Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Իրանն ու Ռուսաստանը դաշնակցում են ոչ միայն Սիրիայում, այլև Անդրկովկասում

Իրանն ու Ռուսաստանը դաշնակցում են ոչ միայն Սիրիայում, այլև Անդրկովկասում
17.05.2016 | 21:58

Աշխարհի ֆինանսավարկային տիրույթներում Իրանի դիրքերի վերականգնումը, ինչպես նաև իրանական «մեծ նավթի» վերադարձը եվրոպական շուկա Թեհրանի հարևաններին մղում են խորացնելու տնտեսական կապերը նրա հետ: Լավագույն մեկնարկային դիրքերը, այս առումով, ունի, թերևս, Հայաստանը, թեև այսօրվա դրությամբ Իրանի հետ հղկված տնտեսական կապերի բովանդակությամբ ու ծավալով հայկական կողմը նկատելիորեն զիջում է Ադրբեջանին: Բայց Երևանն ունի լուրջ արտքաղաքական կռվան՝ անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ): Հայաստանի ղեկավարությունը հարց է բարձրացրել ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ: Բացի այդ, Երևանը նախաձեռնել է համաձայնագիր նախապատրաստել ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի գոտու (ԱԱԳ) վերաբերյալ:


Հայաստանի միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի խոսքերով, հայ քաղգործիչների ու գործարարների Իրան կատարած վերջին բոլոր այցերի ժամանակ ձեռք են բերվել որոշակի երկկողմ պայմանավորվածություններ, սակայն Երևանի համար արտաքին առևտրի բլոկում առաջնայինը մնում է ԵԱՏՄ-ն: Իրանի հետ կապերի հետագա զարգացման համար անհրաժեշտ է լրացուցիչ ազդակ, ինչը կարող է լինել ԵԱՏՄ երկրների հետ առևտրում առավել բարենպաստ ռեժիմի տարածումը Իրանի վրա, որոնք Երևանի համար առաջնային գործընկերներ են դարձել: Եթե նայենք թվերին, ապա Հայաստանի համար եվրասիական ուղղության առաջնայնությունը դեռ նոր է ձևավորվում:
Միաժամանակ, Հայաստանի կառավարությունն ամեն կերպ ձգտում է իր հանրությանը հասցնել այն գիտակցությանը, որ ԵԱՏՄ-ին հանրապետության անդամակցությունը հսկայական հեռանկար ունի: ԵԱՏՄ-ի շրջանակներում արտահանման պարագայում սահմանով ապրանքների անցման ժամանակը 50 ժամից հասել է 3-ի: Հեշտացել է «աշխատանքային գաղթի» ձևակերպման ընթացակարգը, ինչը հնարավորություն է ընձեռել զգալիորեն մեղմացնելու Ռուսաստանից կատարվող դրամական փոխանցումների ծավալների նվազման սոցիալական հետևանքները: ԵԱՀԿ-ին անդամակցությունից ստացվող օգուտը չափվում է նաև Հայաստանի համար խիստ կարևոր ռուսական էներգակիրների մատակարարումներով, նախ և առաջ խողովակամուղ գազի, որի գինը հայ սպառողների համար էապես նվազել է. սահմանի վրա հազար խորանարդ մետրի համար 165 դոլարի փոխարեն՝ 150 դոլար: Հայաստանը ԵԱՏՄ միակ երկիրն է, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ: Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերով, ԵԱՀԿ-ին Հայաստանի անդամակցությունը, տարածաշրջանային այլ գործոնների հետ մեկտեղ, կապահովի տարբեր փոխադրաէներգետիկ նախագծերին Երևանի ակտիվ մասնակցության հեռանկարներ:

Կառուցվում է «Հյուսիս-Հարավ» ժամանակակից ավտոմայրուղի, Իրանի հետ քննարկվում է երկաթուղու կառուցման հնարավորությունը: ԵԱՏՄ-Իրան ԱԱԳ-ի վերաբերյալ համաձայնագրի կնքման հեռանկարների համատեղ հետազոտությունը սկսվել է 2015 թ. վերջին՝ դեկտեմբերի 23-ին, Թեհրանում հայտարարեցին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը և Իրանի արդյունաբերության, հանքարդյունահանման և առևտրի նախարար Մոհամմադ Ռըզա Նեմաթզադեն: Կողմերը վստահություն հայտնեցին, որ ԱԱԳ-ն լրացուցիչ նախադրյալներ կստեղծի դեպի Հնդկաստան, Պակիստան, Իրաք փոխադրումների միջանցքների բացման և «Հյուսիս-Հարավ» եվրասիական փոխադրամիջանցքի ձևավորման համար: ԵԱՏՄ-ի երկրներին և Իրանին սպասում են ոչ միայն փոխադարձ ապրանքաշրջանառության հետագա մեծացում, այլև տնտեսական համագործակցության ոլորտների բազմազանեցում՝ ընդգծել է Ղազախստանում Իրանի դեսպան Մոջթաբա Դամիրչիլուն: «Ցամաքային կողմից Իրանը սահմանակից է Հայաստանին, Կասպից ծովի կողմից՝ Ռուսաստանին ու Ղազախստանին, ուստի այդ փաստաթղթի ստորագրմամբ մենք կարող ենք մեծացնել առևտրի ծավալները»,- ասել է նա:


Հունվարի վերջին Երևանում հայտարարվեց Հնդկաստանից մինչև Եվրոպա միջազգային նոր փոխադրամիջանցք գցելու Հայաստանի և Իրանի ծրագրերի մասին: Բացի այդ, հայկական կողմն առաջարկեց ուղղումներ մտցնել Հայաստան-Իրան երկաթուղու շինարարության նախորդ պլանների մեջ: Իրանից ավտոտրանսպորտով Եվրոպա և Ռուսաստան տարվող բեռներն առաջարկվում է հասցնել Երասխ, այդտեղից երկաթուղով՝ վրացական Փոթի նավահանգիստ, այնուհետև լաստանավերով՝ եվրոպական և ռուսական հասցեատերերին: Այդ նախագծի իրագործումը թույլ կտա էապես կրճատել փոխադրման ուղու ընդհանուր երկարությունը: Դրանով հայ փոխադրողներն առաջարկել են ճանապարհի նոր տարբերակ: Մեղրի-Վայոց ձոր-Սևան երթուղու փոխարեն նրանք իրենց իրանցի գործընկերներին առաջարկել են Մեղրի-Վայոց ձոր-Երասխ երթուղին: Երասխում կառուցվել է «Արմաշ» բեռնափոխադրական կայանը, որը կարող է աշխատել ինչպես բեռնափոխադրումների ուղիղ տարբերակով (փոխաբեռնում վագոններից անմիջականորեն ավտոմեքենաների վրա), այնպես էլ ամենատարբեր բեռների պահեստավորմամբ: Փոխադրակայանը գտնվում է Իրանի սահմանից 300 կիլոմետր հեռավորության վրա, ունի մինչև 15 հազար տոննա հացահատիկի պահեստավորման և մինչև 500 խոշոր բեռնարկղերի ընդունման հնարավորություն:
Այս տարվա հունվարին Հայաստան այցելեց Ռուսաստանի տրանսպորտի նախարար, տնտեսական համագործակցության ռուս-հայկական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ նրա հանդիպման ընթացքում, բացի երկու երկրների տնտեսական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերից, կողմերը քննարկեցին տարածաշրջանային նշանակություն ունեցող ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հեռանկարները: «Ռուսական կողմը նշեց Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման կարևորությունը և պատրաստակամություն հայտնեց ուսումնասիրելու իր հնարավոր մասնակցության հարցը»,- հաղորդեց Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը: Հայ-իրանական նախագծին հեռանկարային բազմակողմ բնույթ հաղորդելուն, նրանում ուժեղացնելով եվրասիական բաղադրիչը, կարող է օգնել նաև Կասպից ծովի շուրջ երկաթուղային օղակի շինարարության՝ ներկայումս մոռացության մատնված նախագիծը: Բայց դա հնարավոր է նաև երեք կողմերի ուժերով՝ Ռուսաստանի շահագրգիռ մասնակցությամբ: Գուցե և չորս կողմերի՝ իզուր չի արդեն քանի տարի խոսվում այն մասին, որ Չինաստանը պատրաստ է ֆինանսավորելու Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը: Օղակաձև երկաթուղին զրոյից չի կառուցվի: Այն կներառի առանձին փոխադրական հատվածներ: Միաժամանակ, նախագիծը ներփակ օղակի վիճակի բերելը մեծ ներդրումներ չի պահանջի՝ հաշվի առնելով արդեն առկա գծերն ու ենթակառուցվածքները, ինչպես նաև մոտ ապագայում գործարկման նախապատրաստվող երկաթուղու հատվածները: Օղակաձև նախագիծը լրացնում է առևտրատնտեսական հարաբերություններն աշխուժացնելու շուրջ Մոսկվայի ու Թեհրանի ձեռք բերած վերջին պայմանավորվածությունները: Ռուսաստանն ու Իրանը, որպես կասպյան ավազանի երկու խոշորագույն ուժեր, անհրաժեշտ դինամիկա կհաղորդեն տարածաշրջանային բոլոր նախագծերին, որոնց կարող են շահագրգիռ մասնակցություն ցուցաբերել ներփակ ջրամբարի առափնյա հարևանները:
Այսօրվա դրությամբ միջկասպյան առևտրի ծավալի մինչև կեսը կատարվում է ծովով: Շուրջկասպյան երկաթուղային մայրուղու գործարկմամբ տարածաշրջանային երկրների միջև բեռնափոխադրումներում երկաթուղու բաժինը ենթադրաբար գրեթե կրկնապատիկ կմեծանա՝ ներկա 25 տոկոսից հասնելով 35-40 տոկոսի, իսկ բեռնահոսքում «ծովի» տեսակարար կշիռը կիջնի մինչև 30-35 տոկոսի: Փաստորեն, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի Երևան կատարած այցին զուգահեռ, ապրիլի 7-ին Բաքվում կայացավ Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպում, ճիշտ է, «աշխատանքային նախաճաշի» ձևաչափով, որի ընթացքում կողմերը հիմնականում խոսել են Արցախում ռազմական գործողությունների բռնկման մասին: Այդուամենայնիվ, արտգործնախարարները հասցրել են նաև պայմանավորվածության գալ այն հարցերի համալիր ուսումնասիրության շուրջ, որոնք կապված են երեք երկրների համապատասխան գերատեսչությունների կողմից «Հյուսիս-Հարավ» փոխադրամիջանցքի ստեղծման նախագծի իրականացման հետ, ինչի մասին հաղորդեց Սերգեյ Լավրովը Բաքվում կայացած մամուլի ասուլիսում՝ խոսելով Ղազվին-Ռեշտ (Իրան)-Աստարա (Ադրբեջան) երկաթուղու շինարարության նախագծում ռուսական ներդրումների հնարավորության մասին: Նրա խոսքով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադրական նախագծերի իրականացման հարցում տրանսպորտի նախարարությունների, մաքսային, հյուպատոսական ծառայությունների համատեղ աշխատանքի շուրջ: Ադրբեջանի նախարար Էլմար Մամեդյարովը նշել է, որ խոսքը հիմնականում երկաթուղային կապի ստեղծման մասին է: Ապրիլի 20-ին ադրբեջանական և իրանական կողմերը քննարկել են Աստարայում 8-կիլոմետրանոց երկաթուղային կամրջի կառուցման ընթացքը, թեև մենք չգիտենք, թե ինչ նրբություններ է այդտեղ արծարծել Իրանը:


Բաքվում կայացած բանակցությունների մյուս թեման երկաթուղու Ռեշտ-Աստարա հատվածի շինարարությունն է եղել: «Ռուսաստանը ևս շահագրգռված է այդ նախագծով և առաջարկել է հանդիպում անցկացնել Մոսկվայում: Փոխադրամիջանցքը կարևորություն է ներկայացնում»,- նշել է Մամեդյարովը: Նրա խոսքով՝ հանդիպման գլխավոր նպատակը եղել է «Հյուսիս-Հարավ» միջանցքի քննարկումը. «19-րդ դարում Ռուսաստանի հետ այդ միջանցքը գործել է: Հայաստանի հետ հակամարտության հետևանքով այն դադարեցրել է իր գործունեությունը: Մենք կարծում ենք, որ այդ միջանցքի աշխատանքի վերականգնումը կարևոր է երեք երկրների համար»: Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ կողմերը համաձայնեցրել են համագործակցության ոլորտները, որոնցում մտադիր են աշխատել, և դա առաջին հերթին տարանցման միջանցքն է: «Այդ ամենը կհանգեցնի Ասիայից Եվրոպա տարանցման արագացմանը»,- նշել է նա: Ինչպես տեսնում ենք, առևտրի ու փոխադրուղիների ոլորտում ձևավորվում է Անդրկովկասի երկրների փոխգործակցության միանգամից մի քանի կետերի զուգակցության հեռանկար՝ Ռուսաստանի և Իրանի ամենաակտիվ մասնակցությամբ: Դա, անշուշտ, մի ավելորդ անգամ վկայում է մեր տարածաշրջանում Ռուսաստանի և Իրանի հստակ դաշնության մասին:


Այդ իրողությունը լրջորեն անհանգստացնում է ԱՄՆ-ին, թեև մայիսի 11-ին պետդեպարտամենտը հարկադրված էր խոստովանել, որ Ռուսաստանից Իրան C-300 զենիթահրթիռային համալիրների զանգվածային մատակարարումները Իրանի ու միջազգային միջնորդների «վեցյակի» միջուկային գործարքի խախտում չեն, և «ԱՄՆ-ի վարչակազմը մտադիր չէ Կոնգրեսին կոչ անել այդ կապակցությամբ նոր պատժամիջոցներ սահմանելու Իրանի նկատմամբ»: Այաթոլլահ Խամենեիի ռազմական խորհրդական, գեներալ-մայոր Յաղիա Ռահիմ Սեֆևիի վերջերս արած այն հայտարարության լույսի ներքո, թե Թուրքիան մնում է ԱՄՆ-ի և Իսրայելի հակաիրանական քաղաքականության գործիք, մենք առանձնակի ուշադրությամբ պետք է դիտարկենք մայիսի 12-ին Թեհրանում հնչած ևս երկու հայտարարություն: Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի դերծովակալ Ալի Ֆադավին ԱՄՆ-ին նախազգուշացրել է, որ «կխորտակի» Իրանին մոտեցող ամերիկյան ցանկացած ռազմանավ. «Մենք ամերիկացիներին հայտնել ենք, որ Պարսից ծոցում նրանց ներկայությունը բացարձակ չարիք է»: Իսկ ԻԻՀ-ի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, մեկնաբանելով 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական ակտերի մեջ հենց Իրանին «մեղավոր ճանաչելու» մասին ԱՄՆ-ի գերագույն դատարանի վերջերս կայացրած վճիռը, խիստ քննադատել է ահաբեկչական ակտերից տուժածների ընտանիքներին Իրանի կողմից 2 մլրդ դոլար վճարելու որոշումը. «ԱՄՆ-ի գերագույն դատարանը ԱՄՆ-ի դատարանն է, ոչ թե ամբողջ աշխարհի: Իրանը նրա իրավազորության տակ չի գտնվում, մեր փողերը՝ նույնպես»: Զարիֆը հայտնել է նաև, որ Իրանը ԱՄՆ-ի գերագույն դատարանի դեմ հայց կներկայացնի Հաագայի միջազգային դատարան և կպահանջի 2 մլրդ դոլար:


Հայաստանը պետք է հաշվի առնի շարադրված բոլոր փաստերն ու հանգամանքները:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 1955

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ