ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Օլանդի քաղաքական ինքնասպանությունը

Օլանդի քաղաքական ինքնասպանությունը
22.10.2016 | 11:17

Նախագահի ո՞ր թեկնածուի մտքով կանցնի ընտրություններից մի քանի ամիս առաջ հրապարակավ վիրավորել միաժամանակ դատավորներին ու իրավաբաններին, ներգաղթյալներին ու մուսուլմաններին, ֆուտբոլիստներին ու ինտելեկտուալ էլիտային, իր քաղաքական դաշնակիցներին ու մրցակիցներին ու նույնիսկ նախկին ընկերուհուն:
Այդ մարդուն անվանում են Ֆրանսուա Օլանդ:


Հարցազրույցների շարքում, որ գրքով հրատարակել են Le Monde-ի երկու լրագրողներ, նախագահը հեգնանքով և բավականին կոպիտ հայտարարում է որ.
• Դատական համակարգը լիքն է վախկոտներով:
• Երկրում չափից դուրս շատ են էմիգրանտները:
• Իսլամի հետ կան պրոբլեմներ:
• Ժամանակն է ֆուտբոլիստների ուղեղը տեղը գցել:
• Ինտելեկտուալներին չի հետաքրքրում ֆրանսիական գաղափարը:
• Եվ սա դեռ ամենը չէ: Իր նախորդին և հանրապետականների նախագահի թեկնածու Նիկոլա Սարկոզիին Օլանդն անվանել է կիսասարք մինի դե Գոլ և Duracell-ի գովազդի ճագար: Կանաչներին նախագահը բնորոշել է հետույք մտած փուշ, իսկ ֆրանսիացի ձախերին՝ ապուշների խմբակ: Անձնական մակարդակում Օլանդը դավաճան է որակել իր նախկին ընկերուհի Վալերի Տիերվեյլերին, որ ասել է՝ ինքն աղքատներին անատամ է անվանել:
Գուցե ամենասարսափելի բացահայտումը այս հարցազրույցներում ուրիշներին հեգնելը չէ, այլ նախագահի խոստովանությունը, որ անձամբ է պատվիրել պետության չորս թշնամիների սպանությունը՝ ենթադրաբար զինյալների Մերձավոր Արևելքում: Գաղտնի ծառայությունները հաստատ գժված են:


Սոցիալիստների կուսակցության նրա ընկերները, որ դեռ հույս ունեն ապրիլին նրա վերընտրվելու վրա, ապշած են նրա անհոգությունից: Նրանք տագնապում են, որ այս բառերն արդեն խաչ են դրել նրա նոր սկսվող նախընտրական արշավի վրա: ՈՒրիշներն ավելի կտրուկ են արձագանքում: Մի քանի փորձագետներ Նախագահն այդպես չպիտի խոսի գիրքն անվանեցին քաղաքական ինքնասպանություն:
Ինչպես կործանել սեփական ճամբարը, հուսահատությամբ լցնել բարեկամների և հրճվանքով թշնամիների սրտերը, միաժամանակ թուլացնել սեփական դիրքերը,- հարց է տվել Le Monde-ը: - Ֆրանսուա Օլանդը ձեզ կսովորեցնի:


Ինչո՞վ է նա մտածել
Գրքում 60 հարցազրույց է, որ հավաքել են լրագրողներ Ժերար Դավեն և Ֆաբրիս Լյոմը: Օլանդը պարբերաբար նրանց ընդունել է Ելիսեյան պալատում ու խոսել նրանց հետ: Լրագրողները չեն թաքցրել այդ հանդիպումներից ու խոսակցություններից հետո գիրք գրելու մտադրությունը և զգուշացրել են, որ տեքստը նրա հետ չեն համաձայնեցնելու: Նախագահը համաձայնել է: Նախագահի պաշտպանները նկատում են, որ առավել հակասական հայտարարությունները շատ վաղուց են արվել և հեշտ է տեքստից կտրել: Ֆրանսուա Օլանդի նվազող կողմնակիցները պնդում են, որ նա պարզապես ձգտել է պահպանել նորմալ նախագահ լինելու խոստումը և նրա դռներն ու մտքերը միշտ բաց են մամուլի առաջ:
Բայց ոչ հրապարակման համար շատ սոցիալիստներ խոստովանում են, որ իրենց չափազանց զայրացրել է նախագահի պահվածքը, որ նրանք համարում են նարցիսական խոնարհում սեփական թուլություններին: Նրանց տանջում է հարցը, թե ինչո՞ւ է Օլանդը այդքան երկար ժամանակ անկեղծացել լրագրողների հետ:
Մի՞թե այդքան միամիտ է: Փարիզի գրախանութներում գիրքը չի մնում, և ակնհայտ է վնասը, որ արդեն հասցրել է Օլանդին: Վերջին հարցման տվյալներով՝ 78 % -ը կարծում է, որ նախագահը այդ հարցազրույցները չպիտի տար: 86 % -ն ասել է, որ չի ցանկանում նա երկրորդ ժամկետի համար թեկնածությունը դնի: Մինչև այդ Օլանդն ուներ որոշակի կարիերային հեռանկարներ: Հունվարին կկայանան սոցիալիստական կուսակցության նախնական ընտրությունները: Դրանից առաջ նախագահը կհայտարարի՝ կմասնակցի՞ ընտրություններին, թե՞ ոչ:
Մինչև այս շաբաթ համարվում էր, որ Օլանդը նորից կքվեարկվի՝ չնայած ռեկորդային ցածր վարկանիշին և գործազրկությունը նվազեցնելու նախընտրական խոստումները չկատարելուն: Օլանդի թեկնածության օգտին գլխավոր փաստարկը նրա կոմպրոմիսային ֆիգուր լինելու հեղինակությունն է, որ կարող է միավորել սոցիալիստական կուսակցության երկու մրցակցող թևերը: Այդ դիրքը հատկապես ուժեղ է նախագահի թեկնածուի միանգամից երկու մրցակից թեկնածուների առկայությամբ, որ հակառակ ճամբարներն են ներկայացնում՝ Առնո Մոնտեբուռը ձախից և Էմանուել Մակրոնը` աջից: Բայց հիմա ավելի ու ավելի շատ կուսակցականներ են մտածում՝ իսկ Օլանդը կարո՞ղ է այդ պատասխանատվությունը կրել:
Դա թևաթափում է: Բառեր չեմ գտնում, որ արտահայտեմ մտքերս կատարվածի վերաբերյալ: Դա միջինն է մուրճով գլխին հարվածելու և ծղոտի միջև, որ ուղտի մեջք է կոտրում,-ասել է սոցիալիստ պատգամավորներից մեկը Le Monde-ին, կարդալով հատվածներ գրքից: Պատկերացրեք, որ հողին եք հանձնել ձեր տատիկին, իսկ նա դեռ ողջ էր: Մոտավորապես նույն մթնոլորտն է կուսակցական շտաբում՝ ասել է մեկ այլ պատգամավոր:


Պատասխան քայլը
Նախագահի անզգույշ հայտարարություններին արդեն արձագանքել են նրա քննադատության օբյեկտները: Դատարաններում ասել են, որ զարմացած են նախագահի խոսքերից: Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների միությունը հայտարարեց. Ցավում ենք Ձեզ հիասթափեցնելու համար, բայց ոչ բոլորս ենք այդքան տխմար: Նախագահի նախկին ընկերուհի Վալերի Տրիերվեյլերը Թվիթերում գրել է, որ նա իսկապես կատակով հասարակության աղքատ խավերին անատամ էր անվանում: Գրքում Օլանդը այդ արտահայտությունը բարձրաձայնելու նրա որոշումը իրենց բաժանումից հետո անվանել է զազրելի դավաճանություն:
Շատ փորձագետներ հարցազրույցների ժողովածուն հետևանք են համարում Օլանդի առաջին մեծ սխալի՝ ներկայանալ իբրև նորմալ նախագահ՝ ի հակակշիռ նրբաճաշակ սուպերնախագահի՝ ի դեմս Նիկոլա Սարկոզիի: Քաղաքագետ Ժերար Գրենբերի խոսքով՝ ժամանակները հիմա այնքան են աննորմալ, որ ֆրանսիացիներին նորմալ նախագահ պետք չէ:
BBC


Հ.Գ. Իսկ գուցե ֆրանսիացինե՞րն են աննորմալ, որ դադարել են հասկանալ նորմալ մարդուն, ինչ է, թե նա նախագահ է: Եթե նույն այդ արտահայտությունները աներ որևէ այլ մարդ, նույնիսկ չէր առաջանա՝ ներել, չներել, ընդունել-չընդունել խնդիրը, ուրեմն մեղավորը ոչ թե նախագահն է, այլ նրա պաշտոնը և ֆրանսիացիների երեսպաշտությունը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2032

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ