Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Ով ինչ է որոնում Բունդեսթագի ստվերում

Ով ինչ է որոնում Բունդեսթագի ստվերում
05.06.2016 | 20:33

Թուրքիայի արձագանքները Գերմանիայի Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին, կանխատեսելի ու հասկանալի են՝ ելնելով նախագահ Էրդողանի ժխտողական քաղաքականությունից ու Թուրքիայի արտաքին քաղաքականությունից ընդհանրապես: Մաքուր ու անթերի անցյալի, տարածաշրջանում ու աշխարհում մեծ ազգի ու մեծ առաքելություն ունեցող պետության հավակնությունները Անկարան երբեք էլ չի թաքցրել ու իր արտաքին քաղաքականությունը կառուցել է ագրեսիայի ու ահաբեկչության պաշտպանության վրա, եթե դա բխում է իր շահերից: Կանխատեսելով Բունդեսթագի որոշումը՝ Թուրքիան ու Ռուսաստանը նախօրեին արեցին հայտարարություններ, որոնց իմաստը փոխհարաբերությունների նորմալացումն էր:

Իրադարձությունների զարգացումը գլոբալ մասշտաբով նորից Էրդողանին ու Պուտինին բերում է ընդհանուր հարթակ, որտեղ նրանք հարկադրված են բարեկամ դառնալ ու համագործակցել՝ ընդհանուր թշնամի ունենալով իրենց չհասկացող ու ինչ-որ պահանջներ ներկայացնող Արևմուտքին: Այդ հարթության մեջ ուղղակի անխուսափելի էին ՌԴ արձագանքները՝ հենց այն որակով ու այն մակարդակում, որ հնչեցին: Որևէ մակարդակում բանաձևը չարժևորվեց իբրև պատմական արդարության վերականգնում, չգնահատվեց անցյալի մեղքի ու ներկայի անելիքի բովանդակությամբ: ՌԴ նախագահի մամլո քարտուղարը նկատեց, որ դա Գերմանիայի ներքին գործն է, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ Գերմանիան ընդամենը մոտենում է ՌԴ-ի դիրքորոշմանը, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասաց, որ Թուրքիայի արձագանքը ադեկվատ չէ:

«Ենթադրում եմ, որ սա բխում է Թուրքիայի` մի շարք հարցերում իրական գործընկեր լինելու ցանկության բացակայությունից, այդ երկրի կողմից պարբերաբար սկանդալներ սարքելու փորձերից, իր գործընկերներին, այդ թվում՝ Եվրոպայում, վիրավորելուց»՝ հայտարարեց Լավրովը: Անկարայից խփված ինքնաթիռի ու օդաչուի համար ներողություն ու փոխհատուցում սպասող Ռուսաստանի ԱԳ նախարարը խոսում է Եվրոպային վիրավորելուց և գործնականում ուղղորդում Անկարային, թե ում դիմի, որ իրեն չվիրավորեն: Որևէ ռուս պաշտոնյա կամ փորձագետ «չհիշեց», թե ինչպես ռուս-թուրքական նոյեմբերին ծագած կոնֆլիկտի օրերին Պետդումա մտավ ու ընթացք չստացավ Մոսկվայի պայմանագրի վերանայման հարցը, իսկ երկու խորհրդարաններում հարցերի բարձրացման, քննարկման, քննարկումից հրաժարվելու, քննարկման մակարդակի ու որակի զուգահեռը ինքն իրեն է գալիս:

Եվ ինքն իրեն էլ հեռանում է՝ համեմատության եզրեր չգտնելով: Գործնականում Սերգեյ Լավրովը Անկարային ասում է՝ ուզո՞ւմ եք, ինչպես դուք եք ասում, Հայաստանին կանգնեցնել, ո՞ւր եք դեսուդեն ընկնում: Ո՞վ ձեզ նվիրեց Կարսը, Սարիղամիշը, Արդահանը, ո՞վ ձեր Քեմալին օգնեց Աթաթուրք դառնալ ու Առաջին աշխարհամարտում պարտությունից հետո հանրապետություն ստեղծել, հայերին կանգնեցնելու մեր պատմական փորձի հետ ո՞վ կարող է համեմատվել: Բաքվին հարցրեք՝ քառօրյա պատերազմում ո՞վ ո՞ւմ կանգնեցրեց:
Իհարկե, այս ամբողջ պատմության մեջ Ռուսաստանը լավ զվարճացավ, որ թուրքերին խորհրդարանական մակարդակով «դավաճանեց» գլխավոր դաշնակիցը՝ Անգելա Մերկելը, որ մինչ այդ Ռուսաստանին էր «դավաճանել»: Նրանք հիշեցին ու հիշեցրին Թուրքիայի բոլոր մեղքերը՝ Սիրիա, քրդեր, ԻՊ-ի հետ կապեր, փախստականների արհեստական հոսք առաջացնել ու Եվրոպային շանտաժ անել, և այլն, և այլն: Բայց դրանք դիվանագիտական հնարքներ են՝ արդյունքի ավելի արագ հասնելու համար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իրականում Մոսկվան հիմա ավելի կարևոր խնդիր ունի՝ մինչև թուրքերը «կհասունանան» հարաբերությունները վերականգնելու համար, պետք է ուշադրությունը կենտրոնացնել Լեռնային Ղարաբաղի հարցի վրա և արգելակել շփման գծում միջադեպերի միջազգային հետաքննության մեխանիզմի ներդրումը՝ Ադրբեջանի ու նաև Թուրքիայի աջակցությամբ: Հենց Ղարաբաղի հարցում են դրսևորվում Արևմուտքի ու Ռուսաստանի տարբերությունները: Փաստացի՝ Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը խաղում են մի կողմում, Արևմուտքը և Հայաստանը՝ հակառակ: Բացահայտ է, որ ապրիլյան քառօրյա պատերազմում Ռուսաստանը փորձեց Ադրբեջանի համար տարածքային հարց լուծել՝ թե պատերազմը սկսելիս, թե կասեցնելիս, իսկ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները այս ամբողջ ընթացքում դնում են ոչ թե տարածքի, այլ հրադադարի ամրապնդման և պատասխանատվության մեխանիզմի ներդրման խնդիր՝ Ադրբեջանի մասով, իսկ Թուրքիայից պահանջում են հայ-թուրքական հաշտեցում:

Դիտվել է՝ 1547

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ