Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Ռուսաստանն ակնարկում է, որ ամեն ինչ հասկանում է

Ռուսաստանն ակնարկում է, որ ամեն ինչ հասկանում է
10.06.2016 | 01:08

«Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի քննարկումն Ազգային ժողովում, ինչպես միշտ, հայաստանյան «վիրտուալ» և իրական հասարակական հարթակներում հերթական թեման բացեց։ Նոր ուժով սկսեց քննարկվել հայ-ռուսական ռազմավարական համագործակցության արդյունավետությունը, բնականաբար, նախ և առաջ ռազմական ասպարեզում։ Այստեղ, թերևս ամեն ինչ տրամաբանական է, քանի որ Հայաստանում այսօր յուրաքանչյուր գործընթաց սկսել է դիտարկվել ապրիլյան քառօրյա պատերազմից հետո առաջ եկած հարցերի պրիզմայով։ Նշված համաձայնագրի ընդդիմախոսները, որոնք, ի դեպ, նախկինում Ռուսաստանի հանդեպ լոյալ հասարակական շերտերի մի մասի հաշվին բավականին ընդլայնվել են, ուղղակի կասկածի տակ են դնում հայ-ռուսական հակաօդային միասնական համակարգ ստեղծելու հեռանկարը։


Բնականաբար, հարց է ծագում. եթե չորսօրյա պատերազմի ընթացքում ջրի երես դուրս եկան հայ-ռուսական հարաբերությունների թերությունները, և Հայաստանը ո՛չ Ռուսաստանից, ո՛չ ՀԱՊԿ-ից չստացավ ակնկալվող ռազմաքաղաքական արձագանքն ու կոնկրետ գործողությունները, հիմա «ի՞նչ սրտով» վստահի Ռուսաստանին իր հակաօդային պաշտպանությունը։ Սա է ընդհանուր առմամբ պայմանագրի ընդդիմախոսների հիմնական և իհարկե ոչ անհիմն փաստարկը: ՈՒ պատահական չէր, որ խորհրդարանում քննարկումների ժամանակ ՀՀ պաշտպանության փոխնախարարի առջև դրվող ամենագլխավոր հարցերից մեկն այն էր, թե ով է, ի վերջո, սեղմելու կոճակը կամ ընդունելու այդ կոճակը սեղմելու որոշումը, եթե հակառակորդն Ադրբեջանից կամ, ասենք, Թուրքիայից հանկարծ խախտի Հայաստանի օդային սահմանը (ինչպես դա եղավ մի քանի ամիս առաջ, երբ թուրքական ուղղաթիռները խախտեցին ՀՀ սահմանը)։ Դատելով բարձրաստիճան պաշտոնյաների ավելի քան լղոզված և խուսափողական պատասխաններից ու մեկնաբանություններից՝ հստակ մեխանիզմ առայժմ չկա կամ եթե կա էլ (կամ, ավելի շուտ, եթե նրանք տեղյակ են), գաղտնի է պահվում։ Բայց, ի վերջո, բոլորը հասկանում են, որ կառավարման ղեկը ամենևին էլ Հայաստանի ձեռքում չէ։ Դժվար չէ կռահել, որ, ինչպես հայ-ռուսական մյուս համաձայնագրերում և գործարքներում, այստեղ էլ դոմինանտ ուժը, որը թելադրում է իր կամքը, Ռուսաստանն է։


Ինչևէ, պայմանագրի քննարկումը և հասարակական արձագանքները նորից արձանագրեցին այն փոփոխությունները, որոնք ապրիլյան պատերազմից հետո տեղի են ունեցել հայաստանյան հասարակության մեջ՝ Ռուսաստանի՝ որպես կայուն և վստահելի դաշնակից լինելու հարցի շուրջ: Ասվածի վկայությունն այն է, որ եթե դեռևս անցած տարվա վերջում այս համաձայնագրի ստորագրումը հանրության ամենալայն զանգվածներին և քաղաքական էլիտայի մեծամասնությանը արտառոց չէր թվում, ապա հիմա, ինչպես տեսնում ենք, տրամադրությունները զգալիորեն փոխվել են:


Ինչպես միշտ, իր հերթական սկանդալային հայտարարությամբ կրակի վրա յուղ լցրեց վերջին շրջանում, մեղմ ասած, ոչ միանշանակ ընդունվող թեզերով հանդես եկող ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Վերջինս, փորձելով փաստարկներ բերել, թե ինչու հատկապես հենց հիմա է պետք այս իրավիճակում պայմանագիրը վավերացնել, ակնարկեց, որ փաստաթուղթը վավերացնելու դեպքում 200 միլիոն դոլարի վաղուց սպասվող զենքը և զինամթերքն ավելի շուտ կհասնեն Հայաստան։ Փաստորեն, ՀՀԿ խմբակցության ղեկավարը, կամա թե ակամա, գրեթե բաց տեքստով ասաց, որ միասնական հակաօդային պաշտպանության պայմանագրի շուտափույթ վավերացմամբ է պայմանավորված 200 միլիոն դոլարանոց զինտեխնիկայի մատակարարման պայմանագրի իրականացումը։ Փաստացի, Վահրամ Բաղդասարյանը այս հարցում ոչ միայն որոշակի նրբերանգներ բացեց, այլև նորից արեց այն, ինչը վերջին շրջանում Հայաստանի իշխանությունները սովորություն են դարձրել՝ պարզապես սլաքներն ուղղեց Ռուսաստանի վրա։ Ստացվեց, որ մեր ռազմավարական դաշնակիցը պարտադրում է Հայաստանի իշխանություններին անպայման վերջնականապես ընդունել հակաօդային միասնական համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը, ինչը միանգամից Հայաստանում որակվեց որպես ուղղակի շանտաժ։ Միևնույն ժամանակ, դեպի այս կամ այն աշխարհաքաղաքական բևեռ ուշադրություն շեղելու մարտավարությունը նորություն չէ: Վաղուց արդեն նկատվել է, որ երբ Հայաստանի իշխանությունները երկրի ներսում որոշակի հարցեր չեն կարողանում լուծել, սլաքը թեքում են դեպի արտաքին աշխարհ՝ պատասխանատվությունը փորձելով բարդել դրսի կենտրոնների և ուժերի վրա:

Վերջին մի քանի օրվա ընթացքում զգացվեց, որ Ռուսաստանը բավականին նյարդային է վերաբերվում ՀՀ իշխանությունների՝ սեփական պրոբլեմները ՌԴ-ի վրա բարդելու սովորություն դարձած խաղաոճին։ ՈՒ պատահական չէ, որ ռուսաստանյան վերնախավին մոտ կանգնած շատ լրատվական աղբյուրներ կամ ՌԴ հայ համայնքին նոմինալ կից գործող հայալեզու պարբերականներ (ինչպիսին, օրինակ, noev-kovcheg.ru-ն է) իրենց վերլուծություններում գրում են, որ ներքին կոռուպցիան, ներքին անկազմակերպվածությունը, մենաշնորհները, օլիգարխիկ համակարգի թերությունները չցանկանալով վերացնել, ավելին, օգտվելով դրանցից, ՀՀ իշխանությունները բոլոր պրոբլեմները, մասնավորապես, պատերազմում գրանցված մասնակի անհաջողությունները բարդում են հենց Ռուսաստանի վրա, ուղղորդելով հասարակության բողոքական զանգվածներին հակառուսական գործողությունների կամ, առնվազն, հակառուսական տրամադրություններ ձևավորում։ Պատահական չէ, որ նման հրապարակումների մի մասը միանգամից զետեղվում է «Ռեգնում» լրատվական գործակալության կայքում, որը հայտնի է Կրեմլի որոշ շրջանակների հետ սերտ կապերով։

Բացի այդ, առաջին հայացքից շատ աննշան, բայց կարևոր հանգամանք էր, որ ռուսաստանյան որոշ փորձագետներ հանկարծ հատուկ սկսեցին արձագանքել Երևանի կենտրոնում՝ հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակի մոտ տեղադրված Գարեգին Նժդեհի արձանին, ոչ ավելի, ոչ պակաս համարելով դա Ռուսաստանին ուղղված մարտահրավեր և Նժդեհին բնորոշելով որպես նացիստական Գերմանիայի դաշնակից։ Սա, իհարկե, մի կողմից, ցանկության դեպքում, կարելի է համարել լոկ ադրբեջանամետ որոշ օդիոզ փորձագետների տեսակետ, բայց իրականում կարելի է ենթադրել նաև, որ գործում է պարզ քաղաքական մարտավարությունը, որ եթե քաղաքականության մեջ ինչ-որ բան ուղղակիորեն չի ասվում, մեջտեղ է բերվում նման կերպարների միջոցով։ Այս առումով, կարծես, սուր քննադատության թիրախ է ՀՀ իշխանությունը՝ իր իբր նժդեհականությունը դավանող իշխող կուսակցությամբ և, իհարկե, այդ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը:


Միամտություն կլինի կարծել, թե այսօր Ռուսաստանի իշխանությունները Հայաստանի ղեկավարների հետ շփվելու առումով առանձնապես բարդույթներ ունեն, և չի բացառվում, որ այս ամենը շատ կոշտ կերպով ասվում է դեմ առ դեմ խոսակցությունների ժամանակ, պարզապես առկա բարդություններն առայժմ չեն ցանկանում հանրայնացնել։ Նաև դրա համար ժամանակ առ ժամանակ պրոկրեմլյան որոշ լրատվամիջոցներում հոդվածներ և վերլուծություններ են հրապարակվում ՀՀ բարձրաստիճան իշխանավորների ահռելի սեփականության, օլիգարխներին կից գործելու վերաբերյալ, երկրից դուրս բերված և օֆշորներում կուտակած միջոցների մասին և այլն։ Ռուսաստանի իշխանությունները սկսել են գրեթե չքողարկված հասկացնել, որ գումարներ Հայաստանում կան, պետք չէ միայն վարկերի (այդ թվում` երբևիցե չվերադարձնելու ակնկալիքով վարկերի) վրա հույս դնել, այդ գումարները ուղղակի պետք է հանել գրպաններից և, ինչպես ուրիշները, ներառյալ Ադրբեջանը, զենք-զինամթերք գնել, ընդ որում, ի տարբերություն մյուսների, զենքը Հայաստանին կվաճառեն ռուսաստանյան գործարանային գներով։


Պակաս կարևոր չէ այն, որ ռուսաստանյան աղբյուրները առիթը բաց չեն թողնում արձանագրելու, որ զենք-զինամթերք ձեռք բերելու գործում Հայաստանի իշխանությունները, ինչ-որ պահից սկսած, մեծ ակտիվություն չեն դրսևորել՝ թեկուզ Ադրբեջանի համեմատ: Պատահական չէ, որ վերջին շրջանում հիմնականում որոշ ընդդիմադիր թևերից կամ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի միջոցով հետևողականորեն հասկացվում էր, որ 2011 թվականից ի վեր Հայաստանը զենք-զինամթերք ձեռք բերելու հարցում փոխել էր իր ռազմավարությունը։


ՈՒշագրավ է, որ այս ֆոնին օրերս ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվեց ընդգծված ամերիկամետ Խաչատուր Քոքոբելյանի՝ ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության դադարեցման գործընթաց սկսելու մասին օրինագիծը։ Որպես հիմնավորում ԱԺ պատգամավորը նկատում էր. «ԵԱՏՄ անդամ դառնալով՝ մենք զրկվում ենք միջազգային ներդրումներից, դրա համար օր առաջ պետք է կասեցնենք մեր անդամակցությունը։ Հասարակության մեջ մեծ շերտ կա, որն ընդվզում է, քանի որ մեզ ոչինչ չտվեց ԵԱՏՄ, ՀԱՊԿ անդամ լինելը։ Մենք այդպես էլ չստացանք ՌԴ-ից այն 200 միլիոն դոլարանոց զինտեխնիկան։ Ես կարծում եմ՝ հենց դա էր ապրիլյան քառօրյա պատերազմ սկսելու հիմնական պատճառներից մեկը»։


Բնականաբար, այդ քաղաքական քայլն իր մեջ ավելի շատ քարոզչական դրվագներ էր պարունակում և իրականում ընդամենը արձանագրում աշխարհաքաղաքական այդ ուղղության ներկայությունը հայաստանյան քաղաքական սեգմենտում: Եվ այստեղ, թերևս, կարևորը արդյունքը չէր, այլ խնդրին հասարակական հնչեղություն հաղորդելը:
Այս առումով անսպասելի չէր ու քաղաքական PR-ի տեսանկյունից տրամաբանական էր, որ, ի վերջո, Խաչատուր Քոքոբելյանը, վստահ լինելով, որ օրինագիծը չի անցնի, և քարոզչական հարուստ դիվիդենդներ քաղելով` նախընտրական վերադասավորումների այս ժամանակաշրջանում հայտարարեց, որ հարցի քննարկումը մեկ տարով հետաձգում է` գուցե նաև հույս ունենալով, որ առավելագույնը մեկ տարի անց Հայաստանում շատ ավելի վատ հասարակական վերաբերմունք կլինի Ռուսաստանի հետ համագործակցության առումով։
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, ապա այստեղ, իհարկե, դժգոհելու շատ բան կա, քանի որ այդ կառույցը իրականում, ինչպես և ՀԱՊԿ-ը, կայացման նշույլներ առայժմ գրեթե ցույց չի տալիս։ 2015-ին ԵԱՏՄ դեյուրե ձևակերպումից հետո անդամ երկրների միջև ապրանքաշրջանառությունը 25 տոկոսով նվազել է։ Իսկ 2016-ի ընթացքում այդ անկումը արդեն հասնում է մոտ 30 տոկոսի։ Բնականաբար, դա կարող է պայմանավորված լինել ՌԴ-ի դեմ կիրառվող արևմտյան պատժամիջոցներով, որոնք, բնականաբար, միանգամից անդրադառնում են նաև ԵԱՏՄ անդամ երկրների վրա։ Սակայն այստեղ խնդիրն այն է, որ ԵԱՏՄ-ում ոչ մի հարցի նկատմամբ ունիվերսալ մոտեցում չկա։ Օրինակ, նույն Բելառուսը, ի տարբերություն Ռուսաստանի, որը 2016-ի հունվարի 1-ից խզել է ՈՒկրաինայի հետ ազատ առևտրի ռեժիմը, ավելի շատ համագործակցում է ՈՒկրաինայի հետ՝ փորձելով իր առանձին խաղը խաղալ։ Նույնը վերաբերում է Ղազախստանին, այդ թվում` Թուրքիայի հետ հարաբերություններում:

Ղրղզստանի և Ղազախստանի միջև ԵԱՏՄ գործարկումից հետո առևտրային պատերազմներն է՛լ ավելի են սրվել, քանի որ իրականում ոչ ոք առանձնապես ուշադրություն չի դարձնում ԵԱՏՄ ներքին համաձայնությունների և այլ փաստաթղթերի վրա։ Դրան ավելացավ նաև Հայաստանի գործոնը, որը ԵԱՏՄ գագաթնաժողովներում անընդհատ անվտանգության խնդիրներ է բարձրացնում։ Աստանայում կայացած վերջին գագաթնաժողովում, մասնավորապես, Սերժ Սարգսյանը, ինչպես բնորոշեց ռուսական մամուլը, «մահախոսական կարդացողի ձայնով» հայտարարեց, որ ԵԱՏՄ տնտեսական հաջողությունն անվտանգության կայուն վիճակով է պայմանավորված։ Եթե ԵԱՏՄ տարածաշրջանում իրավիճակը կայուն չէ, հաջողություններ ակնկալելն անհնար է։

Հետաքրքիր է, որ ԵԱՏՄ վերջին համաժողովում գրեթե բոլոր նախագահներն ինչ-որ հարցի կապակցությամբ ափսոսանք էին հայտնում՝ մեկը առևտրային պայմանավորվածությունները չկատարելու, մյուսը՝ անվտանգության խնդիրները չլուծելու առնչությամբ և այլն։ Այսինքն, ԵԱՏՄ-ն կայանալու խնդիր ունի, և Խաչատուր Քոքոբելյանի ակնարկած մեկ տարին բավականին լուրջ ժամանակաշրջան է լինելու ու կարևոր հանգրվան՝ հասկանալու համար՝ կգործի՞ արդյոք համակարգը։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1067

Մեկնաբանություններ