Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Հուդայի հետքն ու հրեղեն հավքը

Հուդայի հետքն ու հրեղեն հավքը
29.07.2016 | 08:50

Ամառը կիզակետում է: Ես բարձրանում եմ տանիք և, քաղաքականացված հեռադիտակս տեղադրելով հարևան Նշանի ալեհավաքի ծայրին, հետևում եմ Օվալաձև դահլիճի անդամների հանգստին: Ինձ (հուսամ ձեզ էլ) մի բան է այսօր հուզում. 2017-ի խորհրդարանը դարձյա՞լ գաղութացվելու է որոշ քրեածին քաղաքականների և քաղաքական անիծյալների կողմից: Եթե քրեաքաղաքականությունն է օրակարգը ճշտելու, ապա եկեք հենց այսօր սրտով արի պատվիրենք «իշոտնուկ» տեսակի բազում բազկաթոռներ: Սակայն եթե քաղանիծյալներն են դառնալու դրության տերը (քաղանիծյալը զարհուրելի ցեղատեսակ է՝ օրնիբուն օրհնաբանում է յուր գլխավոր բոսի բոլոր «սխրանքները», սակայն հագեցում չունի), ապա պետք է շահել մարտը՝ ապավինելով քրեաքաղաքական-իշոտնուկյան ասպետներին, զի նրանք չարյաց փոքրագույնն են: Խոստովանեմ, չեմ կամենում վերլուծել ՊՊԾ-ի անկումը, ժամանակը ցույց կտա՝ ՊՊԾ-ի գրավումը օրակարգի շրջադա՞րձն է, թե՞ մեր պատմության հերթական հուռռա՜ հայրենասիրական նախճիրը, Բանկ Օտոմանի գրավման աղետաբեր արդյունքով: Մի խոսքով, արդեն գալիք սեպտեմբերի 21-ին պարզ կդառնա ոտքից գլուխ, թե ով շահեց այս փոթորկուն տեղատվության արդյունքում: Ինձ այս պահին (կարծես թե ձեզ ևս) առավելապես հուզում է մեկ հանգամանք, որ հնարավորինս հստակ և արագ հեղաշրջումային ընդդիմությունը ներկայացնի երկրի լինելության խորհուրդը, այն է՝ ինչպես է մարվելու պետական ահռելի պարտքը, և ովքեր են այն մարելու, ինչպիսի կարգավիճակում է հայտնվելու երրորդ հանրապետության տնտեսական, վարչաքաղաքական և գեներալական օլիգարխիան: Վերջապես, ինչպես է ձևավորվելու ժողովրդական վստահության կառավարությունը, արդյո՞ք կազգայնացվեն ՀԷՑ-ը, երկրի ընդերքն ու սերնդի ապագան: Մի խոսքով, աշտարակի կատարին (օպերայի տանիքին կամ էլ թեկուզ կառավարական տան գագաթին) թող որ թառի մեր փրկության հրեղեն հավքը: Իսկ եթե ոչ, ապա մի քանի ամիս էլ կդիմանանք մեր անաբուռ կաչաղակների ձեռքին: Մի խոսքով, ամառը կիզակետում է:

ԶՎԱՐԹ-ՊԱՂՊԱՂԱԿԱՅԻՆ ՇԻԼԱՇՓՈԹ
(նախաքննություն)


Հրապարակագիր Անահիտ Ադամյանը «Ես դուռն եմ» ուշագրավ էսսեավեպում բազում աշխարհիկ-հոգևոր բնույթի խորքային բացահայտումներ է անում, որոնք կարևոր են հատկապես մեր խառնահեղեղ օրերում: Ահա մեկ տող. «Հուդան քայլում էր արագ, ու անձրևը ջնջում էր նրա ոտնահետքերը»: Իշխանաընդդիմադիր հուդաներն ու պիղատոսները ճամպրուկներն են կապել և շփոթված կանգ են առել: Տեղազննենք: ՀՀԿ-ն, հարկավ, պետք է խոնջանա իշխանավայել՝ Սևանա լճի հանրային լողափում, որն անվճար է և մղում է նվիրական խոհերի, հատկապես, երբ կողքիդ արևկողվում է անկուսակցական կիսաքաղց մի ընտանիք Սյունիքից:
«Համախմբումը» պիտի, անշուշտ, ի մի բերի բոլոր առողջ ուժերը և արդեն այսօր պատերազմի հակապետականության դեմ՝ գալիք աշնանը օրենսդրորեն վերացնելով մենաշնորհատիրությունը, արգելափակելով աղանդավորների և ԼԳՏԲ-ականների գործունեությունը երկրում: Այժմ էլ ավելի միասնաբար բռունցվեք, արևկողվեք Երևանյան լճի ձախ ափին, նաև ձուկ որսացեք, կրակ վառեք կեսգիշերին և մտորեք՝ 2017-ին «Համախմբումը» քաղաքական մարտադաշտում Դավի՞թ է դառնալու, թե՞ Գողիաթ:

Դաշնակցությո՜ւնը: Սա բացառիկ քաղկառույց է, և գրեթե վստահ եմ, որ հանգստանում է կարգալույծ եղած մեծահարուստների համար նախատեսված լողափում, ասենք, Ամազոն գետում, կամ էլ (ինչու չէ) Անտարկտիդայում: Ինչո՞ւ: Իրազեկում եմ՝ Հո-Հի-Դան և՛ աշխարհաքաղաքական, և՛ ազգային-ազատագրական ցնցակաթված է, զի անոնց համար մեկ է՝ երկրում միապետությո՞ւն է (սով ու թշվառություն), թե՞ սահմանադրական երանություն (լիակուշտ վիճակ և երջանկություն), իրենք իշխանավո՞ր են, թե՞ քաղբանտարկյալ, զի գերխնդիրն անփոփոխ է՝ մնալ անբիծ դաշնակ և անզուսպ դաշնագրվել և՛ սևին, և՛ ճերմակին, փառաբանել Արամին, բայց չխորշել Սորոսից, լինել երդվյալ սոցիալիստ, սակայն խնամիանալ օլիգարխի հետ: Ի դեպ, գրել եմ հայաստանյան դաշնակցության օրհներգի առաջին տողը, սակայն անկարող եմ շարունակելու: Ահա. «Մեր ձիերը վրնջան, մեր սրերը պսպղան»: Գուցե շախմատային փոխատեղո՞ւմ կատարեմ. «Մեր սրերը վրնջան, մեր ձիերը պսպղան»: Գտա՝ «Մեր լեռները խրխնջան, մեր մանդատը պլպլան»:
Մի խոսքով, օգոստոսն է դեղին ոսկի ցոլքերը թափում երդիկից վար, լավ կազդուրվեք և մեջքներդ արևին դեմ տալուց առաջ տվեք-առեք, թե ինչ հետքեր եք թողնելու հայոց պատմության մեջ: Հավատացե՛ք, ոչ մի անձրև ձեր հետքերը չի մաքրելու:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԻԿԲԵԶ
(հետաքննություն)
Եկեք այսօր խառույկ վառենք կեսգիշերին: Խարույկ վառենք ու վրայից թռչենք: ՈՒմ մետաքսյա շրջազգեստի կամ էլ կաշվե կիսատաբատի փեշը այրվի, ուրեմն նա պետք է հրաժարվի յուր մանդատից կամ էլ վայր դնի կառավարական տան վկայականը: Խարույկը խոհականության է դրդում: Եկեք խորհենք, տիարք և տիկնայք իշխանավորներ, կառավարիչներ և այլք: Եկեք խորհենք, ելքը գտնենք:
Հուշում եմ. Կառավարությունը և Օվալաձևը վերջապես պետք է ոտնիգլուխ շրջադարձվեն և գիտակցեն, որ հուլիսի 17-ին մեր համբերանքի չիբուխը դադարեց մխալուց, քանզի համբերության թասը վայր ընկավ Դավթի նժույգի հարվածից: Մի՞թե, իշխանություն իմ սրտակից, ապստամբությունները, ահաբեկումները և մյուս քանդարար գործընթացները, որոնք ուղղված են նոր կարգի հաստատմանը, հուսահատության աղաղակ չեն: Հուսահատություն, որ ծնվում է իշխանակառավարական վերնադասի «երկրաշինիչ» աշխատանքից: Բավ է թքեք մեր հոգու մեջ: Ես, իհարկե, հասկանում եմ, որ ձեզ համար շատ դժվար է ծուռ նստել, շիտակ խոսել, զի շարունակ թլպատում եք հանրային գիտակցությունը, ընդ որում, ինքներդ խաղալիք եք դառնում սեփական ձեռքերում, քանի որ անհնար է հեղեղուն արտագաղթն ու ալեկոծվող կոռուպցիան համարել երկրի զարգացման ու կայունացման չափանիշ և ինքնաբավարարված քուն մտնել հանգիստ խղճով: Է՜, խարույկի բոցերը փեշ են փնտրում և կարծես ուղղվում են դեպի կառավարության անդամները: Հարգելիներս, դուք բոլորդ այս կամ այն կերպ միլիոնատեր եք, բավական չէ՞ կեղեքել պետական բյուջեն: Հանձնեք հենց վաղը ծառայողական մեքենաները, երթևեկեք հեծանվով, կահույք գնեք List.am-ով և այսպես շարունակ: Է՜, տիկնայք և տիարք, կորցրել եք սթափության այնքա՜ն անհրաժեշտ զգացողությունը և համոզված եք, որ անվերջ կարող եք հիմարացնել հանրությանը: Անհնար է, ինքնամաքրվեք: Բայց որպեսզի ինքնամաքրումը շատ ցավոտ չլինի, նախ փորձեք ձեր սեփական լեռնացած գողոնը համարել պետական բյուջե և դրա հաշվին գործուղվեք սահմանամերձ գյուղեր, այնտեղ վար անելու և այլ օգտակար գործեր իրականացնելու նպատակով:
Մի խոսքով, այս ամառվա օգոստոսը աննախադեպ մի առիթ է, որ վերջնականապես զատեք հարդն ու ցորյանը:

Բայց և այնպես, անխախտ է հավատս ձեր հանդեպ, տիարք և տիկնայք իշխանավորներ և ընդդիմադիրներ, ու գրեթե համոզված եմ, որ գալիք Ռուբիկոնը կհաղթահարեք պատվով: Մի՞թե, իսկապես, չեք կռահում, որ հեղաշրջումը կործանարար կլինի նախ ձեր, հետո հանրապետության համար: Հուլիսի վերջերին ցույցերը մի՞թե բավականին խոսուն չեն: ՈՒրեմն հիմնարար, արմատական և, վերջապես, ազատարար փոփոխություններն են ձեր (ի վերջո՝ նաև մեր) փրկօղակը:

ԴԱՏԱՎՃԻՌ
Իշխանությունն ու կառավարությունը պետք է գործեն առանց վերամբարձ քմծիծաղի: Անդարձ անցյալ է ձեր քմծիծաղը: Բավական է, էլ ոչ մի խոսք և ոչ մի խոստում: Դուք պետք է արմատախիլ անեք հղփուն շվայտությունը: Ոչ մի գործուղում: Եթե, այնուամենայնիվ, գործուղվելու եք, ապա միայն սահմանամերձ համայնքներ, այն էլ՝ ոտաբոբիկ: Եթե ձեզնից ինչ-որ մեկը, այնուամենայնիվ, անզոր է հրաժարվելու հազարդոլարանոց գրասեղանից, թող իսկույն ևեթ արտագաղթի:
Հանձնեք երկրին նրա անկախությունը, որը, ի դեպ, նաև ձերն է:
Հանձնեցի՞ք: ՈՒրեմն լիաթոք հանգստացեք:


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 6200

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ