Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Ռուսաստանին պետք է նոր քաղաքականություն Անդրկովկասում

Ռուսաստանին պետք է նոր քաղաքականություն Անդրկովկասում
06.06.2016 | 12:02

2008-ի կովկասյան պատերազմից հետո, որի արդյունքում Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Անդրկովկասում չկարգավորված կոնֆլիկտներից՝ աբխազականից ու հարավօսականից, հավասարահեռության քաղաքականությունն իրեն ամբողջությամբ սպառեց: Դա ոչ միայն բարդացրեց Ռուսաստանի ու Վրաստանի հարաբերությունները, այլև փոխեց տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը հօգուտ Ռուսաստանի:


Մնում է երրորդ կոնֆլիկտը՝ ղարաբաղյանը, որ ճոճվում է տարածաշրջանային պատերազմի վերածվելու սահմանին, դա նորից ցույց տվեց, այսպես կոչված, ապրիլյան քառօրյա պատերազմը՝ ևս մեկ կարևոր առանձնահատկություն ի հայտ բերելով: Ռուս փորձագետներից մեկի կարծիքով՝ ակնհայտ դարձավ, որ ադրբեջանա-հայկական «դժբախտությունները» ուղղակի վերաբերում են Ռուսաստանին, մինչդեռ նրանց տոները ոչ միշտ են «տոն ռուսական փողոցում»: Ռուսաստանը հարյուր անգամ ավելի շատ շանսեր ունի ղարաբաղյան անհաջողությունների դառը պտուղները ճաշակելու, թե կոնֆլիկտի աղբյուրին իր աշխարհագրական մոտիկության պատճառով, թե իր տարածքում բազմամարդ ադրբեջանական ու հայկական սփյուռքի առկայության:


Ռուսաստանը ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ հավասար մասնակցություն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին: Ինչ էլ լինի այդ դիվանագիտության տրամաբանության մեջ, պարզ է, որ, ի տարբերություն Ռուսաստանի, և ԱՄՆ-ին, և Ֆրանսիային, նույնիսկ ամենահարուստ երևակայության պարագայում կովկասյան երկիր չես անվանի: Մի կողմից դա Ադրբեջանին ու Հայաստանին ինքնուրույն դիվանագիտական մանևրների քաղաքականության հնարավորություն է տալիս ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում: Մյուս կողմից՝ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է ՀԱՊԿ-ում ու ԵԱՏՄ-ում: Ադրբեջանն իր հերթին խորացնում է ռազմավարական համագործակցությունը Թուրքիայի հետ՝ փորձելով եթե ոչ ուղղակի, անուղղակի ներգրավել իր թիկունքի ապահովման մեջ ոչ միայն տարածաշրջանային քաղաքականության մեջ, այլև Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման: Աշխարհաքաղաքական այս հավասարումը ղարաբաղյան նեղ տարածության մեջ խաղաղութան գրավական չէ՝ նոր տարրերի հայտնությունը բարդացնում է լուծումը:

Կա նաև Իրանը, որ պատժամիջոցներից ազատվելուց հետո ուժեղացնելու է իր պատմական ազդեցությունը տարածաշրջանում: Այդ պատճառով՝ եթե հետագայում ղարաբաղյան կարգավորումը փոխադրվի բարդ տրանսազգային կառույցներ, այդ խնդրի ճակատագիրը կլուծվի (եթե խոսենք միայն դիվանագիտական ջանքերի մասին) «ժողովրդավարական քվեարկության» տեխնիկական գործընթացով: Եվ կարող է ստացվել, որ Ռուսաստանի շահերի պաշտպանությանը տրված ձայները միշտ չեն բավարարի՝ շնորհիվ «գործընթացի մասնակիցների հատուկ կարծիքի», երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի նրա գործընկերները ըստ էության ոչինչ չեն վտանգում: Փորձագետների համար ակնհայտ են Արևմուտքի եթե ոչ ուղղակի, ապա անուղղակի ջանքերը՝ ստանալու Անդրկովկասի բաժնետոմսերի «վերահսկիչ փաթեթը», և նրանք չեն թաքցնում իրենց տագնապը այդ քաղաքականության պատճառով: Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սեփական պետականությունը նրանց համար մնում է գերազանցապես գործիքային արժեք (այդ պատճառով նրանք հնարավոր են համարում այլ պետությանը միանալու տարբերակը՝ Ղարաբաղի Հայաստանին միանալու կամ անկախանալու, իսկ Ադրբեջանի՝ Թուրքիայի հետ դաշնային պետություն դառնալու): Դա Ռուսաստանին կամ ԵԱՀԿ-ի պես կառույցներին դնում է երկու «սրբազան կովերի» միջև ընտրության առաջ՝ ազգերի ինքնորոշման իրավունքի և պետության տարածքային ամբողջականության սկզբունքի, նաև՝ status quo-ի սկզբունքի պահպանության, որ հնարավորություն է տալիս օգտագործել հակասությունների հաղթահարման կոնվենցիոնալ միջոցների մարտավարությունը: Ադրբեջանը շարունակում է համաշխարհային հանրության աչքում իր իրավունքների ռոմանտիկ շեշտադրումը: Սակայն հայերի ցեղասպանության հարցով Գերմանիայի Բունդեստագի որոշումը ևս մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ եվրոպական գիտակցության մեջ հայերը հինավուրց մշակութային ժողովուրդ են, ում էթնիկ տարածքը մշտապես փոքրանում է, իսկ հաղթանակը Ղարաբաղում ընկալվում է իբրև արտաքին ուժերի կողմից հայության բնաջնջման հազարամյա միտումի բեկում, իբրև հայ ժողովրդի վերապրումի երաշխիք, աշխարհում նրա քաղաքական նշանակության վերականգնում, որն Ադրբեջանին բարդ վիճակում է դնում:

Որոշ ժամանակ Բաքուն ակտիվորեն օգտագործում էր ԱՄՆ-ի և Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջև սեպ խրելու դիվանագիտական մարտավարությունը՝ գայթակղելով Արևմուտքին իր էներգետիկ ռեսուրսներով՝ քանի դեռ Ադրբեջանում աճում էր նավթի ու գազի արդյունահանումը, վաճառքի գինը ծածկում էր օլիգարխիկ ռեժիմի ինքնարժեքը: Սակայն ծիծաղելի է մտածել, որ նույնիսկ Ադրբեջանի ստրկական գործընկերությունը պայմանական Արևմուտքի հետ Բաքվին թույլ կտա Ղարաբաղի հարցն իր սցենարով լուծել:
Անդրկովկասը պատմականորեն ձևավորում է համաշխարհային աշխարհաքաղաքական տարածության համեմատաբար միասնական բլոկ: Բայց ոչ մասշտաբներով, ոչ ռեսուրսներով, ոչ հնարավորություններով տարածաշրջանի պետությունները առանձին կամ միասին ինքնուրույն քաղաքական գործունեությամբ չեն կարող ոչ եվրասիական, ոչ էլ առավել ևս համաշխարհային քաղաքականության մեջ ունենալ այնպիսի դեր, ինչպես Ռուսաստանը: Մոսկվայի համար, իհարկե, շատ կարևոր է Ադրբեջանի ու Հայաստանի հանգստությունն ու բարգավաճումը, բայց ավելի կարևոր է իր սեփական հանգստությունն ու բարգավաճումը: Այդ պատճառով Ռուսաստանը երբեք չի կարող անտարբեր լինել ոչ Անդրկովկասի արտաքին քաղաքական կողմնորոշման պրոբլեմին, ոչ այնտեղ Արևմուտքի ներկայության որևէ ձևին: Ժամանակակից աշխարհաքաղաքական իրականությունը Անդրկովկասում Ռուսաստանից պահանջում է ավելի հստակ դիրքորոշում, որ համապատասխանում է իր ազգային շահերին: Պարզ է, որ ցանկացած այլ շահ հաշվի է առնվում միայն դրանից հետո:
REGNUM


Հ.Գ. Ասված է պարզ ու առավել քան՝ շիտակ: Փաստացի՝ Ռուսաստանի Դաշնությունը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո որևէ կերպ չի ընկալում, որ հետխորհրդային տարածքի Անդրկովկասյան հատվածում ձևավորվել են անկախ պետություններ: Այդ պետությունները ևս կարող են, ինչպես ՌԴ-ն, ունենալ սեփական շահեր և այդ պետությունների հետ պետք է ունենալ գործընկերային հավասար հարաբերություններ, ոչ թե տարբեր միջոցներով, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, ռազմական, պարտադրել իր շահերը սպասարկել: Ռուսաստանի ու Արևմուտքի տարբերությունը ներկայացնում ու հիմնավորում են իրենք՝ ռուսները: Աշխարհագրական տարածքի պատճառաբանությունը սոսկ պատրվակ է, պատճառը վախն է Արևմուտքից՝ քաղաքական ու տնտեսական համակարգերի մրցակցությանը չդիմանալու վախը: Վրաստանը կարողացավ պոկվել, իսկ Ղարաբաղի հարցը փառահեղ ծուղակ է՝ Անդրկովկասը մշտապես վերահսկողության տակ պահելու համար՝ պարբերաբար կոնֆլիկտի կողմերից մեկնումեկին առավելություն տալով, երկուսին էլ զինելով, իսկ աշխարհին ներկայանալով իբրև այդ կոնֆլիկտի հաղթահարման միջնորդ, ոչ թե գործող անձ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1451

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ