Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Ֆրանցիսկոս պապը Թբիլիսիում մնաց գթասրտության դիվանագիտության շրջանակներում

Ֆրանցիսկոս պապը Թբիլիսիում մնաց գթասրտության դիվանագիտության շրջանակներում
03.10.2016 | 10:39

Հռոմի Ֆրանցիսկոս պապն ավարտեց պաշտոնական այցը Վրաստան՝ երկու օրում՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1: Նախօրեին արևմտյան մի շարք լրատվամիջոցներ ջանացին պապին պարտադրել իրենց օրակարգը՝ նախապես պատրաստված մեկնաբանություններ՝ ինչպես հասկանալ Ֆրանցիսկոսի ապագա քայլերն ու խոսքերը: Սպասում էին, որ պապը հայտնվելու է դժվար իրավիճակում, երբ ստիպված է լինելու չվիրավորել ընդունող կողմին, որը ցավ է ապրում 2008-ի օգոստոսի պատերազմից, որի հետևանքով Վրաստանից հեռացան Աբխազիան և Հարավային Օսիան, և չսադրել Մոսկվային՝ Վատիկանի և Կրեմլի ու Ռուս ուղղափառ եկեղեցու հաջող զարգացող երկխոսությունը վտանգելով, և չփչացնելով հարաբերությունները Վրաց ուղղափառ եկեղեցու հետ:

Անցած երկու օրերին լրագրողներն ու վերլուծաբանները լարված հետևում էին՝ ինչպես պոնտիֆիկոսը կլուծի այդ խնդիրները: Հատուկ հույսեր Ֆրանցիսկոս պապի հետ կապում էին աշխարհիկ իշխանությունները: Սեպտեմբերի սկզբին Վրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեն Կաթոլիկ լրագրողների ընկերակցության անդամների հետ հանդիպման ժամանակ պոնտիֆիկոսի այցն անվանեց «կարևոր ազդանշան տարածաշրջանի համար»: Նա նշեց Թբիլիսիի ներդրումը տարածաշրջանի կայունության ստեղծման գործում՝ չնայած չլուծված սահմանային կոնֆլիկտներին, հույս հայտնեց, որ երկիրն արագ կմիանա Եվրամիությանը:

Associated Press-ը գրում է, որ Վրաստանն ունի աշխարհաքաղաքական հավակնություններ՝ ցանկանալով ԵՄ-ից բացի անդամակցել ՆԱՏՕ-ին, այդ պատճառով Հռոմի պապի այցը «Վրաստանում դիտարկվում է իբրև կառավարության փորձ՝ դաշնակիցներ գտնել Եվրոպայի կաթոլիկ երկրներում»: Դրանով է բացատրվում, հղում անելով վրաց վերլուծաբաններին, Վրաց պատրիարք Իլյա II-ի անսովոր խաղաղասեր տրամադրվածությունը, որ դիմավորեց պապին Թբիլիսիի օդանավակայանում: Պատրիարքի համար դա իրոք արտառոց արարք է: Երբ Վրաստան էր ժամանել Հովհաննես Պողոս II պապը 1999-ին, կաթոլիկ-ուղղափառ շփումները շատ լարված էին: Վրաց ուղղափառ եկեղեցին իր հոտին կոչ արեց հեռու մնալ պոնտիֆիկոսից, իսկ Իլյա II-ը Հովհաննես Պողոս II-ին ընդունեց իբրև պետության ղեկավարի, այլ ոչ հոգևորականի և հրաժարվեց աջակցել էկումենիկ հարաբերությունները բարելավելու նրա կոչին, թեպետ 1980-ին վրաց պատրիարքը Վատիկանում այցելել էր լեհ պապին: Բայց այդ ժամանակից շատ փոփոխություններ էին եղել:

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, երբ Վրաստանը սկսեց ազգային պետություն կառուցել, Վրաց ուղղափառ եկեղեցին և պատրիարքը համարյա թե գլխավորեցին ազգային ինքնության վերականգնման գործընթացը: Հասկանալի պատճառներով՝ հոգևորականները շեշտը դնում էին կրոնական բաղադրիչի վրա, խնդիր դնելով հաստատել «վրացի» և «ուղղափառ» հասկացությունների նույնականությունը: Իսկ Իլյա II պատրիարքը վաստակեց իմաստուն ու ազդեցիկ հոգևոր տիրոջ հեղինակություն, որ միավորում է ազգը: Այդ պատճառով Վրաց ուղղափառ եկեղեցին բավականաչափ խանդով է վերաբերվում երկրում ու երկրից դուրս այլ դավանանքների գործունեությանը: Համենայն դեպս՝ ուրիշ ուղղափառ եկեղեցիների վերաբերվում է առավել բծախնդիր, հատկապես Կոստանդնուպոլսի պատրիարքությանը, քան կաթոլիկներին: Վրաստանում կաթոլիկներին փրկում է, որ էթնիկ վրացիները քիչ են, նրանք հարևանում են հայերին ու սիրո-խալդերին: Կաթոլիկ նույնականությունը կառուցվում է ոչ էթնիկ ծագումով, այլ՝ կրոնական հիմքով՝ Սուրբ Աթոռին հավատարմությամբ: Ֆրանցիսկոս պապը այցի ժամանակ բարի կամքի քայլ արեց Վրաց ուղղափառ եկեղեցուն: Թբիլիսիի կաթոլիկ համայնքի հետ հանդիպման ժամանակ նա զգուշացրեց ուղղափառներին կաթոլիկ դարձնելու ձգտումներից հեռու մնալ:

«Մեծ մեղք կա ընդդեմ էկումենիզմի՝ պրոզելիտիզմը,-ասաց պապը:- Դուք երբեք չպիտի զբաղվեք ուղղափառների հավատադարձությամբ՝ նրանք մեր եղբայրներն ու քույրերն են, Հիսուս Քրիստոսի աշակերտները»: Զարմանալի էր նրա մյուս քայլը՝ օդանավակայանում նա թեքվեց ու համբուրեց պատրիարքի կրծքին կախված խաչը: Գուցե այդ պատճառով Իլյա II նրա հետ երկու անգամ հանդիպեց, իսկ Վրաստանի նախագահը նույնիսկ մասնակցեց Միխեիլ Մեսխիի անվան մարզադաշտում պապի մատուցած պատարագին, որ այլ իրավիճակում իրեն չէր կարող թույլ տալ վրաց որևէ քաղաքական գործիչ՝ առանց ուղղափառ ընտրողների աչքին «հերետիկոս» լինելու ռիսկի: Պապից աշխարհիկ ու հոգևոր իշխանությունը, սակայն, ցանկացածը չստացավ: Նախագահի ու պատրիարքի ողջույնի խոսքերում բարձրացվում էր Աբխազիայի ու Հարավային Օսիայի հարցը: Դիմելով պոնտիֆիկոսին՝ Գեորգի Մարգվելաշվիլին ասաց. «Անկախության վերականգնումից մինչ օրս մենք մշտապես զգում ենք Վատիկանի ամուր աջակցությունը: Մենք հիշում ենք այդ աջակցությունը և խաղաղության պայմաններում, և փորձության: Ձերդ Սրբություն, ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը աջակցելու համար»:

Պատրիարքը հայտարարեց, որ չնայած արևմտյան երկրների աջակցությանը, իրենց տները չկարողացան վերադառնալ 500 հազար մարդ, որ փախստական դարձան, չհաջողվեց վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունը: Նա «Վրաստանի անքակտելի մասերում՝ Ցխինվալի շրջանում ու Աբխազիայում» կատարվածը որակեց «անջատողական ուժերի» ուժեղանալու հետևանք, որոնց գործողությունները «լուրջ սպառնալիք են ոչ միայն փոքր երկրներին, այլև ցանկացած այլ պետության համար»: Ի պատասխան Ֆրանցիսկոս պապը դիվանագիտություն ու զսպվածություն ցուցաբերեց: Նա Վրաստանի առաջընթացի անհրաժեշտ պայման համարեց «տարածաշրջանում բոլոր ժողովուրդների ու պետությունների խաղաղ համակեցությունը»: Պապի խոսքով՝ «դա պահանջում է փոխադարձ հարգանքի ու ողջամտության զգացումների մեծացում, որ չեն կարող անտեսել հարգանքը յուրաքանչյուր երկրի բարձրագույն նախապատվությունների առաջ՝ միջազգային իրավունքի շրջանակներում»՝ կոչ անելով երկխոսությամբ լուծել վիճելի հարցերը, որպեսզի գերակշռի «խելամտությունը, չափավորությունը և պատասխանատվությունը»: Այդ մոտեցումը հատուկ նշանակություն է ստանում պատմական այս պահին, որ բնորոշվում է էքստրեմիզմի պոռթկումներով, որոնք «ձևախեղում են քաղաքացիական ու կրոնական սկզբունքները և աղավաղում՝ ենթարկեցնելով տիրակալության ու մահվան պահանջներին»: Պապը մաղթեց, որ յուրաքանչյուր մարդ կարողանա «աշխարհում ապրել իր հողի վրա կամ ազատ վերադառնալ իր տուն, եթե ինչ-որ պատճառով ստիպված է եղել հեռանալ»:

Որոշ մեկնաբաններ վերջին արտահայտության մեջ տեսան Ֆրանցիսկոս պապի համերաշխությունը վրացական կողմի տեսակետների հետ: Բայց նույնքան պապի խոսքերը հասցեագրված են Խալդական կաթոլիկ եկեղեցուն, որի պատրիարք Ռաֆայել Լուիս Սակոն Վրաստանում էր պապի այցի ժամանակ, Իրաքում նրա համայնքի շատ անդամներ փախստական են դարձել:


Վատիկանում այցից առաջ նախազգուշացնում էին, որ Ֆրանցիսկոս պապի այցը Վրաստան «Խաղաղություն ձեզ» նշանաբանն ունի: Իտալական ճիզվիտական Civiltà Cattolica ամսագրի գլխավոր խմբագիր հայր Անտոնիո Սպադարոն ասում էր, որ «Հռոմի պապը չի պատրաստվում քաղաքական հարցեր բարձրացնելու, այցն անցնելու է հաշտեցման նշանաբանով»՝ նոր փուլ դառնալով Ֆրանցիսկոսի «գթասրտության դիվանագիտության» մեջ: Կաթոլիկ եկեղեցու հովվապետը Վրաստանում հավատարիմ մնաց իր նախապես ընտրած ճանապարհին:

Ստանիսլավ ՍՏՐԵՄԻԴԼՈՎՍԿԻ, REGNUM


Հ.Գ. Ֆրանցիսկոս պապը Թբիլիսիում ասել է՝ ինչ պիտի ասեր, նա չի շեղվել նախապատրաստված ելույթից: «Գթասրտության դիվանագիտությունը» հաղթական դիվանագիտություն է: Նրա այցը Վրաստան խորհրդարանական ընտրություններից մեկ շաբաթ առաջ արդեն իսկ նվեր էր իշխանություններին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1189

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ