ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Մարզպետների Գինեսի գիրքը

Մարզպետների Գինեսի գիրքը
07.10.2016 | 11:38

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը դարձել էր խորհրդանիշ: Ինչ ուզում եք՝ անվանեք: Եթե Հայաստանում լիներ մարզպետների Գինեսի գիրք, նրա անունը հաստատ առաջին էջում էր լինելու: Ամենատարբեր ցուցանիշներով՝ Սյունիքի մարզը միշտ «ճիշտ» է քվեարկում, նրա վրա կրակում են, նրա տան վրա կրակում են, նրա մերձավոր ազգականները կրակում են, ծեծում ու ծեծվում են, ձերբակալվում են, կալանավորվում են, ազատ են արձակվում: Նա ինքը հրաժարական է տալիս, նորից է նշանակվում, նորից է հրաժարական տալիս: Կինո:

Հոլիվուդը հանգստանում է: Բեստսելլեր: Բայց այս ամենը՝ մաս առաջին: Մաս երկրորդ՝ Վահե Հակոբյանն է նորից նշանակվում մարզպետ: Կլինի՞ մաս երրորդը: Իսկ Սյունիքի մարզը այս ամենի հետ կապ ունի՞: Ի՞նչ է փոխվելու մարզում ի հետևանս:

Վահե Հակոբյանին մարզպետ նշանակելիս վարչապետ Կարեն Կարապետյանը հույս է հայտնել, որ նա «ռեգիոնալ կառավարման նոր մշակույթ կբերի» մարզ: Եթե առաջնորդվենք հետ չնայելու հորդորով, այս ամբողջ պատմության մեջ առանցքը «ռեգիոնալ կառավարումն է»: Ի՞նչ է դա նշանակում Սյունիքի մարզում ու Հայաստանում:


Մարզային կառավարումը արդարացրե՞լ է իրեն: Ի՞նչ են անում մարզպետարանները և ի՞նչ պիտի անեն: Եթե գյուղապետերին ու քաղաքապետերին ընտրում են, որ ևս քննարկելու հարց է՝ արդյունավետության տեսակետից, ինչո՞ւ են մարզպետները նշանակվում: Եթե իսկապես կատարվում են համակարգային փոփոխություններ, կենտրոնաձիգ իշխանությո՞ւնը պետք է ուժեղացնել, թե՞ տեղական ինքնակառավարումը: Մարզպետարանը և մարզպետը՝ իր գործառնությամբ, իրավունքներով ու պարտականություններով կարևորագույն թեմա է՝ մանավանդ պետական բյուջեի թվերը հաշվի առնելով: 2017-ի պետական բյուջեի նախագծում պետական ծախսը կրճատվում է 100 միլիարդ դրամով: Մարզերը և պետական ծախսի կրճատումը կտրվածքով՝ գուցե մարզպետներին առաջարկվի իրենց աշխատանքների օպտիմալացման տարբերակներ ներկայացնել: Եվ նոր խորհրդարանում արդեն քննարկել օրենսդրական, գուցե նաև սահմանադրական փոփոխության հարց:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ Սուրիկ Խաչատրյա՞նը: Նա մի քիչ նեղացած է, բայց ընդհանրապես նեղանալ չի կարող: Իվերջո, Սուրիկ Խաչատրյանը չէր մեղավոր, որ իր շուրջբոլորը պտտվող հանցանքները ներվում ու մոռացվում էին, համակարգի, ոչ թե իր մեղքն էր, ուրեմն թող համակարգն էլ փոխվի: Նա գիտության մարդ է՝ դոկտորի կոչումով, իր տեղը կյանքում կգտնի:

Դիտվել է՝ 2565

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ