Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Եվ ի՞նչ է մնում չոր հաշվարկում

Եվ ի՞նչ է մնում չոր հաշվարկում
18.05.2016 | 12:06

Մայիսի 16-ի Վիեննայի հանդիպումը Բաքուն չէր շտապում մեկնաբանել, ադրբեջանական լրատվամիջոցները նույնիսկ որոշակի ժամանակ մնացել էին մեր հույսին՝ տեղեկատվություն կորզելու անորոշ որոնումներում: Առաջին հայացքից՝ դա օրինաչափ էր: Ի՞նչ կատարվեց Վիեննայում: Բաքուն, որ մի ամիս ու ավելի սրեր էր ճոճում իր «համաշխարհային հաղթանակի» էյֆորիայի մեջ, գալիս է Ավստրիա ու բանակցում՝ սա արդեն իսկ նոնսենս է, ավելին՝ համաձայնում է շփման գծում վերահսկողության մեխանիզմների տեղակայման ԵԱՀԿ պահանջին, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պայմանն էր: Համաձայնեք, որ հաղթողի վարքագիծ չէ: Մոգերինիի, Քերիի հետ հանդիպումներից հետո (նկատեցի՞ք, որ կամ Լավրովի հետ հանդիպումներ չեն եղել, կամ տեղեկատվություն չի հրապարակվել) Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարեց. «Բանակցությունները լավ հնարավորություններ են ստեղծում»: Որո՞նք են նրա «լավ հնարավորությունները»՝ «Ես համաձայն եմ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի գնահատականին, որ երեկվա բանակցությունները լավ հնարավորություններ են ստեղծում հակամարտության կարգավորմանը փուլային մոտեցման հիման վրա սուբստանտիվ բանակցություններ սկսելու համար»: Ուշադրություն դարձրեք այս ձևակերպմանը՝ սուբստանտիվ բանակցություններ:

Ձևակերպումը Վիեննայից հետո չի հայտնվել, դեռ Վիեննայից առաջ Բեռլին գնացած ու այնտեղ Շտայնմայերին հանդիպած Մամեդյարովն առաջադրել էր սուբստանտիվ բանակցությունների գաղափարը՝ նոր կաղապարում խցկելով հին բովանդակությունը. հայերը հեռանում են «օկուպացված տարածքներից», հետո բոլոր խնդիրները մի կողմ ենք դնում ու քննարկում ենք իրավիճակային լուծումներ: APA-ին Մամեդյարովն ասել է, որ բանակցությունները պետք է իրականացվեն հնարավորինս շուտ և «արդարացնեն տարածաշրջանում ապրող մարդկանց ու միջազգային հանրության տևական սպասելիքները էական արդյունքներով»: Սա բնական ռեակցիա է՝ Բաքուն պիտի դեմքը փրկի և ներկայանա իբրև հարցի լուծման շահագրգիռ կողմ: Օրինաչափ է, որ առայսօր բանակցություններից հետո որևէ մեկնաբանություն չի տվել Ադրբեջանի նախագահը: Նա, թերևս, սպասում է հայկական կողմերի արձագանքներին, որ կողմնորոշվի՝ ինչ ասի ի վերջո՝ շարունակի՞ Վիեննայի ոգով, թե՞ «վերադառնա» Բաքու, որտեղ միշտ ամեն ինչ հակառակ գույնով է ներկայացվում: Համենայն դեպս՝ նրա դեսպանները հող նախապատրաստում են այդ «անցումի» համար:

«Ադրբեջանը համաձայնել է մասնակցել Վիեննայի հանդիպմանը պայմանով, որ սկսեն լուրջ բանակցություններ, որոնք ուղղված կլինեն միանգամայն անընդունելի և փխրուն ստատուս քվոյի փոփոխությանը»,- France 24 հեռուստաընկերության եթերում հայտարարել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Էլչին Ամիրբեկովը: «Մենք հույս ունենք, որ միջազգային միջնորդները ճնշում կգործադրեն Հայաստանի վրա, որ ստեղծեն անհրաժեշտ պայմաններ լիարժեք բանակցային գործընթացը վերսկսելու համար, որի առաջ փուլը պետք է դառնա Ադրբեջանի գրավյալ տարածքներից զորքերի դուրսբերումը»՝ բացատրել է նա: Վիեննայից հետո բոլոր կողմերը մեկնաբանություններ տվեցին՝ Քերին, ԱՄՆ Պետդեպարտամենտը, Ֆրանսիայի ԱԳՆ-ը, Շտայնմայերը, ԵԱՀԿ-ն, բայց ադրբեջանցիները համառորեն անդրադառնում են միայն ռուսական մեկնաբանություններին: Քաղաքական վերլուծաբան Ռաուֆ Միրկադիրովը գտնում էի. «Դատելով Սերգեյ Լավրովի հայտարարությունից, որ կողմերը պատրաստ են փոխզիջումների և անհրաժեշտ է անցնել փուլային կարգավորման, միջնորդները ընդունել են Ադրբեջանի դիրքորոշումը, որ անհրաժեշտ է սկսել առարկայական բանակցություններ»:

Նրանք շտապում են՝ առանց հաշվի առնելու, որ բանակցություններ սկսելու համար դեռ պետք է շփման գծում վերահսկողության մեխանիզմների հարցը լուծել: Ինչո՞ւ: Որովհետև դա հենց այն հարցն է, որ Բաքուն փորձելու է չլուծել, դա իրավիճակ փոխող կարող է դառնալ, եթե վերջապես արվի հաջորդ քայլը՝ պատժել հրադադարը խախտած կողմին: Ու դա պիտի լինի հայկական դիվանագիտության խնդիրը, այլապես ոչ մեկի համար գաղտնիք չէ՝ ո՞վ է կրակում կամ ու՞մ դրդումով են կրակում: Ու՝ ի՞նչ: Ոչինչ: Պարիտետային հայտարարություններ են անում և՝ վերջ: Քառօրյա պատերազմի ռեալ արդյունքը դա կլիներ:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ ի՞նչ անում Ղարաբաղը: Վիեննայի արդյունքներից Ստեփանակերտը գոհ է: ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը «Շատերը կարծում են, որ ՀՀ կողմից Ղարաբաղի ճանաչումը վերջին խաղաքարտն է, որն այս պահին պիտի օգտագործվի: Ժամանա՞կն է գործի դնել այդ խաղաքարտը» հարցին պատասխանել է.»Մի քանի անգամ ՀՀ նախագահը շեշտել է, որ իրավիճակի փոփոխության պարագայում Հայաստանը միակողմանի կճանաչի Արցախի անկախությունը: Սա առաջին «մեսիջն» էր: Եթե շարունակվեին մարտական գործողությունները նման որոշում կլիներ: Թե որքանով է այսօր նպատակահարմար, չեմ կարող ասել, դժվար է ասել՝ ճիշտ պահն այսօ՞ր է, վա՞ղը, թե՞ մի քիչ հետո, բայց համոզված եմ, որ հեռու չէ այդ օրը: Ամեն դեպքում չկա վերջնական գնահատականը՝ որն է ճիշտը»: Ընդունեք, որ այս պատասխանը կարող էր մեզնից յուրաքանչյուրինը լինել, բայց ոչ այն մարդկանց, ովքեր անկախ ու չճանաչված պետություն են ղեկավարում:

Դիտվել է՝ 2671

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ