Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

X պահն ու X գործոնները

X պահն ու X գործոնները
22.04.2016 | 00:57

Դու սպասիր գետի ափին, և հոսանքը կբերի քո թշնամու դին՝ հաստատում է չինական իմաստնությունը: Չգիտեմ՝ քանի միլիոն չինացի կարող է իրենց թույլ տալ այդպես մտածել: Չինաստանում եղել եմ ու տեսել եմ՝ ինչ հորդառատ են չինական գետերը. ինչ ասես և ում ասես կարող են բերել: ՈՒր ասես՝ կարող են տանել: Իսկ մե՞նք: Մենք իրավունք ունե՞նք սպասել: Ապրիլի սկզբին պարզվեց՝ ոչ: Ադրբեջանում ևս չինական իմաստնությունը չգիտեն: Նրանք պատրաստ են իրենք կատարել հոսանքի դերը: Որքանով ստացվե՞ց: Որքան կարողացան: Ինչ էլ Բաքուն հայտարարի իր հաղթանակի մասին, ապրիլին իրենց սկսած ագրեսիան ուղղվեց իրենց դեմ: Բայց դա չի նշանակում, որ Հայաստանը հարցեր չունի ու կարող է նստել ժամանակի գետի ափին՝ սպասելու չինական իմաստնության ընծաներին:

Մենք արձանագրեցի՞նք, գոնե մեզ համար, որ ապրում ենք խիստ ռացիոնալ աշխարհում, որտեղ խաղի բոլորովին այլ կանոններ են՝ չեն գործում համաձայնագրեր, պայմանագրեր, դաշինքներ ու դիվանագիտական ձևականություններ: Կա X պահ և X գործոնների համընկնում, որ ստեղծում է նոր իրավիճակ ու նոր լուծում է ակնկալում: 1988-ին ափիբերան ազգովին հարցնում էինք՝ ինչո՞ւ ռուսական զորքը երեք օրով ուշացավ Սումգայիթում ու Բաքվում, ու շատերս դեռ պատասխան չունեինք գորբաչովյան վերակառուցման հովերով տարված: 1994-ին էլ մի կողմից ուրախ էինք զինադադարի կնքումով, մյուս կողմից՝ հարցնում էինք՝ ինչո՞ւ հիմա, երբ հայկական բանակը գրոհում է, երբ համարյա հասնում էր Մարաղա ու կանգնում Ադրբեջանի սպիտակ նավթի հանքավայրերի կողքին: Հիմա արդեն չենք հարցնում՝ ինչո՞ւ Մոսկվան իր միջնորդական առաքելությունը չձեռնարկեց ապրիլի 2-ին, լավ՝ 3-ին, այլ հենց այն պահին, երբ հայկական բանակը նորից շարժվում էր առաջ ու բավական էր՝ Ալիևը զինադադար խնդրի, միջազգային հանրության խաղաղության կոչերը Կրեմլում լսեցին: Հայաստանն էլ մոռացավ, որ երկու օր առաջ ասում էր՝ կոնֆլիկտը Հայաստանի ու Ադրբեջանի միջև չէ, ու ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը թռավ Մոսկվա՝ հանդիպելու Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետին: Շատ կարևոր փաստարկ կա, որ չի կարելի շրջանցել՝ ռազմական բախումը շարունակվեր, ավելի շատ զոհեր էինք ունենալու, արդեն վերականգնվել էին հիմնական դիրքերը և կարելի էր համաձայնել զինադադարի:

Բայց շատ մեծ հարց է մնում՝ բանավոր համաձայնությունը երաշխավորո՞ւմ է, որ մի քանի օրից, մի քանի ամսից նորից չի գալու X պահը, երբ Բաքուն շփման գծի ողջ երկայնքով նորից «Սմերչով» ու «Սոլնցեպյոկով», «կամիկաձեներով» փորձելու է իրավիճակ փոխել, ու հանկարծ պարզվելու է, որ նորից համընկել են X գործոնները, որոնց դեպքում նույնիսկ ԱՄՆ-ի հետախուզական արբանյակները տվյալներ չեն հաղորդում, որովհետև թիրախ ունեն Սիրիան և ՈՒկրաինան: Ռուսներն ու եվրոպացիները նույնիսկ այդ «բացատրությունը» հարկ չհամարեցին տալ: Կա երկու տարբերակ. կամ նրանք մտածում են՝ ռուսներն են սկսել, ռուսներն էլ թող տակից դուրս գան, կամ համաձայնություն կա, որ ռուսները նորից բեմ բարձրանան՝ հերթական անգամ ազգային ինքնահաստատումի պահ ապրելու, որ առանց Մոսկվայի աշխարհում ոչ մի տեղ ոչ մի հարց չի լուծվում, միևնույն է, հետո գալիս է X պահը ու պարզվում է, որ այդպես է, բայց շատ կարճ ժամանակի մեջ՝ ոչ մի հարց մինչև վերջ չի լուծվում կամ չի լուծվում այնպես, ինչպես ռուսներն էին համոզում, որ լուծվելու է՝ Աֆղանստան, Սերբիա, Սիրիա: Այո, Բաքուն ձախողվեց ու հրապարակավ չհայտարարի էլ, ինքն իր համար պարտադրված է ընդունել, որ նույնիսկ 80-ականների զենքով, տեղ-տեղ անփամփուշտ կռվող հայկական բանակը դիմակայեց իր գերժամանակակից զենքին ու հատուկ ուսուցում անցած հատուկ ջոկատայիններին: Այսինքն՝ ստեղծվել է նոր X իրավիճակ, և հայտ են գալիս նոր X գործոններ: Բաքուն ապացուցեց, որ կոնֆլիկտը չունի ռազմական լուծում: Պիտի հասներ Ստեփանակերտ, ու միայն այդտեղ պիտի խաղաղապահները մուտք գործեին և կանխեին նոր Սումգայիթը: Գուցե և չկանխեին: Ի՞նչ խաղաղապահներ: Իհարկե՝ ռուս: Այդ ժամանակ միայն կհաստատվեր, որ ստատուս քվոն չկա ու Մինսկի խումբն անելիք չունի՝ բանակցությունների թեման սպառվել է: Չստացվեց:

Նոր իրավիճակում ի հայտ եկավ պլան Բ-ն՝ շարունակել դիվանագիտական ագրեսիան: Պլան Բ-ի շրջագծում «Իզվեստիան» և «Կոմերսանտը» սկսեցին հրապարակել տեղեկություններ, որ առաջինը՝ հոգեբանական գրոհ են, երկրորդը՝ խայծ՝ ո՞վ կհավատա, ո՞վ ի՞նչ արձագանք կտա, երրորդ՝ ո՞վ տանուլ կտա: Պատահակա՞ն է, որ հենց ՌԴ արտգործնախարարի Երևան պաշտոնական այցի նախորդ օրը հայտարարություն է անում ՀՀ ԳԱԱ-ն: Անցյալ դարավերջից հետո առաջին անգամ: Քաղաքական հայտարարություն ու շեշտակի եզրակացություն. «Լիովին հասունացել է ՀՀ-ի կողմից ԼՂՀ ճանաչման և նրա հետ ռազմական դաշինքի կնքման անհրաժեշտությունը»: ԵԱՀԿ դեսպանների հետ հայտնի հանդիպման հայտնի հայտարարությունից հետո ո՞վ էր հիշում, որ Հայաստանը կարող է ճանաչել ԼՂՀ-ն:

Երևի միայն «Ժառանգությունը», որ գումարում առ գումարում խորհրդարանում բարձրացնում է այդ հարցը, իսկ քաղաքական մեծամասնությունը իջեցնում է: Ակադեմիկոսները պարզել են, որ «Ադրբեջանի սադրանքն իրականացվել է Թուրքիայի անմիջական ուղղորդմամբ և աջակցությամբ, ինչի մասին վկայում են այդ երկրի ղեկավարների մի շարք հայտարարությունները: Այսպիսով՝ մեկ անգամ ևս հաստատվեց թուրք-ադրբեջանական հակահայկական գործակցությունը, որն ուղղված է նաև ողջ քաղաքակիրթ հանրության դեմ» և «ակնկալում են խնդրի նկատմամբ միջազգային հանրության անաչառ ու հասցեական վերաբերմունքը: Մինսկի խմբի անդամ համանախագահողները պետք է հանդես գան այս ագրեսիան սանձազերծողի՝ Ադրբեջանի գործելակերպի դատապարտմամբ»:


Գիտնականներին երկու շաբաթ էր պետք (երևի գիտափորձեր էին դնում)՝ պարզելու. «Տարակուսելի է, որ տեղի ունեցածի նկատմամբ համարժեք արձագանք չեղավ Հայաստանի դաշնակից ՀԱՊԿ անդամ երկրների կողմից»: Բնականաբար այդքանից հետո նրանք պիտի դիմեն՝ «միջազգային գիտական հանրությանը՝ ակնկալելով նրա աջակցությունը ԼՂՀ-ի անկախության ճանաչման հարցում»: Բայց ակադեմիկոսները պահանջում են «ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությունը բանակցային գործընթացում ԼՂՀ-ն լիիրավ կողմ ճանաչելու հարցում»:

Այսինքն՝ հիմքեր կան ենթադրելու, որ Հայաստանը գիտական, գուցե նաև դիվանագիտական մակարդակով պատասխանում է՝ խայծը կուլ չտվեցինք: ՈՒրեմն՝ ինչո՞ւ է Լավրովը գալիս Հայաստան: Նախորդ այցին հաջորդեց շփման գծում կրակի հերթական ուժգնացում՝ եթե չասեմ ավելին: ՌԴ արտգործնախարարը չի կարող Հայաստան չգալ՝ նրա այցը ՌԴ խաղաղարար առաքելության գլխավոր կետերից է, որը ենթակա է պարտադիր կատարման: Բաքուն նոր բանակցություններ սկսելու պատրաստակամություն է հայտնում՝ դնելով նույն պահանջները՝ տվեք մեր օկուպացրած հողերը, վերադարձնում ենք մեր փախստականներին, ԼՂՀ կարգավիճակը կորոշի հանրաքվեն՝ ինչ-որ X պահի: Այսինքն՝ Բաքուն ի սկզբանե հայտարարում է, որ նախապայմանային բանակցությունների է համաձայն, այդ դեպքում ի՞նչ բանակցություն: Ինչի՞ն էր նվիրված բլիցկրիգն ու ի՞նչ հետևանք ունեցավ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գնացել էր Լեռնային Ղարաբաղ՝ խորհրդակցություններ, այցելություններ զորամասեր, հոսպիտալ, պարգևատրումներ՝ ամեն ինչ հասկանալի է, բայց ամեն ինչ պա՞րզ է: Տեղվույն վրա պարզե՞ց՝ ինչո՞ւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը գիշերային խորհրդակցությունից հետո գնաց քնելու և հրաման չտվեց հատուկ դրության, թեպետ հետախուզությունը զեկուցել էր զորաշարժի մասին՝ ինչպես ասուլիսում հենց ինքն ասաց: Տեղվույն վրա պարզե՞ց՝ ԼՂՀ նախագահը կընդունի բանակցությունների շարունակումը նախկին ձևաչափով ու նույն սկզբունքների շուրջ, խրամատում դիրքերը պահող զինվորը կընդունի՞ հարցի լուծման ռուս-ադրբեջանական տարբերակը՝ ապրիլյան կարճ, բայց շատ փակագծեր բացած պատերազմից հետո: Արցախցին կընդունի՞ հողերը հանձնելու պահանջը՝ թեկուզ իր անկախության ճանաչման դիմաց: Իհարկե, նման հարցերում զինվորին ու քաղաքացուն չեն հարցնում, բայց եթե չեն ընդունում զինվորն ու քաղաքացին, որևէ լուծում ժամանակի մեջ չի գործում:


Ի՞նչ եղան ԵԱՀԿ մոնիտորինգի մեխանիզմները: Բաքուն պատերազմով մերժե՞ց: Եթե պատերազմով Բաքուն իր նպատակին չհասավ, չի՞ նշանակում, որ այդ մեխանիզմների թեման մնում է օրակարգում: Համենայն դեպս, պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Գյունտեր Բեխլերի հետ հանդիպմանը շեշտել է ԵԱՀԿ մոնիտորինգի մեխանիզմների ներդրման և հրադադարի ամրապնդման նպատակով հետաքննությունների անցկացման կարևորությունը: Հավելեք՝ ՆԱՏՕ-ի մամուլի գրասենյակը տեղեկացրել է, որ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը Բրյուսելում ապրիլի 21-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՌԴ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ալեքսանդր Վերշբոուի հետ կքննարկի Արցախի հակամարտության գոտում քառօրյա պատերազմն ու հաջորդած իրավիճակը: Հանդիպումը ՆԱՏՕ-ի նախաձեռնությամբ է:

Հավելեք՝ մի քանի օր առաջ նախագահի մամլո քարտուղարը ճշտեց, որ բարձր մակարդակով ԵԱՀԿ շրջանակում բանակցություններ չեն նախատեսվում: Հավելեք՝ քնից արթնացավ Ջեյմս ՈՒոռլիքը և twitter-ում գրեց. «Բեռլինում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԵԱՀԿ-ում գերմանական նախագահությանը կզեկուցեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների և հակամարտության շուրջ առաջիկա բանակցությունների վերաբերյալ»:
Հավելեք՝ ԵԽԽՎ պատվիրակները Լեռնային ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հռչակագիր են ընդունել. «Վստահ լինելով, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, ԵԽԽՎ-ն հաստատում է իր մշտական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ միջազգայնորեն համաձայնեցված բանակցային միակ ձևաչափին՝ հակամարտության երկարաժամկետ և արդարացի լուծում գտնելու համար: Այդ պատճառով մենք կոչ ենք անում հարգել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ իրենց մանդատը չձախողելու և բանակցությունները չբարդացնելու մասին մշտական կոչերը:
Մենք կողմերին կոչ ենք անում վճռական քայլեր ձեռնարկել և անհրաժեշտ քաղաքական կամք դրսևորել՝ համանախագահ երկրներ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի առաջարկների հիման վրա համաձայնագրի ստորագրման հասնելու համար, որոնք արտահայտված են 2009-ից սկսած այդ երկրների ղեկավարների մակարդակով արված հինգ հայտարարություններում: Մենք կիսում ենք հակամարտության գոտում լարվածության աճի հետ կապված անհանգստությունը: Ծանր զինտեխնիկայի կիրառումն անընդունելի է և լուրջ սպառնալիք է խաղաղ բնակչության համար: Մենք խորապես ցավում ենք զոհերի համար, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների ստեղծումը, ինչպես նաև 1994-ի հրադադարի համաձայնագրի շուրջ վստահություն ձևավորելու միջոցների մասին Մինսկի խմբի համանախագահների մի շարք այլ առաջարկները կնպաստեն լարվածության նվազմանն ու խաղաղ բանակցությունների առաջընթացի համար ավելի բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը»:


Եթե այսքան հավելումներից հետո հարցնում եք՝ Լավրովն ինչո՞ւ է գալիս, ասեմ. Կրեմլը չի կարող առանց խաղաղարար առաքելության ապրել՝ կարևոր չէ որտեղ, կարևոր է՝ ինչ, և հետո՝ հունիսին Վարշավայում ՆԱՏՕ-ի վեհաժողովում Վրաստանի և ՈՒկրաինայի ներկայացուցիչներն ասոցացված կարգավիճակ են ստանալու, այսինքն՝ դաշինքի լեգիտիմ ներկայություն Սև ծովում ու Հարավային Կովկասում: Կրեմլին պետք է Կովկասում ամրապնդվել, ավելի լավ տեղ, քան Ղարաբաղի տարածքները, չի մնացել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Իսկ ընդհանրապես ԱԳՆ-ն պատրաստվում էր ընդունել Պան Գի Մունին, ի վերջո՝ պե՞տք է պարզել, թե ՄԱԿ-ի ԱԽ-ի չորս բանաձևերն ինչպես չեզոքացնել, որ Բաքուն ամեն անգամ նույն երգը չերգի: Իսկ X պա՞հը: Գե՞տը: Թշնամու դիա՞կը: Հայկական գետերը երբեմն ավելի լավ հոսում են իրենց հոսանքին հակառակ:

Դիտվել է՝ 1290

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ