ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Ի՞նչ էին ադրբեջանցիները մտածում Վիեննայից առաջ

Ի՞նչ էին ադրբեջանցիները մտածում Վիեննայից առաջ
20.05.2016 | 14:28

Ռուսաստանը զգուշանում է, որ Լեռնային Ղարաբաղում նորից պատերազմի կբռնկվի: Նրանք հասկանում են, որ Ադրբեջանը փորձում է վերադարձնել իր տարածքները, որ հայկական կողմը չի ցանկանում ազատել՝ EXO-ին հայտարարել է քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն (11.05): Նրա խոսքով՝ Մոսկվան զգուշանում է, որ կոնֆլիկտը կարող է տարածվել Հյուսիսային Կովկասում: «Քառօրյա պատերազմը սկսվեց, որովհետև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «գործնականում չի վերահսկում իրավիճակը» և Վլադիմիր Պուտինը «փորձում է նորմալացնել և ներքին իրավիճակը բուն Հայաստանում, նրան ժամանակ է պետք ստանալ Ադրբեջանից»՝ ասում է փորձագետը: «Տպավորություն է ստեղծվում, որ ձգձելով զենքի մատակարարման հարցը՝ Կրեմլը ցանկանում է Հայաստանին ցույց տալ Ռուսաստանից կախվածության աստիճանը և պատասխանել բանակցություններից հրաժարվելուն՝ ցույց տալով իր տեղը: Բաքու Պուտինի անսպասելի այցի մասին լուրը կարելի է գնահատել իբրև զգուշացում Հայաստանին»:


Olaylar (12.05)-ի վարկածով՝ Պուտինի Ադրբեջան այցի լուրը կանխամտածված տարածում են ռուսական ԶԼՄ-ները՝ նպատակ ունենալով շոշափել Բաքվի տրամադրությունները: Ադրբեջանի կառավարական շրջանակներում ու հասարակության մեջ շատ քիչ է հավատը, որ Պուտինի Բաքու ու Երևան այցից հետո ղարաբաղյան հարցում լուրջ տեղաշարժեր կլինեն: «Կրեմլը պարզապես մտադիր է ժամանակ շահել, որ կանխի պատերազմի սկիզբը»՝ գտնում է քաղաքագետ Էլհան Շահինօղլուն: Հղում անելով ինտերնետի ռուսական սեգմենտին՝ Olaylar-ը գրում է ղարաբաղյան հարցի կարգավորման Մոսկվայի «անցումային ծրագրի» մասին: Այդ «ծրագիրը» իբր ներառում է նվազագույնը հինգ շրջանի «վերադարձ» ԼՂՀ-ի շրջակա «անվտանգության գոտուց», իբրև պատասխան քայլ Ադրբեջանը կսկսի իրականացնել միջոցառումներ ԵՏՄ-ին միանալու համար:


ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հավանականությունը շատ ցածր է՝ թեման զարգացնում է EXO-ն (14.05)՝ մեջբերելով կարծիքը, որ Ղազախստանը և Բելառուսը շատ դժգոհ են ԵՏՄ-ից և ուզում են փոխել միության կանոնադրությունը, որ կարող է «ցանկացած պահի քանդվել», հենց այդ պատճառով Մոսկվան «երբեք չի հրավիրել Ադրբեջանին»:
Կատարվողի վերաբերյալ այլ տեսակետ է ներկայացնում Minval-ը (13.05): Ենթադրվում է, որ Մոսկվան Հարավային Կովկասը, որտեղ հավաքել է «տասնյակ հազարավոր» զինվորներ և «ժամանակակից զենք» (Հայաստան, Աբխազիա, Հարավայն Օսեթիա), համարում է իր կենսական շահերի գոտի և մտադիր չէ տարածաշրջանը որևէ մեկի հետ կիսել: Կրեմլը ցանկանում է օգտագործել ղարաբաղյան կոնֆլիկտը և Ադրբեջանում տեղակայել ռուսական ուժեր խաղաղապահների անվան տակ՝ ուժեղացնելով իր ռազմական ներկայությունը ՆԱՏՕ-ի ուժերի Վրաստանում հայտնվելու դիմաց: Ռուսաստանի ու ԱՄՆ-ի պայքարը Հարավային Կովկասի համար նոր, առավել կոշտ փուլ է մտնում, իսկ ղարաբաղյան հարցը այդ մրցակցության մեջ կարող է որոշիչ գործոն լինել և կատալիզատորի դեր խաղալ: Այս կամ այն կերպ, «Ղարաբաղի ազատագրումը» Minval-ի համար (12.05) «ակնհայտ ու գործնականում անխուսափելի» է: «Հայերն իրենք չեն կարող պահել ոչ Ղարաբաղը, ոչ Հայաստանը: Եթե Հայաստանը ՌԴ-ի հետ ունի դաշնակցային պայմանագիր, Ղարաբաղի հետ չունի: Մոսկվան պիտի կամ արմատապես վերազինի հայերին, կամ ինքը կռվի մեջ մտնի: Առաջինը շատ թանկ է, հատկապես ներկա պայմաններում: Երկրորդը անդառնալի հետևանքների շարք կբերի, որոնց արդյունքն այնքան էլ պարզ չէ, որովհետև Թուրքիան անմիջապես կխառնվի կոնֆլիկտին: Ղարաբաղը Մոսկվայի համար արժեքավոր է, որովհետև ուրիշի ձեռքերով կարելի է «ջուր աքացնել» տարածաշրջանում: Եթե հնարավոր համարենք ՌԴ-ի ու Ադրբեջանի ուղղակի բախումը, Ղարաբաղը բացարձակապես պետք չէ, Ռուսաստանը սահման ունի Ադրբեջանի հետ»:


Inosmi.ru


Հ.Գ. Իսկ ի՞նչ է փոխվել Վիեննայից հետո: Ինչու՞ են ադրբեջանցիները իրենց ներշնչում, որ ՀՀ նախագահը չի վերահսկում իրավիճակը, և Պուտինն է «փորձում նորմալացնել ներքին իրավիճակը բուն Հայաստանում», նշանակու՞մ է սա, որ Մոսկվան «անվերահսկելի» ինչ-որ քայլեր էր Հայաստանում նախապատրաստում, հավելեմ, որ ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովն էլ էր քառօրյա պատերազմի օրերին գրում, որ ընդդիմությունը համաձայն չէ իշխանության հետ Ղարաբաղի հարցում, բայց այդ «ընդդիմությունն» ի հայտ չեկավ: Սա հարցի մի կողմն է, երկրորդ կողմը՝ ինչու՞ պիտի Ռուսաստանը պատերազմի Ադրբեջանի հետ: Երրորդ՝ որտեղի՞ց Բաքվին այդքան վստահություն, որ Անկարան անմիջապես կխառնվի կոնֆլիկտին, եթե «Ռուսաստանը կռվի մեջ մտնի», Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և առանց դաշինքի համաձայնության որևէ պատերազմի մեջ մտնել չի կարող: ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ պատերազմի ցանկություն կամ ծրագիր երբևէ չի արտահայտել: Բնական է, որ ադրբեջանական լրատվամիջոցները իրենց հայրենակիցներին պիտի ներշնչեն, որ մենակ չեն ու Անկարան իրենց կողքին է, բայց ռեալության մեջ Թուրքիան միայն սեփական շահերն է սպասարկում՝ ինչպես ամեն երկիր: «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսում, այնուամենայնիվ, կարևոր բաղադրիչը «պետությունն» է, որ տարբեր շահեր է ունենում: Խաղաղապահների տեղակայումը, Ադրբեջանի ԵՏՄ-ին անդամակցությունը, ռուսական զենքի վաճառքը Ադրբեջանին կամ Հայաստանին զենքի մատակարարման ձգձգումը հայտնիներն են բարդ հավասարման, որ նույնքան անհայտների հետ կազմվել է Հարավային Կովկասի համար ու դեռ պատասխան չունի:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3187

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ