ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Արձանների ու մարդկանց ժամանակը

Արձանների ու մարդկանց ժամանակը
31.05.2016 | 00:54

Սքանչելի ժամանակներ են՝ հերոսության ու հակահերոսների: Ինչպես միշտ: Եվ ինչպես միշտ՝ չենք գիտակցում բուն բովանդակությունը: Միայն տարածության վրա է երևում լեռան բարձրությունը: Երևանում երկուսով ավելացան արձանները՝ սովորական փաստ մեծ քաղաքի կյանքից: Ինչպես մարդկանց՝ արձաններին ևս ընդունում են հագուստով, արտաքինով, անուն-ազգանունով: Հետո կամ մոռանում են, կամ սիրում: Յուրային արձաններ Երևանում շատ կան, թե քիչ՝ անհատական վիճակագրություն է՝ ում համար ինչպես: Արձաններ դնում են ու հանում՝ միշտ ինչ-որ նպատակով, արվեստն այս դեպքում վճռորոշ չէ:


Մայիսի 28-ին Հայաստանը տոնեց առաջին Հանրապետության օրը: Հիմնականում՝ Սարդարապատում: Մի քիչ՝ Երևանում ու մարզերում: Տոնեց պարգևատրումներով, պարզ ու առանց մեծ հանդիսությունների: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից իր հայրապետական օրհնությունն ու ջերմ շնորհավորանքները հղեց Ամենայն հայոց կաթողիկոսը՝ մաղթելով «անխաթար խաղաղություն» և օրհնություն «Քրիստոսասեր մեր ժողովրդին ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս»: Սարդարապատից ՀՀ նախագահն ասաց. «1918-ին «Մայիսի 28» կերտողները կարող էին միայն երազել նման կանոնավոր բանակ և նման նոր սերունդ տեսնելու մասին: Մենք դա տեսանք»: ՈՒ հավելեց. «Նոր Սարդարապատ չի լինելու, որովհետև մեծ հաշվով դա հուսահատական պատերազմ էր: Այնտեղ կռվողներն արդեն չգիտեին, թե ինչ երկրի քաղաքացի են, կամ քաղաքացի՞ են: Նոր Սարդարապատ չի լինելու, որովհետև կա պետություն: Կա անկախության սերունդ, որ ուզում է քայլել ժամանակակից աշխարհին համընթաց և քայլելու է: Անկախության սերունդ, որ ուզում է քայլեցնել իր երկիրն առաջ և քայլեցնելու է: Անկախության սերունդ, որ բոլորից ճիշտ է հասկացել մայիսի 28-ի պատգամը: Դա արգասիքն է այն իրողության, որ նրանց ընտանիքներում ու դպրոցներում նույնպես ճիշտ են հասկացել մայիսի 28-ի պատգամը: Մենք՝ որպես պետություն, որպես ազգ և հասարակություն ճիշտ ենք հասկացել մայիսի 28-ի պատգամը»:

Ստեփանակերտից Բակո Սահակյանը հիշեցրեց. «Այսօր բոլորիս պարտքն է մեր հերոս նախնիների հաղթական ոգին միշտ կենդանի պահել սերունդների հիշողության մեջ, աչքի առաջ ունենալով նրանց օրինակը, առաջնորդվելով ազգային գաղափարախոսությամբ ու անձնուրաց հայրենասիրությամբ` անել ամեն ինչ, որ հայկական երկու հանրապետություններն օր օրի զարգանան, լինեն ավելի ամուր ու հզոր»: Ասելն ասացին, բայց առայժմ անկախության սերնդին վերապահում են միայն սահմանների պաշտպանությունը, իսկ այդ սերունդը ասելիք ունի նաև սահմաններից ներս, ու նրա ձայնը գալու է, երբ երկիրն ընտրության առաջ լինի: Պատրա՞ստ է իշխանությունը լսել «անկախության սերնդին» նույնքան սիրալիր, թե՞ կփորձի նրան էլ տեղավորել համակարգի մեջ ու վերապահել նույն դերը, ինչ տալիս է արձաններին:


Բաքվից Իլհամ Ալիևը խոսեց ու կասկածի տակ դրեց վերջին իրադարձությունները. «Ո՛չ ադրբեջանական ժողովուրդը, ո՛չ էլ ադրբեջանական պետությունը երբեք թույլ չեն տա, որ մեր պատմական հողերի վրա ստեղծվի երկրորդ հայկական պետություն»,- հայտարարել էր նա Ադրբեջանի անկախության տոնի ընդունելության ժամանակ: «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին, իրենք ինչպես ապրում են, կարող են շարունակել ապրել նույն ձևով»,- մեծահոգաբար ասել էր Ալիևը: Նորից շեշտել էր՝ հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում՝ «Այլ ճանապարհ չկա»: Եվ արել էր կասկածելի հայտարարություն. «Կարծում եմ, որ Վիեննայի հանդիպումը հաջող էր: Մենք սպասում ենք, որ շուտով, առանց հապաղման, կսկսվեն շատ լուրջ, ինչպես միջնորդներն են ասում, սուբստանցիոնալ, այսինքն՝ բովանդակային բանակցություններ», որ «այդ կոնֆլիկտը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում», որ «այլ ճանապարհ չկա», և «պետք է կատարվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերը»:

Առաջին անգամ Ալիևը Վիեննայի հանդիպման իր «տպավորությունն» էր կիսում: Իսկ միջնորդները ե՞րբ, որտե՞ղ են խոսել սուբստանցիոնալ բանակցությունների, հատկապես՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերի մասին: Վիեննայի բանակցությունների արդյունքները պաշտոնապես ամփոփվեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների համատեղ հայտարարությամբ, որտեղ ոչ մի բառ չկա ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի ու սուբստանցիոնալ բանակցությունների մասին: Այնուամենայնիվ, Մինսկի խումբը չարձագանքեց Ադրբեջանի նախագահին: Թերևս այն պատճառով, որ մայիսի 31-ին Բրյուսելում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպում են Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին ու հարկ չհամարեցին ի սկզբանե հանդիպումը «ստվերել» բացատրությունների պահանջով: Կամ՝ ուզում են նրանից լսել, թե իրենք ի՞նչ են Վիեննայում պայմանավորվել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի, Ֆրանսիայի եվրոպական գործերով պետնախարար Արլեմ Դեզիրի մասնակցությամբ: Հունիսի 2-ին համանախագահները Փարիզում հանդիպելու են ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Նա արդեն հայտարարել է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև ղարաբաղյան կարգավորման բանակցությունների վերսկսումը հնարավոր է այն պայմանների կատարման դեպքում, որոնք բարձրաձայնվել են Վիեննայում՝ երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ»:

Ստացվում է՝ Վիեննայի բանակցություններում Երևանի ու Բաքվի համար տարբեր պայմանավորվածություններ են եղել: Բաքուն վերաձևակերպում է փաստերը, ներկայացնում իր անփոփոխ դիրքորոշումը և ջանում է շրջանցել շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների հարցը: Եթե Բաքուն առաջարկում է իր սուբստանցիոնալ բանակցությունների տարբերակը, ինչո՞ւ Երևանը չի կարող առաջարկել իր տարբերակը՝ կողմերը Ստեփանակերտի մասնակցությամբ քննարկում են ԼՂՀ-ի կարգավիճակի հարցը և միայն համաձայնության կայացումից հետո անդրադառնում են տարածքներին՝ ներկայացնելով հայկական կողմի տարածքային պահանջներն ու ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցը, եթե նրանք կարող են ապավինել սեփական պետության խոստումներին ու չվտանգել կյանքը՝ ադրբեջանական կողմից արձակվող կրակոցների տակ: Միջազգային խաղաղապահների տեղակայումը շփման գծում կողմերից ոչ մեկին պետք չէ, դա հասկանում է Իլհամ Ալիևը, գուցե նաև Էրդողանը, որ հրապարակային պաշտպանում է Ադրբեջանի քայլերը, բայց պատրաստ չէ պատերազմ հայտարարել Արցախին կամ Հայաստանին՝ ելնելով իր ներքաղաքական խնդիրների կարևորությունից և մի քանի ճակատներով կռիվներից՝ Իրաքում, Սիրիայում, սեփական երկրում՝ քրդերի դեմ: Նաև՝ լինելով ՆԱՏՕ-ի անդամ, չի կարող միայնակ որևէ երկրի դեմ պատերազմ սկսել: Ի վերջո, Ալիևին էլ ձեռնտու չէ սեփական տարածք թույլ տալ թուրքական զորքի մուտքը: Կհանդիպե՞ն հունիսի վերջին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները: Թերևս՝ այո, բայց մինչ այդ Բաքուն տասնյակ տարբերակներ կգործադրի Վիեննայի հանդիպման բովանդակությունը փոխելու և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը մեջտեղ բերելու համար: Խոսքը ԵԱՀԿ Մինսկի խմբինն է՝ նրանք պիտի պաշտպանեն Վիեննայի հանդիպման արդյունքները աղավաղումից: Հայաստանն էլ պիտի առաջադրի սուբստանցիոնալ բանակցությունների իր տարբերակը: Իրականում հենց այստեղ է ծուղակը, որ կարող է կա՛մ ձախողել բանակցությունները, կա՛մ՝ երկարաձգել:

Լավ է, թե վատ՝ նայած ի՞նչ խնդիր ես լուծում և ինչի՞ ես պատրաստ, իրականում ի՞նչ նպատակներ ունեն համանախագահ երկրները միասին ու առանձին-առանձին: Առայժմ, հրապարակվող տեղեկատվության շրջանակներում, գերիշխողը դեժավյուն է՝ Բաքուն չի իջնում «տարածքային ամբողջականության սկզբունքի» կարուսելից ու չի ուզում որևէ այլ իրողության հետ հաշվի նստել՝ բացի ՄԱԿ-ի ԱԽ չորս բանաձևերից, որոնց կատարումը Իլհամ Ալիևի համար իդեա ֆիքս է, նրան պետք է Ղարաբաղը՝ առանց ղարաբաղցիների, և հանդիպումից հանդիպում չի փոխվում ոչինչ: Նրա հիմնական կռվանը Ադրբեջանի, իր գնահատականով, «հաղթանակած» բանակն է: ԵԱՀԿ-ն էլ մեծացնում է Անջեյ Կասպրշիկի մոնիտորինգի խմբի բյուջեն:


Հայաստանն անորոշության օրորոցում է, նորից սպասում է, թե ով օրորոցային կերգի՝ հաճելի հանգստի համար, կամ կարթնացնի քնից՝ ասելու՝ արդեն կարելի է, դաշինքդ կնքիր, օրինագիծդ ընդունիր, հողերդ հետ բեր:
Առաջին հանրապետության տոնը առիթ էր ոչ միայն պարգևատրումների, արձանների բացման ու գեղեցիկ խոսքերի, այլև իմաստավորման: Ինչո՞ւ երկու տարվա կյանք ունեցավ անկախ Հայաստանը: Ռուսաստանի նվաճողական քաղաքականությո՞ւնն էր միակ պատճառը, որ Անդրկովկասում հաստատվեց սովետական իշխանություն: Ինչպե՞ս ստացվեց, որ խորհրդայնացումից տարածքային առումով ամենամեծ կորուստներ կրեց Հայաստանը, որ արդեն կորցրել էր Կարսն ու Սարիղամիշը, Նախիջևանը: Ինչո՞ւ այդպես էլ Երևանում չկա Աղասի Խանջյանի արձանը, թեպետ կան Շահումյանի ու Մյասնիկյանի արձանները: Հայաստանի առաջին Հանրապետության առաջին վարչապետ Սիմոն Վրացյանի արձան չի՞ լինելու, իսկ Արամ Մանուկյանի՞, իսկ Հովհաննես Քաջազնունո՞ւ, իսկ Սարդարապատի զորավարների՞: Նկատե՞լ եք, որ հիմա համարյա նույն վիճակն է, ինչ 1918-ին էր՝ իշխանական էլիտայի մասով: Նրանք հանդիպում են ու խոսում են, հիմնականում՝ օտարների հետ, երբեք չեն դիմում իրենց ժողովրդին, նրանց խոսքերը տիրաժավորում են լրատվամիջոցները: Եվ նրանք որոշումներ չեն կայացնում՝ խորիմաստ լռության մեջ ակնարկելով, թե դեռ ժամանակը չէ: Լռում է հատկապես Ստեփանակերտը, կարծես ասելիք չունի: Լռում է սփյուռքը, որի առաջ այդպես էլ խնդիր չդրվեց՝ հայոց ցեղասպանությունից զատ Հայաստանն ունի Արցախի հարց, ու ԼՂՀ-ի ճանաչումը համահայկական հարց է, որի լուծումը պիտի համահայկական ներուժով տրվի: Համատարած սպասման մեջ օրինաչափ է, որ գլխավոր թեմա է դառնում՝ ինչո՞ւ և ո՞ւր է վերադարձել Սամվել Բաբայանը: Իսկ մինչ այդ օրակարգի առաջին հարցը գեներալ Մանվել Գրիգորյանն էր: Էլիտար ամլության մեջ կամ Բաքվի ձայնն է լսվում, կամ արձանների լռությունը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Արձանները մարդկության պատմության մեջ ամբողջությամբ չգիտակցված ու անսահմանափակ ազդեցությամբ դեր են ունեցել: Աշխարհի յոթ հրաշալիքներ համարված արձաններն ընդամենը դա հաստատում են: Ինչո՞ւ էին քանդակում անտիկ աշխարհում: Վերածննդի դարաշրջանում: Հետագա դարերում: Վստահ եղեք, որ միայն արվեստի ծարավն ու այդ ծարավի քարե մարմնավորումը չէր: Մեր թվարկությունից առաջ, մեր թվարկության դարերում ու մեր ժամանակներում արձանները ծառայել են իշխանությանը և արտահայտել են նրանց հզորությունը, գաղափարներն ու իդեալները: Տեղեկատվական դարաշրջանում էլ արձանները չեն կորցրել նախնական քարոզչական դերը՝ իշխանական արժեքների հաստատման ու տարածման, ու նույնիսկ այն, թե ում արձանն են կանգնեցնում, ում արձանը՝ ոչ, զուտ քաղաքական խնդիր է: Իրենք՝ քանդակագործները, միջոց են՝ փոխանցելու օրվա պահանջը, միայն հազվադեպ քանդակագործներ են, քաղաքակրթության երկար պատմության մեջ, քանդակել իրենց ցանկացած քանդակները, որ ոչ ոք չի պատվիրել ու չի գնել: Արձանները մեղավոր չեն՝ ամեն ինչ որոշում են մարդիկ: Եթե այսօրվա Համազասպ Բաբաջանյանը հիշեցնում է մահարձան, իսկ Գարեգին Նժդեհը՝ Պետրոս Մեծին, ոչ թե Գարեգին Հարությունյանին, ուրեմն կյանքի ու մահվան ընկալման էսթետիկան դա է, ուրեմն պետական հզորության ու քաղաքական իմաստնության խորհրդանիշը Հայաստանում Պետրոս Մեծն է մնում: ՈՒրեմն՝ Նժդեհի արձանին հասնելու երկար ժամանակ է պետք: Մարդկանց, որ քանդակում են: Մարդկանց, որ պատվիրում են: Մարդկանց, որ գնահատում են: Արձանների այս շքախմբից՝ ում համար ինչպես, ես նախընտրում եմ Վիլյամ Սարոյանին, վստահ եմ, որ նա մի օր մայթից քայլ առաջ է անելու ու կանգնելու է մեր կողքին՝ այս անգամ ասելու. «Ինչ-որ տեղ, ինչ-որ բան ճիշտ է»: Այստեղ ու հիմա:

Դիտվել է՝ 1681

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ