Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Նոր օսմանները ձախողվեցին

Նոր օսմանները ձախողվեցին
03.07.2016 | 16:55

Այն տպավորությունն է, որ Թուրքիայի կառավարությունը վերջին հինգ տարիներին ստում է իր ժողովրդին ներքին ու արտաքին քաղաքականության մեջ: ԶԼՄ-ները գունազարդում են պատկերը, փորձում են ներկայացնել վիթխարի հաջողությունները և «թևավորել» ազգին հաղթանակներով՝ վարագուրելով արտաքին քաղաքականության իրական պատկերը: Չգիտեմ՝ գիտակցաբար է արվում, թե ինքն իրեն է ստացվում:

Բայց Թուրքիայի արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին լիովին ձախողված է: Երկրի ներսում մեզ հրամցնում էին կայսերական կարգախոսներ «նոր օսմանների», «Մեծ Թուրքիայի», «խալիֆաթի», «համաշխարհային նոր առաջնորդի», «առանց Թուրքիայի թույլտվության Մերձավոր Արևելքում տերևը ծառից չի ընկնի», մինչդեռ արտաքին քաղաքականության պատկերը առավել ու առավել աղետալից էր դառնում: Թուրքիան լիակատար մենության մեջ է, պարփակվել է ինքն իր մեջ և ստիպած է նահանջել իր հիմնարար սկզբունքներից: Արտաքին քաղաքականության մեջ մենք անցել ենք բոլոր կարմիր գծերը, ԱԶԿ-ի կառավարությունը հանգիստ հետևում է դրան: Եվ տարօրինակ է, որ շարունակում են հասարակությանը կերակրել «Մեծ Թուրքիայի» ոտքի կանգնելու ուտոպիստական պատկերներով: Մեզ՝ ընտրողներիս, «հիմարների» ու «անգրագետների» տեղ են դնում, որ ինչ ասեն՝ կընդունենք: Հասարակական կարծիքի ձևավորման հարցում մեկ սկզբունք է գործում՝ «մեր ԶԼՄ-ներն են, ինչ ուզենք, այն էլ կասենք, ամեն ինչ կուտվի: Ճշմարտությունը ոչ մեկին պետք չէ»:

Վերջին հինգ տարում Մերձավոր Արևելքում ոչ մի երկիր չի մնացել, որի հետ լավ հարաբերություններ ունենանք: Իրանը, որ մենք դեռ վերջերս համարում էինք մեր երկրորդ տունը, այսօր ամեն հարմար առիթով քննադատում է Թուրքիային, սպառնում է մեզ և մենք ոչինչ չենք կարողանում պատասխանել: Իրաքի հետ հարաբերություններն ահավոր են, Սիրիայի իրավիճակը նույնիսկ մեկնաբանության կարիք չունի: Գործնականում արաբ ժողովուրդը Թուրքիային է մեղավոր համարում Սիրիայի հումանիտար աղետի մեջ: Ի՞նչ է անում ԱԶԿ-ն, ընտրողներն այդ մասին չգիտեն, որովհետև ԱԶԿ-ն չգիտի՝ ինչ է կատարվում աշխարհում, ԱԶԿ-ն վաղուց կտրվել է աշխարհից: Բալկանները, Միջին Ասիան, Հարավարևելյան Ասիան, իսլամական աշխարհը՝ ոչ մի տեղ այլևս Թուրքիան և ԱԶԿ-ն ոչ մի դեր չեն խաղում ու ոչ մի կշիռ չունեն: Ոչ ոք Թուրքիային լուրջ չի ընդունում, ոչ ոք Էրդողանին չի հրավիրում՝ վախենալով, որ նրա գալով նորից ինչ-որ ճգնաժամ կսկսվի:

Բայց այդ քաղաքական շարժումը դեռ շարունակում է քարոզել իր «հետևորդներին» «խալիֆաթի», նեոօսմանիզմի գաղափարները և խոստանալ անհասանելի բարձունքներ աշխարհում: Մերձավոր Արևելքում մենք խճճված ու բարդ հարաբերություններ ունենք Սաուդյան Արաբիայի ու Կատարի հետ: Աշխարհը Թուրքիային վերաբերում է իբրև երկրի, որ համագործակցում է ԻՊ-ի հետ: Եվ եթե ներքին քաղաքականության մեջ մեզ հաջողվեց թաքցնել, որ զենքերով բեռնատարները անցել են Թուրքիայի ու Սիրիայի սահմանը, որ իբր հետո այդ զենքերը փոխանցեն թուրքմեններին, մեր հայրենակիցներին, աշխարհում բոլորը կարծում են, որ այդ զենքը ուղղվել է ԻՊ-ին ու Ալ Քաիդային: Ռուսաստանը բացահայտ հայտարարեց և նույնիսկ որոշ ապացույցներ ներկայացրեց: Նունիսկ մեր ամենակարևոր ու մասշտաբային գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ մենք կարողացանք փչացնել հարաբերությունները: Աղետալից իրավիճակն արտաքին քաղաքականության մեջ ուղղակի ազդում է տնտեսության, ներքին արդյունաբերության վրա՝ Թուրքիայի տնտեսությունը դեպի աղետ տանելով: Ժողովուրդը հանուն երկրում «փխրուն կայունության» պահպանման ձևացնում է, որ չի տեսնում օրենքի ու իրավունքի բոլոր խախտումները, աչք է փակում իշխանության դիկտատի ուժեղացման վրա: Ժողովուրդը չէր կարող հետևել խախտումների բոլոր դեպքերին: Կամ պարզապես փորձում էր դիմանալ ու հաղթահարել բարդացող իրավիճակը: Բայց հիմա պրոբլեմների քանակն ու դժվարությունները հասել են ճգնաժամային զանգվածի:

Եգիպտոսն ու Թուրքիան իսլամական աշխարհում երկու կարևորագույն երկրներ են: Երկու երկրներում էլ կան երկու շատ կարևոր սոցիալական շերտեր, շարժումներ՝ կազմված կրթված մուսուլմաններից՝ «Մուսուլման եղբայրները» Եգիպտոսում և «Հիզմեթ» շարժումը Թուրքիայում: ԱԶԿ-ն հասավ նրան, որ «Մուսուլման եղբայրները» իշխանություն դարձան, բայց ինչքան սխալ էր այդ քայլը և ինչքան սխալների մղեցին նրանց ԱԶԿ-ից: Էրդողանի կուսակցությունը «եղբայրներին» մտցրեց քաղաքականության մեջ՝ դարձնելով գեներալ աս Սիսիի ու Եգիպտոսի բանակի համար հեշտ հասանելի: «Մուսուլման եղբայրները» շատ կոպիտ սխալներ արեցին՝ մտնելով իշխանության ու քաղաքականության մեջ՝ նրանք չպետք է բռնությունների դիմեին: Բայց այս կամ այն կերպ, «եղբայրները» եգիպտական ժողովրդի խոր ու հզոր ավանդույթն են, հզոր մարդկային ռեսուրս, թեպետ հիմա կոշտ ճնշման տակ են: Եգիպտոսի հետ միաժամանակ Թուրքիայում սկսվեց ճնշում «Հիզմեթ» շարժման վրա՝ ոչ պակաս հզոր ու կրթված իսլամական հոսանք: Դեռ երեկ ԱԶԿ-ի ու Թուրքիայի էլիտայի անդամները հերթ էին կանգնում, որ իրենց զավակներին ուսման տան «Հիզմեթի» ուսումնական հաստատություններ՝ այնքան որակյալ ու բարձրակարգ կրթություն էին այնտեղ ստանում, հիմա անհասկանալի պատճառներով պետությունը բռնի փակում է բոլոր ուսումնական հաստատությունները, խլում է կամ նախաձեռնում սնանկության արհեստական գործընթաց:


ԱԶԿ-ի կառավարությունը համանման սխալներ է արել և քրդերի նկատմամբ: Նրանք երկար ժամանակ միանգամայն անորոշ քաղաքականություն էին վարում քրդերի նկատմամբ երկրի ներսում ու հարևան երկրներում: Եթե հիշում եք, նույնիսկ արտաքին քաղաքականության մեջ նշանավոր «զրո պրոբլեմներ» թեզիսի ժամանակ քրդական պրոբլեմին այլ վերաբերմունք կար: Ինչո՞ւ այն շրջանում, երբ Թուրքիան ջանում էր բարեկամություն անել բուլղարացիների, հույների, վրացիների ու հայերի հետ, իր բոլոր հարևանների հետ, Սիրիայի, Իրաքի (թեպետ դեռ այդքան բարձրաձայն չէին հայտարարում իրենց մասին), արդեն նաև Իրանի հյուսիսի քրդերը այլ վերաբերմունքի էին արժանանում: Հիմա իրավիճակն այնքան է լարված, որ ցանկացած պահի կարող է վերածվել քաղաքացիական պատերազմի: Միայն Ստամբուլում միլիոնավոր քրդեր, թուրք-քրդական միլիոնավոր ընտանիքներ են ապրում: Եվ եթե թուրքերի ու քրդերի բաժանման քաղաքականությունը շարունակվի, կարող է վերածվել արյունահեղության ու քաղաքացիական կոնֆլիկտի տասնամյակների: Պրոբլեմին պետք է նայել մարդու իրավունքների, արժանապատվության և ազատությունների տեսանկյունից: Թուրքիան պետք է ամեն ինչ անի, որ քրդերն իրենց զգան հավասար քաղաքացիներ հավասար իրավունքներով: Իսկ դա նշանակում է, որ նրանք պետք է իրավունք ստանան մայրենի լեզվով կրթվելու, ուժեղ տեղական ինքնակառավարում ունենալու, երկրի կյանքում բոլոր հարցերում որոշումներ ընդունելու իրավունք՝ բացառութամբ արտաքին քաղաքականության, անվտանգության, դատական օրգանների և ոստիկանության: Որովհետև եթե պրոբլեմին նայենք անվտանգության միջոցների անսահման ուժեղացման տեսանկյունից, պետք է գիտակցենք՝ ժողովուրդը, որին թույլ չեն տալիս իր իրավունքները իրականացնել, որ միշտ զգում է իր թերարժեքությունը, միջնաժամետ ու երկարաժամկետ հեռանկարում լուրջ պրոբլեմ կդառնա ամբողջ երկրի անվտանգության համար:


Արաբական գարունը սկսվելուց հետո ԱԶԿ-ն փորձեց եթե ոչ ամբողջ արաբական աշխարհում տարածել իր իշխանությունը, համենայն դեպս՝ ստեղծել եղբայրական արաբական աշխարհ, որի «խալիֆը» Էրդողանը պիտի լիներ: Այդ պատճառով Թուրքիան ներքաշվեց Սիրիայի բոլոր դժբախտությունների մեջ: Մեր բոլոր գործողությունները Սիրիայում առանց որևէ հաշվարկի էին՝ համոզված, որ կկարողանանք Սիրիայում վերահսկողություն հաստատել՝ սուննիների խմբերի ու նրանց շատ փող տալու միջոցով: Այն ժամանակ Ասադի ընդդիմության մեջ էին և աշխարհիկ սուննիները, և ոչ արմատական մուսուլմանները, մուսուլմանների տարբեր խմբակցությունները, նաև քրդերը: ԱԶԿ-ն սկսեց այդ ընդդիմությանը բաժանել, և դա հանգեցրեց տրոհման, հիմա այդ ընդդիմությունը իր ներսում ոչ մի հարցում չի կարողանում պայմանավորվել: Այդ բաժանումն ամենից շատ վերաբերեց սիրիացի քրդերին: Մենք օգնում ենք թուրքմեններին Սիրիայում, համարելով մեր ժողովուրդը, բայց եթե մենք չենք օգնում քրդերին, նրանց չենք համարում մեր ժողովուրդը, դա թուրքական ռասիզմի դրսևորում է:
Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախագահ Սելահատին Դեմիրթաշը միանգամայն ճիշտ նկատեց, որ քանի դեռ Թուրքիան սթափ չի նայում և ռեալ չի քննարկում քրդերի հետ գոյություն ունեցող լարվածության պատճառները, չի կարող լարումը նվազեցնել: «Եթե Թուրքիան ընդուներ պլյուրալիզմն ու բազմազանությունը, եթե Թուրքիան ընդուներ, որ ժողովուրդն ու երկիրը չեն կարող համախմբվել՝ խոսելով միայն մեկ պաշտոնական լեզվով, մենք շատ ավելի հեշտ կլուծեինք կուտակած խնդիրները: Եթե ժողովուրդը, որ կապված է այս հողին իր արմատներով, լեզվով, մշակույթով, պատմությամբ, ոչ մի իրավունք չունի այդ հողի վրա, իշխանություն չունի, չի կարող որոշել այդ հողի զարգացման ճանապարհները, վաղ թե ուշ դա կդառնա երկրի ամբողջականության պրոբլեմ: Եվ դա կոնֆլիկտի ևս մեկ պրոբլեմ է: Երրորդ՝ արտաքին հարձակումները, կայսերական հարձակումները: Մենք ապրում ենք հարուստ հողի վրա: Որտեղ էլ բահը հողը խրես, կամ նավթ կգտնես, կամ՝ մարդկության պատմական ու մշակութային ժառանգություն: Այս հողի յուրաքանչյուր սանտիմետրը լիքն է: Մենք այստեղ պատմության մեջ ենք թողել մեր նշանավոր քաղաքները, նշանավոր կառույցները, որ այսօր էլ մեզ համար պահպանում է պատմությունը: Այս հողը հարուստ է խմելու ջրով, որ կենսական կարևորություն ունի ամբողջ տարածաշրջանի զարգացման համար: Այդ պատճառով էլ միշտ դարձել է հարձակումների թիրախ: Եթե մենք կարողանանք ճիշտ ձևակերպել մեր պրոբլեմները, ձևակերպել պատճառները, կկարողանանք ճիշտ կարդալ պատմության դասերը, միայն այդ ժամանակ կկարողանանք գտնել իրավիճակի ճիշտ ու ժամանակակից լուծումներ: Կառավարման ոչ մի մոդել ինքնին ժողովրդավարություն չի նշանակում: Ժողովրդավարություն կարող է լինել միայն այն մոդելում, որը բաց է մասնակցության ու քննարկման համար: Կառավարման նախագահական մոդելը կարող է լինել և ժողովրդավարական, և բռնապետական: Մոդելն ինքն իրեն չի պայմանավորում ժողովրդավարությունը, միայն մոդելի գործառնության ձևերն են որոշում նրա ժողովրդավարության աստիճանը: Այդ պատճառով շատ կարևոր է գերիշխանության բաժանումը: Եթե ժողովուրդը իր հողի վրա չի ստանում այդ հողի կառավարմանը մասնակցելու իրավունք, չի կարող ստանալ իր կյանքի վերաբերյալ որոշումներ ընդունելու իրավունք, դուք երբեք չեք կարող լուծել ադ ժողովրդի պրոբլեմը, երբեք չեք լուծի ժողովրդավարության խնդիրը: Այդպիսին են քրդական պրոբլեմի հիմնական պահերը»: Այս ամենին արժի ունկնդրել:
Արիֆ ԱՍԱԼԻՕՂԼՈՒ, REGNUM


Հ.Գ. Ինչքան ամեն ինչ ճիշտ է թվում՝ Թուրքիայի մեկուսացման, հարևանների հետ անհաշտության, ԻՊ-ի հետ կապերի, նեոօսմանիզմի վերականգնման և այլնի, և այլնի մասով: Ժողովրդավարության մասով՝ հաստատ: Բայց անհնար է պատմության մի հատվածը վերցնել ու ճշմարտություն հայտարարել, իսկ մնացած մասերը անտեսել: Անգամ տարօրինակ է, որ թուրքերն ու քրդերը իրար հետ լեզու չեն գտնում: Դատելով Սելահատին Դեմիրթաշի՝ քրդական պրոբլեմի նկարագրությունից՝ ոչ մի տարբերություն քրդերի ու թուրքերի միջև: Թուրքերը Թուրքիայի Հանրապետության, հեռանկարում՝ Օսմանյան կայսրության, հողերն են համարում իրենցը՝ «արմատներով, լեզվով, մշակույթով, պատմությամբ», քրդերը նույնն են անում: Ո՞Ւր մնացին հայերը, հույները, մյուս քրիստոնյաները՝ ոչ թուրքերին, ոչ քրդերին չի հետաքրքրում: Նրանք ընդունում են, որ ապրում են «հարուստ հողի վրա»: Իսկ ո՞վ է այդ հողը հարստացրել: «Մարդկության պատմական ու մշակութային ժառանգությունը» ո՞ւմն է, իրե՞նցը: Իրենք են լցրել այդ «հողի յուրաքանչյուր սանտիմետրը»: Ո՞Ւմ նշանավոր քաղաքներն ու կառույցներն են մնացել իրենց: Ի վերջո՝ ինչքա՞ն կարելի է ապրել հայերի ու հույների հաշվին՝ ներկայացնելով ու համարելով իրենցը: Ի հավելումն՝ ժողովրդավարություն ու արդարություն պահանջել, կամ՝ ներկայանալ այդպիսին: Եկվորներն ու անցվորները փորձում են հիմնավորել իրենց տեր լինելը: Ցեղասպանության մեկդարյա տարելիցի Համահայկական հռչակագրի «Թղթածրարն» ի՞նչ եղավ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2474

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ