Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Տիա՛ր Հովիկ, մեծարգո Աբրահամյան, գտնվեք արժանի բարձրության վրա և լուծեք 66 բաժնետոմսերի հարցը (կույր աղիքի հարսանիքը)

Տիա՛ր Հովիկ, մեծարգո Աբրահամյան, գտնվեք արժանի բարձրության վրա և լուծեք 66 բաժնետոմսերի հարցը (կույր աղիքի հարսանիքը)
09.09.2016 | 08:53

«Կույր աղիք, հաստ աղիքի սկզբնական հատվածը: Պարկաձև է, երկարությունը՝ 6-8 սմ, տեղադրված է աջ զստափոսում: Կույր աղիքից սկսվում է որդանման ելունը (ապենդիքս)»:

Հայկական սովետական հանրագիտարան, 1980 թ.:

ՆԱԽԱՐԱՐՈՒՀՈՒ ԵԹԵՐԱՅԻՆ ՌԵՎԵՐԱՆՍԸ

(խիստ մարդակենտրոն Հայաստանի փոսը)

«Հարգարժան նախարար, այս դատաիրավական քաշքշուկից դուրս գալն անհնար է, և մենք սպասում ենք, որ Ձեր անմիջական վերահսկողության ներքո ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը կսթափվի և վերջապես արդարացի վճիռ կկայացնի»: Սա «Իրատեսում» (թիվ 23, 12-14.04.2014) հրապարակված ցասումնալից նյութի վերջաբանն է: Ահա նաև ՀՀ արդարադատության նախարարության պատասխանը.

«Հարգելի պարոն Առաքելյան

Ի պատասխան ՀՀ արդարադատության նախարարությանը 06.04.2016-ին Ձեր կողմից հասցեագրված դիմումի՝ հայտնում ենք, որ դիմումում բարձրացված հարցերի վերաբերյալ առկա է 2015 թ. նոյեմբերի 16-ի ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Հովհաննիսյան) օրինական ուժի մեջ մտած վճիռ, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և քաղաքացիների համար:

Հայտնում ենք նաև, որ դիմումը չի պարունակում դատավոր Ա. Հովհաննիսյանի կողմից ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող արարքի կատարման մասին առերևույթ հիմքեր:

Հարգանքով՝ ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյան»:

Առերևույթ հիմքե՞ր, պատվարժան Արփինե Հովհաննիսյան և պարոն պատվելի Գևորգյան Արմեն, ձեզ դիմել ենք, որպեսզի դատաիրավական այս խառնակությունը հօդս ցնդի և արդարությունը վերջապես հաղթանակի: Դուք, սակայն, սյուրռեալիստական մի ծածկադմփոց եք մատուցում հանրությանը, զի խոսքը դատավոր Ա. Հովհաննիսյանի կարգապահ կամ անկարգ դատավոր լինելուն չի վերաբերում (ի վերջո, ՀՀ գրեթե ողջ դատաիրավական համակարգն է անկարգ), խոսքը բաժնետեր ընտանիքի բաժնեմասի կորզման մասին է, ոչ ավելի, բայց ոչ էլ պակաս: Ձեզ քաջ հայտնի է, որ դատավոր Ա. Հովհաննիսյանի, ինչպես նաև նախկինում նույն գործի քննությունն «արդար և անկաշառ» ակոսներ մղած Արարատի և Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ելենա Քոչարյանի վճիռներն առերևույթ ճշմարտանման են, ըստ երևույթին՝ հակաբանական, հակաբնական և հակաբարոյական: Խի՞ստ եմ բնորոշումներիս մեջ: Գուցե: Սակայն արգո Արփինե և Արմեն, եկեք մի պահ արթնացրեք Ձեր ներաշխարհում խոր քուն մտած ՀՀ քաղաքացուն, լքեք ձեր թավշապատ առանձնասենյակները, զինվեք համբերությամբ և փորձեք ըմբռնել, արդյո՞ք ձեր նամակ-խուսանավությամբ դուք չեք կոծկում ճշմարտությունը և չեք ընդդիմանում ձեր սեփական խղճի ձայնին: Մի խոսքով, մաղթում եմ ձեզ խոհեմություն, սթափություն և համարձակություն վերջնական որոշում կայացնելուց առաջ: Հիշեք, պաղատում եմ թախանձագին, որ 12 օր անց ՀՀ-ն նշելու է յուր անկախության 25-րդ տարեդարձը: Սակայն նման (և շատ այլ) դատաիրավական անողոք վճիռները երկրի բնակչության մի ստվար մասի համար անկախ պետականության ոգեկոչման տարեդարձը վերածում են տարելիցի: Տերը մեզ պահապան:

Իսկ այժմ ընթերցողի (նաև ձեր ու գթասիրտ գործարար Միխայիլ Սամոդելկինի) դատին ներկայացնենք խնդիրը: Սակայն մեր հողմաղացը քնարական դադարի մեջ է, միացեք մեզ:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻՎԵՐՈՒՄՆԵՐԸ

(շորորավարգ Արարատում, Վայոց ձորում)

Մատենադարանի տնօրեն, օրերս մահկանացուն կնքած Հրաչյա Թամրազյանը միաժամանակ ինքնատիպ պոետ էր: Նշեմ մի քառյակ նրա «Սև խոռոչ» բանաստեղծությունից, խորհուրդ տալով այս պատմության ծրագրավորողներին և կենսագործողներին խորանալ քառյակի ենթատեքստում.

Գոյություն խեղդող զգացումն

անձուկ,

Որ ահագնացող ամայության պես

Մի խոր խոռոչ է մեր ներսում

բացում,

Որ անհնար է բառերով չափել:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարան

Քաղաքացիական գործ, թիվ ԱՎԴ/0111/02/13 2014 թ.

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

«Մանե Մուրադյանի այն պնդումը, որ ընկերությունը Գևորգ Մուրադյանին պատկանող 66 հատ բաժնետոմսերը չի ներկայացրել դեպոզիտարիա՝ գրանցման, անհիմն է, քանի որ համաձայն «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ի կողմից 07.05.2013 թվականին կազմված 06.05. 2013 թվականին գրանցված սեփականատերերի ցուցակի՝ ընկերության 15648 հատ բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատերն է Միխայիլ Գեորգիի Սամոդելկինը: Հետևաբար, թե՛ դատարանը, թե՛ Վերաքննիչ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատել են գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիմա վրա հիմնված ներքին համոզմամբ և եկել են ճիշտ եզրահանգման»:

Ինչպիսի՜ անձնազոհ, ուղղակի գիմնազիստին վայել անկեղծության, ներքին համոզման որպիսի՜ վերընթաց, այնինչ խոսքը վերաբերում է իրավատնտեսական աճպարարությանը:

ԻՐԱԶԵԿՈՒՄ՝ ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՄՈԶՄԱՄԲ

Մանե Մուրադյանի հայրը՝ Գևորգ Մուրադյանը, Երևանի աճուրդի կենտրոնից 1995-ին ձեռք է բերել 10 000 դրամ անվանական արժեքով 20 բաժնետոմս՝ «Աբովյանի գարեջրի գործարանից», 22 բաժնետոմս՝ «Երևանի հրուշակեղենի կոմբինատից» և վերջապես 66 բաժնետոմս էլ «Արտաշատի գինու-կոնյակի գործարանից»: Գևորգ Մուրադյանի անժամանակ մահից հետո նրա ընտանիքը՝ ի դեմս Մանե Մուրադյանի, ստանում է «Աբովյանի գարեջրի գործարանից» 57 հազար 245 դրամ, իսկ Երևանի «Հայհրուշակ» գործարանից՝ 740 հազար դրամ:

ԹՎԱԲԱՆԱԿԱՆ ԼԻԿԲԵԶ

(սույն ուղերձը հղվում է՝ ա) ՀՀ Արարատի և Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Ե. Քոչարյանին և Ա. Հովհաննիսյանին, բ) ՀՀ վերաքննիչ դատարանի նախագահող դատավոր Ա. Թումանյանին, դատավորներ Լ. Գրիգորյանին և Գ. Մատինյանին, գ) «Արտաշատի գինու, կոնյակի գործարանի» միակ սեփականատեր Միխայիլ Սամոդելկինին և դ) ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին):

1. «Աբովյանի գարեջրի գործարանը» վճարել է Գևորգ Մուրադյանի ընտանիքին 57 հազար 245 դրամ: Այսինքն, նրա 20 բաժնետոմսերից յուրաքանչյուրի գինը 2862 դրամ և 25 լումա է:

2. Երևանի «Հայհրուշակ» գործարանը վճարել է 740 հազար դրամ: Այսինքն՝ նրա 22 բաժնետոմսերից յուրաքանչյուրի գինը 33636 դրամ 363 լումա է:

3. «Արտաշատի գինու, կոնյակի գործարանի» 66 բաժնետոմսերից յուրաքանչյուրի գինը 0 դրամ 0 լումա է:

Առակն այս, հուսամ, ձեզ, այնուամենայնիվ, ինչ-որ բան ցուցանեց: Եթե ոչ, ապա մեղքը ձեր վիզը:

Բացենք փակագծերը: Այսինքն, հրապարակե՞նք անվճարունակ գործարանի իրական սեփականատիրոջ անունն ու տոհմանունը, որից կարկամած ընդհանուր իրավասության և վերաքննիչ դատարանները ակնհայտ հակասահմանադրական և, առհասարակ, հակաքաղաքացիական վճիռներ են հունցել և օրինական ժառանգորդ ընտանիքին մատուցել են վերոնշյալ անհամ գարեհացը: Չարժե, քանի որ խնդիրն այս պետք է հանգուցալուծվի օրենքի սահմաններում:

Հարգարժան նախարարուհի և աշխատակազմի ղեկավար, ևս 2 դրվագում և կանցնենք մեր ավանդական վերջաբանին:

«Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի տնօրեն Վ. Ստեփանյանի 29.11.2012 թվականի թիվ ՀԿԴ-4-1470 գրության համաձայն՝ 28.11.2012 թվականի դրությամբ «Արտաշատի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ի անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրում Գևորգ Մուրադյան անվամբ բաժնետեր գրանցված չէ»:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարան:

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ 0111/02/13 2014 թ.

«Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ դատարանի 14.05.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան:

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարան» ԱՎԴ 0111/02/13 2014 թ.

ՀԵՏԳՐՈՑ-ՄՐՈՑ

Հարգարժան Արփինե Հովհաննիսյան, գերապատվելի Միխայիլ Սամոդելկին (նաև Սամոդելկինի կնքահայր), դատավորներ՝ Արարատի և Վայոց ձորի մարզերի, մի՞թե պարզ չէ, որ ակամա ստանձնել եք կույր աղիքի դերն այս չարաբաստիկ գործընթացում: Կույր աղիքից սկսվում է որդանման ելունը: Մատնանշում եմ՝ ելունը՝ «Արտաշատի գինու-կոնյակի գործարան» ԲԲԸ-ն, որը խոհեմորեն Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա չի ներկայացրել Գևորգ Մուրադյանին պատկանող 66 հատ բաժնետոմսը: (ՈՒշագրավ իրազեկում. բաժնետոմսերը դեպոզիտարիա չներկայացնելու ժամանակ գործարանի 98 տոկոսի բաժնետերը արգո Արգամիչն էր՝ Հովիկ Աբրահամյանը):

Այս հրապարակման նախաբանում նշված է, որ կույր աղիքի հանգրվանը աջ զստափոսն է: Տիարք և տիկնայք, արդարադատությունը, բարեբախտաբար, չի կաղապարվում ՀՀ-ի սահմաններում: Եթե դուք չսթափվեք և խնդիրն այս չլուծեք բանականության և բարոյականության սահմաններում, ապա կհայտնվեք դատաիրավական մի անաչառ զստափոսում, որը գտնվում է Եվրոպայում: Սա, իհարկե, բարեկամական զգուշացում է: Չի բացառվում, որ սույն գործը դառնա միջազգային դատաիրավական ատյանների քննության առարկա: Օրինակ, կարող է հայտնվել որևէ հեղինակավոր արտասահմանյան թերթում:

Տիա՛ր Հովիկ, մեծարգո Աբրահամյան, գտնվեք արժանի բարձրության վրա և լուծեք 66 բաժնետոմսերի հարցը, չէ՞ որ Ձեր տնտեսաքաղաքական հավակնությունները համաերկրային- համահայկական են:

Ո՛ղջ լերուք:

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 4226

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ