ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Ադրբեջան. Հայաստանը փաթեթային կարգավորումը ներկայացնում է փուլային

Ադրբեջան. Հայաստանը փաթեթային կարգավորումը ներկայացնում է փուլային
01.07.2016 | 01:39

Երեքի հանդիպումը Սանկտ Պետերբուրգում. Դիտորդների թվի ընդլայնում և բանակցությունների ակտիվացում


Անցած շաբաթվա հիմնական իրադարձությունը շաբաթվա սկզբին էր: Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացավ Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպումը, որի արդյունքներով ընդունվեց ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարություն: Կողմերը պայմանավորվեցին մեծացնել դիտորդների թիվը, ակտիվացնել բանակցային գործընթացը և ստեղծել առաջընթացի համար պայմաններ՝ փոխանցում է Report.az-ը՝ հղում անելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին: Փաստաթղթում հաստատվում է «շփման գծում իրավիճակի նորմալացման հակվածությունը»: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը բանակցությունները գնահատում է դրական ու կառուցողական: «Ադրբեջանական կողմը հույս ունի, որ այդ հանդիպումը խթան կդառնա Ղարաբաղի կոնֆլիկտի շուտափույթ խաղաղ կարգավորմանը»՝ ասել է նա: Նախքան եռակողմ բանակցությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ալիևը, հայտարարելով ստատուս քվոյի անընդունելիությունը և հայկական զինված ուժերը Ղարաբաղից դուրս բերելու անհրաժեշտությունը, հույս հայտնեց, որ կհաջողվի կառուցողական դինամիկա հաղորդել բանակցային գործընթացին: Պուտինը նշեց հոգատար վերաբերմունքը ռուսերենի ուսուցմանը և Ադրբեջանում ռուսական բուհերի հաջող գործունեությունը՝ հույս հայտնելով, որ առաջընթաց կլինի «բոլոր ուղղություններով»: ՌԴ նախագահը անհանգստացած է ապրանքաշրջանառության նվազումից: Բաքուն «որոնում է վերականգնելու և մեծացնելու ճանապարհներ»՝ հուսադրեց Ալիևը:


Ալիևի, Պուտինի և Սարգսյանի կոմյունիկեի «այլասերված մեկնաբանություններ»
Բուն բանակցությունների վերաբերյալ պայմանավորվածությունները, ինչպես, երբ ու ինչ պայմաններում կանցկացվեն (որ կարևոր է Երևանի համար), Բաքուն իբրև առաջընթաց չի ընդունում: Սակայն Ալիևի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը հայտարարեց, որ իբր Պետերբուրգում պայմանավորվածություն է ձեռք բերվել ղարաբաղյան կոնֆլիկտի փուլային լուծման մասին: «Այդ հանդիպման ժամանակ նախապատվությունը տրվել է կոնֆլիկտի փուլային լուծմանը: Այսինքն՝ այսուհետ կոնֆլիկտի կարգավորման մեջ պետք է փուլ առ փուլ առաջ գնալ՝ Ադրբեջանի հինգ շրջանների ազատում, հետո ևս երկու շրջանների և միջանցքի որոշում: Որից հետո՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշում: Այդ ուղղությամբ, սկզբունքորեն, կողմերը հասել են պայմանավորվածության»՝ ֆեյսբուքյան նրա գրառումն է մեջբերում Trend.az-ը:


Մամեդովը մեղադրեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, որ փուլային ձևաչափը ներկայացրել է փաթեթային: Ինքը՝ Նալբանդյանը, նշել է «ղարաբաղյան խնդրի լուծման որևէ պայմանավորվածության» բացակայությունը: Մամեդովի ու Նալբանդյանի տարընթերցումների գորդյան հանգույցը հատել է ՌԴ ԱԳ մամլո քարտուղար Մարիա Զախարովան՝ հասկացնելով, որ բոլոր պայմանավորվածությունները շարադրված են թղթին, իսկ փուլային կամ փաթեթային տարբերակի մեկնաբանություններն անհիմն են: «Կա կոնկրետ հայտարարություն, որը բարձրաձայնվել է և պաշտոնական փաստաթուղթ է: Պետք է ելնել փաստաթղթից, այլ ոչ թե ինչ-որ մեկի կամայական ընթերցումների կամ այլասերված մեկնաբանոթյուններից»՝ ասել է նա:


Ընդդիմություն. Պետերբուրգում Բաքուն ստորագրել է իր տարածքների չվերադարձման պարտականության տակ


Ադրբեջանական ընդդիմությունը կտրուկ քննադատեց պետերբուրգյան հանդիպումը: «Ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլին նկատեց, որ կողմերը պայմանավորվել են բանակցությունները շարունակել եռյակի ձևաչափով՝ «որոշակիորեն նոր ձևաչափ ԵԱՀԿ Մինսկի խմբին զուգահեռ», որտեղ Ռուսաստանի դերը բարձրանում է: Ճակատի գծում դիտորդների թվի մեծացումը արվում է, որ «Ադրբեջանը չմտածի օկուպացված տարածքներն իր ուժերով վերադարձնելու մասին»՝ կարծում է Քերիմլին՝ ըստ Azadliq-ի:
Ստորագրելով հայտարարությունը, Բաքուն հանձն է առել «իր տարածքները չվերադարձնելը» և Ռուսաստանի ազդեցության ուժեղացումը տարածաշրջանում՝ կարծում է քաղաքական գործիչը: Կարծես պատասխանելով Քերիմլու քննադատությանը՝ բրիֆինգում նույն օրը ՌԴ ԱԳ մամլո քարտուղար Մարիա Զախարովան հայտարարեց. «Նախագահների Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումը բացահայտեց անտեղիությունը այն տագնապների, որ Ռուսաստանն իբր բանակցությունների նոր ձևաչափ է ստեղծում, մեկուսացնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին՝ ամեն ինչ իր ձեռքում կենտրոնացելով»:


«Ղարաբաղյան կոնֆլիկտը վերածել են պաղեստինյանի»


Ադրբեջանցի հայտնի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն զարմացած չէ, որ չկա պայմանավորվածություն բուն կոնֆլիկտի կարգավորման վերաբերյալ: Սանկտ Պետերբուրգի հանդիպման նպատակը Մոսկվայի վճռական դերը հաստատելն էր, որը չունի «կոնֆլիկտը կարգավորելու ռեալ նպատակ»՝ մեջբերում է նրա խոսքերը Yeni Musavat-ը: «Միամիտ էր այս հանդիպումից ինչ-որ դրական քայլեր սպասել: Սարգսյանը լիովին ձեռնտու է Կրեմլին, ինչո՞ւ նրա վրա ճնշում գործադրեն: Նա ձեռնտու է և ԱՄՆ-ին: Այդ պատճառով էլ ես արդեն ասել եմ, որ ղարաբաղյան խնդիրը վերածելու են պաղեստինյանի, և ամեն ինչ կշարունակվի՝ ինչպես եղել է»՝ կարծում է Ալիզադեն: Փորձագետի կարծիքով՝ Ղարաբաղը «չեն տա» ոչ Բաքվին, ոչ Երևանին, կմնա «կախիչ, որից մշտապես Ռուսաստանին հնազանդ վիճակում կախված կմնան» անդրկովկասյան երկու հանրապետությունները:


Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը, հակառակը, վստահ է, որ «Ռուսաստանի նախագահի անմիջական մասնակցությունը բանակցություններին խթան կդառնա կոնֆլիկտի խաղաղ կարգավորման»: Պուտինը միջնորդ է ոչ միայն Ռուսաստանի կողմից, այլև ԵԱՀԿ-ի, որի հետ Կրեմլի ղեկավարը «հաստատ համաձայնեցրել է բոլոր հարցերը»: Մութալիբովը կասկածում է, որ Հայաստանը «կգնա ադրբեջանական տարածքների ապաօկուպացման առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծելու»: Նրա կարծիքով՝ Ադրբեջանը բավականաչափ փոխզիջում դրսևորել է կարգավորման հարցով և «հիմա գնդակը Հայաստանի դաշտում է, կամ համաձայնում է միջնորդների պայմաններին կամ շարունակում է իր ապակառուցողական դիրքորոշումը»՝ մեջբերում է նրան Haqqin.az-ը: Եթե Մութալիբովը հարցազրույց տար շաբաթվա վերջին, նրա գնահատականը կարող էր մի քիչ այլ լինել: Հունիսի 26-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը վստահություն հայտնեց, որ «լուծում կգտնվի»: «Մինչև ապրիլյան իրադարձությունները մենք ասում էինք, որ խնդիրը պետք է լուծվի փոխզիջումների հիմքի վրա: Հիմա մարդկանց համար մի քիչ դժվար է հասկանալ՝ ինչպես է հնարավոր փոխզիջման գնալ: Այնուհանդերձ, ես համոզված եմ, որ մենք պետք է գտնենք օպտիմալ ճանապարհը»՝ ասել է Սերժ Սարգսյանը «Վատիկանի ռադիոյին» տված հարցազրույցում:
Ֆիզուլի ՄԱՄԵԴՈՎ, REGNUM


Հ.Գ. Ինչքան բացահայտումներ մեկուկես էջում: Առաջին՝ փաստորեն Ադրբեջանում կա ընդդիմություն, որը նույնիսկ քննադատում է իշխանությանը, համարյա մեղադրում է, թե ստորագրել է տարածքները չհանձնելու հայտարարություն: Ալիևը փորձում է «պաշտպանվել» «ընդդիմության» քննադատությամբ: Երկրորդ՝ այնտեղ էլ կան նախկին նախագահներ, որ Ռուսաստանի խաղն են խաղում: Վերջապես՝ երրորդ՝ Ալիևի հույսը Սերժ Սարգսյանն է իր «օպտիմալ ճանապարհով»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3565

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ