Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Թուրքիան կորցնում է Եվրոպայում միակ բարեկամի՞ն

Թուրքիան կորցնում է Եվրոպայում միակ բարեկամի՞ն
04.06.2016 | 10:23

Այս տարի գործնականում բոլորի հետ Թուրքիայի հարաբերությունները չեն ստացվում: Թուրքիայի իշխանություններին զայրացրեց, որ Վաշինգտոնը ԻՊ-ի դեմ պայքարում որոշեց աջակցել սիրիացի քրդերին, որ, Անկարայի հայտարարությամբ, առնչվում են Թուրքիայի ահաբեկչություններին: Անկարայի հարաբերությունները Մոսկվայի հետ կտրուկ փոխվեցին, երբ թուրք զինվորականները անցյալ տարվա նոյեմբերին խփեցին ռուսական ինքնաթիռը՝ Թուրքիայի օդային տարածք մտնելու համար: Նախագահ Ռեջեփ Էրդողանին կատաղեցրեց Գերմանիայի հեռուստատեսությունը և նա դատի տվեց երգիծաբան Յան Բեմերմանին:

Ի հավելումն՝ հինգշաբթի օրը Բունդեստագը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ցեղասպանություն անվանեց հայերի սպանությունը Օսմանյան կայսրությունում 1915-ին՝ իրականացնելով այն, ինչի դեմ Էրդողանի կառավարությունը վճռական առարկում է և ջանում է թույլ չտալ այլ երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում: Ի պատասխան Անկարան նույն օրը հետ կանչեց Բեռլինից իր դեսպանին: Էրդողանը, որ այցով Քենիայում էր, հայտարարեց, որ հայերի սպանությունը ցեղասպանություն ճանաչող բանաձևը «լուրջ ազդեցություն կունենա» Թուրքիայի ու Գերմանիայի հարաբերություններում: Իսկ ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Twitter-ում գրեց.


«Այլ երկրների պատմության սևացումը անպատասխանատու և անհիմն որոշումներով միջոց չէ սեփական պատմության մութ էջերը փակելու»: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին սպանվել են 1,5 միլիոն հայեր, բայց Թուրքիան հայտարարում է, որ թվերն ուռճացված են, որ սպանվածները քաղաքացիական պատերազմի զոհեր են: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չվճռեց այդ սպանությունները ցեղասպանություն անվանել, թեպետ խոստացել էր 2008-ի նախագահական ընտրարշավի ժամանակ: Գերմանացի պատգամավորների որոշումն ընդունվեց հատկապես բարդ պահի: Եվրամիությունը փորձում է աջակցել առանց այդ էլ կասկածելի ծրագիրը, որի համաձայն Թուրքիան պետք է ընդունի լրացուցիչ թվով փախստականների՝ իբրև փոխհատուցում ստանալով ԵՄ անվիզա այցելությունների իրավունք: Անկարան հույս ուներ, որ ԵՄ երկրներ մուտքի հեշտացումը հիմք կդառնա Թուրքիայի ԵՄ հետագա անդամակցության: Որ Թուրքիան հետ է կանչել իր դեսպանին Գերմանիայից՝ երկրից, որ իր գլխավոր առևտրական գործընկերն է ու փախստականների ծրագրի, անվիզա ռեժիմի նախաձեռնողը, ակնհայտորեն, ամենահաջող քայլը չէ ԵՄ ճանապարհին: Foreign Policy-ի հետ զրույցում Բյուլենտ Ալիռեզան՝ Ռազմավարական ու միջազգային հետազոտությունների վաշինգտոնյան կենտրոնի թուրքական նախագծի հիմնադիրն ու տնօրենը, կարծում է, որ դեռ շատ վաղ է գնահատել, թե որքան լուրջ են բանաձևի հետևանքները երկու երկրների հարաբերությունների վրա: «Այն պահին, երբ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը դժվար շրջանում է, Գերմանիան միակ երկիրն էր, որի ընկալման ու աջակցության հույսն ուներ Թուրքիան: Բանաձևը հաստատ կազդի գերամանաթուրքական հարաբերությունների վրա, հարց է, թե դեռ ինչեր կկատարվեն դեսպանի հետկանչից ու խորհրդարանի պատասխան քայլերից հետո»:

Անգելա Մերկելն անհանգստացած է, թե 3,5- միլիոնանոց թուրքական համայնքն ինչպես կարձագանքի Բունդեստագի որոշումին: «Ես ուզում եմ ասել թուրքական արմատներ ունեցողներին՝ մենք ոչ միայն ուրախ ենք, որ դուք այստեղ եք, դուք նաև այս երկրի մասն եք»՝ հայտարարեց նա հինգշաբթի օրը:

Ակնհայտորեն՝ Էրդողանն էլ պատրաստ չէ լիովին դադարեցնել Գերմանիայի հետ հարաբերությունները: Ալիռեզայի խոսքով՝ չնայած վերջին տարիներին Էրդողանի հասցեին ավելի հաճախ քննադատական խոսքեր են հնչում տարբեր երկրներից, Թուրքիայի իշխանությունները ջանում են բարելավել փչացրած հարաբերությունները շատ երկրների հետ, որոնց առաջ համարում էր մերձավոր դաշնակիցներ: «Հարցը պետք է դիտարկել Թուրքիայի արտաքին աշխարհի հետ վատացող հարաբերությունների ենթատեքստում: Հարցը՝ վիճակը կվատանա, թե կբարելավվի՝ հաշվի առնելով, որ մինչև այժմ ամեն ինչում Թուրքիային աջակցած Գերմանիայի հետ հարաբերությունները այդքան լարվեցին: Հարցը դեռ բաց է»:
Սիոբան О’ԳՐԵՅԴԻ, Foreign Policy, ԱՄՆ


Հ.Գ. Ինչքան են սիրում ամերիկացիները ամեն ինչ բարդացնել, ոչ մի բաց հարց էլ չկա, ոչ ոք ոչինչ չի կորցնում, ոչ էլ գտնում է: Երկու երկրների շահերից էլ բխում է արագ մոռանալ բանաձևն ու անցնել առաջ: Նրանք դա կանեն իրենց պրոբլեմների լուծման շրջագծում և ամեն մեկը կշարունակի իր քաղաքականությունը՝ Էրդողանը կգնա դեպի միապետություն, Մերկելը կփորձի ընտրություններում պահել իր կուսակցության ձայները: Եթե նկատել եք՝ Թուրքիան խոսում է ամեն ինչից, բայց ոչ միգրանտների հարցից, որովհետև այդտեղ ֆինանսական խնդիր կա: ԵՄ ամենակարևոր երկիրը ընդունեց ցեղասպանությունը, և հիմա ԵՄ մյուս երկրները պիտի իրենց խոսքն ասեն՝ սա է, որ կարող է Էրդողանին իրականում վախեցնել և սա է, որ պիտի լինի Հայաստանի դիվանագիտության խնդիրը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասով գոնե:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1565

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ