Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Մովսես Խորենացի, «Պատմություն հայոց», մաս չորրորդ

Մովսես Խորենացի, «Պատմություն հայոց», մաս չորրորդ
29.07.2016 | 00:54

Ինձ կառարկեն՝ Մովսես Խորենացու «Պատմություն հայոցն» ունի երեք մաս և ավարտվում է 440 թվականով։ Թովմա Արծրունին վկայել է՝ Խորենացին «Պատմությունը» շարադրել է մինչև Զենոն կայսեր ժամանակը (474-475), այսինքն՝ եղել է չորրորդ մաս։ Ընդունեք, որ գտնվել է չորրորդ մասը, բայց վերաբերում է մեր օրերին: Բնականաբար փոխված են Պատմահոր ոճն ու բառապաշարը, նա խիստ ժամանակակից հայացք ունի Հայաստանի ու իրադարձությունների ընթացքի վրա: Եվ ուրեմն՝ Պատմություն հայոց, Երևան, 2016, հուլիս:

Հայաստանի 12 մայրաքաղաքներից ամենահաջողակը Երևանը եղավ: Պատմության էջերում հայտնվելով Էրեբունի անվամբ՝ քաղաքն այս 20-րդ դարում դարձավ անկախ Հայաստանի մայրաքաղաքը և 21-րդ դարում շարունակում է քաղաքամայր մնալ Հայաստանի Հանրապետության: Սա խառնիճաղանջ, գունագեղ, տարօրինակ քաղաք է, որի մարդիկ աղոտ հիշեցնում են «Պատմություն հայոց»-ի հայերին՝ համառ են նույնքան և նույնքան անմիաբան: Չի եղել երբևէ, որ երկու հայ նույն ժամին նույն տեղում տեսածը նույնությամբ պատմեն՝ ամեն մեկն ունի իր տեսությունը և իր տեսության հակատեսությունը: Քաղաքն այս գտա խիստ տոթի մեջ ու ժամանակներում, երբ անձրև չէր գալիս: Ես չեմ պատմի բոլորի ու ամեն ինչի մասին: Կպատմեմ միայն մի դեպք, որից այդպես էլ ոչինչ չհասկացա, ու թող պատմությունը գտնի պատասխաններն իմ հարցերի, որ բաժանել եմ 3 մասի:

ՄԱՍ 1
1. Ովքե՞ր են նոր Հայաստանում հերոսներն ու հակահերոսները: Ես, որ տեսել եմ հերոսների, ամեն քայլափոխին ափիբերան լսում եմ հերոսների մասին, բայց հերոսական նրանց արածներում չեմ կարողանում գտնել: Ինքներդ դատեք՝ հերո՞ս են, որ զենքը ձեռքներին բեռնատարով մտնում են ոստիկանության պարեկապահակային բաժին ու կրակում՝ ում կպավ, կպավ: Հետո ասում են՝ իրենք էին մեղավոր, ասեցինք՝ մի կրակեք, մութ էր, մենք ի՞նչ անենք: Ասեմ, որ նրանց ոչ բոլորն են համարում հերոս: Նրանք, ովքեր համարում են, գալիս են ընդարձակ ու անշուք փողոցը, որ իմ անունով է կոչվում, ու աղմկում են, ելույթներ են ունենում՝ իրենք ասում են, իրենք լսում են ու ցրվում են: Եթե չեն ցրվում, նրանց ցրում են: Ցրում են նրանք, ովքեր հերոսներ չեն համարում նրանց, որ փակվել են իրենց գրաված ամրոցում ու կրակում են: Այս պատմությունը կոչում են ապստամբություն:
2. Ես չեմ հասկանում, թե այս մարդիկ ի՞նչ են ուզում: Նրանք խոսում են շատ ու խառը: Երբ ուզում եմ համադրել, որ հասկանամ հիմնականը, հասկանում եմ, որ իրենք էլ չեն հասկանում՝ ինչ են ուզում: Ես ուզում եմ նրանց համարել խելամիտ, բայց չի ստացվում: Խելամիտ մարդը նման գործ ձեռնարկելիս ոչ թե տարբեր երկրներից կհավաքեր անկապ պարապ-սարապների, որ չգիտեն՝ Հայաստանն ի՞նչ է, այլ պարտադիր վիրաբույժ կունենար, դեղեր ու գործի գնալիս իր սննդի պաշարը կտեսներ: Նրանք եկել են, մտել են մի տարածք, որտեղից չեն ուզում դուրս գալ, բայց համարում են, որ դրսինները պարտավոր են իրենց պահել՝ բուժել, կերակրել, սպասարկել, որովհետև իրենք հեղափոխություն են անում:
3. Նրանք ասում են, որ ունեն քաղաքական պահանջներ, բայց իրենց չեն պահում քաղաքական պահանջ ունեցողի պես: Նրանք ծրագիր չունեն, միայն կոչեր են անում ու հայտարարում են, որ այդ կոչերը բոլորինն են: Նրանք ոչ միայն չունեն ծրագիր, այլև չունեն մարդիկ, որ կարող են իրենց օգնել: Դրսիններից քչերն են նրանց հարում, հիմնականում կողքից նայում են՝ ով՝ ում, ու՝ երբ:
4. Այս օրերին իմ անվան փողոցում նկատեցի մի իրողություն, որ ինձ զարմացրեց: Նրանք ներսում, մյուսները՝ դրսում, իրար հետ կապ չունեն: Ներսիններն ունեն իրենց բողոքներն ու պահանջները, դրսիններն՝ իրենց: Ներսինները դրսիններին չեն լսում, դրսինները՝ ներսիններին: Բայց իբր նույն գործն են անում:
5. Ես գիտեմ պատմության գինն ու արժեքը: Ես գիտեմ, որ պատմությունը ոչ մի տեղ չի անհետանում ու անընդհատ վերադառնում է՝ ձևացնելով, որ նորություն է: Այս օրերին իմ անվան փողոցում երբեք չի եղել լռություն, անգամ, երբ միայն ոստիկաններն էին ու ագռավները, որ այս քաղաքում պտտվում են բոլոր փողոցների վրա:

Բնավ զարմանալի չէր, որ հենց այս շոգին գալիս ու այստեղ ելույթներ էին ունենում մարդիկ, որ մոռացվել էին անձով ու գործով: Կողքից նրանց ասում էին տզրուկներ, որ ուրիշի քայլից ուզում են իրենց գոյության արյունը քամել, ես համաձայն չեմ՝ նրանք տզրուկ չեն, նրանք մոլախոտ են, որ ժամանակին չեն քաղհանվել, միայն ցողունն են պոկել ու հիմա պարարտ պահ է՝ գլուխը բարձրացնելու:

6. Քառորդ դար անկախացած այս Հայաստանում եղել է երեք նախագահ: Նրանք մեր արքայական զարմերից չեն ու արքայանման չեն: Առաջինն ահագին ծերացել է, բայց ամեն կարևոր պահի իր խոսքը գտնում ու ասում է: Երկրորդը երբ ուզում է՝ խոսում է, երբ ուզում է՝ լռում: Կողքից ասում են՝ ինչ կատարվում է երկրում ու ինչ չի կատարվում, նա մեջը կա: Այս անգամ էլ նրա մարդիկ ոտատակ էին ընկնում, որ նրան ճանապարհ հարթեն՝ վերադառնա, չստացվեց: Նա ուժեղ է, խորամանկ, նման է վագրի, որ չգիտես՝ որտեղից է ցատկելու, բայց առյուծ չէ, այնուամենայնիվ: Երրորդն էլ առյուծ չէ, հանդարտ է, համբերող: Ոչ ոք չգիտի՝ նրանից ինչ սպասել: Թվում է՝ թույլ է, անվճռական, հապաղում է միշտ, բայց ամբողջ կյանքում միշտ եղել է այնտեղ, որտեղ պետք էր իրեն ու այն ժամանակ, երբ իրեն պետք էր:
7. Ժողովուրդ քիչ է մնացել: Շատ են տարտղնված: Կենտրոն չունեն, ամեն մեկն ինքն իր կենտրոնն է, ինքն իր ծառան: Գնում են-գալիս են: Դրսում ավելի շատ են, քան երկրում: Ամեն դրսեցու թվում է, որ ինքը պիտի ներսիններին կառավարի, փրկի, ճանապարհ տա, բայց սխալվում է: Ներսիններին նրանք չեն հասկանում, ներսինները՝ նրանց: Վտանգավորն էլ կա՝ դրսինները, որ շատ են ու շատ էլ փող ունեն, անարգել գործում են ներսում, ու չեմ հասկանում՝ ներսինները դա չե՞ն հասկանում, թե՞ թողնում են, որ իրենք իրենց բացահայտեն ու արժեզրկեն:

ՄԱՍ 2
Այս մարդիկ ինձ անվանում են Պատմահայր, ասում են՝ ես եմ իրենց պատմությունը անհայտությունից փրկել ու իրենց ծննդաբանությունը հաստատել: Գուցե: Եթե ինձ ասում են Պատմահայր, ինչո՞ւ չեն հավատում իմ պատմությանը, որ իրենց պատմությունն է, ինչո՞ւ դասեր չեն առնում այդ պատմության օրինակներից՝ ինչ անել, ինչ չանել:
1. Նոր Հայաստանը չունի թագավոր, ունի նախագահ, նախագահը չունի դրանիկ գունդ, ունի անվտանգության ծառայություն՝ ազգային, ինչո՞ւ է ԱԱԾ-ն թույլ տվել, որ այս մարդիկ, որ իրենց անվանում են ապստամբներ, կարողանան ապստամբություն բարձրացնել: Ինչո՞ւ է ԱԱԾ-ն թույլ տվել, որ այս մարդիկ կապեր ունենան երկրից դուրս գործող խմբերի հետ ու պատրաստվեն զինված պայքարի՝ իրենք ասում են իշխանության դեմ, բայց գործում են պետության դեմ: Ինձ ասում են, որ այս ամենը սարքած է՝ գաղտնի գործող խմբերին բացահայտելու, նրանց կապերը պարզելու համար, ես չեմ ուզում հավատալ, որ այդպես է, ես սովոր եմ, որ հայերը հայերի դեմ չեն կռվում, այլ իրենց բազմաթիվ թշնամիների: Անցած ժամանակներում այնքան զարմանալի փոփոխություններ են եղել, որ քիչ է մնում հեռախոսը վերցնեմ՝ զանգահարեմ Արշակ արքային ու հարցնեմ՝ ինչպե՞ս հասար Շապուհին, ինչո՞ւ ոտքիդ տակի հողը կորցրիր ու ո՞նց ես, ի՞նչ կա-չկա:
2. Ինչո՞ւ է իշխանությունը այնքան վատը, որ մարդիկ զինված ապստամբությամբ են ելք տեսնում: Ո՞վ է մեղավորը՝ իշխանությո՞ւնը, թե՞ զինյալները: Ես կարծում եմ՝ իշխանության մեղքն ավելի մեծ է՝ չի ապահովում ազնիվ ու արդար կառավարում, իսկ ինքն ապրում է արքայավայել:
3. Հիմա նախարարական տների փոխարեն կուսակցություններ են գործում, ամեն կուսակցություն համարում է, որ ինքն է ամենաճիշտը ու ամենահարմարը իշխանություն լինելու համար: Կուսակցապետերը, որոնց տեսա իմ անվան փողոցում, խղճուկ մարդիկ էին, դեսուդեն էին վազվզում, գոռգոռում էին, ասում էին՝ մենք ենք, որ կանք, ուրիշները՝ հեչ, բայց իրենք էլ ելք չեն առաջարկում: Մեր նախարարական տների պես կուսակցություններն էլ ցաքուցրիվ են ու ամեն մեկն իր տան պարիսպներից ներս է տեսնում իր պետությունը:
4. Ստեղծված իրավիճակին անպատրաստ են բոլորը: Զինյալները, որ իրենց անվանել են «Սասնա ծռեր», ոչ Դավիթ ունեն, ոչ էլ անգամ Ձենով Օհան, չկա մեկը, որ բոլորի խոսքը մեկ դարձնի, որ ասի՝ ինչ անել, ու այդպես բոլորն էլ դառնում են Ցռան Վերգո: Ասում են՝ նրանց մի տասնյակը ազատամարտիկ է ու գործել է հերոսական գործեր: Հերոսությունը մեկ և ընդմիշտ չի տրվում, հերոսներն էլ են սխալվում, երբ փորձում են անել գործեր, որտեղ իրենց կարիքը չկա: Այդպես է լինում, որ չիմանալով՝ ինչ անել ու ինչ ասել՝ անզորությունից ավտոներ են վառում, թե եկեք մեզ կերակրեք, լույս տվեք, կապ տվեք, բժիշկներին են պատանդ վերցնում, թե ներսում բուժեք, դուրս ենք գալիս՝ բռնում, տանում եք: Սա արդեն շոու է, ոչ՝ գործ:
5. Ոստիկանները, որ թագավորի, կներեք, նախագահի ծառաներն են, շատ նեղ վիճակի մեջ են: Նրանց մեջ կան մարդիկ, որ ծառայում են իրենց գործին շիտակ, բայց կան, որ նման են թշնամու հետախուզական գնդի, որ ինչ տեսնում է, համարում է թշնամի՝ ջարդելով առաջ է գնում:
6. Նոր Հայաստանում ամենից քիչ գնահատում են ժամանակը, նրանց թվում է, որ իրենք հավերժ են ու հավերժությունն իրենց ծառան է, նրանք չեն տեսնում իրենց շուրջն ու իրենց հետ կատարված փոփոխությունները, և նրանք պարտվելու են ժամանակին ու ժամանակից շուտ:
7. Թեպետ և եմք ածու փոքր, բայց մեր երկրում էլ... Հիմա չեմ գրի այս բառերը, որ եղել են ճշմարտություն: Դրա ժամանակն էլ կգա:

ՄԱՍ 3
1. Այս անդուռ, խորշակյալ Արարատյան դաշտում (իմ գտած բառերը չեն, իմ երկրում կամ բանաստեղծներ չեն լինում, կամ հանճարեղ են լինում) հայերը դաշտագլոր են դարձել՝ գնում են ու գնում, մինչև հանդիպեն մի պատի ու տանիք գտնեն: Օտար երկինքները նրանց հարազատ չեն դառնում, բայց հարազատն էլ նրանց օտար է:
2. Ամռան այս մի քանի օրերին իմ անվան փողոցում ես նորից ապրեցի մեր ամբողջ պատմությունը ու նորից չհասկացա՝ ինչո՞ւ ենք այսքան հարուստ թշնամիներով, ինչո՞ւ մեր բարեկամները մեզ բարեկամ չեն, բայց բարեկամ են մեր թշնամիներին: Ինչո՞ւ են խառնվում մեր գործերին, ինչո՞ւ ենք մեր քայլերը համաձայնեցնում նրանց հետ, երբ մենք անկախ ենք, իսկ նրանք մեզ բարեկամ չեն:
3. Ասում են՝ աշխարհը հիմա գլոբալ է, այնքան էլ չեմ հասկանում գլոբալը, որ ինձ թվում է Բաբելոնի աշտարակաշինության այն պահը, երբ լեզուները խառնված չէին, բայց խառնվեցին, չէ՞, ուրեմն ինչո՞ւ ամեն մեկը իր տանը չի ուզում նստել ու հարևանի տունն ուզում է իրեն միացնել:
4. Հարևանների հարցում մեր բախտը միշտ չի բերել: Երկրներ են անհետացել, երկրներ են առաջացել, բայց մեր թշնամիները մնացել են մեզ թշնամի ու աչքը մեր հողին: Զինվոր լինել երբեք չենք դադարել, բայց մի կարգին կռվելը միշտ հետաձգել ենք: Երևի մենք մեզ համարել ենք ուժեղ ու բարի, նրանք՝ թույլ ու չար:
5. Իմ անվան փողոցում ես չտեսա գլխավորը՝ մարդուն, որ գիտի ինչ անել ու մարդկանց իր հետևից տանել: Ասում են՝ կան այդպիսի մարդիկ ու սպասում են իրենց ժամանակին:
6. Նրանք, որ փակվել են իրենց ամրոցում, մաս-մաս հանձնվելու են, իսկ մինչ այդ կրակելու են իրենց դատարկ փամփուշտները, որ ամրոցից դուրս արձագանք չեն ունենալու, որովհետև դրսիններին պետք են ուժեղ ու իրենց անելիքն իմացող մարդիկ, որ նաև կարող են իրենց անելիքն անել:
7. Ամռան մի քանի օրն իմ անվան փողոցում բավարար ժամանակ էր, որ համոզվեի՝ պատմությունով ապրելը սխալ է, պատմություն պետք է դառնալ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Կգա սեպտեմբերն ու կունենա իր պատմությունները, երբ կեսարների ամիս օգոստոսն ավարտվի: Իսկ Մովսես Խորենացին ինձ, երևի, կների:

Դիտվել է՝ 6897

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ