Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ
05.04.2016 | 00:25

(սկիզբը` այստեղ)

Գորբաչովի «перестройка»-ի փիլիսոփայությունը հասկանալու համար մի պահ հանգիստ տանք Ամերիկային, Գերմանիային, Անգլիային, արտաքին մյուս հանգամանքներին ու վերադառնանք 80-ականների Խորհրդային Միություն, տեսնենք` ի՞նչ էր կատարվում երկրում մինչև Գորբաչովի Գորբաչով դառնալը: Ինչպիսի՞ հասարակական տրամադրություններ էին տիրում Խորհրդային Միությունում, Հայաստանի օրինակով նաև առանձին հանրապետություններում, ովքե՞ր էին Գորբաչովի բարեփոխումների պոտենցիալ համախոհները, և ովքե՞ր էին լինելու նրա անհաշտ ընդդիմախոսները: Բազմազգ խորհրդային երկրում Գորբաչովն առաջարկում էր իրականացնել աննախադեպ սոցիալիստական հակահեղափոխություն, որը, ինչպես բնորոշ է նման դեպքերում, չէր կարող ցավոտ չլինել շարքային քաղաքացիների համար: Խորհրդային բազմազգ ժողովուրդը Գորբաչովի «перестройка»-ի նոր գաղափարներն ընդունեց զգուշավոր լավատեսությամբ ու առանձնահատուկ հումորով՝ որպես ԽՄԿԿ կենտկոմի մոգոնած հերթական կատակերգական կամպանիա: Առաջին իսկ օրից «перестройка»-ն դարձավ անեկդոտների թեմա: Հիշենք Եվգենի Պետրոսյանի հայտնի չուկչա-թարգմանչին, որը էստրադայի բեմից չուկչերեն «դուռդի-մուռդի» բառը թարգմանում էր «перестройка» բառով: Շատ բան տեսած խորհրդային ժողովուրդը ճիշտ հասկացավ, որ «ускорение», «демократия», «перестройка» լոզունգների տակ թաքնված է մարդկանց ուշադրությունը շեղելու, ժամանակ շահելու հերթական «դուռդի-մուռդին»:
1991-ին անցկացված համամիութենական հանրաքվեի արդյունքներով խորհրդային 300 միլիոն քաղաքացիների 82 տոկոսը դեմ արտահայտվեց Գորբաչովի գաղափարներին, հատկապես Խորհրդային Միության լիկվիդացիայի հարցում: Համամիութենական հանրաքվեին չմասնակցեցին Հայաստանի նման մի քանի փոքր հանրապետություններ: Չնայած հանրաքվեի բացասական արդյունքներին, խորհրդային ժողովրդի կամքին հակառակ սլավոնական երեք հանրապետությունների՝ Ռուսաստանի, Բելառուսի ու ՈՒկրաինայի ղեկավարները հավաքվեցին ու որոշեցին, որ Խորհրդային Միությունը չպետք է լինի: Կատարվածը պետական դավաճանության պատմական որոշում էր, որը նախադեպը չուներ աշխարհում: Համամիութենականից հետո Հայաստանում անցկացվեց «անկախության» հանրաքվե, որին ես անձամբ ձեռնպահ եմ մնացել միայն մեկ պատճառով. երկրի իշխանական ղեկին հավակնող ՀՀՇ-ական լիդերների շարքերում չտեսա Հայաստանի ու հայ ժողովրդի ճակատագրով մտահոգված թեկուզ և մեկ վստահելի ազգային գործչի:
Հետաքրքիր է իմանալ, թե ում հետ էր Գորբաչովն իր հույսերը կապել, ովքեր էին առաջ տանելու «перестройка»-ի ծրագիրը, եթե խորհրդային քաղաքացիների մեծամասնությունը դեմ էր արտահայտվել նրա բարեփոխումների ծրագրին: Համագումարների բարձր ամբիոններից Գորբաչովը մշտապես հայտարարում էր, թե կոմունիստական գաղափարներն իրենց սպառել են, որ տնտեսության մեջ, հասարակական կյանքի բոլոր բնագավառներում պետք է վերջ տալ ԽՄԿԿ բռնատիրած հեգեմոն ու ղեկավար դերին, պետք է զարկ տալ ժողովրդավարությանը, որպեսզի երկիրը դուրս գա տնտեսական ճգնաժամից: Գորբաչովը սակայն խորամանկում և ստում էր: Հրապարակավ մերժելով կոմունիստական գաղափարախոսությունն ու պախարակելով միլիոնավոր կուսակից ընկերներին, Գորբաչովն իրականում իր «перестройка»-ն սկսեց կուսակցական էլիտայի պարտադրանքով, կուսակցական էլիտայի մշակած ծրագրով ու ավարտին հասցրեց էլիտայի հետ: Խորհրդային կուսակցական էլիտան վաղուց արդեն հեռացել էր պաշտոնական պետական կոմունիստական գաղափարախոսությունից ու խորհրդային երկրում արդեն իրականացրել էր իր հակաժողովրդական ու հակապետական քաղաքականությունը, ինչն էլ պատճառ դարձավ, որ գաղափարական ու տնտեսական առումով երկիրը «հաղթարշավի» դեպի խոր լճացում: Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության 18-միլիոնանոց բանակը չկարողացավ դիմակայել կուսակցական էլիտայի դավաճանությանը, որովհետև, Բրեժնևի, Չեռնենկոյի ու Անդրոպովի նման լիդերներ ունենալով, հասցրել էր որակազրկվել ու բարոյազրկվել: Կարճ ժամանակահատվածում 17 միլիոն կուսակցականներ կամավոր լքեցին կուսակցության շարքերը՝ դավին անտեղյակ, ցավին անհաղորդ: Ինքնին կոմունիստական գաղափարախոսությունը ո՛չ վատը կլիներ, ո՛չ էլ այդքան ուտոպիստական, եթե ունենար իրական գաղափարական հետևորդներ, մարդիկ, ովքեր մտնում էին կուսակցության շարքերը՝ «հասկանալով կուսակցության դերն ու նշանակությունը և ընդունելով կոմունիստական կուսակցության կանոնադրությունը», մարդիկ, ովքեր պատրաստ լինեին նաև պայքարելու մինչև վերջ: «Հասկանալով կուսակցության դերն ու նշանակությունը և ընդունելով կոմունիստական կուսակցության կանոնադրությունը» ծեծված խոսքերով էին անցնում կուսակցության շարքերը խորհրդային բոլոր քաղաքացիները: Այդպես էր ձևակերպված Անատոլի Սոբչակի դիմումը՝ կուսակցության մեջ ընդունվելու համար, որ 90-ականներին ի ցույց էր դրված Լենինգրադի հրապարակներում: Այդպես էր ձևակերպված նաև իմ կուսակցական դիմումը: Կուսակցության անդամ եղել եմ 1979-ից մինչև 1991-ը, մինչև Հայաստանի կոմունիստական կուսակցության պաշտոնական լուծարումը: Կոմունիստական կուսակցությունը կորցրեց իր մարտունակությունը այն բանից հետո, երբ մեկը մյուսի հետևից ի չիք դարձան առաջին (1970 թ.) և երկրորդ (1980 թ.) էտապով կոմունիզմի անցնելու խրուշչովյան խոստումները: Իշխանության գալով, Բրեժնևը ԽՍՀՄ Սահմանադրության մեջ հատուկ 6-րդ հոդվածով փորձեց ակտիվացնել ԽՄԿԿ անդամների մարտունակությունն ու շահագրգռությունը՝ ամրագրելով կոմունիստական կուսակցության ղեկավար դերի գաղափարը տնտեսության, գիտության, զինված ուժերի ու հասարակական կյանքի բոլոր բնագավառներում: Դա հանգեցրեց այն իրողությանը, որ, գաղափարական համոզմունքների փոխարեն, կուսակցականներին ավելի շատ էր հետաքրքրում կուսակցական «կանալներով» ղեկավար պաշտոնների հասնելու իրատեսական հեռանկարը: Ռազմական արդյունաբերության ոլորտում աշխատող գիտնականների համար ևս, անթերի կենսագրություն ունենալուց բացի, գրեթե պարտադիր էր նաև կոմունիստական կուսակցության անդամ լինելը: Գուցե և Բրեժնևն իրականում հավատում էր, որ գիտական, կրթական, արդյունաբերական, ռազմական, գյուղատնտեսական ու բազում այլ ոլորտներում պաշտոնավարման իրավունք տրամադրելով կոմունիստներին` հնարավոր կլինի երկիրը դուրս բերել տնտեսական ծանր վիճակից, գաղափարական նոր լիցք հաղորդել խրուշչովյան կոմունիզմից հուսախաբ եղած խորհրդային քաղաքացիներին: Կոմունիստական կուսակցության լիակատար ղեկավարության պարագայում կհեշտացվեր նաև կաշառակերության, հանցագործությունների, պետական վնասարարության ու հասարակական կյանքը արատավորող մյուս բոլոր դրսևորումների դեմ մղվող մշտական պայքարը: Մեծ նշանակություն էր տրվում կոմունիստական կարգապահությանն ու քաղաքացիներին կոմունիստական ոգով դաստիարակելու հարցերին: Այդ նպատակով մեծ տպաքանակներով Բրեժնևի անունից հրապարակվեցին այնպիսի գրական գործեր, ինչպիսիք էին «Малая земля»-ն ու «Целина»-ն: Բոլոր կուսակցականները պարտավոր էին կատարելու վերևից եկող ԽՄԿԿ համագումարների, պլենումների ու կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի ընդունած որոշումները: Թերացողները կարող էին անմիջապես հեռացվել կուսակցությունից, ինչը դատավճիռ էր խորհրդային քաղաքացու համար: Տեղերում կուսակցական որոշումների կատարմանն ու կուսակցական կարգապահությանը հետևում էին կուսակցության շրջանային կոմիտեները՝ սկզբնական կուսակցական կազմակերպությունների միջոցով: Թղթի վրա ամեն ինչ լավ էր ստացվում, սակայն ի՞նչ էր կատարվում իրական կյանքում: Մասնավորապես, տեղերում որքա՞ն արդյունավետ էր ընթանում կաշառակերության ու կոռուպցիայի դեմ մղվող անհաշտ պայքարը, և ովքե՞ր էին գտնվում այդ պայքարի ավանգարդում:

ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԿՈՌՈՒՊՑԻԱ
Կաշառակերության ու կոռուպցիայի դեմ պայքարը ցանկացած երկրի իշխանությունների կարևոր առաջնահերթություններից է, քանի որ հիշյալ երևույթները խիստ բացասական ազդեցություն են թողնում տնտեսության զարգացման ու հասարակության արժեքային համակարգի ձևավորման վրա: Կաշառակերության ու կոռուպցիայի պատճառով, նախ և առաջ, տուժում են երկրների ազգային անվտանգությունը, տնտեսությունը, հասարակական կյանքը, առողջապահական, կրթական համակարգերը, արվեստը, գիտությունը և այսպես շարունակ: Շահում են, եթե դա շահում կարելի է համարել, միայն կոռուպցիոն գործարքների սուբյեկտները: Կաշառքի միջոցով քաղաքացիները կարող են շրջանցել երկրում գործող օրենքները, քիչ ծախսերի հաշվին, զարտուղի և դյուրին ճանապարհներով հասնել հավելյալ ֆինանսական արդյունքների: Կաշառակերության երևույթը միշտ էլ տարածված ու զարգացած է եղել Ռուսական կայսրությունում, որը իրավամբ կարող է համարվել կաշառակերության համաշխարհային օրրաններից մեկը: Ստալինի ժամանակ կաշառակերությունը զարգացած չէր ու համատարած բնույթ չէր կրում, որովհետև կաշառակերները խստորեն պատժվում էին գնդակահարության հոդվածներով ու ընտանիքի անդամների բանտարկությամբ կամ աքսորով: Ստալինից հետո Խրուշչովը փորձեց իսպառ արմատախիլ անել այդ չարիքը՝ կաշառակերներից բացի խիստ պատիժներ սահմանելով նաև կաշառք տվողների նկատմամբ: Խրուշչովի նորամուծությունը մեծապես օգնեց, որպեսզի կաշառակերությունը բուռն կերպով զարգանա ու տարածվի Խորհրդային Միությունում՝ կոռուպցիոն գործարքների կոնսպիրացիայի աստիճանի կտրուկ բարձրացման շնորհիվ, որը իրականում միայն էպիզոդիկ շանսեր կարող էր թողնել հանցագործությունների բացահայտնման համար: Սովորական երևույթ էր դարձել, երբ հանգամանքների դրդմամբ կաշառք տվող շարքային քաղաքացիները դառնում էին զոհ ու դատվում պաշտոնական անձանց կաշառք առաջարկելու կամ նրանց զրպարտելու համար: Կաշառակեր չինովնիկները հիմնականում մնում էին անպատիժ, որովհետև նրանք ի սկզբանե անկաշառ կոմունիստներ էին ու միշտ հավատարիմ էին մնում կոմունիստական բարոյականության նորմերին: Իր կազմակերպվածությամբ ու տարածվածությամբ կաշառակերությունն ու կոռուպցիան Խորհրդային Միությունում հասել էին աննախադեպ բարձր մակարդակի հենց Բրեժնևի ժամանակ: Խորհրդային ու կուսակցական չինովնիկության համար այն դարձել էր սովորական աշխատանքային գործընթացի բաղկացուցիչ մաս, կյանքի նորմա, պատվի գործ, թափանցել էր արտադրության, կրթության, առողջապահության ու իրավական ոլորտները, մտել էր շարքային մարդկանց կենցաղի բոլոր բնագավառները, դարձել խորհրդային հասարակարգի հիմնական ժանտախտ-գերեզմանափորը: Կաշառք տալն ու կաշառք վերցնելն այնքան տարածված երևույթ էին խորհրդային մարդկանց կյանքում, որ դժվար թե այդ թեմաներով հնարավոր լինի ինչ-որ մեկին զարմացնել:
Եթե կաշառակերության ու կոռուպցիայի երևույթներին մոտենանք զուտ ինժեներական տեսանկյունից՝ մի կողմ թողնելով արդարության, արդարադատության ու բարոյականության նորմերը, ապա կտեսնենք, որ շուկայական տնտեսության պայմաններում այն ինքնաբերաբար տանում է թողարկվող արտադրանքի սպառողական հատկանիշների վատթարացմանն ու միջազգային շուկաներից կոռումպացված երկրներում արտադրված արտադրանքների դուրս մղմանը, որովհետև կաշառակերության ու կոռուպցիայի պատճառով բարձրանում է արտադրանքի ինքնարժեքը, շեշտակիորեն իջնում են որակի ու հուսալիության ցուցանիշները՝ լրացուցիչ ծախսերի ավելացման, արտադրության մեջ ավելի էժան ու անորակ հումքի օգտագործման, պրիմիտիվ գործիքների, ֆիզիկապես ու բարոյապես մաշված տեխնոլոգիական սարքավորումների կիրառման պատճառով: Հայաստանում արտադրվող բոլոր ապրանքների գները ի սկզբանե բարձր են ստացվելու թանկ էներգակիրների ու բլոկադայի պայմաններում աշխատող տրանսպորտային ծախսերի պատճառով: Եթե արտադրական ծախսերին գումարվեն նաև կաշառակերության ու կոռուպցիայի պատճառով առաջացած լրացուցիչ ծախսերը, ապա պարզ կդառնա, որ եղած կոռուպցիոն ռիսկերի պայմաններում Հայաստանի արդյունաբերության հեռանկարները կարող են խիստ սահմանափակ լինել: Արտահանման վրա աշխատող արտասահմանյան ֆիրմաներն ամեն ինչ անում են, որպեսզի մինիմալացվեն բոլոր տիպի արտադրական ծախսերը: Հարավկորեական «Հոնդայում» տրանսպորտային ծախսերը նվազեցնելու համար արտադրամասերը միանգամից դուրս են գալիս դեպի նավահանգիստ: Զարգացած երկրների արտադրական ոլորտներում կաշառակերություն չկա: Կաշառակերության դեմ պայքարելու համար չինացիները որդեգրել են ստալինյան դաժան մեթոդները: Չինաստանի համար սովորական բան է, երբ կաշառակերներին իշխանությունները պարբերաբար առաջարկում են գալ ու կամավոր հանձնվել: Այդ դեպքում կաշառակերներին 15 տարվա ազատազրկում, հակառակ պարագայում մահապատիժ է սպասում: Չինաստանում, օտարերկրացիների հետ կնքվող պայմանագրերի յուրաքանչյուր էջի տակ, որպես հիշեցում, գրվում են չինական քրեական օրենսգրքի հոդվածները, որոնցով մահապատիժ է սահմանվում արտասահմանցի ներդրողներին խաբելու կամ կաշառք վերցնելու համար: Խորհրդային Միությունում կաշառակերության ու կոռուպցիայի դեմ մղվող պայքարի հիմնական բեռը դրված էր կուսակցական ղեկավարների վրա, ովքեր կարևոր այդ առաքելությունը կատարում էին հաճույքով, մեծ խանդավառությամբ ու հնարամտությամբ: Նրանք իրականում իրենց վրա էին վերցրել վստահված շրջանների հիմնական կաշառակերի ու կոռուպցիոներների դերը՝ միաժամանակ: 1981-ին ես Լենինգրադի «Էլեկտրոնստանդարտ» համամիութենական ԳՀԻ-ի Արտաշատի գիտական մասնաճյուղի (հետագայում` «Էլեկտրոնստանդարտ» հայկական ԳՀԻ) հիմնադիր տնօրենն էի: Արտաշատում այդ միակ գիտական հիմնարկի կազմակերպման հրամանը տվել էր ԽՍՀՄ էլեկտրոնային արդյունաբերության նախարար Ա. Շոկինը՝ հիմք ընդունելով ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահ Ա. Կոսիգինի հանձնարարականն ու ԽՍՀՄ ռազմարդյունաբերության համալիրի նախագահ Սմիռնովի որոշումը: Ա. Կոսիգինը 1979-ին այցելել էր Աբովյանի «Սիրիուսի» իմ լաբորատորիան ու ծանոթացել էր մեր գիտական աշխատանքներին: Այդ կարևոր աշխատանքները զարգացնելու համար, բացի Արտաշատի «Էլեկտրոնստանդարտից», Շոկինի նույն հրամանագրով կազմակերպվեցին նաև Աբովյանի «Հաշվիչ» ՀԿԲ-ն, «Հաշվիչ» գործարանն ու «Սիրիուս» գործարանի Արտաշատի մասնաճյուղը: Արտաշատի ընտրությունը կապված էր Արարատի, Արտաշատի ու Մասիսի շրջաններում ինժեներական կադրերի զգալի ավելցուկի ու տեղում նրանց աշխատանքով ապահովելու հետ: Արտաշատի շրջկոմի առաջին քարտուղար Կիմ Արմենակի Հովհաննիսյանը մեծ ուշադրություն էր դարձնում նորաստեղծ ինստիտուտին, որը մի քանի տարի հետո դարձավ Խորհրդային Միության կարևոր գիտական կազմակերպություններից մեկը: Հիմնվեց Արտաշատի մեր գիտական «շկոլան», որն իր գյուտերով, իր ստեղծած նորագույն տեխնիկայով ու տեխնոլոգիաներով առաջնակարգ դիրքեր էր գրավում ԽՍՀՄ էլեկտրոնային արդյունաբերության ոլորտում: 1984-ից Արտաշատի «Էլեկտրոնստանդարտի» վրա դրվեց Ստավրոպոլի, Կրասնոդարի երկրամասերի, Հյուսիսային Կովկասի ինքնավար հանրապետությունների, Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի ռազմական արդյունաբերության թվով 500 գործարանները սպասարկող բազային ինստիտուտը՝ կիսահաղորդչային տեխնոլոգիաների, էլեկտրոնային սարքերի որակի, հուսալիության ու գիտական սարքաշինության բնագավառներում: Միջին աշխատավարձի ցուցանիշով Արտաշատի ինստիտուտը գերազանցում էր հայկական բոլոր ԳՀԻ-ներին ու գտնվում էր Լենինգրադի գլխամասային ինստիտուտի հետ նույն մակարդակի վրա: Կարևոր գյուտերի թվական ու որակական ցուցանիշներով մենք ամեն տարի մրցանակային 1-ին և 2-րդ տեղերն ենք գրավել խորհրդային գիտական կոլեկտիվների միջև անցկացվող համամիութենական մրցույթներում: Շոկինը կարևորում էր մեր կոլեկտիվի կատարած աշխատանքները՝ ըստ պահանջի ինստիտուտին տրամադրելով անհրաժեշտ տեխնիկան ու լաբորատոր սարքավորումները: Մինիստրի հատուկ հրամանով ու ֆինանսավորմամբ 1986-ին «Էլեկտրոնստանդարտի» երիտասարդ մասնագետների համար Արտաշատում բնակարաններ կառուցվեցին: Բնակարաններն արդեն պատրաստ էին, երբ մի օր լացակումած իմ առանձնասենյակ մտան մեր երիտասարդ մասնագետներն ու հայտնեցին, թե շրջկոմի առաջին քարտուղարը բնակարանները վաճառել է:
-Հնարավոր չէ, - չհավատացի ես,- դրանք ձեզ համար են կառուցվել:
-Այնտեղ արդեն մարդիկ են ապրում,- եղավ պատասխանը։
Գործերս թողեցի ու գնացի շրջկոմի առաջին քարտուղար Զավեն Գևորգյանի մոտ, որն այդ պաշտոնում փոխարինել էր Կ. Հովհաննիսյանին:
-Ի՞նչ է կատարվում մեր մասնագետների բնակարանների հետ, այդ ինչ մարդիկ են այնտեղ ապրում:
-Ավելի կարիքավորները կային, նրանց ենք տվել,- հաստատեց Գևորգյանը:
-Շատ լավ,- կարճ կապեցի ու մի բողոք-նամակ գրեցի ՀՀ կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի անունով:
Մի քանի օր անց ինձ հրավիրեցին ՀԿԿ կենտկոմ՝ ռազմական արդյունաբերության բաժնի վարիչ Ռոբերտ Ստեփանյանի մոտ: Սկզբում հանդիպում եղավ նույն բաժնի հրահանգիչ Կարեն Մարտիրոսյանի հետ (Կարեն Մարտիրոսյանը Երևանի առևտրի պալատի ներկայիս տնօրենն է): Նա լսեց ինձ, ոչինչ չասաց ու առաջարկեց գնալ բաժնի վարիչի մոտ:
-Ի՞նչ է պատահել,- հարցրեց Ստեփանյանը: Պատմեցի, որ շրջկոմի առաջին քարտուղարը մեր բնակարանները տվել է ուրիշներին:
-Առաջին քարտուղարն ինչպես ասում է, այնպես էլ պետք է լինի,- խիստ տոնով ասաց ռազմական բաժնի վարիչը:
-Այդպես չի լինի,- նետեցի ես ու դուրս եկա:
Կենտկոմից միանգամից գնացի օդանավակայան, և... Մոսկվա, մինիստրություն, մտա գլխավոր ինժեներ Պրոլեյկոյի մոտ, պատմեցի մեր պատմությունը: Պրոլեյկոյի առաջարկով գնացինք մինիստր Շոկինի մոտ, որն առանց երկար-բարակ մտածելու հեռախոսով կապվեց Դեմիրճյանի հետ ու խիստ տոնով խնդրեց, որ նման ձևով իր լավագույն կոլեկտիվի հետ այլևս չվարվեն: Շոկինը քաջատեղյակ էր մեր ինստիտուտի գործարանին, այդ օրը հետաքրքրվեց մեր աշխատանքներով ու հանգիստ տոնով ճանապարհեց՝ ասելով.
-Դուք ճիշտ եք վարվել, որ երիտասարդ ընտանիքների շահերից ելնելով կոնֆլիկտի եք գնացել շրջկոմի առաջին քարտուղարի հետ, այդ սրիկաներն ի վերջո կործանելու են մեր երկիրը:
Շոկինի խոսքերը մարգարեական եղան ԽՍՀՄ-ի համար: Այս պատմությունն էլ, ի վերջո, դրան է բերելու: Մի շաբաթ անց վերադարձա Հայաստան ու իմացա, որ Արտաշատում հրաշք է կատարվել. մեր բնակարաններն ազատել են ու վերադարձրել իսկական տերերին: Մի օր շրջկոմի աշխատողներից մեկը ինձ փողոցում կանգնեցրեց, թե.
-Դու գիտե՞ս, թե ինչ արեցիր, շրջկոմի առաջին քարտուղարի գրպանից հարյուր հազար ռուբլին հանեցիր, քեզ դժվար է լինելու:
-Ոչինչ,- ասացի,- շրջկոմի առաջին քարտուղարը հարյուր հազար ռուբլիներ ստանալու դեռ շատ հնարավորություններ կունենա, տվողները շատ են:
Ասեմ, որ հարյուր հազար ռուբլով այն ժամանակ կարելի էր գնել 10-12 ավտոմեքենա: Արտաշատի ինստիտուտը դարձավ Հայաստանի ձեռնարկություններից մեկը կամ միակը, որտեղ բնակարանները բաժանվել են առանց փողի և Խորհրդային Միության հազվագյուտ կազմակերպություններից, որտեղ բնակարանային հերթեր չկային: Արտաշատի առաջին քարտուղարի համար ես դարձել էի շրջանի ամենաանցանկալի անձը, նրա աչքի փուշը: Բոլոր պլենումների ժամանակ նա պարտադիր պետք է խոսեր իմ հասցեին, թե.
-Որտեղից եկել, այստեղ դիրեկտոր են դառել, մեր ինչի՞ն է պետք էլեկտրոնիկան, այդ հիմնարկը պետք է փակել՝ տեղը փայտամշակման գործարան բացել, մարդկանց համար դուռ-լուսամուտ արտադրելն ավելի կարևոր է,- և նման զառանցանքներ: Մի օր ինստիտուտի անցակետից հայտնեցին, թե դատախազությունից մեկն ինձ մոտ է եկել, ցանկանում է մտնել ինստիտուտ: Մեր ինստիտուտը խիստ ռեժիմային հաստատություն էր, որտեղ մուտքն արգելված էր նաև դատախազության աշխատակիցների համար: Պարզեցի, որ դատախազության ընկերը ցանկանում է ստուգել մեր ինստիտուտի աշխատանքները:
-Դեմ չեմ, բայց դրա կարգը հետևյալն է, դատախազությունը պետք է նամակ գրի Մոսկվա՝ էլեկտրոնային արդյունաբերության նախարարի անունով, բացատրի ստուգման առարկան, ստանա համապատասխան թույլտվություն և մինիստրության ներկայացուցչի հետ սկսի իր ստուգումները և ուսումնասիրությունները:- Դատախազության աշխատակիցը գնաց ու այլևս չերևաց: Մոսկվայի հետ ոչ ոք չէր համարձակվում գործ ունենալ: Դա երկրորդ դեպքն էր, երբ Մոսկվան ինձ օգնեց հեռու մնալու հայ չինովնիկների «սիրուց» ու հետաքրքրությունից:
Անկախ Հայաստանի տարբեր պաշտոնյաներից հաճախ կարելի է լսել, թե Մոսկվան այլևս չկա, բողոքելու տեղ չունեք, ամեն ինչ մեր ձեռքերում է, ինչ ուզենանք, այն էլ կանենք: Հնարավոր է, որ այդպես է ու կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը հերթական անգամ չի կորցրել իր անկախությունն ու դարձել օտար երկրների վասալը: Մեր չինովնիկների ու դատավորների այսօրվա գործելակերպը մարդկանց միայն այդ մտահանգմանն են տանում: 1989-ին Մոսկվայում պետք է տեղի ունենար ԽՄԿԿ վերջին կուսակցական կոնֆերանսը, որի համար Արտաշատին պատվիրակի մեկ տեղ էր տրված: Պատվիրակների ընտրության կարգն այսպիսին էր. սկզբնական կուսակցական կազմակերպությունները միավորվում ու իրենց միասնական ժողովներում ընտրում էին մեկական թեկնածուի, որոնցից կուսակցության շրջանային պլենումը ընտրելու էր մեկին: «Էլեկտրոնստանդարտի» ու Արտաշատի դատախազության սկզբնական կուսկազմակերպություններն ընդգրկված էին մեկ խմբում: Առաջադրվեց իմ թեկնածությունը, որն անցավ միաձայն: Շատ հետաքրքիր էր դատախազության քննիչ Էդիկ Բաբայանի ելույթը.
-Համազասպյանին ես չեմ ճանաչում, բայց քանի որ շրջկոմի առաջին քարտուղարն անձամբ ինձ երեք անգամ հանձնարարել է «Էլեկտրոնստանդարտում» ստուգումներ սկսել ու նրա վրա գործ բացել, ուրեմն նա լավ մարդ է:
Է. Բաբայանն այդ ժամանակ ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակիցներից էր, հետագայում դարձավ քաղաքի գլխավոր ռազմական դատախազը: Իմ պարտքն եմ համարում շնորհակալություն հայտնել Էդիկ Բաբայանին՝ իր աննախադեպ քաջության համար: Խորհրդային տարիներին շրջկոմի առաջին քարտուղարի խոսքը գետնով տալը համարվում էր անհավանական հանդգնություն, որի պատիժը անխուսափելի էր: Նա իր իսկական քաջությունը ցույց տվեց Ղարաբաղում՝ որպես Հայաստանի հայրենասեր զավակ: Մեր իրավապահների մէջ խղճի թելադրանքով գործող ու սկզբունքային մարդիկ շատ են եղել ու հիմա էլ կան, գուցե և ավելի շատ, քան մեր կյանքի մյուս բնագավառներում: Ի՞նչ էր ստացվում. շրջանի կուսակցական թիվ մեկ ղեկավարը առանց որևէ հիմքի փորձել էր գործ հարուցել ու դատի տալ «Էլեկտրոնստանդարտ» ԳՀԻ-ի տնօրենին միայն այն բանի համար, որ իրեն թույլ չի տվել հարյուր հազար ռուբլու կաշառքը վերցնել ու մարսել:
Մի կողմ թողնելով ավելորդ համեստությունը, որոշ տվյալներ մեջբերեմ իմ աշխատանքային կենսագրությունից: Դպրոցն ավարտել եմ ոսկե մեդալով, գերազանցությամբ սովորել ու ավարտել եմ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, ապա Մոսկվայի կիսահաղորդչային էլեկտրոնիկայի ԳՀԻ-ի ասպիրանտուրան։ Շատ քչերից եմ, ովքեր խորհրդային տարիներին գիտության թեկնածուներ էին դառնում կոմերիտական հասակում։ Աշխատանքի եմ նշանակվել Մոսկվայի ռազմական արդյունաբերության ինստիտուտներից մեկում, հետո կամավոր տեղափոխվել եմ Հայաստան` «Սիրիուս» ԳԱՄ-ում։ «Սիրիուսում» հանդիպել եմ Կոսիգինի հետ, որի նախաձեռնությամբ էլ իմ գիտական աշխատանքները զարգացնելու նպատակով Հայաստանում բացվել են չորս լիարժեք ինստիտուտներ ու գործարաններ։ Բազմաթիվ կարևոր գյուտերի, այդ թվում` աշխարհում առաջին ֆոտոսկանի, առաջին նանոսկոպի, առաջին ռենտգենադիֆրակցիոն ստվերային միկրոսկոպի, ատոմային ռեակտորների ու ատոմային մարտագլխիկների էլեկտրոնային համակարգերի համար նախատեսված ռադիացիայի նկատմամբ ամենակայուն սենսորների հեղինակ։ «Կոսմոս» ու «Հորիզոն» տիեզերանավերի վրա բազմաթիվ փորձարարական աշխատանքների հեղինակ եմ, ռազմարդյունաբերության ոլորտում գիտական հզոր «շկոլայի» հիմնադիր, ԽՍՀՄ մասնագիտական հանրագիտարանի գլխավոր խմբագիր, ԽՍՀՄ էլեկտրոնային արդյունաբերության գլխավոր կոնստրուկտոր։ ՈՒնեցել եմ բազմաթիվ ասպիրանտներ Հայաստանից ու Ռուսաստանից, իմ ասպիրանտների մեջ էր գլխավոր կոնստրուկտոր Ս.Պ. Կորոլյովի տեղակալ Է. Դ. Մոլչանովը։ ՈՒ, վերջապես, օրինակելի կոմունիստ ու օրինապաշտ քաղաքացի եմ եղել, երբեք կաշառքով հարց չեմ լուծել ու կաշառք չեմ վերցրել: Այսպիսի տվյալներով խորհրդային գիտնականին ու անմեղ քաղաքացուն Հայաստանի կուսակցական էլիտայի ներկայացուցիչները, առանց աչքները թարթելու, պատրաստ էին հոշոտելու և դատի տալու միայն այն բանի համար, որ իրենց զրկել են գրպանած կաշառքից, որ գոյացել էր երիտասարդ ընտանիքների համար նախատեսված բնակարանների վաճառքից: Անշուշտ, այդ հարյուր հազարի մի մասը գնալու էր վերև՝ կենտկոմի ռազմական արդյունաբերության բաժնի վարիչին ու դեռ ավելի վերև: ՈՒ այս ամենը տեսածիս ինչ-որ մեկը կարո՞ղ է համոզել, թե Գորբաչովի պատճառով քանդվեց Խորհրդային Միությունը:
Դե եկ, Գորբաչով, ու մի՛ խենթացիր...
(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 2306

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ