի համար: Էրդողանը արդեն ձեռք է բերել նոր տարածքներ՝ պահանջելով ստեղծել բուֆերային գոտիներ «ահաբեկչության դեմ պայքարի համար», նա հաստատ կկիրառի նույն մարտավարությունը: Թուրքիայի ուժերը ամրացան Սիրիայի հյուսիս-արևելքում՝ թուրքական անձնագրեր են տալիս, պարտադրում են թուրքական կրթություն ու կառուցում են թուրքական փոստատներ: Եթե Էրդողանի քայլերը հյուսիսային Սիրիայում թելադրվում էին էթնիկ շովինիզմով ու քրդերով, նրա ներկա գործողությունները ներծծված են հայերի ու քրիստոնեության նկատմամբ արհամարհանքով: Հազիվ թե պատահականություն է, որ թուրք-ադրբեջանական հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա նա համըկեցրեց 1920-ին Հայաստան թուրքական ներխուժման հետ:


Հայաստանի ոչ մի կառավարություն, ոչ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ոչ որևէ ընդդիմադիր գործչի, չի համաձայնի թուրքական ուլտիմատումի հետ և չի հանձնի վերահսկողությունը իր երկրի ընդարձակ տարածքի վրա: Բուֆերային գոտու ցանկացած պահանջ ըստ էության բաժանելու է Հայաստանը: Բայց հայ զինվորականները չեն համեմատվի Թուրքիայի հետ՝ ոչ ռազմական տեխնիկայի մակարդակով, ոչ թվաքանակով: Միակ անկանխատեսելի գործոնը այդ սցենարում Ռուսաստանն է, բայց անցած ամսվա իրադարձությունները ցույց տվեցին, որ Էրդողանի ինքնավստահությունը գերազանցում է Ռուսաստանի առաջ նրա վախը: Կարճ ասած՝ ԱՄՆ-ը չափազանց հաճախ է շաշկի խաղում, երբ մյուս երկրները շախմատ են խաղում: Ժամանակն է, որ Վաշինգտոնը, Փարիզը և միջազգային հանրության մյուս ներկայացուցիչները մի քանի քայլ առաջ մտածեն, կանխատեսեն ու կանխեն հաջորդ պատերազմը Կովկասում: Դիվանագետները, գուցե, գնահատում են տիրող լռությունը, բայց պետք է զգոն լինել, նախադեպերը և ընթացիկ միջադեպերը վկայում են, որ դա հաստատուն խաղաղության երաշխիք չէ, այլ անդորր ավելի մեծ փոթորկից առաջ:
Մայքլ Ռուբին, The National Interest, ԱՄՆ


Հ.Գ. ԵՄ երկրները պետք է դիտարկեն Թուրքիայի դեմ առավել կոշտ միջոցներ ձեռնարկելու հարցը, հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը՝ փաստելով, որ Անկարան մինչ օրս չի հարթել տարաձայնությունները Հունաստանի հետ։ «Մուկն ու կատվի այս խաղը պետք է ավարտվի», - ասել է նա՝ անդրադառնալով Հունաստանին պատկանող ջրերում հետախուզական աշխատանքներ իրականացնելու՝ Թուրքիայի շարունակական փորձերին։ «Մենք այս հարցը կքննարկենք դեկտեմբերի10-ի գագաթաժողովում, և մենք պատրաստ ենք գործի դնել մեր ունեցած բոլոր լծակները», - ասել է նա՝ չբացառելով, որ ԵՄ-ն կարող է նաև պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ։ Կարող է և չկիրառել: Այդպիսին է եվրոպական դիվանագիտությունը:


Անհրաժեշտ է բարձրացնել ԵԱՀԿ դերակատարությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում՝ հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասը ԵԱՀԿ ԱԳ նախարարների գագաթաժողովում։ «Մենք նախկինի նման կարծում ենք, և փոխանցել ենք այս ուղերձը նաև Մոսկվային, որ անհրաժեշտ է օգտագործել Մինսկի խումբը՝ այս հակամարտության տևական կարգավորումը գտնելու համար։ Երկօրյա գագաթաժողովում բոլորն են հայտարարել ԵԱՀԿ դերը բարձրացնելու պատրաստակամության մասին», - հավելել է Մաասը։


«Պատմությունն ունի օրինակներ, երբ դիվանագիտությունը երկիրը դուրս է բերել անգամ ամենածանր իրավիճակներից: Խնդրում եմ վստահեք և հավատացեք հայ դիվանագիտությանը», - հայտարարել է ԱԳ նախարար Արա Այվազյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում: Ըստ Այվազյանի, լինելով ապաքաղաքական կառույց՝ ԱԳՆ-ն «ունի մեկ հավերժական նպատակ. ամենօրյա աշխատանքով պաշտպանել Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերը»: ԱԳ նախարարը ընդգծել է, որ այն իրավիճակը, որ այսօր ունենք, պայմանավորված է նրանով, որ դիմակայել ենք անհամաչափ ուժերի: «Մենք բոլորս խոնարհվում ենք մեր ժողովրդի օրգանական, անքակտելի մաս հանդիսացող մեր ազգային բանակի առջև, որ միասնաբար և հերոսաբար դիմակայեց Արցախի և հայ ժողովրդի դեմ Ադրբեջան-Թուրքիա-միջազգային ահաբեկչություն եռյակի սանձազերծած ագրեսիային և տապալեց այդ ցեղասպան դաշինքի՝ պատմական հայրենիքում հայ ժողովրդին ոչնչացնելու նկրտումները: Այն իրավիճակը, որ այսօր ունենք, պայմանավորված է նրանով, որ մենք դիմակայել ենք անհամաչափ ուժերի: Ինչպես և մեր զինվորները, քույրերն ու եղբայրները Արցախում, հայ դիվանագիտությունը եղել է և շարունակում է մնալ հայրենիքի պաշտպանության առաջատար դիրքերում: Եվ հատկապես այսօր մենք մեր պարտքն ենք համարում անել հնարավորը և անհնարինը՝ իմաստավորելու մեր ժողովրդի ազնվագույն որդիների զոհողությունը և այդ ձևով վառ պահելու նրանց հիշատակը», - նշել է Արա Այվազյանը:

Նախարարը հավելել է. «Այժմ մենք ունենք հրատապ հասցեագրում պահանջող խնդիրներ, որոնց մասին ես հստակ բարձրաձայնել եմ, այդ թվում՝ երեկ հարցազրույցում և ԵԱՀԿ նախարարական խորհրդին ունեցած ելույթում: Հայ դիվանագիտությունը մեծածավալ աշխատանք ունի անելու այդ հրատապ հարցերի լիաժեք ու համապարփակ լուծման ուղղությամբ: Դիվանագիտությունը սիրում է լռություն: Ուստի ձեր թույլտվությամբ դիվանագիտությունը լուռ կկատարի իր աշխատանքները, իսկ այդ աշխատանքների արդյունքներն ավելի խոսուն կլինեն, քան որևէ մեկնաբանություն»: Նախարարին չհավատալու կամ հավատալու մեկ հիմք կա՝ իրավիճակի փոփոխությունը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 13369

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ