Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Ինչո՞վ է սպառնում ՈՒզբեկստանին ու տարածաշրջանին Իսլամ Քարիմովի մահը

Ինչո՞վ է սպառնում ՈՒզբեկստանին ու տարածաշրջանին Իսլամ Քարիմովի մահը
03.09.2016 | 10:24

Իսլամիստ արմատականները, որ հատկապես շատ են Ֆերգանայում, ընդհատակ են անցել, բայց չեն անհետացել: Եթե նրանք զգան, որ իշխանության մեջ վակուում կա, թուլանում է երկաթյա բռունցքը, լիովին կարող են օգտագործել իրավիճակը և անկարգություններ սկսել: Եթե ոչ ամբողջ երկրում, որոշ շրջաններում՝ հաստատ: ՈՒզբեկստանի՝ Կենտրոնական Ասիայի առանցքային երկրի, ապակայունացումը կարող է քաոսի մեջ ներքաշել և Տաջիկստանը, և Ղրղզստանը, և Ղազախստանը (թեպետ ավելի նվազ չափով): Իրավապաշտպանները, որ քննադատում են Տաշքենդին մարդու իրավունքների խախտումների համար, պատրանքներ չպիտի ունենան՝ հազիվ թե Իսլամ Քարիմովի կոշտ, երբեմն գերկոշտ, բայց աշխարհիկ կառավարումը շարունակեն լիբերալները, որ երկիրը եվրոպական արժեքներով կղեկավարեն ու բաց հասարակություն կձևավորեն: ՈՒզբեկստանում այդպիսի ուժեր այսօր չկան:

Ներկա իշխանության միակ ռեալ այլընտրանք կարող են դառնալ իսլամիզմի, ազգայնականության ու պոպուլիզմի կրողները: Նման իրավիճակ եղել է Եգիպտոսում, երբ նախագահ Հոսնի Մուբարաքին հաջորդեցին «Մուսուլման եղբայրները»: Ճիշտ է, նրանք մեկ տարի հետո հեռացվեցին իշխանությունից զինվորականների ձեռքով: Բայց ՈՒզբեկստանում նույնիսկ կարճ ժամանակով կրոնական թեքումով ազգայնական պոպուլիստների ղեկավարումը կարող է դրամատիկ հետևանքներ ունենալ էթնիկ փոքրամասնությունների համար, առաջին հերթին 1,2 միլիոն ռուսների: Դատելով պրագմատիկ՝ Մոսկվայի, տարածաշրջանի, քաղաքակիրթ աշխարհի համար ընդհանրապես, օպտիմալ տարբերակը կլինի, եթե ՈՒզբեկստանում իշխանությունը պահպանի Իսլամ Քարիմովի շրջապատը, իսկ հասարակությանն անհրաժեշտ փոփոխությունները կյանքի կոչվեն աստիճանաբար՝ էվոլյուցիոն, բայց ոչ հեղափոխական ճանապարհով:


ՈՒզբեկստանը, որ հիմնականում պահպանել է սովետական մոդելը, նորացման կարիք ունի: Բայց դա պետք է լինի նորացում, այլ ոչ ամբողջ պետական մոդելի սրընթաց կազմաքանդում, որը լավ-վատ, գործել է 25 տարի և երկիրը պահպանել քաղաքացիական պատերազմից, չնայած բազում խնդիրներին, որ պարբերաբար, ինչպես 2005-ին Անդիջանում, հիշեցրել են իրենց մասին:
Մաքսիմ ՅՈՒՍԻՆ, Kommersant.ru


Հ.Գ. ՈՒզբեկստանի կառավարությունը հաստատեց նախագահի մահը: Թերևս արդեն անիմաստ էր թաքցնելը՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմի ցավակցությունից հետո: Նախագահի մահվան պաշտոնական տեղեկատվությունը բարձրաձայնվեց համարյա մեկ շաբաթ անց, երբ օգոոստոսի 29-ին նրա դուստրը՝ Լոլա Քարիմովա-Տիլյաևան տեղեկացրեց հոր ինսուլտի մասին: Ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները երկրում:


ՈՒզբեկստանում առանցքային դեր ունեն կլանները, երկիրը էթնիկ և կրոնական առումով բավականին բարդ է: Քարիմովը կայունության երաշխավոր էր, նրա մահից հետո համակարգը կարող է փլուզվել: Փորձագետները երկու տարբերակ են կանխատեսում: Առաջինը՝ կայունությունը կարևոր է ամեն ինչից, առավել ռեալիստական է: ՈՒզբեկական կլանները շահագրգռված են կայունության պահպանմամբ և չեն փլուզի Քարիմովի կառուցած համակարգը: Բայց որևէ քաղաքական գործիչ երկրում չունի այնքան հեղինակություն ու ազդեցություն, որքան հանգուցյալ նախագահը: Առայժմ ոչ ոք չի կարող ստանձնել ազգի հոր դերը: ՈՒզբեկստանում ամեն ինչ կառուցված էր մեկ մարդու վրա և քաղաքական Օլիմպոսում ուրիշին պարզապես տեղ չկար: Փորձագետները հիշեցնում են, որ Իսլամ Քարիմովը երկրի առաջին նախագահը ու պետականության գաղափարախոսն էր: Նա, որ ստեղծել է իշխանության ուղղահայացը և քաղաքական բոլոր կառույցները, կարողանում էր գլխավորը՝ այնպես դասավորել բոլոր կլաններին, որ բացառվեն տարաձայնությունները և երկիրը կարողանա զարգանալ առանց ազգամիջյան բախումների: Մինչև նախագահի մահը նրա իրավահաջորդների անուններ, այնուամենայնիվ, շրջանառվում էին: Ամենահավանականը վարչապետ Շավկատ Միրզիևն է (1957): Նա նշանակվել է 2003-ին և իրականացնում էր Քարիմովի քաղաքականությունը, մտերիմ է նրա ընտանիքին, սերտ կապեր ունի ուժայինների, այդ թվում՝ Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Ռուստամ Ինոյատովի հետ:

Հավակնորդների թվում է և առաջին փոխվարչապետ Ռուստամ Ազիմովը: Քարիմովի մահվան մասին հաղորդումից անմիջապես հետ որոշ լրատվամիջոցներ գրեցին Ազիմովի ձերբակալության մասին, որը հերքվեց: Բայց դա արդեն իսկ վկայում է իշխանության համար պայքարի սկիզբը: Երկրում կայունության պահպանման միակ շանսը կլանների միջև պայմանավորվածությունն է: Չի բացառվում, որ Քարիմովի մահը թաքցվում էր՝ մինչև կլանները կարողանան պայմանավորվել իրավահաջորդի և իշխանության բաժանման մասին: Չի բացառվում և անսպասելի թեկնածուի ի հայտ գալը, ինչպես եղավ Թուրքմենստանում, երբ նախագահ Սապարմուրատ Նիյազովի մահից հետո իշխանությունը ստանձնեց փոխվարչապետ, առողջապահության նախարար, փաստացի Նիյազովի անձնական ատամնաբույժ Գուրբանկուլի Բերդիմուհամեդովը: Սահմանադրության համաձայն՝ եթե նախագահը ի վիճակի չէ կատարել պարտականությունները, նրա իրավասությունները տրվում են խորհրդարանի վերին պալատի նախագահին: Երեք ամսում պետք է անցկացվեն նախագահական ընտրություններ: Սենատի Օլի Մեջլիսի նախագահը 2015-ից Նիգմատիլա Յուլդաշևն է:


Ապակայունացման և արմատական իսլամիստների սպառնալիքների մարտահրավերը ծառանալու է Քարիմովի ցանկացած իրավահաջորդի առաջ: Հրաշք կլինի, եթե իշխանության փոխանցումը կատարվի խաղաղ: Փորձագետների գնահատականով՝ ապակայունացումն ՈՒզբեկստանում աղետ է ամբողջ Կենտրոնական Ասիայի համար: Փախստականներ, արմատական իսլամի բռնկումներ, քաոս սահմաններին՝ ցանկացած ապակայունացում ՈՒզբեկստանում երկրաշարժ է տարածաշրջանում: Եթե կլանների միջև պայմանավորվածություն չկայանա, ոչ ոք չի կարող ասել՝ ինչքան կտևի քաոսը, բայց հետևանքները շատ ծանր կլինեն: Փորձագետները չեն կասկածում, որ եթե կենտրոնական իշխանությունը թուլանա, վակուումը կարող են լցնել կրոնական էքստրեմիստները, որոնց Քարիմովը կարողանում էր ճնշել: Նրանք առայժմ ընդհատակում են: Չի բացառվում նաև արտաքին ներխուժումը՝ Աֆղանստանի և մյուս հարևանների կողմից, եթե իշխանությունը չկարողանա վերահսկել սահմանները: Դա չեն ցանկանում ոչ ՈՒզբեկստանի էլիտան, ոչ Ռուսաստանը, ոչ Չինաստանը, ոչ ԱՄՆ-ը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1770

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ