Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Քերին առաջարկում է Լեռնային Ղարաբաղի կարգավորման նոր ծրագիր

Քերին առաջարկում է Լեռնային Ղարաբաղի կարգավորման նոր ծրագիր
02.10.2016 | 10:16

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ելույթ ունենալով 8-րդ ամենամյա համաժողովում, որ Վաշինգտոնում կազմակերպել էին Ասպենի գիտահետազոտական ինստիտուտը և «Atlantic» շաբաթաթերթը, սկզբունքային հայտարարություն արեց: Խոսելով աշխարհում գոյություն ունեցող սառեցված կոնֆլիկտների մասին, նա ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի դեպքում «ներկայում կարգավորման հնարավորություն չկա, նախևառաջ պատրաստ չեն ղեկավարները»:

Իրոք, Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերջին իրադարձությունների վրա հավելվեց ապրիլյան արյունոտ պատերազմի լուրջ սինդրոմը, որ փոխեց իրադարձությունների զարգացման ենթատեքստը: Նախևառաջ՝ կրճատվեց կոնֆլիկտի հեռավորությունը էսկալացիայից: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների համատեղ ջանքերը՝ իրադարձությունների զարգացումը պահել բանակցությունների շրջանակում, ձախողվեց: Ճիշտ է, դեռ վաղ է խաչ քաշել Մադրիդյան սկզբունքների վրա, ինչպես անում են որոշ հայ փորձագետներ, բայց կարելի է խոսել կարգավորման որոշակի փուլի ավարտի մասին: Քերիի կարծիքով՝ հիմնականը «ղեկավարների անպատրաստությունն է կարգավորմանը»: Բայց, կարծես, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ձևաչափը՝ ԵԱՀԿ ՄԽ-ի միջնորդությամբ և նույնիսկ համանախագահ երկրների ղեկավարների, իրեն սպառել է:

Փաստ է, որ ապրիլյան պատերազմի արդյունքներով Երևանը և Բաքուն գլխավորապես լուծում էին իրենց ներքաղաքական խնդիրները, ոչ մի քայլ չանելով միմյանց ընդառաջ: Իրավիճակից ելք կարող էր լինել բանակցային գործընթացի մասնակցի՝ Ստեփանակերտի կարգավիճակի ճանաչումը, բայց դրան պատրաստ չէ Ադրբեջանը և այնքան էլ չի ցանկանում Հայաստանը: Ապրիլյան պատերազմից հետո կար նման շանս, բայց ոչ ոք չօգտագործեց, թեպետ ակնհայտ էր, որ «համաշխարհային դիվանագիտության ձգանի տակ» հակամարտող կողմերին զինված բախումից դուրս բերելու տեխնոլոգիան Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների միջոցով նորից իրավիճակը տանում է դեպի երկարատև տեղապտույտ: Քերին հիմա առաջ է գնացել՝ փաստացի նույն հարթության մեջ դնելով Լեռնային Ղարաբաղի կարգավորման պրոբլեմները և բազմամյա պաղեստինաիսրայելյան կոնֆլիկտը, որը «այն կատեգորիայում է», երբ «մարդիկ ընդունել են լուծումների որոշակի համալիրներ»:

Ջոն Քերիի հայտարարությունը առանձնանում է նրանով, որ առաջին հերթին երկու կոնֆլիկտները դիտարկվում են արդեն Մեծ Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական կտրվածքով, այլ ոչ հետխորհրդային տարածքի: Երկրորդ՝ Քերիի հայտարարությունից երևում է Լեռնային Ղարաբաղի պրոբլեմը ՌԴ-ի ու ԱՄՆ-ի ընդհանուր բանակցությունների սահմաններից դուրս բերելու մտադրությունը: Բավական է հիշել, որ ապրիլյան պատերազմից հետո Ստամբուլում Թուրքիայի նախաձեռնությամբ կայացավ Իսլամական համագործակցության կազմակերպության երկրների ԱԳ նախարարների հանդիպումը, որից հետո հայտարարվեց Լեռնային Ղարաբաղի հարցով. Այսպես կոչված, շփման խմբի ստեղծումը, ԵԱՀԿ ՄԽ-ի «իսլամական» նմանակը:

Բայց կհամաձայնի՞ Հայաստանը մասնակցել այդպիսի նոր ձևաչափի աշխատանքին, կամ խոսքը ինչ-որ այլ բանի մասին է, դեռ պարզ չէ: Այնուամենայնիվ, դա սկզբունքորեն նոր իրավիճակ է ստեղծում: Haqqin. az պորտալին քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն վերջերս ասել էր. «ԱՄՆ-ը Ղարաբաղյան պրոբլեմը կվերածի պաղեստինյանի նմանակի և ամեն ինչ կշարունակվի այնպես, ինչպես եղել է»: Չի լինի: Պաղեստինաիսրայելյան կոնֆլիկտի կարգավորմանը ԱՄՆ մոտեցումը, եթե իբրև մոդել դիտարկենք, հետևյալն է. երկու պետությունների գոյություն՝ Իսրայելի՝ իբրև հրեական, և Պաղեստինի, իբրև պաղեստինյան ժողովրդի: Կողմերը պետք է հրաժարվեն միմյանց ոչնչացման գործողություններից և հռետորաբանությունից: Բացառվում է վերադարձը նախկին ստատուս քվոյին: Սակայն այսօր ակնհայտ է հետևյալը. հայկական կողմը պատրաստ չէ որևէ միակողմանի զիջման, իսկ Ադրբեջանը պատրաստ չէ համաձայնել Լեռնային Ղարաբաղի անկախությանը, թեպետ իսրայելապաղեստինյան սցենարը կարող էր լիովին բավարարել Երևանին:

Պատահական չէ, որ այդ պահը տագնապեց Բաքվին: Ադրբեջանի ԱԳ մամլո քարտուղար Հիքմեթ Հաջիևը հայտարարեց, որ Բաքուն «հավատարիմ մնալով Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ոգուն, կողմնակից է կոնֆկլիտի կարգավորմանը սուբստանտիվ բանակցությունների ճանապարհով» և «կոնֆլիկտի կարգավորման համար անհրաժեշտ չէ նոր բանաձևեր հնարել»: Ընդհանրապես, Բաքվի գործողությունները բազում հարցեր են առաջացնում: Նախ Բաքուն իր ստորագրությունն է դնում ընդհանուր համաձայնությունների տակ, հետո քաղաքական օստրակիզմի է ենթարկում կամ օգտագործում է հասկացությունների աղավաղման պրակտիկան՝ ապավինելով «ոգուն»: Իսկ հիմա, երբ հայտնվում է «Վաշինգտոնի ծրագիրը», Բաքուն պնդում է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման բանաձևերի պահպանումը, որ նախկինում ինքն էր անխնա վարկաբեկում: Այդ պատճառով, երբ Բաքուն շարունակում է խոսել, որ իբր «Ռուսաստանը Ղարաբաղյան հարցում մարզիչի դեր է խաղում, որ կառուցում ու ղեկավարում է խաղն այնպես, ինչպես ցանկանում է», դա իրավիճակի կոպիտ խեղաթյուրում է: Եվ ոչ միայն դա:

Կարծես թե ԱՄՆ-ը սկսել է իր աշխարհաքաղաքական հեռանկարը Անդրկովկասում կառուցել տարածաշրջանում էներգետիկ շահերից հրաժարումով, որ Ադրբեջանում կարող է ընդունվել իբրև անակնկալ կամ անսպասելիություն: Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպան Էլինա Սուլեյմանովան The Washington Times-ին ասել է. «Ադրբեջանի պաշտոնական դեմքերը երկար ժամանակ ԱՄՆ-ին կոչ էին անում տարածաշրջանում առավել ակտիվ մասնակից լինել: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը վերջին ժամանակներս առավել սերտ փոխգործակցություն է ցուցադրում Ադրբեջանի հետ՝ ի հակակշիռ տարածաշրջանում Ռուսաստանի աճող ազդեցության: Սակայն հենց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, այլ ոչ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման օգտագործեց Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի սրման հետ կապված իրավիճակը, իրեն դրսևորելով իբրև խաղաղարար և հրավիրելով ադրբեջանցի ու հայ զինվորականներին Մոսկվա՝ հրադադարի ռեժիմի վերականգնման համար»:

Հիմա Վաշինգտոնը փորձում է քաղաքական ռևանշ վերցնել, ակտիվ «խաղացողի» դեր խաղալով ԵԱՀԿ ՄԽ-ում և իսրայելապաղեստինյան կարգավորման քառյակում: Այս երկու դիվանագիտական հարթակներում արդյունավետության տարբեր մակարդակներով Վաշինգտոնը համագործակցում է Մոսկվայի ու Փարիզի հետ՝ դեռ սկզբունքային տարաձայնություններ չունենալով: Բայց հանուն անաչառության՝ պետք է արձանագրել, որ Ռուսաստանը համեմատաբար վերջերս է սկսել ամրապնդել իր դիրքերը Անդրկովկասում ու Մերձավոր Արևելքում: Նրա մյուս գործընկերները՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան, նախկինում հնարավորություններ ունեցել են իրականացնել ադրբեջանական սցենարը ղարաբաղյան ուղղությամբ, ինչին առաջին տարին չէ, որ ձգտում է ադրբեջանական դիվանագիտությունը և չի հասել:

Դա կայուն միտք է ձևավորում, որ Վաշինգտոնն ու Փարիզը Բաքվից տարբեր հայացք ունեն Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի բնույթի վերաբերյալ: Այդ պատճառով Բաքուն, ինչպես Արևմուտքում, այնպես էլ Արևելքում շրջափակված իրավիճակում է՝ ամենուր փակուղի է: Այդ պայմաններում գլխավորն է պահպանել կայունությունը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի գոտում, թույլ չտալ ապրիլյան իրադարձությունների կրկնությունը: Իսկ հետո, երբ Մեծ Մերձավոր Արևելքում միանգամայն այլ իրավիճակ կստեղծվի, իսկ դա արդեն սկսվել է, կլինեն և նոր լուծումներ:

Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Եթե Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ձևաչափը՝ ԵԱՀԿ ՄԽ-ի միջնորդությամբ և նույնիսկ համանախագահ երկրների ղեկավարների, իրեն սպառել է, դա չի նշանակում, որ մեկ տասնամյակ քննարկված մադրիդյան սկզբունքներն են սպառել իրենց օգտագործման ժամկետը: Ի՞նչ ներքաղաքակա խնդիր լուծեց ապրիլյան պատերազմի արդյունքներով Երևանը: Ադրբեջանը պատրաստ չէ Ստեփանակերտին տեսնալ բանակցային գործընթացի մասնակից և պատրաստ չէ ճանաչել ԼՂՀ անկախությունը, ինչի՞ է պատրաստ Բաքուն: Ինչի՞ շուրջ պիտի լինեն սուբստանտիվ բանակցությունները, եթե Ադրբեջանը բանակցության թեմա հասկանում է հայկական զինուժի դուրսբերումը ՛՛օկուպացված տարածքից՛՛, որով հարցը համարյա փակվում է: Հայաստանն արդեն մերժել է Իսլամական համագործակցության կազմակերպության շփման խմբի ձևաչափը:
Որքան է ՛՛անաչառ՛՛ հայտարարությունը, թե Ռուսաստանը համեմատաբար վերջերս է սկսել ամրապնդել իր դիրքերը Անդրկովկասում ու Մերձավոր Արևելքում: Մերձավոր Արևելքում՝ այո, բայց ոչ Անդրկովկասում: Առավելևս ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համեմատությամբ: Վաշինգտոնն ու Փարիզը, իսկապես, Բաքվից տարբեր հայացք ունեն Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի բնույթի, նաև՝ կարգավորման վերաբերյալ: Ինչպես իրադարձությունները կզարգանան Մեծ Մերձավոր Արևելքում և ինչ իրավիճակ կստեղծվի, կերևա տասնամյակի մեջ, Լեռնային Ղարաբաղի խնդիրը ունի ամենահեշտ լուծումը՝ ԼՂՀ-ի միացումը Հայաստանին, չէ որ Իլհամ Ալիևը ասում է, որ Բաքուն երբեք չի ընդունի հայկական երկու պետությունների գոյությունը: Գուցե Ջոն Քերին հենց դա՞ է ասում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2478

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ