Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Գնա՝ գիտես ուր

Գնա՝ գիտես ուր
31.05.2016 | 16:29

1in.am-ը հաղորդում է, որ Երևանում Գարեգին Նժդեհի հուշարձանի բացումը խիստ մտահոգել է ռուս որոշ փորձագետների: Ոմանք գտնում են, որ փաստին Մոսկվան անհապաղ պիտի արձագանքի դիվանագիտական ուղիներով: Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովն էլ արձանի բացումն անվանել է… հրեշավոր։

«Գարեգին Նժդեհի հուշարձանի բացումը վկայում է հայ հասարակությունում որոշ հզոր ուժերի առկայության մասին, որոնք ուղղված են Ռուսաստանի դեմ, քանի որ Ռուսաստանը գերմանական նացիզմի գլխավոր հաղթողն է։ Կոլաբորացիոնիստական զորքերի ստեղծումը, որոնք ծառայել են ֆաշիստական Գերմանիային, հրեշավոր հանցագործություն է, և Երևանի նման արարքը դուրս է գալիս բոլոր ընդունելի ձևաչափերից։ Դա պետք է պահանջի Ռուսաստանի վճռական արձագանքը՝ նացիստական կոլաբորացիոնիստների հերոսացումը դադարեցնելու պահանջով»,- ասել է նա։ Եվ արել է «ցնցող» եզրակացություն՝ հետխորհրդային պետությունների ազգային քաղաքականությունը չպետք է ջնջի «մեր ընդհանուր պատմությունը»։

Մարկովն իսկապես չափ ու սահման անցել է իր պատմական տգիտության և մարտական ազգայնականության մեջ՝ «Սեփական պատմության տարբեր փուլերի հաշտեցման փորձերում պետք է գոյություն ունենա բանականություն, պատմության նման շրջաններն ու անձերին պետք չէ ներառել ընդհանուր համատեքստ, այլ հակառակը՝ բացառել դրական շարքից։ Հայաստանի ղեկավարությունը դրանով իսկ իրեն դրեց Լատվիայի, Էստոնիայի և ներկայիս Ուկրաինայի ղեկավարության հետ մեկ շարքում, որոնք փառաբանում են նացիստ կոլաբորացիոնիստներին»,- ասել է Մարկովը։ Բնական է, որ նրան միլիոն տարի ոչ Երևանն է պետք, ոչ էլ Երևանում բացվող կամ չբացվող արձանները: Սերգեյ Մարկովն այն մարդն է, որ տասնյակ այլ խնդիրներ ու թեմաներ ունի և եթե նա այսքան արագ արձագանքում է Երևանում ինչ-որ արձանի բացմանը, կատարում է պետական պատվեր ի պաշտոնե: «Համագործակցությունը գերմանական նացիզմի հետ և դրանով իսկ մասնակցությունը նրա հրեշավոր հանցագործություններում, այդ թվում՝ ռուս ժողովրդի ցեղասպանությունում՝ գերմանական նացիզմի կարևորագույն ձգտումներից մեկում, պետք է ջնջի ցանկացած արժանիք։ Մոսկվան պետք է պահանջի Երևանից դադարեցնել նացիստական հանցագործների հերոսացման քաղաքականությունը։ Այդ հարցը պետք է մշտապես լինի հայ-ռուսական բանակցությունների սեղանին»,- հայտարարել է նա:

Համարեք սա ՌԴ ԱԳՆ-ի ոչպաշտոնական հայտարարություն: Ինչո՞ւ է Մոսկվան այսպես խառնվել իրար: Առաջին օ՞րն է իմացել, որ Հայաստանում Գարեգին Նժդեհը վաղուց արդեն արգելված գործիչ չէ, որ ՀՀ իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն իրեն համարում է Նժդեհի գաղափարների կրող: Վերջապես՝ Նժդեհին Հայաստանում ընդունում ու սիրում է ողջ ժողովուրդը: Բնականաբար՝ ոչ: Բայց հայ-ռուսական փոխհարաբերությունների օրակարգում վերջին տարիներին չափազանց բազմացել են Մոսկվայի «մեղքերը», իսկ Հայաստանը գործնականում մի «մեղք» ունի միայն՝ շարունակում է ԵՄ-ի հետ ինտեգրային հարաբերությունները: Երևանին շտապ անհրաժեշտ է մեղսագրել ՛՛փաստեր՛՛ ու սեփական արարքների հետ նվազագույն հավասարակշռություն ստեղծել՝ սա է բուն խնդիրը: Սա նաև պատասխանն է Երևանի խուլուկույր հնազանդության, որ տասնամյակներ շարունակ հանդուրժել է Մոսկվայից հնչող տարատեսակ անհեթեթ ու անկախ պետության հասցեին անթույլատրելի հայտարարությունները և համարժեք չի արձագանքել՝ պահանջելով հարգել իր իրավունքները:

Այս պարագայում Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովը գործիք է՝ փոխանցելու Մոսկվայի դժգոհությունը, որը շատ հարմար տեղավորվել է ռուսական կացնային քարոզչության խորհրդային ժամանակներում ծեփված կարծրատիպերի մեջ՝ համագործակցություն գերմանական նացիզմի հետ, կոլաբորացիոնիզմ, հրեշավոր հանցագործություն, բոլոր ընդունելի ձևաչափերից դուրս արարք, Ռուսաստանի վճռական արձագանք՝ դադարեցնելու պահանջով, և այլն, և այլն: Սրանք այնքան վաղուց ու լավ հայտնի կարծրատիպեր են, որ նույնիսկ չարժի արձագանքել բովանդակային առումով, բայց պարտադիր պետք է արձագանքել քաղաքական առումով՝ ինչ-որ փորձագետներ, քաղաքագետներ իրավունք չունեն պահանջներ ներկայացնել ոչ Հայաստանի իշխանություններին, ոչ հայ ժողովրդին՝ ինչ արձաններ դնել ու ում ինչպես վերաբերվել: Ռուսական լավ ասացվածք կա այսպիսի դեպքերի համար՝ գնա… ու մի քանի հայտնի տառեր:
Վստահաբար, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ժամանակ չի գտնի ու անհրաժեշտ չի համարի պատասխանել նմանատիպ կոչերին: Շատ իզուր: Համենայն դեպս՝ արժեր որոշ մարկովների հարցնել՝ իբրև ԽՍՀՄ-ի իրավահաջորդ ՌԴ-ն ե՞րբ է իր մեղքն ընդունելու ու ներողություն խնդրելու հայ մտավորականների, հոգևորականների, քաղաքական գործիչների, բանվորների, գյուղացիների ցեղասպանության համար, որ 1937-ին չի սկսվել ու ավարտվել, միայն Ստալինի անձով չի պայմանավորվել: Աքսորված առաջին հայ բանաստեղծը Վահան Տերյանն է եղել, որ Բրեստի բանակցություններին մասնակցելուց հետո, ծանր հիվանդ՝ թոքախտով, գործուղվեց Վորոնեժ՝ պարզապես մեռնելու, 1920-ին: Իսկ այս դեպքում՝
Գարեգին Տեր-Հարությունյանի, պարզապես պետք է հարցնել՝ ինչո՞ւ նա վախճանվեց Վլադիմիրի բանտում (1955, դեկտեմբերի 21-ին): Ինչու՞ նույնիսկ մահից հետո հարազատներին մարմինը չտրվեց՝ հայրենիքում հուղարկավորելու:


Որովհետև երեք տարի ցարակա՞ն բանտում էր եղել, թե՞ թուրքերի դեմ էր կռվել ու նրանց տեղահանել էր Հայաստանից: Որովհետև Լեռնահայաստա՞նն էր պահել, թե՞
Կարմիր բանակի դեմ էր կռվել: Ցեղակրոն շարժմա՞ն համար, թե՞ Տարոնական:
1942-ի դեկտեմբերին Բեռլինում ստեղծված ու մինչև 1943-ի վերջը գործած Հայ Ազգային խորհրդի աշխատանքների՞: 1944-ից Լյուբյանկայում ու Վլադիմիրի բանտում անցկացրած տարիների՞։ Թե՞ խորհրդային կառավարությանն առաջարկած ծրագրերի, որոնց մասին տարիներով մտածում ու մերժում էին:
Միայն 1992-ի մարտի 30-ին Հայաստանի Հանրապետության դատախազությունը նրան արդարացրեց՝ ակներևաբար, առանց Մոսկվայի թույլտվության:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ ընդհանրապես եթե մարկովներն ու մարկովանմանները ինչ-որ ասելիք պարտադիր պիտի ունենան Գարեգին Նժդեհի արձանի մասին, առաջարկում եմ՝ հանուն ՌԴ-ի դատի տալ Սանկտ Պետերբուրգում ուսանած քանդակագործին՝ Գարեգին Նժդեհի ու Պետրոս Մեծի արտաքին նմանության համար: Ոչինչ ավելին, մնացած բոլոր դեպքերում նրանց իրավունք չունեն ոչ Գարեգին Նժդեհի, ոչ Հայաստանի Հանրապետության անունը շրջանառել:

Դիտվել է՝ 1873

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ