ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Խաղի, խաբկանքի, կյանքի միջև

Խաղի, խաբկանքի, կյանքի միջև
03.06.2016 | 02:48

Ոչ բոլորը, բայց կան ֆիզիկոսներ, որ ժխտում են ժամանակի գոյությունը: Անտիկ հույներն էլ չգիտեին՝ ինչ է ժամանակը, ապրում էին՝ առանց կյանքը տեղավորելու իրադարձություններից հետուառաջ. պարզապես մարգարտահատիկները հավաքում էին մանյակի մեջ: Հին Հռոմում համարում էին, որ շարժվողը մարդիկ են, ժամանակն անշարժ է: Նրանց պրակտիկ ու պրագմատիկ հետնորդները ժամանակը, կամ այն, ինչին տվել են ժամանակ անունը, օգտագործեցին հարմարավետ դարձնելու կենցաղը, ու ժամանակը բաժանեցին տարիների, ամիսների, շաբաթների, օրերի, ժամերի, րոպեների, նույնիսկ վայրկյանների: Ոչ ոք չի զբաղվել պարադոքսով՝ ինչո՞ւ ժամերն անցնում են դանդաղ, տարին՝ արագ:

Բաժանենք շաբաթը օրերի ու հարցերի՝ չհարգելով ժամանակագրությունը:
*Օրվա հարցը՝ ո՞ր Սերժ Սարգսյանն է իրականը՝ Լյուքսեմբուրգի՞, թե՞ Աստանայի:
**Օրվա հաճույքը՝ ձեզ տասը դրամ են նվիրել:
***Օրվա զարմանքը՝ ձեր շաքարավազը ռազմավարական նշանակություն ունի:
****Օրվա հարցազրույցը՝ Սամվել Բաբայան+Ռոբերտ Քոչարյան:
*****Օրվա անցուդարձը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ:
******Օրվա մեղավորը՝ ՊՆ պաշտոնյաներ:
*******Օրվա կեսին՝ Բունդեստագը:
Հիմա ըստ էության:


*Լյուքսեմբուրգ-Աստանա՝ ԵԺԿ, ԵԱՏՄ, մեկ ուղերձ ու մեկ ելույթ: ԵԺԿ 40-ամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովին Սերժ Սարգսյանի ուղերձից. «Հայ ժողովուրդը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասն է իր անցյալով ու մշակույթով, իղձերով ու նպատակներով»: Աստանա՝ «Ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի կողմից իրադրության լարումը ԵԱՏՄ տարածաշրջանի անվտանգության համար լուրջ մարտահրավեր դարձավ: Վտանգն ակնհայտ է՝ կամ ԵԱՏՄ տարածքը մեր միջազգային գործընկերների կողմից կդիտվի որպես տնտեսական զարգացման, կայունության և անվտանգության գոտի, որտեղ կարելի է ներդրումներ կատարել, որտեղ կարելի է երկարաժամկետ ծրագրեր նախաձեռնել, կամ բոլորը կընտելանան այս բարդ իրավիճակին և կառաջնորդվեն այն հանգամանքով, որ այստեղ լարվածության և երկպառակության մշտական օջախներ են: Չեմ կարծում, որ երկրորդ սցենարը բխում է մեր երկրների շահերից: Հայաստանը չի կարող անմասն մնալ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիվ գործողությունների դեպքում»: Հիմա՝ ո՞րն է ու որտե՞ղ է մեր նպատակը: Նկատեցի՞ք՝ ինչ շեշտակի արդյունավետ էր Աստանայի հանդիպումը՝ ոչ երկկողմ հանդիպումներ, ոչ համատեղ հայտարարություն: Գուցե այն պատճառով, որ Ղազախստանում խառն են՝ չէին ուզում Նազարբաևին ծանրաբեռնել, բայց կարող էին հեռախոսել՝ վերջանար, առավել ևս՝ պե՞տք էր, որ Սերժ Սարգսյանը գնար Աստանա ու դեռ շնորհակալություն էլ հայտներ Նազարբաևին՝ բարձր մակարդակի հանդիպում կազմակերպելու համար:


**Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց՝ հուլիսի 1-ից ՀՀ բնակչության համար գազի գինը կկազմի 156-ի փոխարեն 146 դրամ՝ 1000 խմ դիմաց: Համարյա 300 դոլար: Հայաստանը գազը սահմանին ստանում է 150 դոլարով, իսկ տները հասցնում 300 դոլարով: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ վիթխարի անհայտ տարածք ունի Հայաստանը՝ համարյա Չինաստան: Փաստացի՝ ՀՀ քաղաքացին գնում է աշխարհի ամենաթանկ գազերից մեկը՝ քաղաքական գազ: Իրենք իրենց վաճառում են իրենց ապրանքը, մենք վճարում ենք կրկնակի գին, իսկ Թեհրանը նայում է կողքից ու ծիծաղում մեզ վրա: Երբ հայտարարում ենք մենաշնորհը վերացնելու մասին, միայն մե՞զ է վերաբերում, թե՞ նաև «Գազպրոմի» մենաշնորհին, որ ավելի կարևոր է, քան գազի գինը:

***Բուռն պայքարում ենք կոռուպցիայի դեմ, մեղադրյալը շաքարավազն է: Էկոնոմիկայի նախարարը հայտարարություն արեց շաքարավազի մենաշնորհին իրավական կարգավիճակ տալու վերաբերյալ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաջորդ օրն ասաց. «Ես չեմ կարծում, որ ինքը նման հայտարարություն է արել, ես իրեն հարցրել եմ, նման բան չի ասել, մի քիչ խեղաթյուրված է իր խոսքը. որևէ նախարար կառավարությանը, վարչապետին հակառակ բաներ չի կարող ասել»: Հիմա ո՞վ ո՞ւմ դեմ է պայքարում: Հովիկ Աբրահամյանն ասում է՝ «Համբերեք, մտածել ենք մինչև հայտարարությունները, որոնք տեսլական ունեն»: Ստացվեց՝ պայքար շաքարավազի՞ դեմ, որ մարմնավորում է կոռուպցիան ի դեմս բնական մենաշնորհների, որոնք վերանալու ճանապարհին դառնում են օրինակա՞ն:


****Հարցազրույց հարցազրույցի վրա է տալիս Սամվել Բաբայանը, աջուձախ մեղադրում է ու բացահայտում: Պարզվում է՝ ապրիլյան բլիցկրիգը պատերազմ չէր, այլ դիվերսիա: «ՍիվիլՆեթ»-ին գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը ասել է. «Մեր անտարբերությունն էր պատճառը, թե մերոնք թուլացրել էին դիրքերը, պետք է ՊՆ-ն հետաքննի ու հասկանա, թե ինչ է կատարվել իրականում: Փաստն այն է, որ մեկ ժամվա մեջ այդ դիրքերը հանձնվել են»: Նաև՝ դասախոսություն է կարդացել, թե ինչ պետք է անի հայկական բանակը: ՈՒղեցույց, թե ինչի դեմ պիտի ադրբեջանական բանակը կռվի: Բայց նույնիսկ դա չէ կարևորը՝ գիրուկ գեներալը ինչ-որ տեղից վերադարձել է ու ստանձնել օրվա Նոստրադամուսի դերը՝ մի տարբերությամբ. ասում է՝ ինչ է եղել, բայց չի ասում՝ ինչ է լինելու: Առավել ևս՝ ոչ մի խոսք, թե ինչ վերաբերմունք ունի բանակցություններին, մադրիդյան սկզբունքներին, հեռանկարին: Գեներալը կռվից հետո եկել է ու օդում կրակում է՝ կպավ-կպավ: Նրա վերադարձը իրական նշանակություն ունի Մոսկվայի համար, որ գործուղել է հայերին հին ու նոր վախերով վախեցնելու, մեկ էլ՝ Ռոբերտ Քոչարյանի ձեռքի տակ կլինի, մեկ էլ տեսար՝ պետք եկավ: Երկու ամիս հետո նա էլ խոսեց: Խիստ անանձնական հարցազրույց՝ ոչ մի խոսք իր մասին, ամեն ինչ հայրենիքին: Նույն սկզբունքով՝ ինչ է եղել, ինչու, ու՝ վերջ: Թող Սերժ Սարգսյանի գլուխը ցավի՝ թե ինչ է լինելու: Ինչո՞ւ է հարցազրույց տվել Ռոբերտ Քոչարյանը, երբ փաստացի ոչինչ չի ասում: Սերժ Սարգսյանին աջակցելո՞ւ՝ «Ադրբեջանական զորքերը գրավեցին մեր դիրքերից մի քանիսը, սակայն ոչ մի ստրատեգիական խնդիր չլուծեցին: Ռազմական հաղթանակի էյֆորիան Բաքվում բացարձակապես անհիմն է: Մենք էլ չվերականգնեցինք կորցրածը, ինչը նույնպես լավատեսություն չի ավելացնում` անկախ կորստի չափերից, իսկ ռազմական գործողությունների 4 օրվա ընթացքում մեր մարդկային կորուստները մեզ համար անսովոր և անընդունելի մեծ են»: Ռուսաստանի՞ն պաշտպանելու՝ «Ռազմական կոնֆլիկտի սրացումը ակնհայտորեն ձեռնտու չէ Ռուսաստանին, քանի որ դնում է նրան բարդ ընտրության առաջ՝ միջնորդի պարտավորությունները կատարելու, Հայաստանի ռազմական դաշնակիցը լինելու և Ադրբեջանի հետ հետագա մերձեցման ձգտման միջև»: Բազմիցս նույն հարցերը հնչել են, ու՝ ի՞նչ: Արժե՞ր առաջին նախագահի քաղաքական սելֆիներն ու գործող վարչապետի անգործությունը արձանագրելու համար հարցազրույց տալ:


*****Բրյուսելում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, քննարկել են Վիեննայի հանդիպման արդյունքները, հունիսյան գագաթնաժողովին վերաբերող հարցեր՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հնարավոր առաջխաղացման ուղղությամբ։ Նաև ելույթ է ունեցել Ադրբեջան-ՆԱՏՕ նիստում ու ասել է. «Հակամարտության կարգավորման համար հայկական զորամիավորումները պետք է դուրս գան Ադրբեջանի օկուպացված տարածքներից»: Նաև հավելել է. «Մենք ակնկալում ենք, որ հունիսին տեղի կունենա հերթական հանդիպում, որի նպատակը ստատուս քվոյի փոփոխության հարցում նշանակալի առաջընթացի հասնելն է»: ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումը Բրյուսելում անվանել է «կարևոր բանակցություններ Ադրբեջանի արտգործնախարարի հետ՝ ղարաբաղյան խաղաղ գործընթացի և համապարփակ կարգավորման բանակցությունների վերաբերյալ: Ակնկալում ենք նախագահների հանդիպում հունիսին»: Հունիսի 2-ին Փարիզում համանախագահների հետ հանդիպեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Bild-ին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանն ասել էր. «Հայաստանը փոքր երկիր է: Մեզ համար պարզ է, որ մենք տնտեսապես գուցե պակաս հետաքրքիր ենք: Մեզ համար կարևոր է, որ անարդարությունն անարդարություն կոչվի: Մեզ համար առաջին հերթին բավարար կլիներ, որ բավականաչափ քանակով եվրոպական ձայներ դատապարտեին Ադրբեջանի արարքը: Երբ դա չբավականացնի, անհրաժեշտ կլինի մտածել պատժամիջոցների սահմանման մասին»: Վաղուց էր պետք մտածել: Մի քիչ էլ գործել: Հայաստանը չի հրաժարվում հունիսյան հանդիպումից, բայց Հայաստանը չի կարող անպաշտպան գնալ հանդիպման:


******Քննչական կոմիտեն հաղորդել է, որ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության վարույթում քննվող քրեական գործերի շրջանակներում մայիսի 30-ին ձերբակալվել են գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, գնդապետներ Արմեն Մարգարյանը և Մհեր Պապյանը։ Մելսիկ Չիլինգարյանը և Արմեն Մարգարյանը կասկածվում են իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ անգործության մեջ, որն առաջացրել է ծանր հետևանքներ, Մհեր Պապյանը՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու մեջ, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Նախաքննությունը շարունակվում է։


*******Երեկ օրվա կեսին Բունդեստագը ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը: Նախօրեին Էրդողանն անձամբ էր սպառնացել՝ եթե Հայոց ցեղասպանության ճանաչման օրենքը ընդունվի Բունդեստագում, կվնասի Անկարայի և Բեռլինի տնտեսական, քաղաքական և ռազմական հարաբերություններին: Գերմանիայում ցույցեր էին անում թուրքերը՝ պահանջելով չընդունել բանաձևը, նրանք սպառնալից նամակներով հեղեղել են պատգամավորների էլեկտրոնային փոստը: Մեկ դեմ, մեկ ձեռնպահ, ձայների բացարձակ մեծամասնություն՝ սա էր Բունդեստագի պատասխանը Էրդողանին: Տասնյակ ելույթներ և ոչ մի դեմ: Ընդհանուրը՝ ի՞նչ կա ավելի բարձր ճշմարտությունից, իսկ ճշմարտությունը՝ ցեղասպանություն եղել է: Բունդեստագի պատգամավորները կոչ էին անում թուրքերին ճանաչել ցեղասպանությունը, հայերին՝ ներել: Նրանք դատավոր չեն, խորհրդարանը դատարան չէ, բարեկամ թուրք ժողովրդի հետ՝ ոչ մի խնդիր, Գերմանիան կողմ է պատմական հաշտեցման և այն օրերին, երբ Եվրոպան իր ներսում է պատեր կառուցում, խորհրդանշական ու անհրաժեշտ է համարում, որ բացվի հայ-թուրքական սահմանը: Հայ-թուրքական հաշտեցումով է պայմանավորում խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում: Բունդեստագը ասաց իր խոսքը, հիմա արդեն կանցլերը պիտի կողմնորոշվի: Ի՞նչ կանի Անկարան, խոր հիասթափության պոռթկումի մեջ հետ կկանչի դեսպանին ու մի քանի ամիս անց կվերադարձնի, ինչպես Վատիկանի դեպքում էր: Անկարան իրեն չի կարող թույլ տալ ոչ գերմանացի զբոսաշրջիկներին կորցնել իր դատարկված լողափերում, ոչ առևտրատնտեսական կապերը խզել Բեռլինի հետ: Այս տրամաբանությամբ ենթադրելի՞ է, որ Բեռլինը հաջորդ քայլը կանի Բաքվի նկատմամբ՝ իբրև ԵԱՀԿ նախագահող երկիր՝ շփման գծում հետաքննության մեխանիզմների հաստատման ուղղությամբ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Էկլեկտիկան տրամաբանության հետ չի կապվում, փոխարենը՝ չսանրված, անփողկապ ու չկոճկված կյանքն է, որտեղ գույները գուցե աչք չեն շոյում, բայց բնական են: Փազլը չի հավաքվում, որովհետև ի սկզբանե պատկեր չի եղել, եղել է խաբկանք: Կյանքը խաբկանքից զատելու համար խոսքը պիտի զատես գործից, գործը՝ արդյունքից:

Դիտվել է՝ 1458

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ