Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Ծառայել հայ ժողովրդին նշանակում է ծառայել քաղաքակրթությանը

Ծառայել հայ ժողովրդին նշանակում է ծառայել քաղաքակրթությանը
17.05.2016 | 22:27

«Էխո Մոսկվի» ռադիոկայանին ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի տված հարցազրույցը, Բաքվում նրա արած հայտարարությունը, Երևանում ՌԴ Պետդումայի պատգամավորներին ուղղված դժգոհությունները առիթ դարձան ավելի խորանալու երևույթի մեջ. փորձենք ընկալել նրա ով լինելը։ Վերջապես, ով է այդ ՌԴ կառավարության բուրգին մոտ կանգնած պետական չինովնիկը, ում վստահված է ղեկավարելու տիեզերական ոլորտը։

Դմիտրի Ռոգոզինը պատահական անձնավորություն չէ։ Նրա հայրը խորհրդային տարիներին գեներալ-լեյտենանտ էր, ում կենսաբանական ծագումը և կենսագրությունը ծանոթ է հայ ժողովրդին։ ԽՍՀՄ-ի փլուզման վերջին տարիներին աշխատել է որպես Հայաստանի անվտանգության ծառայության պետ։ Դմիտրի Ռոգոզինը սպորտի վարպետ է, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, դիվանագիտական փորձ ունեցող, գիտական ստվարածավալ գրքերի հեղինակ, տիրապետում է եվրոպական հինգ լեզվի։ Նման հարուստ ներուժ ունեցող պետական այրը պետք է լավ պատկերացնի, թե ինչու է խախտել դիվանագիտական բարոյագիտության նորմերը և զինադադարից ութ օր հետո ում և ինչ է հասցեագրում, երբ արդեն հայտնի էին քառօրյա պատերազմի արդյունքների մանրամասները, և իրեն հոգեհարազատ Ադրբեջանի վայրագություններն ու խայտառակ պարտությունը։ Գուցե մտածենք, որ Դ. Ռոգոզինն ուզում էր մեղմել իր ասածը, նշելով, թե «զենքը չէ, որ կրակում է». դեմագոգիկ այս խոսքերը կրկնեցին նաև ՌԴ Պետդումայի պատգամավորները Հայաստանում։
Այո, պարոն Ռոգոզին, այդ դեմագոգիկ խոսքերը ենթատեքստ ունեն, Դուք լավ գիտեք, որ Ձեր ասած «նվնվացող» հայերը Ադրբեջանին վաճառած ձեր զենքն Արցախում փոշու են վերածում, երբ Արցախի հովիվը որսորդական հրացանով ոչնչացնում է հակառակորդի ռազմական ուղղաթիռը, Ադրբեջանից կրակող «Սմերչի» արկը չի պայթում Ղարաբաղի տարածքում կամ նրանց կորցրած տանկերի թիվն անցնում է 30-ից, մոտ 2,5 հազար զոհերի թիվը գերազանցում է մեր առյուծների ցավալի կորստին, այլ մանրամասներ չեմ հիշատակում։ Սակայն ո՞րն է ձեր կողմնակալ աշխատանքի արդյունքը. կողմերի հավասարություն պահանջելու գործոնը հիմք ընդունելով, դուք զինատեսակներ եք վաճառում Ադրբեջանին, այդ քարանձավային նախամարդու մտածելակերպով մարդկային ցեղի «զարդարանքը» նավթադոլարներով գնված զենքերը երկաթի կամ ալյումինի ջարդոնի են վերածում Արցախի տարածքում։ Բայց հայերը խելացիորեն լավ լուծում են գտել. այդ ջարդոնն առաջարկում են օգտագործել տնտեսության զարգացման նպատակով։ Այն ուղարկվելու է Բելառուս՝ Ալիևի ընտանիքի բարեկամ Լուկաշենկոյին, որպեսզի այդ երկաթի ջարդոնից տրակտորներ պատրաստի, բահեր և այլ գյուղատնտեսական գործիքներ վաճառի կամ անհատույց տա ադրբեջանցիներին։ Նրանք էլ կզբաղվեն իրենց հիմնական մասնագիտությամբ՝ հողագործությամբ, իսկ Լուկաշենկոն ավելի կամրապնդի մազութային սուլթանի հետ իր ընտանեկան կապերը։ Մանավանդ 2016 թ. ապրիլի 14-ին նրա «հրաշալի ելույթը» Ստամբուլում ցնցեց սլավոնական աշխարհը. «Եկել է թուրք-բելառուսական համագործակցության ակտիվացման օրակարգի արդիականացման, հարաբերությունների ճանապարհացույցի շտկման ժամանակը»։ Այդ սրտաբուխ ելույթից մենք էլ հուզվեցինք։


Պարոն փոխվարչապետ, ես ուզում եմ հիշատակել պատմության մի դրվագ. Հեյդար Ալիևը 1998 թ. մարտի 26-ի հրամանագրով մարտի 31-ը հայտարարում էր ցեղասպանության օր, որին նվիրված համալիրի բացումը պետք է կատարվեր 2000 թ. հունվարի 20-ին՝ իբր ողբերգության 10-րդ տարելիցին։ Այդ առթիվ մոսկվացի լրագրող Վալերի Սենդերովը գրեց. «Մեր սահմաններից դեպի հարավ կանգնեցվում է թշնամության և ատելության համալիր։ Այս անգամ ոչ թե ընդդեմ հայերի, այլ ընդդեմ մեզ, և ռուսները պետք է իմանան այդ մասին» («Ռուսսկայա միսիա», թիվ 4222, մայիսի 14-23)։
Պետական ղեկավարի ամենամեծ արժեքը քաղաքական գործընթացը կարգավորելու կարողությունն է և կառավարման ապարատի չինովնիկների միջոցով պետության արտաքին և ներքին քաղաքականության իրականացումը։


21-րդ դարում ՌԴ-ն իր խոսքն ունի ասելու աշխարհին։ Պետական այրերը ճկուն կերպով դիմակայելով աշխարհում տեղի ունեցող աշխարհաքաղաքական երևույթներին, միաբանվելով աշխարհը փոխելու, նոր աշխարհակարգ ձևավորելու խնդիր են իրականացնում, նրան օգնելը հրամայական պահանջ է։ Արդի աշխարհում կա երկու պետություն՝ Հայաստան և Սիրիա, որոնք իսկական դաշնակիցներ են ՌԴ-ի համար և վճռական պահին կանգնում են նրա կողքին, իսկ դաշնակից Բելառուսն ու Ղազախստանը վճռական պահին տարօրինակ կեցվածք են ընդունում։ Դրա լավագույն վկայությունը Բելառուսի որդեգրած քաղաքականությունն է, որը, սլավոնական երկիր լինելով հանդերձ, աստիճանաբար գլորվում է դեպի պանթուրքիզմի ճամբարը։ Եթե այսպես շարունակվի, ՌԴ-ն դեֆակտո կհայտնվի հպարտ մենության մեջ։ Այսօր Արցախի հարցի նկատմամբ երկիմաստ պահվածքով փորձում է ոչ միայն թուլացնել իր դաշնակցին, այլև զինում և սիրաշահում է, բարոյական աջակցություն է ցուցաբերում պատմականորեն ապացուցված իր թշնամուն, որը նաև մեր դարավոր թշնամին է ու հակառակորդը։ Այս մոտեցումը դրական լիցք է տալիս մեր հայաստանյան արևմտամետներին, որոնք Քեռի Սեմի կանաչ դոլարներից շլացած` հակառակ գործունեություն են իրականացնում։ Չնայած մենք ըմբռնումով ենք մոտենում ՌԴ մուսուլման 25 մլն քաղաքացիների և նրանց առաջատար շարժիչ ուժի բուրգի «շեյխ» Ն. Նազարբաևի գործոնին։


Հարգելի Դ. Ռոգոզին, ռուս և հայ ժողովուրդների բարեկամությունը ձեր հորինածը չէ և ոչ էլ իմ հայտնագործությունը։ Այն ունի դարերի պատմություն, սկսվում է Ռոմանովների ժամանակաշրջանից, անցել է փորձության երկար ճանապարհ։ Դրա հիմքը դրել են հայ դիվանագետ Իսրայել Օրին և ռուս թագավոր Պետրոս Մեծը։ Այն ամրապնդել են .Աբովյանը և Ա. Գրիբոյեդովն ու գեներալ Պասկևիչը՝ ռուս-թուրքական պատերազմի ժամանակ։ Ռուս սոցիալ-դեմոկրատներ Գերցենի, Բելինսկու, Օգարյովի գաղափարակիցն ու գործընկերը եղել է Մ. Նալբանդյանը։ Ռուս մարքսիստ մտավորականների և հեղափոխականների հետ մարտնչել են Ս. Սպանդարյանը, Ս. Շահումյանը, Պ. Պռոշյանը և այլք։ Այդ բարեկամությունն ավելի ամրապնդվեց Երկրորդ աշխարհամարտի ժամանակ։ Հայ մարտիկները, զինվորական գործիչները, զորահրամանատարները վճռեցին պատերազմի հաղթական ելքը, այո, անժխտելի փաստ է սա։ Հայկական Թամանյան դիվիզիան Կովկասի նախալեռներից հասավ Բեռլին և Ռայխստագի կամարների տակ պարեց իր հաղթական «Քոչարին»։


Այդ բարեկամությունը չխախտվեց նույնիսկ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. այսօր ռուս գործընկերների հետ ԵԱՏՄ կազմում համատեղ պայքարում ենք արտաքին ուժերի դեմ, համատեղ կարգավորում ենք պետականաշինության գործընթացները։
Հարգելի փոխվարչապետ, Ձեր վերազգային գաղափարը մեր ժամանակներում դնել մարդկանց ոչնչացնող զենքի առքուվաճառքի շուկայական հարաբերությունների նժարին, առնվազն անբարոյականություն է։ Մարդկային բանականության մեջ չի տեղավորվում զենք արտադրելու, վաճառելու, կիրառելու գործընթացը, որը ոչնչացնում է մարդկանց, չճանաչելով ազգություն, անկախ դեմքից, դիրքից, հասակից, սեռից ու սոցիալական պատկանելությունից։
Հարգելի Ռոգոզին, որքան էլ ցանկանամ Ձեր վարքը համարել կողմնակալ, միևնույն է, իմ մտապատկերում չի ուրվագծվում, թե Դուք գայթակղվել եք մազութային սուլթանատի նավթադոլարներով կամ սև խավիարի համը կպել է Ձեր քիմքին, քանի որ ռուսական նավթն ավելի մաքուր է, իսկ խավիարն ավելի համեղ։ Մեր կարծիքով, այդ մոլեռանդ գավառային մտածողությամբ միջնադարյան «կացին», կովկասյան թաթարների մերօրյա մնացուկ մազութային սուլթանատին պիտի ոչ թե զենքով օգնել, այլ, առաջին հերթին, նրան անհրաժեշտ է առողջական խնդիրները լուծել մոսկովյան հոգեբուժարաններից մեկում։ Դրանով կփրկեք Ադրբեջանի ժողովրդին այդ սուտլիկ խեղկատակից։


Պարոն Ռոգոզին, խորհրդային տարիներին ինձ՝ հայ կոմունիստիս, բախտ է վիճակվել շփվելու ռուս կոմունիստ պետական այրերի հետ։ Նրանցից յուրաքանչյուրն անհատականություն էր, իր ներաշխարհով, բարոյական կերպարով, ժողովուրդների հանդեպ նվիրվածությամբ, նրանց ապագայի մասին հոգածությամբ։ Հետխորհրդային ընդհանուր սահմանի բացակայությունը, առանձին ինքնիշխան պետություն դառնալուց հետո էլ Հայաստանի և ՌԴ միջև չի ծագել որևէ խնդիր, որ դիվանագիտական լուծում չստանա փոխադարձ հարգանքի, փոխզիջումների քաղաքակիրթ ձևով՝ որպես գործընկերներ։


Հարգելիս, կասկածից վեր է, որ Հունաստանում եղել եք, չեմ էլ կասկածում, որ անպայման այցելած կլինեք Ապոլլոնի Դելֆյան պալատը։ Ձեզ հետ միասին վերհիշենք այդ պալատի պատին գրված փիլիսոփայի թևավոր խոսքերը. «Ճանաչիր ինքդ քեզ», հիշենք նաև Սիլոնի աֆորիզմը. «Ոչինչ՝ չափից ավելի»։ Դուք, ինչ խոսք, իմ խորհրդի կարիքը չունեք, բայց ես պետք է ասեմ, թեկուզ այն լինի թելադրված, կապիտալիստական «երջանկաբեր» հասարակարգի պարտադրված կացութաձևի ստորության անեզր օվկիանոսում մի կաթիլ. «Մոռանանք մեր հարազատ անցյալը, կյանքի պատմությունը, իրական արժեքները, հոգիներս կհասցնենք Սադայելին, խիղճը կդնենք գրպաններս»։


Պատմությունը և ժամանակը դաժան են, դրանք այլևս չեն վերադառնում և պատմական անհատներին, քաղաքական և պետական գործիչներին հնարավորություն չեն տալիս սրբագրելու անցյալում կատարած բացթողումները՝ ճշտելու, ուղղելու համար, այն անվերադարձ է։
Հոդվածի ռուսերեն թարգմանությունը պետք է տպագրվի ռուսական մամուլում, որին պետք է ծանոթանան ռուս մտավորականները և ժողովուրդը։

Գեղամ ԳԱԼՍՏՅԱՆ
Հայ կոմունիստ

Դիտվել է՝ 3367

Մեկնաբանություններ